ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները
31.05.2013 | 15:46

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում մեկնարկած Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։ Նիստին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ԱԺ նախագահը և ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար: Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին: Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում: Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։
Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը: Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ», - ասել է նախարար Նալբանդյանը։
Արտգործնախարարին հարցեր ուղղվեցին նաև, թե սիրիական հակամարտության մեջ Հայաստանն ինչպիսի՞ դիրքորոշում է ունենալու և ունի:
Նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ չնայած պատերազմական գործողություններին, հայ դիվանագետները, և Հայաստանի հյուպատոսությունը միակն է, որն այս պահին էլ աշխատում է Սիրիայում:
Իսկ մեր երկրի դիրքորոշման առումով արձանագրելով, որ հայկական մեծ սփյուռք է ապրում Սիրիայում, որոնցից մոտ 10 հազարը եկել են Հայաստան, նա ավելացրեց. «Նույնիսկ Եվրոպական միության ներսում մտքերի միասնականություն այս հարցում չկա, ԵՄ-ն զենքի էմբարգոն վերացրել է, Ռուսաստանը հայտարարել է, որ էլ ավելի շատ զենք է ուղարկելու նախագահ Ասադին»: Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Սիրիայում 120 հազար հայ բնակչության թիվը հասել է 40 հազարի:
Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ սիրիական հարցի կարգավորումը չափազանց բարդ է և դյուրաբեկ իրավիճակում է գտնվում, և ավելացրեց, որ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Սիրիայի խնդիրների լուծման համար հրավիրվելիք Ժնևյան երկրորդ խորհրդաժողովին:
Նա ավելացրեց, որ Ժնևյան առաջին խորհրդաժողովը հաջողություն չէր ունեցել, և Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Քերրին պատրաստակամություն էին հայտնել հրավիրել երկրորդ խորհրդաժողովը:
Նշենք, որ ադրբեջանամետ գործչի համարում ունեցող շվերցարացի Անդրեաս Գրոսն էլ ՀՀ արտգործնախարարին հարցրեց, թե ինչու է Ռուսաստանը 300 տոկոսով թանկացրել Հայաստան մտնող գազը, «ինչու՞ է դա հիմա լինում» և ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:
ՀՀ արտգործնախարարը ի պատասխան նշեց, որ դա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակցությունների խնդիր է և կարծում է, որ լուծումը կգտնվի երկու ռազմավարական գործընկերների միջև:
Եվրոպացի պատգամավորներից մեկը ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց, թե ինչ զիջումների կարող է գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչին ի պատասխան Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Ես պատասխանում եմ որպես ԵԽԽՎ նախարարների կոմիտեի գործող նախագահող. ես որևէ մտադրություն չունեմ իմ նախագահությունը օգտագործելու միջոցով մեղադրել ադրբեջանական կողմին: Քավ լիցի, ես Ձեր հարցին պատասխանում եմ որպես ՀՀ արտգործնախարար, այսօր Հայաստանի դիրքորոշումն ամբողջովին համահունչ է միջազգային դիրքորոշմանը»:
Նա ավելացրեց, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է գնալու լուծման՝ հիմք ընդունելով երեք նախագահող պետությունների առաջարկների վրա: ՀՀ արտգործնախարարը ավելացրեց, որ նույն դիրքորոշումը մենք չենք լսում Ադրբեջանի կողմից և որ նրանք ձևացնում են, որ կատարում են Մադրիդյան սկզբունքների այսպես կոչված նորացված տարբերակը:
«Մենք համարում ենք, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որ ներկայացրել են համանախագահողները, հնացա՞ծ են: 2009-ից հետո ամեն ինչ հնացա՞ծ է: Ես, ավելին՝ ընդգծում եմ, որ 2009 թվականին ադրբեջանական կողմը չընդունեց տարբերակը, որին իրենք հիմա հղում են անում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ