ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցեղասպանության ճանաչման մասին ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնում

Ցեղասպանության ճանաչման մասին ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնում
03.05.2013 | 12:05

Մայիսի 1-ին «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը բացվեց «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերն է Սերգեյ Սանոյանը, ռեժիսորը՝ Ռուբեն Գևորգյանց-կրտսերը։ «Միասին աշխարհում» կինոնկարը նվիրված է Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչած երկրին՝ ՈՒրուգվային։ Այն նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և կինեմատոգրաֆիստների միության աջակցությամբ և ներկայացնում է ՈՒրուգվայում առաջին հայի բնակության հաստատման պատմությունը, որը ձգվում է մինչև մեր օրերը։ Ֆիլմը ներկայացնում է նաև ՈՒրուգվայը, այստեղ ապրող հիասքանչ ժողովրդին, այս երկրի հայ համայնքը, այն մարդկանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Առանցքում ընկած են ուրուգվահայերի ձեռքբերումներն ու վաստակած հարգանքը։ Ֆիլմում պատմվում է, որ ՈՒրուգվայը 200 տարվա պատմություն ունի, հայերն այստեղ բնակվում են շուրջ 100 տարի։ Մեր հայրենակիցների թիվն այստեղ հասնում է 15 հազարի։ Ամեն ինչ արվում է մայրենին պահպանելու համար։ Հայկական թերթեր չկան, սակայն կա ռադիո, որով տեղեկություններ են տրվում աշխարհի հայերի մասին։ Իսկ հայկական դպրոց հաճախում են ոչ միայն հայերը, այլև ուրուգվայցիները։
Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Սերգեյ Սանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու գաղափար վաղուց էր ծագել իր և ընկերների մեջ։ Մեծ հետաքրքրություն կար Ցեղասպանության թեմայի շուրջ։ Նախկինում շատ ծրագրեր են եղել։ «Միասին աշխարհումը» նկարահանվել է գաղափարը ծագելուց երկու տարի անց, երբ Սերգեյին ու ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին ՈՒրուգվայ մեկնելու և փաստավավերագրական ֆիլմը նկարահանելու հնարավորություն է ընձեռվում։
Ինչո՞ւ հենց ուրուգվայցիներն առաջինը ճանաչեցին Ցեղասպանությունը։ Սերգեյ Սանոյանը այս հանգամանքը պայմանավորում է մարդու իրավունքների նկատմամբ ուրուգվայցիների ունեցած վերաբերմունքով։ «Օրենքն այս երկրում գերակա է, և այս երկրի ժողովուրդը, տեսնելով իր կողքին ապրող հայերի պատմական վիշտը, կիսել է այն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- ասում է Սերգեյը։ Ֆիլմը նկարահանվել է 2012 թ. ապրիլին, նկարահանումները տևել են շուրջ 2 շաբաթ։ Տղաները շուրջ 1 տարի աշխատել են կինոնկարի վրա, քանի որ անհրաժեշտ էր համապատասխան մոտեցում ցուցաբերել ֆիլմին՝ երիտասարդական ոգով այն ներկայացնելու համար։ Ըստ հեղինակի՝ ֆիլմն առաջին հերթին նախատեսված է երիտասարդական լսարանի համար։
Ֆիլմի պրոդյուսերը համոզված է, որ ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։
Լատինաամերիկյան այս պետության միջոցով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Ամեն տարի Ապրիլի 24-ին ՈՒրուգվայի հայկական համայնքն իրականացնում է միջոցառումներ, որոնք ներկայացվում են նաև ֆիլմում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ