«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է»

«Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է»
15.02.2013 | 00:38

«Նախագահի ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով երեկ «Կոնգրես» հյուրանոցում սեմինար էր կազմակերպել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, որ իրենք կարևորում են ՀՀ նախագահի հիմնական երեք թեկնածուների` Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի ծրագրերն ու մոտեցումները` ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում:
Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչպես ժամանակին, երբ ակադեմիկոս, այլախոհ Անդրեյ Սախարովը հայտարարություն էր արել ԽՍՀՄ-ի մասին, ամբողջ երկրում դատապարտում էին նրան, բայց չէին կարդացել նրա հոդվածները, այդպես էլ մեր երկրում է ձևավորվել ավանդույթ. կա Եվրասիական միության գաղափարը, բոլորը խոսում են այդ մասին` հստակ չպատկերացնելով, թե ինչն ինչոց է: Ստեփան Գրիգորյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շարունակում են առանցքային դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունները: Այդ երկու խնդիրների մասին էլ իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետներ, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ և «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծումը «պոպուլյար չէ»: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի պատերազմը որոշեց նրա տնտեսական, քաղաքական կշիռը, կազմվեցին բազմաթիվ փաստաթղթեր, սակայն դրանք վերաբերում են ներքին քաղաքականությանը, ո՛չ արտաքին: Տարիներ շարունակ, ըստ Իսկանդարյանի, հայկական կողմն իր պահանջներն է ձևակերպում, ադրբեջանական կողմը` իր, փոխվում է տնտեսական, ժողովրդագրական պատկերը տարածաշրջանում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի խնդիրը կարգավորելու հնարավորություններ, քանի որ նրա առջև այլ խնդիրներ են դրված: Մյուս կողմից, ըստ բանախոսի, մյուս ձևաչափերը չեն պարունակում համաձայնողական և փոխզիջման տարրեր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշումներն ընդունում է կոնսենսուսով: Եվ եթե Ադրբեջանը չհամաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ապա Հայաստանն էլ չի համաձայնի ՄԱԿ-ի ձևաչափին: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որի համաձայն` ԼՂ հիմնախնդրով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ 1997 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել, որ Ղարաբաղի հարցով պետք է զբաղվի ԵԱՀԿ-ն:
Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանն այսօր գործընկեր չունի: Հայ-թուրքական հարաբերություններն էլ առկախվել են Թուրքիայի կողմից: «Հայ-թուրքական հարաբերությունները պատանդ են Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի պատճառով: Դրանց կարգավորումը կախված է ավելի շատ Թուրքիայից, քան ՀՀ-ի ներքին կյանքից»,- նշեց Կիրակոսյանը: Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրություններում ոչ մի խոսք չկար Ղարաբաղի մասին: Իսկ նախընտրական քարոզարշավում, ըստ Կիրակոսյանի, եթե նախագահի թեկնածուները չեն արծարծում այդ հարցերը, ապա ոչ ոք չի արծարծի: Կիրակոսյանի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը թեպետ չեն կարող սպառնալիք լինել Սերժ Սարգսյանի համար, սակայն առաքելություն ունեցող մարդիկ են, քանի որ կարող են բարձրացնել բանավեճի մակարդակը: Նա նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ անդրադառնում է պատմական անցյալին, իսկ Հրանտ Բագրատյանն ավելի շրջահայաց է, սևեռվում է ներկայի և ապագայի վրա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, նա պաշտոնավարման առաջին ժամկետում ձգտում էր հաղթահարել «Մարտի 1-ի» ճգնաժամն ու ազատվել Ռոբերտ Քոչարյանի ստվերից: Ինչ վերաբերում է ներկա քարոզարշավին, ապա, ըստ բանախոսի, այն ավելի շատ հիշեցնում է գեղեցկության մրցույթ և ամենաքիչ մրցակցայինն է: Ռ. Կիրակոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է, ով իշխանության է եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի միջոցով, և նրա հեռանալուց հետո ձևավորվելու է նոր քաղաքական վերնախավ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ