Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեր գիտակցության tabula rasa-ն

Մեր գիտակցության tabula rasa-ն
18.12.2012 | 00:46

Աշխարհի վերջից երեք օր առաջ ի՞նչ է կատարվում Հայաստան աշխարհում: Սովորական ձմեռ է: Կուսակցական համագումարների շքերթը սկսեց ՀՀԿ-ն: Դեկտեմբերի 15-ին: Արտահերթով: Օրակարգում ունենալով մեկ հարց` 2013 թ. նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջադրեց միաձայն:

Նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրային ելույթը, որի դրույթներով էլ կկառուցվի նախընտրական քարոզարշավը: Նշանաբանը` դեպի ապահով Հայաստան: Մնում է հասկանալ` «ապահովությունը» քաղաքակա՞ն, սոցիալակա՞ն, տնտեսակա՞ն, թե՞ այլ կատեգորիա է: Թերևս` համադրական: Ի վերջո, ապահովությունը ընդհանրական հասկացություն է և ընդհանրականության մեջ է ապահովությունը: ՀՀԿ համագումարից երեք օր առաջ ԲՀԿ-ն հայտնիացրեց իր դիրքորոշումը` նախագահական ընտրություններին չմասնակցել ոչ մի ձևաչափով` ոչ թեկնածու առաջադրել, ոչ որևէ թեկնածություն պաշտպանել: Ինչը, իհարկե, ոչ մի պատասխան չի տալիս «իսկ հետո՞» հարցին: Եվ այդ «հետո»-ի համարյա միարժեք պատասխանները հնչում են կամ այլ կուսակցություններից, կամ անկուսակցականներից: ՈՒ միարժեքությունը հանգում է երկու տարբերակի` ԲՀԿ-ն ընտրություններից հետո իշխանության հետ կազմում է կոալիցիոն կառավարություն` մեկ, ԲՀԿ-ն միանշանակ ու վերջնական գնում է դեպի ընդդիմություն: Իսկ եթե ԲՀԿ-ն շարունակի մնալ այլընտրա՞նք, համենայն դեպս, այնքան, ինչքան ժամանակ է պետք ՀՀ երկրորդ նախագահին վերջնականապես նախագահական հավակնությունները դրսում համաձայնեցնելու և ներսում ներկայացնելու համար: Գոնե որ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը հաստատում էր նրա հարգանքը առ ԲՀԿ-ի որոշումը, վկայում է, որ նա դադար է վերցնում, բայց չի վկայում, որ այդ դադարի ընթացքում Վարդան Օսկանյանը կտրուկ քայլեր չի նախապատրաստի, և չեն տարանջատվի ԲՀԿ-ի ու իր ճանապարհները: Նաև այն պատճառով, որ ԲՀԿ-ն մնա այլընտրանք և ապահովի խորհրդարանում քաղաքական կյանքի պատրանք` պարբերաբար այս ու այն խնդրահարույց քվեարկության ու ստորագրահավաքի ժամանակ դրսևորելով իշխանության հակակշռի վարքագիծ: Իսկ ՀՀԿ-ն «կների» նրան, որովհետև սխալված յուրայիններին ներում են մինչև նոր սխալ, բայց աչքից հեռու չեն պահում, որովհետև հին հռոմեական իմաստություն կա այդ մասին: Բավականաչափ հայտնի:
Երբ ՀԱԿ-ն էլ ավարտի իր միջկուսակցական քննարկումները, պարզ կդառնա` մի էպոսագետի, երկու համագյուղացու և «Ժառանգության» հույսի՞ն է մնում նախագահական ընտրությունների այլընտրանքայնության ապահովումը, թե՞ «Հերթական պարտվածը» ակումբին ավելանալու է ևս մի կուսակցապետ կամ քաղաքական ինքնասպան: Պատկերը կարող էր այլ լինել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեր խաղի մեջ մտնել, բայց առաջին նախագահը կամ հերթական տասնամյա դադարն է վերցրել (ընդ որում` 2008-ից), կամ հասցրել է հոգնել քաղաքականությունից, կամ պրագմատիզմն է գլուխ բարձրացրել: Բոլոր դեպքերում` նա դեռ լռում է: Մանր-մունր աղմկում են այլ ՀԱԿ-ականներ, բայց առանց որոշակիության: Պատկերը խոստանում է պարզվել շաբաթվա վերջին. դեկտեմբերի 22-ին ՀՀՇ-ի համագումարն է: Արամ Մանուկյանն արդեն ասել է, որ նախագահի թեկնածու տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց այս նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ անձնական կարծիքների գերազանցությունն է կուսակցական տեսակետների նկատմամբ: Անձնական կարծիքների, որ քաղաքական պատասխանատվություն չեն ենթադրում և հիմնականում չեն համընկնում կուսակցության որոշման հետ: Օրինակ` ինքնառաջադրման մտադրության մասին անձնական կարծիք էր հայտնել Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին անձնական կարծիք էր հայտնել Նաիրա Զոհրաբյանը, ինքնառաջադրման մասին անձնական կարծիք է հայտնել Հրանտ Բագրատյանը... Եվ այս կարուսելը պտտվելու է մինչև տարեվերջ:

Դա բնական է ու նախընտրական տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է: Անբնականն այս ամենի մեջ անձնականի առատությունն ու գաղափարականի պակասն է: Անձնական են ոչ միայն տեսակետները, այլև հավակնությունները, այլև նպատակները, այլև ազդակները, մինչդեռ խոսքը նախագահական ընտրությունների մասին է, և անկախության 20-ամյակը բոլորելուց հետո ենթադրվում էր, որ անձնական խարիզմաներին հավանություն տալ-չտալու մակարդակից անցում կատարած պիտի լինենք գաղափար-ծրագրերին հավանություն տալ-չտալուն: Բայց չի ստացվում, ուրեմն մի տեղ վրիպել ենք: Եվ թեկնածուները շարունակում են ամեն մեկը յուրովսանն հասկանալ իրադարձությունն ու նրա հետևանքները: Օրինակ` անկախ Հայաստանի նախագահական ընտրությունների հավիտենական թեկնածու Պարույր Հայրիկյանը 2013-ին իր կարծիքով անպայման կհաղթի, կընտրվի, որ լինի անցումային նախագահ և պաշտոնավարումն ավարտի երկրորդ տարում: Պարույր Հայրիկյանը կարող էր ամեն ինչ լրումին հասցնել վեց ամսում էլ, բայց գործընթացը գործընթաց է, և արարողակարգը պիտի պահես: Իսկ նրա առաքելությունը նախագահական համակարգի վերացումն է և իշխանությունը վարչապետին հանձնելը: Գերագույն խորհրդի նախագահի ընտրության ժամանակ էլ Պարույր Հայրիկյանը, որ արդեն ազատվել էր խորհրդային արդարադատությունից ու հայրենիք վերադառնալու խնդիր ուներ, հեռագրել էր խորհրդարանին` առաջարկելով իրեն հեռակա կարգով ընտրել նախագահ, որպեսզի կարողանա վերադառնալ երկիր և հրաժարական տալ: Չընտրվեց, անգամ չառաջադրվեց, բայց վերադարձավ և հիմա առաջարկում է նախագահի ինստիտուտը վերացնել ու խնայված միջոցներով 100 բնակարան կառուցել փախստականների ու կարիքավորների համար: Հաստատ վրիպել ենք, որովհետև տարատեսակ թեկնածուները նախագահական ընտրությունները շարունակում են պատկերացնել հեռուստատեսային շոուի մակարդակով մի միջոցառում, որ նույնքան էլ նշանակություն ունի պետության կյանքում, առավելագույնը նախագահական ընտրություններն ընկալում են իբրև սոցիոլոգիական հարցում իրենց պայծառ անձի ընկալման կամ ընկալման բացակայության վերաբերյալ: Սա անձնակա՞ն, թե՞ արդեն հասարակական խնդիր է, երբ հասարակությունն ու հասարակության մաս կազմող անհատները կորցրել են ադեկվատ գնահատականի կարողությունը: Թե՞ վկայություն է, որ զբաղմունքի փնտրտուքը մարդկանց տանում է այլ ոլորտներ, որտեղ նրանց կարիքը բոլորովին չկա, բայց կա մոլորություն, որ իրենք ասելիք ունեն և օլիմպիական սկզբունքով ամեն տեղ պիտի լինեն` կարևորը մասնակցությունն է, արդյունքը ոչ մեկին պետք չէ: Որ ընտրությունների շնչառությունն արդեն զգացվում է, վկայում են նաև «բացահայտումների» ժանրով հայտնվող գաղտնալսումների սղագրություններն ու ձայնագրությունները: Ճիշտ է, Լևոն Զուրաբյանը շատ սահմռկեցուցիչ հայտարարություն արեց այդ թեմային անդրադարձող լրատվամիջոցների և հայտնի կազմակերպության համագործակցության մասին, բայց դա չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ի անդամը յուրայիններին փնովում այլ կուսակցության անդամի հետ խոսակցությունում, իսկ այդ կուսակցության անդամը ինչո՞ւ է այդքան սառն ու հանգիստ ընդունում, որ ՀԱԿ-ը որոշակի հանգամանքներում սկսելու է քննադատել ԲՀԿ-ին: Միանգամայն իզուր են հայտարարությունները, որ ձայնագրությունը մեծ վնաս է տալու ՀԱԿ-ին կամ ԲՀԿ-ին, որովհետև շատախոսող Լևոն Զուրաբյանը և ուրբաթախոս Վարդան Օսկանյանը միմյանց չեն ասում անհայտ ոչինչ, նրանք ընդամենն ասում են այն, ինչ քննարկվում է իշխանական և ընդդիմադիր խոհանոցներում, ինչ գրում ու տիրաժավորում են լրատվամիջոցները: Նույնիսկ ձանձրալի է: Այնքան ձանձրալի, որ չես մտածում` իսկ ի՞նչ կա ձայնագրության սկզբում, և ինչի՞ մասին են հետո խոսում: Նաև այն պատճառով, որ գերադասելի է` այդ կարգի բոլոր հաստատում-հերքումները հնչեն առաջին դեմքերի շուրթերից: Ոչ առաջինները չունեն այն պատասխանատվությունն ու այն կարևորությունը, որ կարողանան որոշում կայացնող լինել: ՈՒրեմն և մնում է արձանագրել նույն իրողությունը` մարդկանց փոխհարաբերությունների պատմությամբ հնարավոր չէ փոխարինել նրանց մտածողության ու գործունեության վերլուծության պատմությունը: «Հոգու մասին» աշխատության մեջ Արիստոտելը գիտական շրջանառության մեջ դրեց tabula rasa` մաքուր տախտակ հասկացությունը` հաստատելու, որ յուրաքանչյուր անհատ լույս աշխարհ է գալիս առանց ծնյալ կամ ձեռքբերովի գիտելիքների` իբրև մաքուր տախտակ, և գիտելիքների նրա բովանդակությունը լիովին ձևավորվում է արտաքին աշխարհի զգայական ընկալման ու այդ աշխարհում կուտակած փորձի հիման վրա: Հին հռոմեացիները մի քիչ խմբագրեցին իրենց հանճարեղ նախորդին` նրանք tabula rasa անվանում էին դատարկ տեղը, ավելի ճիշտ` դատարկված: 20-րդ դարում tabula rasa-ն փոխաբերաբար կիրառվում էր նաև անհայտ տարածքի իմաստով: Ինքներդ գնահատեք, թե tabula rasa-ի որ տարբերակն է գործում Հայաստանի քաղաքական դաշտում` արիստոտելյա՞ն, հռոմեակա՞ն, թե՞ փոխաբերական: Հիմք չընդունեք այն փաստը, որ եղածը կամ ինքնաոչնչացվում է, կամ ջնջվում է, կամ սպառում է կենսական նշանակությունը: Որքան վտանգավոր, նույնքան կարևոր կարող է լինել այդ ընթացքը, որովհետև հասարակական ապատիան հավերժական չէ, իսկ երբ հասարակությունը վերագտավ հույսի ու հավատի իր ցանկությունը, քաղաքական դաշտում կհայտնվեն հույս տվող ու հավատի արժանի այլ ուժեր, որովհետև բնության մեջ, ուրեմն նաև հասարակական կյանքում, պարապուրդ չկա, ինչպես չկա պարապ տարածք, թափուր տեղ ու դատարկ խոսք:
Իսկ այս ընթացքում եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաներ են գալիս-գնում` հավաստելու, որ շարունակելու են աշխատանքը ժողովրդավարության ամրապնդման շուրջբոլորը, իրականում` հասկանալու` ի՞նչ է կատարվում Հայաստանում, և ի՞նչ ուղղությամբ են իրադարձությունները փետրվարին ծավալվելու: Երեկվանից էլ Բրյուսելում է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը` Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար: Իսկ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական միություն և հավատում է, որ համադրելու է Եվրասիական ու Եվրոպական միությունների հետ ինտեգրումը: 2013 թվականի փետրվարից ընդամենը մի քանի ամիս հետո, երդմնակալության արարողության հաջորդ օրվանից, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի առաջ շարվելու են քաղաքական ու տնտեսական օրակարգի բոլոր այն հարցերը, որ հիմա համաձայնեցված հետաձգվում են նաև արտաքին քաղաքական օրակարգում: Շատ կարևոր է` ով կընտրվի նախագահ, բայց կա ավելի կարևոր մի հարց` ընտրությունների ամբողջ գործընթացում երկիրը պիտի պահպանի դիմադրողականությունը, դիմագրավի ներքին գայթակղություններին ու արտաքին մարտահրավերներին, որոնց առաջ ընկրկելը թուլացնելու է երկիրն ու իր նախագահին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- 2002-ի դեկտեմբերի 18-ին` 10 տարի առաջ վախճանվեց Հրանտ Մաթևոսյանը: Գրեցի ու ինքս էլ զարմացա, որ արդեն 10 տարի է անցել: Երկու պատճառով. նրա ֆիզիկական բացակայությունը չի զգացվել` նրա մշտական հոգևոր ներկայության պատճառով, և ոչինչ այնքան չի փոխվել, որ այդ նորությունը մեկնության հրատապություն ունենար, ոչինչ այնքան չի փոխվել, որ նա հարցներ` ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ, ու անմիջապես չհետևեր համարյա խմբային պատասխանը: Համարյա կուսակցականացված, ուրեմն ժամանակի մեջ խիստ սահմանափակված: Գուցե նաև այդ պատճառով են դասականները նախ ժամանակից վեր, հետո էլ` սխալվել չգիտեն և ձեռքի տակ միշտ ունեն իրենց tabula rasa-ն, գրված, թեպետ ոչ միշտ հասկացված:

Դիտվել է՝ 3058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ