Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամերիկյան փորձագետները` Հայաստանի քաղաքականության մասին

Ամերիկյան փորձագետները` Հայաստանի քաղաքականության մասին
07.04.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ
Ամերիկյան վերլուծական հանրությունը, ինչպես նաև Արևմուտքի քաղաքական գործիչները, մի քանի փուլ անցան` տարածաշրջանում Հայաստանի տեղը հասկանալու և ղարաբաղյան պրոբլեմն ընկալելու առումով։ Սկզբունքային առումով կարևոր է այն, որ աջ և աջ պահպանողական հայացքներ ունեցող մի շարք փորձագետներ սկսել են այլ կերպ, Հայաստանի համար ավելի բարենպաստ լույսի ներքո դիտարկել տարածաշրջանի պրոբլեմները, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդիրը։ Մինչև վերջին ժամանակներս միայն լիբերալ դպրոցի փոքրաթիվ փորձագետներ էին քիչ թե շատ տանելի տեսանկյունից դիտարկում հայկական խնդիրները, այն էլ ոչ թե իրենց համոզմունքներից ելնելով, այլ միայն քաղաքական կոռեկտության շրջանակներում։ Աջ և պահպանողական ճամբարը ներկայացնող փորձագետների կողմից հայկական խնդիրների ընկալումը, իբրև ամերիկյան քաղաքականության կարևոր գործիք, հնարավոր դարձավ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունների զարգացման արդյունքում, երբ ԱՄՆ-ը սկսեց նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, արաբական և Կենտրոնական Եվրասիայի պետությունների հետ։
Բրյուս Ջեքսոնը, որը ռազմական հետախույզ է, կարողացավ իր շուրջը հավաքել փայլուն փորձագետների` «Անցումային ժողովրդավարությունների մասին» ծրագիրը ստեղծելու համար։ Նրան հաջողվեց կարճ ժամանակում կարևոր տեղ գրավել ԱՄՆ-ի փորձագիտական հանրության շրջանում, հասնել նրան, որ իր խումբը սկսի ակտիվորեն մասնակցել ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորմանը` գործնականում ողջ Արևելյան Եվրոպայում։ Անսպասելի է թվում, որ այդպիսի` որոշակիորեն գաղափարականացված քաղաքագետն օգտվում է տարբեր գաղափարախոսական ուղղվածություն ունեցող որոշ այլ փորձագետների ծառայություններից։ Լինելով ծայրահեղ աջ հայացքների կրող, կուսակցական կողմնորոշմամբ` հանրապետական և բողոքական, Բրյուս Ջեքսոնը խիստ բացասական է վերաբերվում լիբերալ գաղափարներին, հիացած չէ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության քաղաքականությամբ։ Նրա գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում կոնֆլիկտային տարածաշրջանները։ Նա երկու այց է կատարել Հայաստան և ԼՂՀ։ Բրյուս Ջեքսոնը Հայաստանն ու նրա խնդիրները դիտարկում է Հյուսիսամերիկյան-եվրոպական գերտարածաշրջան ստեղծելու համատեքստում, որի վրա մինչև 2050 թվականը պետք է տարածվեն ու ամրագրվեն ժողովրդավարական գաղափարներն ու չափորոշիչները։ Այս գաղափարը, իբրև գեոռազմավարական դոկտրին, ունի իրական հեռանկար, որի համատեքստում կարող են լուծված լինել Հայաստանի անվտանգության խնդիրները։ Այս գաղափարախոսությունը հենված է իրական քաղաքական սկզբունքների վրա, ինչը կարող է ապահովել գոյության իրավունք երկրորդ հայկական պետության համար Լեռնային Ղարաբաղում և փաստորեն բացառում է ԼՂՀ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու հնարավորությունը։
Վաշինգտոնում կարևոր հետազոտական կենտրոններից մեկն է նաև Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտը, որը ղեկավարում են իր պահպանողական հայացքներով հայտնի Կորնել Սվանտեն և ավելի լիբերալ հետազոտող Ֆրեդերիկ Սթարը։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Հայաստանի համար ամենաանբարենպաստ փուլերում անգամ այս ինստիտուտը փորձել է մեղմել Հայաստանի դիրքորոշումներից ձևավորված տպավորությունը։ Այս հետազոտական կենտրոնի տրամադրած նյութերի շնորհիվ ամերիկյան և միջազգային հանրությունը համոզվեց, որ հայերը Լեռնային Ղարաբաղում կարողացել են կառուցել կենսունակ հասարակություն ու զինված ուժեր, որոնք մարտունակությամբ գերազանցում են Ադրբեջանի բանակը։ Նշված ինստիտուտի հրապարակումներում ԼՂՀ-ն դիտարկվում է իբրև տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փաստ ու գործոն, որն անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ-ի քաղաքականությունը կառուցելիս։ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի ջանքերով իրականացվել է վերլուծական աշխատանք, որտեղ հետևություններ են արվում Հարավային Կովկասում Հայաստանի ունեցած մի շարք առավելությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի և համանման խնդիրների կարգավորման անհեռանկարայնության վերաբերյալ։ Այդ աշխատությունն իրենից ներկայացնում է օբյեկտիվ ռազմաքաղաքական վերլուծություն և, անկասկած, կարևոր նշանակություն է ունեցել ամերիկյան վարչակազմի համար։
Եթե փորձենք ընդհանրացնել տարբեր գաղափարաքաղաքական ուղղություն ունեցող ամերիկյան փորձագետների տեսակետները (Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն, Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտ, «Կարնեգի» կենտրոն, Պաշտպանական տեղեկատվության կենտրոն, Միջազգային քաղաքականության կենտրոն, Արևմտյան քաղաքագիտական կենտրոն, Արտաքին քաղաքականության խորհուրդ, «Ժառանգություն» ֆոնդ, Բրուկինգսի ինստիտուտ և այլն), ապա կարելի է հանգել այսպիսի հետևության. ԱՄՆ-ի քաղաքականությունը չճանաչված պետությունների և չվերահսկվող տարածքների նկատմամբ ավելի է դիֆերենցացվում` պայմանավորված կոնկրետ աշխարհաքաղաքական ու պատմական նախապայմաններով։ ԼՂՀ-ն չի կարող դիտարկվել այլ չճանաչված պետական կազմավորումների հետ նույն շարքում, քանի որ ապացուցել է հանդուրժողական քաղաքականություն վարելու, մարտունակ և վերահսկելի զինված ուժեր ստեղծելու, ժողովրդավարական ինստիտուտներն ու պառլամենտարիզմը զարգացնելու իր ընդունակությունը։ ԱՄՆ-ի ու եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ են հասկանում, որ գետն այլևս հակառակ ուղղությամբ չի հոսելու։ ԱՄՆ-ի քաղաքականության իմաստը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկանան քաղաքական իրողությունները և հանգեն պայմանավորվածության։
Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը հարկադրված է լինելու հանգել իր համար ավելի տհաճ հետևությունների։ Ռազմական գործողությունները վերսկսելու մասին խոսք լինել չի կարող, Հարավային Կովկասն արդեն բավական թանկ է Արևմուտքի համար, որպեսզի որևէ մեկին թույլատրվի կրակելու շքեղությունը։ ԱՄՆ-ը գիտակցում է, որ, այսպես թե այնպես, պետք է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, սակայն խնդիրն այն է, թե ինչ ձևով դա պետք է արվի, և ինչպես այդ գործընթացը համադրել դրան համարժեք այլ որոշումների հետ։ Հնարավոր է, որ Կոսովոյի փորձն իբրև միջազգային նախադեպ կհուշի, թե ինչ է պետք անել հետագայում մեր և այլ տարածաշրջաններում։ Սակայն Ղարաբաղի հայությունը չպետք է շտապողականություն դրսևորի ճանաչման առումով, որովհետև միանգամայն հնարավոր է, որ ապագայում ունենա ավելի նախընտրելի դիրքեր։ Տեսակետն այն մասին, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ձգտում են խաղաղապահ ուժեր մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտի, սխալ է։ Հայաստանում գոյություն ունի միջազգային տեղեկատվությամբ մանիպուլյացիա անելու ավանդույթ, և դրանից օգտվում են ինչպես չինովնիկներն ու ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ ԶԼՄ-ները։
Ղարաբաղի ներկա դրությունն ԱՄՆ-ի համար որոշակիորեն արժևորվում է նրանով, որ այնտեղ չկան ռուսական զորքեր, գործնականում ողջ սպայական կորպուսը, այդ թվում` ռազմական հրամանատարությունը, կողմնորոշված մարդիկ չեն, այլ ազգայնականներ։ Այլևս ունենալով սահման Իրանի հետ, ինչպես նաև փաստացի փոխադարձ առևտուր, ԼՂՀ-ն չի դարձել թմրանյութերի տարանցման ուղի` ի տարբերություն այլ չճանաչված պետությունների։ ԼՂՀ-ն իրենից վտանգ չի ներկայացնում, նրա քաղաքականությունն ուղղված է բացառապես սեփական անվտանգության ապահովմանը, այն արտաքին աշխարհի համար հետաքրքիր է հենց իր քիչ թե շատ ինքնուրույն, քաղաքակիրթ գոյությամբ։ Հայերը հաջողությամբ կարողացել են ստեղծել երկրորդ պետություն ավելի քան անբարենպաստ պայմաններում։ Ադրբեջանական կողմն իրականում շփոթված է, անում է բազմաթիվ հիմարություններ, բառացիորեն յուրաքանչյուր շաբաթ հնչում է հերթական անհամարժեք հայտարարությունը, Ադրբեջանի դիրքորոշումը Եվրոպայի խորհրդում ուղղակի ծիծաղելի է։
Բայց Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է գիտակցեն, որ պետք է խնայել ադրբեջանական ժողովրդի ինքնասիրությունը և շարունակել բանակցությունները։ Կառավարությունները հեռանում են, ժողովուրդները` մնում։ Հայաստանը պետք է գոյակցի այդ ժողովրդի հետ հազարամյակներ, և այդ հանգամանքն անհնարին է անտեսել։ Անկասկած է, որ ԼՂՀ-ն պետք է անմիջականորեն մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին, առանց Ստեփանակերտի մասնակցության այս հարցը լուծել անհնարին է։ Շատ փորձագետների կարծիքով, խաղաղ գոյակցության թշնամին ժամանակն է, միակ գործոնը, որը ենթակա չէ լիարժեք վերահսկողության։ Հիմա պրոբլեմը հիմնախնդրի կարգավորման մեջ չէ, որպես այդպիսին, ոչ էլ բանակցությունների, այլ ժամանակը խելացի օգտագործելու։ Ցավոք, հայկական ու ադրբեջանական դիվանագետներն առայժմ չեն տիրապետում այդ տեխնոլոգիային։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետների կարծիքով, Եվրամիության դիրքորոշումը` չճանաչված պետությունների հետ կապված, տարբերվում է ամերիկյանից։ Սակայն այդ դիրքորոշումն անհուսալիորեն սպառված է։ Եվրոպացիները, ի տարբերություն ամերիկացիների, չեն ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը չճանաչված պետական կազմավորումներում ու դրանով իսկ հակասում են իրենք իրենց։ Կարելի է չճանաչել ընտրությունների համապատասխանությունն անհրաժեշտ չափորոշիչներին, բայց ոչ թե ընտրությունները` որպես այդպիսին։ Ընտրությունների չճանաչումը նշանակում է չճանաչել նաև ժողովուրդների գոյության իրավունքը։ Սակայն պետք է գիտակցել, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը և նրա ավելի կոնկրետ գործողությունները պայմանավորված են նաև Հայաստանի քաղաքականությամբ։ Հայաստանը պետք է դառնա արևմտյան հանրության մասը, հիմա նա չի պատկանում ո՛չ Արևելքին, ո՛չ էլ Արևմուտքին։ Հայաստանը երկար ժամանակ իրականացրել է ինքնօրինակ արտաքին քաղաքականություն` ձգտելով լավ հարաբերություններ պահպանել տարբեր կողմերի հետ։ Հարկ է ընդունել, որ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու ողջամիտ էր, քան Վրաստանի` հակադրության քաղաքականությունը։ Այսօր Հայաստանի ճանապարհով է ձգտում գնալ Ադրբեջանը, ինչն արդեն ուշացած է։
Սակայն յուրաքանչյուր քաղաքականություն լավ է որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։ Նախկին քաղաքականությունը շարունակելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել օդից կախված վիճակում։ Հայաստանը շատ անվստահ է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, թեպետ ունի բոլոր հնարավորությունները` դառնալու տարածաշրջանային լիդեր ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու առումով։ Ամերիկյան պահպանողական փորձագետների կարծիքով, դրանում շատ կողմերով մեղավոր են Հայաստանում ամերիկյան դեսպանները, որոնք քաղաքական առումով աննշան մարդիկ էին, թեպետ դա չի վերաբերում Հարրի Գիլմորին և Ջոն Էվանսին։ Որոշ փորձագետներ համարում են, որ Վրաստանը դատապարտված է քրոնիկ անկայունության ու անկազմակերպ իրավիճակի, իսկ Ադրբեջանն արդեն անցել է իր կայունության պիկը և մտել անորոշության մեծացման պատմական փուլ։ Հայաստանը, փաստորեն, գիտակցաբար հրաժարվում է տարածաշրջանում մեծ դեր ունենալուց։
Ռազմական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ը ԼՂՀ-ից սպասում է որոշակի առաջարկներ ու որոշումներ, բայց դրանք չկան։ Կասկած է առաջանում, որ ԼՂՀ-ի ղեկավարությունը ճիշտ չի պատկերացնում միջազգային իրավիճակը։ Տնտեսական օգնության հատկացման առումով ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ Բայց ԱՄՆ-ին պետք է բացատրել, թե ինչ է ակնկալվում տնտեսական օգնության առումով, և այդ օգնությունը կցուցաբերվի։ Առաջնահերթություններ պետք է լինեն քաղաքացիական հասարակության զարգացումը, սոցիալական ու ռազմակրթական ծրագրերը։ ԼՂՀ-ում կա փայլուն սպայական կորպուս, որը, սակայն, ռուսական կրթություն է ստացել։ ԱՄՆ-ի ռազմակրթական հաստատություններում կարող են ուսուցում անցնել այնպիսի թվով սպաներ, որքան անհրաժեշտ է։ Բայց հիմնական խնդիրը դա չէ. ԼՂՀ ղեկավարները պետք է պատասխան տան հետևյալ հարցին` նրանք Ղարաբաղը տեսնում են որպես Հայաստանի մա՞ս, թե՞ որպես անկախ պետություն։ Այդ հարցը հետագայում էլ է դրվելու Ղարաբաղի ղեկավարության առջև, և կարծես նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ նպատակով է դա հնչեցվում։ Խոսքը վերաբերում է ԼՂՀ-ի հետագա գոյության քաղաքական ձևաչափին, ԱՄՆ-ի համար ավելի ընդունելի է Ղարաբաղում անկախ հայկական հանրապետության գոյությունը, բայց ոչ ոք կարծես չի պատրաստվում պնդել հենց այդ տարբերակը։
«Կարնեգիի» կենտրոնի ռազմական փորձագետների կարծիքով, հայերն ունեն պատմական բարդույթներ, և հնարավոր չէ ստիպել նրանց անել այն, ինչը նրանք չեն ընկալում։ Ոչ ոք չի համոզի ամերիկացիներին, որ Իրաք զորքեր ուղարկելը եղել է ամերիկյան ռազմական հրամանատարության ցանկությանը հակառակ։ Քաղաքական ղեկավարներն ունեին ոչ մեծ կասկածներ, բայց զինվորականները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին այդ գործողությանը։ Քաղաքական գործիչները մտածողության իմաստով պետք է հասնեն զինվորականների հետևից։ Հայաստանը կարող է գնալ մեծ ռիսկի, բայց դա կգնահատվի։ Ակնհայտ է, որ հայկական զինվորականությունը հասել է որոշակի հաջողությունների ռազմական շինարարության ասպարեզում և ցանկություն ունի իր երկրի սահմաններից դուրս դրսևորել իր ընդունակությունները։ Հայերը միշտ էլ հաճույքով են ծառայել տարբեր կայսրությունների բանակներում։ Հիմա երբ ունեն իրենց պետությունը, նրանց չի բավարարում գործունեության ծավալը։
ԱՄՆ-ի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը քիչ թե շատ հաջողությամբ իրագործում է իր ռազմավարությունը Կենտրոնական Եվրասիայում։ Եվ նրանց համար տարօրինակ է, որ Հայաստանի նման աշխարհաքաղաքական առումով խոցելի պետությունը չի սրբագրում իր արտաքին քաղաքականությունն արտաքին ճնշման հետևանքով։ Գործնականում չհաջողվեց փոխել Հայաստանում կառավարող ռեժիմը ո՛չ 2003, ո՛չ էլ 2008 թվականներին` չնայած արտաքին ճնշմանը։ Հայաստանը չի տիրապետում զգալի ռեսուրսների, բայց նրա դերը տարածաշրջանում հաճախ շատ տհաճ է ԱՄՆ-ին։ Ամերիկացիները սկսել են հասկանալ, որ Հայաստանը ոչ թե ծառայություն է մատուցում Ռուսաստանին, այլ պաշտպանում է իր ազգային շահերը։ Միաժամանակ Վաշինգտոնում հայկական լոբբին թույլ չի տալիս Հայաստանի նկատմամբ ավելի կոշտ ճնշում գործադրել։ Այդ պատճառով էլ ձեռնարկվելու են Հայաստանի նկատմամբ նոր քաղաքականություն վարելու փորձեր։ Ընդ որում, ԱՄՆ-ը հասկանում է, որ հայկական հավակնությունները մեծ չեն և միանգամայն տեղավորվում են անվտանգության ու ժողովրդավարության մասին իրենց պատկերացումների շրջանակում։ Այսինքն` Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար զգալի զոհողություններ պետք չեն։ Առավել սկզբունքային պահանջների կատարումը միանգամայն բավարար է։ Այսինքն` թույլ չտալ ռազմական հավասարակշռության փոփոխություն Հարավային Կովկասում, ընդունել ԼՂՀ-ն Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադարձնելու անհնարինությունը, շարունակել օգնություն ցուցաբերել Հայաստանին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ