ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԵԹԵ ԱՆԺԱՌԱՆԳ ԵՄ և ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ»

«ԵԹԵ ԱՆԺԱՌԱՆԳ ԵՄ և ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ»
01.04.2011 | 00:00

Երևանի Աջափնյակ համայնքի Մարգարյան 43 հասցեում է բնակվում 77-ամյա թոշակառու Հեղուշ Պողոսյանը: Նա, ով ժամանակին աշխատել է (1947-ից մինչև 1994 թվականը) Աբովյանի «Չափիչ» գործարանում, միայնակ հաղթահարել բոլոր դժվարությունները, այսօր արդեն ի զորու չէ դիմակայելու բոլոր այն խոչընդոտներին, որոնք գալիս են տարիների հեռվից:
«Ժամանակին, երբ ջահել էի, աշխատող, ոտ ու ձեռից չէի ընկել, կարողանում էի իմ հարցերը միայնակ լուծել։ Հիմա մեծացել եմ, հիվանդ կին եմ, 2-րդ կարգի հաշմանդամ, ուր մտնում եմ` արհամարհում են, ինչ հարցով դիմում եմ` վրաս դուռ են փակում, կոպտում, մերժում, ի՞նչ անեմ, չգիտեմ»,- հուզմունքը հազիվ զսպելով պատմում է Հեղուշ տատը և հպարտությամբ նշում, որ աշխատել սկսել է 12 տարեկանից, հիսուն տարվա ստաժ ունեցող կին է: Նրա խոսքով` իր առողջական, հատկապես սոցիալական վիճակը ծանրացավ այն պահին, երբ 20 տարի առաջ ինֆարկտից մահացավ ամուսինը, որը բոլոր հարցերում սատար էր կանգնում իրեն և վայելում շրջապատի հարգանքը: «Ինձ պես ապրող չկար այդ տարիներին, աղայի պես էի ապրում, դա կարող են հաստատել ինձ ճանաչողները։ Ես աշխատանքից չեմ վախեցել, բայց երբ փոխվեցին ժամանակները, երկիրը քանդվեց, աջ ու ձախ սկսեցին ինձ խաբել ու թալանել: Տեսնելով, որ միայնակ եմ ու անպաշտպան, ինչ խաղ ասես չխաղացին գլխիս, մի քանի անգամ արդեն գողություն են արել տնիցս, բայց ո՞ւմ ասեմ, ինձ լսողն ո՞վ է»,- դառնությամբ ասում է նա` պատմելով գլխին եկածը:
1933 թվականին ծնված Հեղուշ Պողոսյանը, չունենալով սեփական երեխա, որդեգրում և հարազատ զավակի պես խնամում է քրոջ թոռանը (աղջիկ երեխայի), որը չորս տարեկանում մահանում է դժբախտ պատահարից: Հազիվ ուշքի գալով այդ ցավից, 1991-ին էլ ամուսինն է մահանում` թողնելով կնոջը միայնակ և անօգնական: Հարևանների հարցում էլ նրա բախտը չի բերել. միակ հարևանը, որը հասնում էր իրեն նեղ պահին, հետը նստում, վեր կենում, կարճ ժամանակ անց նույնպես մահանում է: Ներկայումս Հեղուշ տատի միակ հարազատները եղբոր թոռներն են, որոնք, ուսումնառության նպատակով, այժմ գտնվում են ՌԴ-ում (նրանց վրա է գրանցված նաև Հեղուշի բնակարանը): «Նրանք իմ տանն են ծնվել` 88-ի երկրաշարժի ժամանակ։ Նրանց ես եմ օգնել, խնամել, նրանցից բացի, ոչ ոք չունեմ»,- կարոտով ասում է նա:
Այս ամենից զատ, Հեղուշ տատին անհանգստացնում, թերևս ճիշտ կլինի ասել` տանջում է երկու կարևորագույն խնդիր` նպաստառուների ցուցակում ընդգրկվելու, որից իրեն «անհիմն կտրել են», և ժամանակին «Հայխնայբանկի» Արաբկիր (նախկին` Մյասնիկյան) մասնաճյուղում իր անվամբ ներդրված գումարը հետ ստանալու հարցը:
Հեղուշ տատի խոսքով` ինքը «կրակն է ընկել այս անարդար երկրում, փնտրում, բայց չի կարողանում վերականգնել արդարությունը»:
Վերջինիս խնդրանքով կփորձենք պարզություն մտցնել նրա դառնությամբ լի, մի փոքր էլ խճճված պատմությունների մեջ: Իսկապես, ի՞նչ է կորցրել նախկինում և ումից ի՞նչ է պահանջում այսօր իր առույգ տարիներն ապրած երբեմնի կենսախինդ և աշխույժ կինը:
Հեղուշ Պողոսյանը 1994-ին «Արևելա-Հայկական բանկում» մեկ տարի ժամկետով (մինչև 1995 թվականը) ավանդ է ներդրել 4000 դրամ` 800 տոկոս տոկոսադրույքով: Հետագայում բանկը լուծարվել է (1994 թվի դեկտեմբեր): Ընդհանուր գումարը կազմել է 21007 դրամ: Լուծարվող բանկի և ավանդատուի միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն, բանկը պարտավորվել է պայմանագրի ժամկետի ավարտին ավանդատուին վճարել 40 հազար դրամ: Անցել են տարիներ, սակայն մինչ օրս այդ գումարը Հեղուշ Պողոսյանը չի ստացել, թեև «Հայխնայբանկը» պարտավորվել է վճարման ժամկետի խախտման յուրաքանչյուր օրվա համար ավանդատուին վճարել տուգանք` չվճարված գումարի 0,5 տոկոսի չափով: Ի դեպ, նշենք, որ այս բոլոր գործարքներն իրականացվել են օրենքի սահմաններում, և մեր ձեռքի տակ են բոլոր համապատասխան փաստաթղթերը: «Ես այդպես էլ չկարողացա հետ վերցնել ինձ պատկանող գումարը: Հենց սկզբից, երբ դեռ բանկը չէր լուծարվել, ես այնտեղ ներդրեցի ԽՍՀՄ ռուբլով ավանդային հաշիվ, որը դրամով կազմեց 4000 դրամ: Ինձ այսօր էլ պատրաստ են վճարելու այդ 4000 դրամը, բայց դա արդարացի չէ: Ես պահանջում եմ, որ այդ գումարը վճարեն 1994 թ. դոլարի կուրսով և այդ 21007 դրամը` ԱՄՆ դոլարով կամ նոր «06» մակնիշի մեքենայի այսօրվա արժեքով» (բանն այն է, որ 06 մակնիշի մեքենան Հ. Պողոսյանի ամուսինն ստացել էր Աբովյանի «Չափիչ» գործարանից, իսկ ամուսնու մահից հետո բոլորովին նոր ավտոմեքենան Հեղուշ տատը վաճառել և ստացված գումարը ներդրել էր բանկում):
Թոշակառուի մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը ընտանեկան նպաստի հարցն է, որից նա զրկվել է 2006 թվականին: Տարեց կինն ուզում է հասկանալ և պարզել. «Եթե մարդը 2-րդ կարգի հաշմանդամ է, ոչ ոք չունի, անօգնական է և անժառանգ, մի՞թե չի կարող գրանցվել նպաստառուների ցուցակում, ի՞նչն է իրեն մերժելու պատճառը»: Ի դեպ, նշենք, որ այդ գումարի դիմաց, որը ժամանակին «Հայխնայբանկում» ներդրել է Հեղուշ Պողոսյանը, նա փոխհատուցում պետք է ստանար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մինչդեռ մշտապես մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Քանի որ նա նպաստ ստանալու իրավունքից զրկվել է, հաշվի առնելով, որ վերջինս չի համարվում հրատապ օգնություն ստացող, ուստի չի կարող ստանալ նաև դրամական փոխհատուցում»:
2006 թվականից ի վեր Հեղուշ Պողոսյանն ընտանեկան նպաստ ստանալու խնդրանքով դիմումներ է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, խնդրելով բացատրել` ինչ հիմունքներով են «կտրել» իր նպաստը, հիշեցրել, որ ապրում է թոշակի հույսով և նյութապես ծանր վիճակի մեջ է: Իսկ թոշակը, որ 43 հազար 150 դրամ է, բավականացնում է միայն սննդին:
Հեղուշ տատի դիմում-խնդրանքին ի պատասխան, նշված համակարգից գրեթե ամեն տարի նույն գրավոր պատասխանն է ստացվում, այն է` նա ընտանեկան նպաստից զրկվել է ՀՀ օրենքի համաձայն, հետևաբար, նախարարությունը դրամական օգնություն տրամադրելու հնարավորություն չունի: Վերջին դիմումը եղել է 2011-ի հունվարին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչությունից Հ. Պողոսյանին գրավոր պատասխանել են. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին դիմած այն ընտանիքները, որոնց անապահովության աստիճանը գնահատող միավորը բարձր է ՀՀ կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից: Վերը նշված միավորի մեծության վրա, այլ հանգամանքներից բացի, ազդում է նաև կենսաթոշակի չափը: 43150 դրամը կենսաթոշակի չափի մուտքագրում է ցույց տալիս: Ձեր ընտանիքի անապահովության միավորը զրո է, և Դուք ձեռք չեք բերել ընտանեկան նպաստ, ինչպես նաև հրատապ օգնություն ստանալու իրավունք»:
Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու պատասխանն էլ այս է. «Համաձայն մի շարք իրավական ակտերի, ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար որպես առաջնահերթ պայման սահմանվել է 2005 թ. հուլիսի 1-ից մինչև 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը: Եվ քանի որ Դուք նշված ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ չեք հանդիսացել, ուստի ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք չունեք»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Իրատես de facto»-ին խնդրի առնչությամբ նույնպես տեղեկացրեց, որ Հեղուշ Պողոսյանն ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք չունի: Թեև նա համարվում է 2-րդ կարգի հաշմանդամ, բայց կան օրենքով սահմանված կետեր, ըստ որոնց, նա չի կարող փոխհատուցում ստանալ. «ՀՀ օրենքի համաձայն, «Հայխնայբանկում» ավանդատու հանդիսացող, նախկին ԽՍՀՄ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը դրամական ավանդներ ներդրած քաղաքացիներին փոխհատուցման տրամադրումը իրականացվել է 2005 թ. հուլիսի 1-ից սկսած և անընդմեջ մինչև ընտանեկան նպաստառուների ցուցակների ճշտման օրը (2006-ի ապրիլի 1-ը): Քանի որ Հեղուշ Պողոսյանն օրենքով սահմանված ժամանակահատվածում ընտանեկան նպաստի իրավունք չի ունեցել, ապա վերոհիշյալ փոխհատուցումը ստանալ չի կարող»:
Հեղուշ տատը, սակայն, ով բավականաչափ գումար է վատնել փաստաթղթեր վերականգնելու, դիմումներ գրելու, իր խոսքով` արդարությունը վերականգնելու նպատակով, չի հուսահատվում և շարունակում է բողոքներ ներկայացնել երկրի նախագահին ու վարչապետին: Միայնակ, հաշմանդամ կինը հույս ունի, որ երկրի ղեկավարները կպատասխանեն իրեն, և մեղավորները կկրեն իրենց պատիժը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ