ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՈԳևՈՐ-ԱՇԽԱՐՀԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ

ՀՈԳևՈՐ-ԱՇԽԱՐՀԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ
12.11.2010 | 00:00

«Ես չէի զարմանա, եթե Արարատի վրա
հայտնաբերեին առաջին մարդու գանգը»:
Յոհան Վոլֆգանգ Գյոթե

1925-ին, «Երևանհէկ»-ի շինարարության ժամանակ, Հրազդանի ձախ ափին հայտնաբերվում են ուշ բրոնզեդարի դամբարաններ, զինվորական հանդերձի մնացորդներ, սև, կարմիր ու դեղնագույն նախշազարդ խեցեղեն...
Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի կառուցման ժամանակ բացվեցին հնագույն դամբարաններ` լավ պահպանված գունազարդ կճուճներով: Ըստ հնագետների, Ծիծեռնակաբերդը դեռևս պատշաճորեն ուսումնասիրված չէ:
Առաջին հայոց պանթեոնը հիմնվել է Ք.ծ.ա. IV-III դդ., Նեմրութ լեռան վրա` Կոմմագենեի Երվանդունի արքայատան կողմից:
Արշակունի արքայատան պանթեոնը մինչև IX դարի կեսը Դարանաղյաց գավառում էր, Անի-Կամախ քաղաքում: Այնուհետև` Աղցում:
Նշանավոր իշխանական տոհմերն ունեցել են իրենց պանթեոնները: Հոգևոր կենտրոնները ևս անմասն չէին պանթեոն ունենալու սրբազան «գայթակղությունից» (Էջմիածնի Մայր տաճարը, Մշո Ս. Կարապետ վանքը...):
Հայ իրականության մեջ նշանավոր էր ազգային մշակույթի գործիչների հանգստավայր-պանթեոնը Խոջիվանքում, հայկական բուրժուազիայի և մշակույթի «արտագնա» քաղաքամայր Թիֆլիսում:
Կոմիտասի անվան պանթեոն: Այս սուրբ հողը հոգևոր ու գաղափարական բռնադատման ենթարկվեց, երբ ամփոփեց Գրիգոր Արզումանյանի` ՀՍՍՀ մինիստրների սովետի նախագահի աճյունը: Նա սովետական-կոմունիստական բյուրոկրատիայի տիպիկ ներկայացուցիչ էր: Եվ չէր համալրում պետական գործիչների այն կոհորտան, որի շարքում էին խորհրդային կայսրության հավատարիմ զինվորները, խորապես նվիրված հայ պետականությանը... կայսրապետության կազմում: Երախտագետ ազգային հիշողությունը չի մոռացել նրանց. Ալ. Մյասնիկյան, Ա. Խանջյան, Գ. Հարությունյան, Յ. Զարոբյան...
Պանթեոնի հոգևոր արժեհամակարգը հերթական ճողվածքը ստացավ, երբ XX դարի համաշխարհային կերպարվեստի նշանավոր դեմքերից մեկը` Մաեստրո Քոչարն իր վերջին հանգրվանը գտավ Երևանի քաղաքային պանթեոնում:
ՀՈԳԵՎՈՐ-ԱՇԽԱՐՀԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ
1950-ականներին բլուրը համաժողովրդական ծառատունկերի «օրհնությամբ» կանաչ ու փարթամ հանդերձ հագավ: Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողի կառուցմամբ հնավայր բլուրը հուշաբլրի վերածվեց: Ծիծեռնակաբերդը մայրաքաղաքի աշխարհագրական կենտրոնից վերաիմաստավորվում էր ազգային-պետական միասնության հանգրվանի:
1965 թիվ: Օպերային թատրոնի շուրջը ծավալված համաժողովրդական շարժումը սովետական Հայաստանի ղեկավարությանը պարտադրեց Երևանի կենտրոնը զերծ պահել հակասովետական ցնցումներից, և հուշակոթողը կառուցվեց Ծիծեռնակաբերդի վերին հարթավայրում, տեսանելի` քաղաքի բոլոր հատվածներից:
Մեծ եղեռնի 50-ամյակը նշանավորվեց համազգային երթով դեպի հուշակոթող:
Այստեղ էր իր երդմնակալության արարողություններն իմաստավորում Ազգային միացյալ կուսակցությունը: ԱՄԿ-ին անդամագրվում էին երդման տեքստով, ծիսական մի արարողություն, որը տեղի էր ունենում հուշահամալիրում:
1968-ի ապրիլի 24-ին այլախոհներ Նավասարդյանը, Աշիկյանը և մյուսները` Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ, հուշահամալիրում եթեր են հեռարձակում ազգային բովանդակությամբ ռադիոհաղորդումներ...
Սակայն սկսվեց Մարզահամերգային համալիրի շինարարությունը: Կառույցը գտնվում էր Կենտկոմի սևեռուն ուշադրության կենտրոնում: Ըստ էության, հանրապետության շինարարական ողջ ներուժն ուղղորդված էր ՄՀՀ: Համաձայն պաշտոնական վիճակագրության` ՄՀՀ-ի կառուցման համար ծախսվեց 100 միլիոն սովետական ռուբլի, որով հնարավոր էր ամբողջովին ավարտել Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը և քաղաքն օղակող ավտոմայրուղին: Կամ` վերակառուցել մայրաքաղաքի կենտրոնը` Հյուսիսային պողոտան, հարակից թաղամասերով: ՄՀՀ-ի կառուցման տասնամյակը թանկ նստեց Հայաստանի վրա: Բնակարանային և արդյունաբերական շինարարությունը հանրապետությունում հոգեվարք էր ապրում: Փոխարենը կառուցվում էր գիգանտամոլության գլուխգործոցը: Նման աննախադեպ շինարարությունն իր ծավալներին համարժեք չարաշահումների ելակետ էր: Տարիներ շարունակ շինարարության բանվորները, վարպետ-մասնագետներն ու ճարտարագետները բավականին բարձր աշխատավարձ էին ստանում... ստորագրելով երկու ռոճկացուցակում: Ամենահամեստ տվյալներով` ՄՀՀ-ի կառուցման ժամանակ աշխղեկների, շինվարչությունների պետերի և այլ սնուցող-վերահսկող պետական-շինարարական վերադասի անձնական հաշիվներում ամրագրվեց շուրջ 50 մլն ռուբլի: Մի մասն էլ, իհարկե, ուղղորդվում էր մոսկովյան օթյակներ:
Մեկը մյուսին էին հաջորդում խայտառակ չարաշահումներն ու շինարարական գլուխկոտրուկները: Առանց շարժիչների տեղադրման... փորձում էին գործարկել վերելակները, սնուցող մալուխների բացակայությամբ ճարտարագետները գլուխ էին ջարդում` կյանքի կոչելու մարզասրահի էլեկտրոնային վահանակները։
Սրանք դեռ մանրուքներ են: Շարժասանդուղքային համալիրը գործեց 30 րոպե և... լռեց հավիտյան: Համերգասրահի հայտնի հրդեհի ժամանակ լուրջ թերություններով կառուցված ջրամբարներից կաթիլ ջուր չհոսեց դեպի դժոխային կրակի մեջ հայտնված կառույցը:
Մարզահամերգային համալիրի վիթխարի զանգվածը իշխող դիրք ստացավ քաղաքի համապատկերում: Էապես խախտվեց Ծիծեռնակաբերդի արժեհամակարգը: Աշխարհիկն այլևս գերիշխող էր...
Այնինչ գլուխգործոց է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, ճարտարապետական մտքի բռնկում, հուշարձան-ձոներգ, որը մոնումենտալ հանդիսավորությամբ փարվում է շրջապատի բազմախորհուրդ լռությանը, դառնում կիզակետը դարակազմիկ դավի ու ցավի: Նաև մաքառման ու հաղթանակի:
Նախորդ դարի կեսերին, ասես կենդանի գաղտնագիր, մի ծերունի էր դեգերում պանթեոնում: Զբոսայգու պահակն էր, նշանավոր Մախլուտոն` Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի հերոսը:
Պանթեոնից հյուսիս մանկատունն էր: Անցան ժամանակներ, և գեղեցիկ մի օր ի հայտ եկավ «Գարուն» ռեստորանը: Կարճ ժամանակ անց քաղաքում համբավավոր խնջույքասրահ էր և ուշագրավ համադրություն էր կազմում երևելիների վերջին կացարանի հետ: Հավանաբար մարդասիրական մղումներին տուրք տալով, ժամանակի իշխանությունները զբոսայգու հարավային հատվածում մանկական խաղահրապարակ ստեղծեցին:
Զբոսայգում աշխարհիկն ու հոգևորը, այնուամենայնիվ, «պայմանական հրադադարի» մեջ էին կես դար: Քիչ թե շատ պանթեոնը խնամվում էր, շատ թե քիչ, ռեստորանի այցելուները «ազգասեր ու... նպատակային» էին: Երևելի մեռյալների կենացն այստեղ ըմպում են քյաբաբապլոճիկային վայելումների միջակայքում: Ծուխն էլ` յուղափթիթ ու թմրեցնող, քուլա-քուլա երկինք է թևում:
Անկախացմամբ հուշաբլուրը խորասուզվեց աշխարհիկ փորձությունների փուլը: Երկիրը թևակոխել էր «Ձմեռ» ծրագիր: Կացնահարվեց Ծիծեռնակաբերդի անտառի 30-40%-ը: Սովի և հուսալքության ներքո անկախության խորհուրդը մարսող հասարակության համար ցնցող էր հուշաբլուրից հնչած բոթը... Անմար կրակն է մարել: Խնայողության փրկարար նպատակով:
Իշխանական կառույցները ժամանակ առ ժամանակ վերհիշում էին հուշաբլրի գոյությունը: Համազգային երևույթ է, որը քաղաքական հրաշալի շահաբաժին կարող է ապահովել: Աշխարհն ընդունում է եղեռնի փաստը, հանրապետություն ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների այցեցանկում հուշահամալիրն իր պատվավոր տեղն ունի... Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կառուցմամբ հանրապետությունն ամբողջացրեց հուշաբլրի հանդեպ նկատառումները: Յուրաքանչյուր պատվավոր այցելու իր գիրն է թողնում հուշամատյանում, այնուհետև խորհրդանշական ծառը տնկում: Այս ամենն ի տես աշխարհի և... Բարձր Դռան:
Հուշահամալիր... Ամեն բան հարդարուն է, խորհրդավոր, աչք ու հոգի շոյող:
Հուշահամալիրից դուրս` անտարբերության հորդահոս գետն է գալարվում:
Յուրաքանչյուր տարի գարնանն ու աշնանը Ծիծեռնակաբերդում ծառատունկ է: Մոտավոր հաշվարկներով` անցած քսան տարիներին շուրջ 100 հազար ծառ է տնկվել: Նույնքան էլ չորացել է հաջորդ ամռանը, կիզիչ արևից ու խորշակներից, առանց ոռոգման, անձրևի ու ձյան գթառատությանը հանձնված:
Ծիծեռնակաբերդի անտառը ոչնչացման եզրին է: Ո՛չ պետական (ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը), ո՛չ էլ մասնավոր (ՄՀՀ-ն ԲԱՄՕ ընկերության սեփականությունն է) շահը տեղին չի համարում որևէ հիմնարար ներդրում իրականացնել: ՈՒ սա մի երկրում, ուր յուրաքանչյուր քայլափոխի նախագահական, վարչապետական, նախարարական և այլ «բարձր հովանիների» շքերթ է: Սեփականատերը հիմնանորոգել է մարզահամերգային կառույցն ու հարակից ենթակառուցվածքները և հաջողությամբ իր բիզնես-ծրագիրն է կենսագործում: Ծիծեռնակաբերդի ընդհանուր տարածքի մոտ 70%-ը ԲԱՄՕ-ի սեփականությունն է: Մնացածը տնօրինում է թանգարան-ինստիտուտն իր սուղ միջոցներով: Դեպքից դեպք հաշվետվության կարգով ինչ-որ ջրագծեր են վերականգնվում, շնորհանդեսային ռեպորտաժներ են ի հայտ գալիս և... վերջ:
Եթե ընթերցողը կիրճին զուգահեռ արահետով ընթանա, ականատեսը կլինի նախկին փարթամ անտառի տխուր արձագանքի: Չարագույժ պատկերներ են, այրված ծառ ու թփեր, աղբ ու արտաթորանք, գարշահոտություն և... «սիրահար զույգեր»: Միջավայրն է տրամադրում, ոչինչ անել չես կարող:
Անկախության շեփորականչերը ոչ պակաս աղետալի են հնչել պանթեոնում: Զբոսայգու երբեմնի գեղաշեն պարիսպը խարխլվում է օր օրի: Կարուսելների հատվածում վաղո՜ւց ընդարձակ աղբավայր է և մետաղի ջարդոնի հանգստարան: Ամենուր թափառական շներ են և արմատական անտարբերության հետքեր: Պանթեոնը կղզիացել է: Մանկատան փոխարեն գեղակառույց դատարանն է, հերթական վերածնունդն է ապրում ռեստորանը:
Նորհայկական ժողովրդավարության հրաշափայլ ամբողջություն, արժեհամակարգի նորանկախ-ազատական ցնցակաթված:
ՄՀՀ-ից հուշահամալիր ես անցնում զբոսայգի հիշեցնող տարածքով: Մի արձան է ուշադրությունդ գրավում` «Մոխիրներից հառնողը»: Մանկամարդ հայուհին` անպատմելի սարսափն աչքերում, փախչում է մազապուրծ: Գրկում մերկ մանուկն է: Իսկ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից վար մացառուտներով պճնված բլրալանջն է: Հիանալի համայնապատկեր է: «Հրազդան» մարզահամալիրի մարզահրապարակներն են, մարզադաշտը համալրող հանրապետության խոշորագույն տոնավաճառը և սև շենքը` երրորդ հանրապետության առաջին նախագահի նստավայրը: Ավելի հեռվում հսկա շինություններն են ուրվագծվում. հիմնադրվում է մտավոր-գաղափարական արդի գերակայություններից հերթականը` առևտրի ու զվարճանքի հսկայածավալ համալիրը:
Բլրալանջում անապատացման գործն ավարտին է հասել: Երբեմնի փարթամ անտառը հուշ է, դառը մտորումների առիթ: Սակայն կգա ժամանակը, այստեղ և բլրի անտերության մատնված մյուս հատվածներում «հոգեշահ» նոր կառույցներ ի հայտ կգան, շոգեբաղնիքային ու մարզակրթական համալիրներ, զվարճանքի և խրախճանքի կենտրոններ: Իսկ մի՞թե հեռանկարային չէ նույն պանթեոնի հարևանությամբ գերարդիական համալիր կերտել, բազմաֆունկցիոնալ մի կառույց, ուր ի մի կգան, օրինակ, թվայնացված շոգեբաղնիք, բուքմեյքերական գրասենյակ և ուլտրա-ազատական խաշատուն: Նաև կուսակցական-նախընտրական որևէ շտաբ, գրասենյակ, կայան:
Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Դելֆինարիո՜ւմն է կառուցվում:
Ե՞լքը... ընդունել օրենք սրբավայրի մասին:
Հետո կազմակերպել համազգային շաբաթօրյակներ ու վերականգնել Ծիծեռնակաբերդն ու Պանթեոնը: Պետությունը թող ապահովի շինարարական անհրաժեշտ նյութերով, նաև փոցխով ու բահով: Մնացածի համար, համոզված եմ, հոգատար ձեռքեր կգտնվեն:
Եվ թող սրբավայրերը վերականգնվեն հասարակության բարձր հովանու ներքո:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ