Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է»

«Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է»
19.12.2008 | 00:00

«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է»
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի և տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումներն է ներկայացնում ՀՀ քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
-Պարոն Հովհաննիսյան, ռուս-վրացական վերջին պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական ակտիվացում արձանագրվեց։ Հատկապես ակտիվ է Ռուսաստանը։ Ձեր կարծիքով` այդ միջնորդական ջանքերը կհանգե՞ն վերջնական արդյունքի, թե՞ գերտերությունների միջև տարածաշրջանային պայքարի թեժացման պատճառով ամեն ինչ կրկին կտապալվի։
-Ղարաբաղի հարցում վերջին, ամենակարևոր զարգացումը Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումն էր` Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ։ Գիտեմ, որ այն միանշանակ չընկալվեց մեր հասարակության մեջ, նույնիսկ այլ մեկնաբանություններ եղան։ Դրանց ընդհանուր տոնայնությունը ես չեմ կիսում, որովհետև մեկնաբանները հիմնականում կենտրոնանում են այն խնդրի վրա, որ ԼՂՀ-ն, իբրև հակամարտության կողմ, չի մասնակցել փաստաթղթի ստորագրմանը։ Իրողություն է և այն, որ 1994-ի մայիսի 12-ի հրադադարի ստորագրման ժամանակ, ինչպես նաև 1995-ի դեկտեմբերին կայացած Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂՀ-ն մասնակցել է իբրև հակամարտության երրորդ կողմ, և Մայնդորֆյան հռչակագրի քննադատները հատկապես այս փաստարկն են բերում իբրև այս գործընթացի բացասական ուղղվածության ապացույց։ Իմ կարծիքով` այդ քննադատությունը հիմնավոր չէ, որովհետև 1994-95-ի նախադեպերը չէին կարող հիմք ծառայել այսօր փաստաթուղթ ստորագրելիս։
-Ինչո՞ւ։
-Որովհետև այն ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի այսօրվա ձևաչափը փոխվել է դեռ 1997 թվականին, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ համաշխարհային պրակտիկայում նախադեպը չունեցող փաստ. մեկ այլ, թեկուզև չճանաչված պետության, այսինքն` ԼՂՀ-ի ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Այդ կադրային որոշմամբ դեռ 11 տարի առաջ արմատապես փոխվեց ԼՂՀ-ի ինքնորոշման համար մղվող պայքարի իմաստը. ինքնորոշման նպատակը, փաստորեն, փոխարինվեց միացում նպատակով։ Այլ հարց է, որ այդ «միացումը» նշանակում էր ոչ թե Արցախի ինտեգրացում մայր հայրենիքի կազմում, այլ հայտնի բարձրաստիճան ղարաբաղցիների ինտեգրացում Հայաստանում մինչ այդ արդեն ձևավորված արատավոր կլանային համակարգում։ Տվյալ պարագայում կապ չունի, որ ԼՂՀ-ն երկրորդ հայկական պետություն է։ Օրինակ, Կոսովոյի ինքնորոշման իրավունքը երբեք չէր իրագործվի Արևմուտքի ճնշմամբ, եթե կոսովյան ալբանացիների հանգուցյալ առաջնորդ Ռոգովան նշանակվեր Ալբանիայի վարչապետ։ Իմ կարծիքով` Ղարաբաղի ինքնորոշման գործընթացն այդ ժամանակից ի վեր ավելի է նմանվում Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնորոշման պրոցեսին։
-Ի՞նչ իմաստով։
-Այն նույն դերը, որ Ռուսաստանը ստանձնել էր` դառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգության երաշխավոր մինչև այս տարվա օգոստոսյան իրադարձությունները, այդ նույն գործառույթը Հայաստանն ընդգծված ձևով իր վրա է վերցրել` սկսած 1997 թվականից։ Եվ այս տեսանկյունից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի պնդումները, թե զուգահեռներ չկան աբխազական, հարավօսական և ղարաբաղյան հակամարտությունների միջև, ու մոտեցումն էլ պետք է տարբերակված լինի, անշուշտ, իրականությանը չեն համապատասխանում։ Պարզապես Կրեմլը, օգոստոսյան դեպքերից հետո ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, և դա միանգամայն տրամաբանական է. ԼՂՀ-ի անվտանգության և ինքնորոշման երաշխավորը Հայաստանն է։
-Այսինքն, ըստ Ձեզ, ստացվում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի պարագայում պետք է գործեր նույն ձևով, ինչպես Ռուսաստանն Աբխազիայում և Հարավային Օսիայո՞ւմ։
-Առիթի դեպքում` այո։ Ռուսաստանն ունեցավ այդ առիթը, որը նրան սկուտեղի վրա մատուցեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլին` հարձակում սկսելով Ցխինվալի վրա։ Մենք առայժմ պատեհ առիթ չունենք, քանի որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է։ Չհաշված առանձին միջադեպերը, որոնք երբեմն երկու կողմից էլ ցավալի զոհերի են հանգեցնում։ Բայց եթե Ադրբեջանի նախաձեռնությամբ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, ինչպիսին օգոստոսին առաջացավ վրաց-օսական հակամարտության գոտում, Հայաստանն անվերապահորեն կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, և նույն Ռուսաստանը չի կարող այդ կապակցությամբ հիմնավոր առարկություններ ունենալ, որովհետև ինքն էլ նույն կերպ է վարվել։
-Տպավորություն կա, որ ամերիկացիները, այնուհանդերձ, Մայնդորֆից հետո աստիճանաբար խլում են կարգավորման նախաձեռնությունը ռուսներից։
-Չեմ կարծում։ Ի սկզբանե Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների մեջ առաջնային դերակատարություն է ունեցել։ Մայնդորֆյան հռչակագրից հետո ԱՄՆ-ը և Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի, ավելի շատ փորձում են իրենց համար անցանկալի խաղի պայմաններում պահպանել դեմքը։ Մեթյու Բրայզան պատահական չէր դժգոհություն արտահայտել, թե Մոսկվայում իրենք չեն մասնակցել հռչակագրի տեքստի քննարկմանը։ Այժմ Արևմուտքը դիվանագիտական որոշ քայլեր է ձեռնարկում բուն հռչակագրի դրույթների կոնկրետացման կոնտեքստում։ Ասենք, ներկայացվում է առաջարկություն, որ հակամարտության գոտուց պետք է հեռացվեն դիպուկահարները, քանի որ կողմերը հռչակագրով պարտավորություն են ստանձնել կոնֆլիկտը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով։ Սա ողջունելի առաջարկություն է, բայց ընդամենը հռչակագրի կոնկրետացում, ոչ ավելի։
-Ձեր կարծիքով` Մայնդորֆյան հռչակագրի ստորագրմամբ Ռուսաստանն ինչի՞ է ձգտում։
-Օգոստոսին Մոսկվան հարկադրված եղավ ուժ կիրառել վրաց-օսական հակամարտության պրոցեսում` որպես Հարավային Օսիայի անվտանգության երաշխավոր։ Թեպետ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը միտված չէր դրան, Մոսկվան շահագրգիռ էր եղած ստատուս քվոյի պահպանմամբ։ Հիմա այն, ինչին չհամաձայնեց Սաակաշվիլին, Մոսկվան առաջարկում է Իլհամ Ալիևին, և վերջինս, փաստորեն, ընդունում է դա։ Սա մեզ համար շատ կարևոր է ու դրական։ Որովհետև հենց Ադրբեջանն է հանդես գալիս ռևանշիստական հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ։ Հռչակագիրը ստորագրելով` Ադրբեջանի նախագահը, փաստորեն, պարտավորություն ստանձնեց ձեռնպահ մնալ հիմնախնդրի ուժային լուծումից։
Սրանով Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը տարածաշրջանում հանդես է գալիս իբրև կոնսերվատիվ ուժ, որ կողմնակից է այսօր գոյություն ունեցող իրավիճակի պահպանմանը։ Սա հայկական շահերի դեմ չէ, որովհետև Ղարաբաղի հարցը մեզ համար սկզբունքորեն լուծված է։ Ընդ որում, իրագործված է այն ազգային-տարածքային սահմանազատումը, ինչն Արցախն ու Հայաստանն առաջարկում էին անել ԽՍՀՄ քաղբյուրոյին 1988 թվականին։ Դրա համար էլ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը ես դրական եմ գնահատում, քանզի Ռուսաստանը դրանով անուղղակի հասկացնում է, որ հռչակագիրը խախտելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ կարող է գործադրվել նույն սցենարը, ինչ Վրաստանի պարագայում, քանի որ Հայաստանը ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։
-Այնքան էլ այդպես չէ։ ՀԱՊԿ-ի պաշտոնատարները, նաև Ռուսաստանի ղեկավարները, միշտ էլ նշել են, որ ՀԱՊԿ-ի ուժերն Ադրբեջանի դեմ օգտագործել չեն կարող, որովհետև նա ԱՊՀ-ում է։
-Չեմ հիշում նման բան։ Բացի այդ, ԱՊՀ-ն ընդամենն ակումբ է, ուր անդամ երկրները մտքերի փոխանակություն են իրականացնում։ Վլադիմիր Պուտինը բազմիցս հենց այդպես է արտահայտվել ԱՊՀ-ի մասին։ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է` հստակ ամրագրված պարտավորություններով։ Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, իսկ Ադրբեջանը` ոչ։ Հետևապես, եթե Հայաստանը ներքաշվի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ ոչ իր նախաձեռնությամբ, Ռուսաստանը, ըստ ՀԱՊԿ-ի պայմանագրի, կողմ քաշված մնալ չի կարող։
Այլ բան, որ կարելի է ենթադրել, թե հռչակագրի ստորագրումը նախաձեռնելով` Ռուսաստանը նաև Հայաստանին է հասկացնում, որ Երևանը հանկարծ նախահարձակ չլինի։ Բայց սա զուտ տեսական ենթադրություն է, որովհետև Հայաստանը նման խնդիր ուղղակի չունի։
-Մինչդեռ կային շատ հիմնավոր կասկածներ, որ Ռուսաստանը ցանկանում էր Հայաստանին պարտադրել ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով թողնելու համաձայնագիր։ Եվ քանի որ դա չհաջողվեց, բավարարվեցին Մայնդորֆյան հռչակագրի ստորագրմամբ։
-Բացարձակապես համամիտ չեմ, թե Ռուսաստանը նման մտադրություն ունի։ Պուտինը բազմիցս նշել է, որ իրենք պատրաստ են երաշխավոր լինել ցանկացած որոշման իրագործման, որի շուրջ համաձայնության կգան հակամարտության բոլոր կողմերը։ Այսինքն, Ռուսաստանի դիրքորոշումը հավասարակշռված է։
-Դուք կարծում եք, որ Մեդվեդևը նո՞ւյնն է ասում։
-Ռուսաստանի նոր նախագահն ընդամենն ասել է, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացարձակապես նույնն է ասում` Վրաստանի հետ կապված, բայց այս պարագայում պետք է կենտրոնանալ ոչ թե հայտարարությունների, այլ ռեալ քաղաքականության վրա։ Ռուսաստանը ստատուս քվոյի պահպանման կողմնակից է եղել և լինելու է միշտ։ Որովհետև եթե Ղարաբաղը վերջնականապես անցնի Ադրբեջանին կամ Հայաստանին, ժամանակի ընթացքում Բաքուն էլ, Երևանն էլ առանձնապես հաշվի չեն նստի Մոսկվայի հետ։ Դրա համար էլ ստատուս քվոն Ռուսաստանին ձեռնտու է, դրա վերանայմանը կողմ են հանդես գալիս մյուս երկու համանախագահ պետությունները։ Իսկ Մոսկվան ձգտում է պահպանել ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա տարածաշրջանում։
-Այնքան էլ այդպես չէ։ Ռուսաստանն այսօր փորձում է դաշինք կնքել Թուրքիայի հետ։ Ինչո՞ւ եք կարծում, որ Ղարաբաղն Ադրբեջանին զիջելու ռուսական նախաձեռնությունը Մոսկվա-Անկարա գլոբալ պայմանավորվածությունների արդյունք չէ, քանի որ Բաքուն այդ շղթայում կարևոր դեր ունի։
-Ռուսաստանը և Թուրքիան գլոբալ պայմանավորվածությունների հանգել չեն կարող, որովհետև տարածաշրջանային առումով նրանք մրցակից պետություններ են։ Մոսկվային և Անկարային այսօր միավորում է մեկ բան` Արևմուտքի, Եվրամիության կողմից մերժված լինելու հանգամանքը։ Սկզբունքորեն Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ ուզում են միասնական Եվրոպայի մաս կազմել, բայց նրանց նույնիսկ Առևտրի համաշխարհային կազմակերպություն չեն ընդունում։ Ռուսաստանը նույնիսկ չի բացառում ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկվելու հանգամանքը, որովհետև դրանով անմիջապես կփլուզվեր ԱՄՆ-ի ողջ եվրատլանտյան ճարտարապետությունը, սակայն այս ուղղությամբ էլ տեղաշարժ չկա։ Թուրքիան իր հերթին ՆԱՏՕ-ում չունի այն դերակատարությունը, որը կարող էր ունենալ, եթե միաժամանակ անդամակցեր Եվրամիությանը։ Մյուս կողմից, եթե Թուրքիան Եվրամիության անդամ դառնա, Ֆրանսիան և Գերմանիան հարկադրված կլինեն արմատապես փոխել իրենց պատկերացումները Եվրոպայի ապագայի վերաբերյալ։ Այսպիսով, Մոսկվային և Անկարային Արևմուտքից ունեցած ընդհանուր դժգոհությունն է մղել մարտավարական ինչ-որ համագործակցության, բայց ռազմավարական պայմանավորվածություններ, առավել ևս հայկական շահերի հաշվին, այստեղ հնարավոր չեն։
-Կարծում եք, Հայաստանը Ռուսաստանի համար այդքան լուրջ արժե՞ք ունի։
-Անկասկած։ Ռուսաստանի համար այսօր արժեք ունեն նույնիսկ տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Վենեսուելան և Նիկարագուան։ Իսկ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է։ Այլ բան, որ մենք այդ իրողությունը չենք կարողանում ողջ արդյունավետությամբ օգտագործել։ Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանն էլ ինքնաքննադատորեն ընդունեց դա, փաստելով, որ քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջև այսօր էապես զիջում է տնտեսական համագործակցության ծավալներին։
Հասկանալի է, որ Մոսկվան միաժամանակ Ադրբեջանին արևմտյան ազդեցությունից ինչ-որ չափով զերծ պահելու խնդիր ունի, որպեսզի Բաքուն չսկսի վարել նույն քաղաքականությունը, ինչ Վրաստանը կամ ՈՒկրաինան։ Եվ Ռուսաստանն այդ ուղղությամբ հասել է որոշակի արդյունքների։
-Մեր շահերի հաշվին։
-Ոչ, վստահ եմ, որ երբեք հայկական շահերի նկատմամբ Ռուսաստանը բացասական քաղաքականություն չի վարելու։ Մոսկվայի քաղաքականությունը միտված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռություն պահպանելուն, և դա միակ քաղաքականությունն է, որի շնորհիվ Ռուսաստանը կարող է Բաքուն և Երևանը պահել իր ազդեցության ուղեծրում։
-Ներքաղաքական զարգացումների առումով 2008-ը բարդ տարի էր։ Ինչպիսի՞ն եք տեսնում ներքին պրոբլեմների հանգուցալուծումը Հայաստանում։
-Իսկապես, տարին ողբերգական էր, եթե նկատի ունենանք մարտի 1-ի իրադարձությունները։ Մենք, առհասարակ, պետականություն ունենալու մասին խոսելու իրավունք չունենք, քանի դեռ չենք ապաշխարել տասը զոհերի մեղքը։ Մեզ համար առաջնային խնդիր է ապացուցել աշխարհին, որ մարդկային կյանքը մեր երկրում արժեք ունի։ Մինչդեռ հակառակին ենք ականատես, երբ ազգությամբ հույն Շարմազանովը հեռուստաեթերով ցինիկ դատողություններ է անում` մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Համոզված եմ, որ եթե նման բան նա իրեն թույլ տար Հունաստանում, ուր հայկական ծագումով երիտասարդ է սպանվել, հույները նրան մեկընդմիշտ կզրկեին ձայնի իրավունքից։ Գոյություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիան, որի երրորդ հոդվածով երաշխավորված է մարդու կյանքի իրավունքը։ 1985-ին ՄԱԿ-ն ընդունել է նաև «Իշխանության չարաշահումների և հանցագործությունների զոհերի նկատմամբ արդարադատության հիմնական սկզբունքների մասին» հռչակագիրը, որը պարտադիր է համարում ներպետական ցնցումների ընթացքում զոհված մարդկանց համար փոխհատուցման տրամադրումը նրանց ընտանիքներին։ Ես, արդեն քանի ամիս է` խոսում եմ այս մասին, որովհետև, անկախ մարտի 1-ի հետաքննությունների արդյունքներից, մենք տասը քաղաքացի ենք կորցրել, որոնք բոլորն ունեին անչափահաս երեխաներ, և նրանց ընտանիքներն այսօր` վրա հասնող համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, փաստորեն, անտեսված են։
-Ի՞նչ եք առաջարկում։
-Քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, իհարկե, կարևոր է։ Հատկապես նրանց, ում առողջական վիճակը վատ է, ես նկատի ունեմ, մասնավորապես, պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը ծանր հիվանդ է։ Բայց մարտի 1-ի դեպքերի ընթացքում զոհված մեր քաղաքացիների ընտանիքները վրա հասնող ֆինանսական ճգնաժամի պայմաններում չպետք է անտեսված մնան։ Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին և կոչ անում, որ մինչև նոր տարի կառավարությունը հատուկ որոշումով փոխհատուցում տրամադրի զոհվածների ընտանիքներին, նրանց անչափահաս երեխաներին նշանակի թոշակ մինչև 24 տարեկան հասակը, և միաժամանակ պետության վրա դրվեն նրանց բոլորին բարձրագույն կրթություն տալու ծախսերը։ Հասկանում եմ, որ նյութական փոխհատուցմամբ այդ մարդկանց վիշտը, միևնույն է, ամոքել հնարավոր չէ, բայց ընդհանրապես նրանց անտեսելն ավելի վատ է։ Նույնիսկ ԽՍՀՄ-ը ստալինյան ռեպրեսիաներից հետո, 1956-ին, պաշտոնապես ընդունեց կատարվածը, և բռնադատվածների շատ ընտանիքներ փոխհատուցումներ ստացան, թեպետ ՄԱԿ-ի նշածս հռչակագիրն այն ժամանակ գոյություն չուներ։ Այդպես մեր ընտանիքն Անտոն Քոչինյանի որոշմամբ 1960-ին ստացավ այն բնակարանը, ուր ես հիմա ապրում եմ, քանի որ պապս 1937-ին գնդակահարվել էր որպես Աղասի Խանջյանի օգնական և «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր։ Նույնն այն ժամանակ արվեց տասնյակ հազարավոր բռնադատվածների այլ ընտանիքների նկատմամբ։ Կարծում եմ` տասն ընտանիքի կարիքը հոգալը միանգամայն մեր պետական բյուջեի հնարավորության սահմաններում է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3012

Մեկնաբանություններ