ԱՀԱԶԱՆԳ
Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի 11 տան բնակիչ Օլգա Սարգսյանը բազմաթիվ մարդկանց անունից դիմում-բողոք է հղել հանրապետության բարձրագույն ղեկավարությանը` ճիշտ 11 հասցեատեր, ներառյալ ՀՀ նախագահը։ Դիմում-բողոքը ոչ ավելի-ոչ պակաս 8 էջ է։ Նրա նախաբանն ու ավարտը, թերևս, շատ բան են պարզաբանում. «15.02.2011 թ. ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի անուններով Մասիս քաղաքի մի խումբ բնակիչների կողմից դիմում-բողոք էինք ներկայացրել առ այն, որ 2010 թ. ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունն ապամոնտաժել է Մասիս-Արգավանդ ջրագծի մոտ 40 կմ երկարությամբ 1200 մմ տրամագծով 2 խողովակաշարերը, փոխարենն անցկացրել է «նոր» 500 մմ տրամագծով 1 խողովակաշար, որի մի մասն անցնում է սեփականության իրավունքով մեզ պատկանող հողատարածքներով»։
Սա նախաբանն է։ Ահա և դիմումի վերջաբանը. «Հարգելի պարոնայք, ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման հարցում պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվում է անգործություն, կարծում եմ, որ սույն գործը պետք է քննի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազի անմիջական վերահսկողությամբ, և խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված իրավախախտումների վերացման, ինչպես նաև պաշտոնատար անձանց ցուցաբերած անգործությունը վերացնելու համար»։
Հասկանալի է, մեկ հոդվածի սահմաններում անհնար է թնջուկը ողջ խորությամբ ներկայացնել մեր ընթերցողին, սակայն գուցե դրա կարիքն էլ չկա։ Առանձին դրվագների շարադրմամբ ընթերցողը բավարար պատկերացում կունենա սույն գործի մասին։ Հուսով ենք, որ հրապարակումն առիթ կհանդիսանա դրա լուրջ և համակողմանի քննարկման և լուծման։
Եվ այսպես, 500 մմ տրամագծով 1 խողովակաշարը, համաձայն դիմումի տրամաբանության, պիտանի չէ խմելու ջրի մատակարարման համար։ Բացի այդ, «...նշված անօրինական գործողությունների պատճառով վատնվել են ապամոնտաժման համար տրամադրված դրամական միջոցները, վատացել է խմելու ջրի որակը, կրճատվել է ջրամատակարարման ժամկետը, ապամոնտաժման ժամանակ չի պահպանվել որևէ սանիտարական նորմ կամ անվտանգության կանոն, առանց այն էլ փտած «նոր» խողովակները մոնտաժվել են ջրով լիքը ջրափոսերի միջով, առանց որևէ պաշտպանիչ շերտի, որի պատճառով խմելու ջրին են խառնվել ջրափոսերի կեղտաջրերը, բացի այդ, քանդվել են Մասիս քաղաքի փողոցները` 10-րդ փողոցի ամբողջ ձախ հատվածի ասֆալտը և այդ վիճակում էլ թողնվել է մինչ օրս, որի պատճառով ամբողջ փողոցը պատվել է ցեխաջրով և դարձել անանցանելի, ճահճացել են բնակիչների օգտագործմանը տրամադրված բերրի հողերը»։ Օլգա Սարգսյանը, նախանձախնդիր իր նպատակներում, դիմում է ՀՀ նախագահին, ստանում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի պատասխանը, որը երկար-բարակ հիմնավորելով խողովակափոխման տեխնիկական և տնտեսական անհրաժեշտությունը, գրությունն ավարտում է հետևյալ խոսուն եզրահանգմամբ. «Ձեր հողամասերի հարևանությամբ անցնող ջրատարը (1200 մմ տրամագծով) նույնպես ապամոնտաժման ենթակա է և ձեր կողմից այդ գործողությանը խոչընդոտելը չի համարվում անհաղթահարելի։ Դուք զավթել եք համայնքային սեփականության հողը և դրա տակ գտնվող խողովակը, և ՓԲԸ-ի կողմից այդ խողովակի տնօրինումը միանգամայն իրավաչափ է և անհրաժեշտ։ Պետք է նշեմ նաև, որ այս խողովակներից հոսող ջրի նմուշների պարբերաբար իրականացվող մանրէաբանական ուսումնասիրություններն առայսօր վարակի ոչ մի վտանգ չեն հայտնաբերել»։
Պատասխանը, դժվար չէ կռահել, չի բավարարում բողոքող կողմին։ Բավականին պատկառազդու և ներկայացուցչական մի հավաքում, որին մասնակցում են Մասիսի քաղաքապետը, Արարատի փոխմարզպետը, «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչը, ինչպես նաև Զորակ, Այնթափ, Մարմարաշեն, Դարակերտ, Խաչփառ համայնքների ղեկավարներ, Օլգա Սարգսյանը հայտարարում է, որ, ըստ ամենայնի, նշված իրավախախտումները կազմակերպում և կատարում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայր Նորիկ Գևորգյանը, որը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենի տեղակալն է։
Եվ ահա նոր դիմում-բողոք է ուղղվում ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, որ նշված անօրինականությունների պատճառը նաև պաշտոնատար անձանց մասնակցությունն է այդ անօրինականություններին, որ անհրաժեշտ է գործի առնչությամբ սահմանել վերահսկողություն և այն հանձնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Սույն տարվա 2011-ի փետրվարին Մասիսի մի խումբ բնակիչների դիմումին ի պատասխան 17.03.2011-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի պրոֆբաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Կ. Հովակիմյանը քննում է դիմումը և նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացնում` հանցադեպի բացակայության պատճառով։
ՈՒշագրավ է, որ բնակիչները, խողովակաշարի ապամոնտաժման հետ կապված (ի դեմս Օ. Սարգսյանի) բավականին օպերատիվ արձագանքում են, նշում բոլոր հնարավոր բացթողումներն ու զանցանքները և դիմում իրավապահ մարմիններին։ Այսպես, 2011-ի մարտի 11-ին Օ. Սարգսյանն ահազանգում է Մասիս քաղաքի 10-րդ փողոցում երկաթյա խողովակների ապամոնտաժման մասին, երեք օր անց նույնաբովանդակ մեկ այլ դիմում է ներկայացվում, կցվում է նախորդ դիմումին` համատեղ լուծման նպատակով։ «Համատեղ լուծումը» ևս արժանանում է նախորդների բախտին։
Բայց ի՞նչ է կատարվել իրականում։ Խոսենք թվերի և փաստերի անողոք լեզվով։ Աշխատանքների կատարման համար (գլխ. դատախազին ուղղված դիմում) Կ. Հովակիմյանի կայացրած որոշման համաձայն` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և մրցույթում հաղթող «Աշոցք» ՍՊԸ-ի միջև կնքվել է ՀՋԿԸ-091002 պայմանագիրը, որով «Աշոցքն» աշխատանքների կատարման համար պահանջել է շուրջ 713 մլն դրամի արժողությամբ, իր կողմից ապամոնտաժված 1200-մմ-անոց խողովակը։ Տիկին փոխնախարար Ա. Բախշյանն իր պատասխաններում հայտնել է, որ 23 կմ երկարությամբ 1200 մմ-ոց խողովակները փոխարինվել են 500 մմ-ով, քանի որ գործող 1200 մմ խողովակը արտադրելու էր 3000 լ/վրկ ջուր և տարեկան ծախսելու էր 11 մլն կՎտ.ժամ էլէներգիա, իսկ 500-մմ-անոց խողովակով` 5,5 մլն կՎտ.ժ էլէներգիա, այդ է պատճառը, որ 23 կմ երկարությամբ 1200 մմ խողովակները փոխարինվել են 9 կմ 100 մմ երկարությամբ խողովակով։ Հարց է առաջանում` 9 կմ երկարությամբ խողովակն ինչպե՞ս է փոխարինում իրենից 13,9 կմ-ով երկար 23 կմ երկարությամբ խողովակին, և, ի վերջո, որտե՞ղ են այդ խողովակները։ Բացի այդ, Ա. Բախշյանը նշել է, որ «Հայջրմուղկոյուղին» այդ աշխատանքների դիմաց փաստացի վճարել է 4566924 ԱՄՆ դոլար, այնինչ, աշխատանքի կատարման պայմանագրի արժեքն է շուրջ 713 մլն դրամ։ Փաստորեն, անհայտ ուղղությամբ անհետացել է շուրջ 4,5 մլն դոլար։
Այստեղ էական է հետևյալը. բողոքող քաղաքացիները գործին ծանոթ են հիմնավորապես, և նրանց պահանջների հիմքում, ըստ էության, օրինականության հաստատումն է։ Մի բան, որ բավականին հնարամտորեն շրջանցում են պատկան կառույցները, գոնե մինչ հիմա։ Իսկ մենք հուսանք, որ մեր հրապարակումը կնպաստի օրինականության հաստատմանը, և ապօրինությունների հեղինակները, անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից, արժանի պատիժ կկրեն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ