ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մտահոգություններ. արտաքին ուժերը Հայաստանը կարող են օգտագործել որպես պլացդարմ Իրանի դեմ, և ՌԴ-ի և Չինաստանի դեմ զսպման քաղաքականության մեջ

Մտահոգություններ. արտաքին ուժերը Հայաստանը կարող են օգտագործել որպես պլացդարմ Իրանի դեմ, և ՌԴ-ի և Չինաստանի դեմ զսպման քաղաքականության մեջ
14.03.2024 | 14:22

Բրատիսլավայի խորհրդաժողովում նաև ափսոսանք է հայտնվել, որ Հայաստանը Նիկոլի օրոք դադարեցրել է աշխատանքը ՌԴ-ի հետ ռազմական դաշինքի ներսում

Երեկ երեկոյան «Բրատիսլավայի հարթակը՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկխոսության վայր» վերտառության ներքո մի շատ ուշագրավ հարցազրույց է հրապարակել «News Front» լրատվական գործակալությունը: Գործակալության միջազգային մեկնաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՍԵՎԻ հարցազրույցը գերմանացի լրագրող և քաղաքագետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության նախկին խորհրդական, Բեռլինում Եվրասիական հանրության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱՐԻ հետ է:

Հարցազրույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, դրա ծավալման վտանգին, դրանում շահագրգռված ուժերի կողմից Հայաստանը Իրանի դեմ պայքարում և Ռուսաստանի ու Չինաստանի դեմ զսպման քաղաքականության մեջ որպես պլացդարմ հնարավոր օգտագործմանը:

Կարևոր է, որ արտերկրի մեր գործընկերներից գոնե ոմանք նույնպես հասկանում են՝ կան հայ-ադրբեջանական հակամարտության ծավալմամբ շահագրգռված ուժեր՝ հաշվի առնելով Ռուսաստանին մոտ լինելը, ինչով, կարծում ենք, ակնարկվում է, որ տվյալ ուժերի նպատակը հայ-ադրբեջանական հակամարտության ծավալմամբ ՌԴ-ին ադրբեջանա- թուրքական տանդեմի հետ պատերազմի մեջ ներքաշելն է, դրանով նրա համար երկրորդ ճակատ բացելը:

Հարցազրույցը չի կորցնում իր արժեքը, եթե նույնիսկ պարոն Ռարի արտահայտած ոչ բոլոր կարծիքներին համաձայն լինենք, օրինակ, նրա, որ ներկայիս շատ վտանգավոր ճգնաժամը, որում գտնվում ենք, գոյաբանական է Արևմուտքի համար, Ռուսաստանի համար և ՈՒկրաինայի համար:

Ո՛չ, Արևմուտքի համար այն գոյաբանական չէ, ՈՒկրաինայի պարտության դեպքում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի, որպես պետություն, կործանման վտանգ չի սպասռնում: ՈՒկրաինայի (Արևմուտքի) պարտության դեպքում այն միգուցե գոյաբանական լինի արևմտյան որոշ պետությունների ղեկավարների համար, օրինակ, ԱՄՆ-ի, որտեղ մահապատիժն արգելված չէ: ՈՒկրաինայի համար այն նույնպես գոյաբանական չէ, կարող է գոյաբանական լինել, եթե Զելենսկին բանը հասցնի նրան, որ ռուսական զորքերը հասնեն Կիև և Լվով և վերջակետ դնեն ուկրաինական պետականությանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա պարագայում, եթե ՆԱՏՕ-ն կամ նրա անդամ պետություններն իրենց զորքերը լայնամասշտաբ կերպով մտցնեն ՈՒկրաինա և կռվեն ռուսական բանակի դեմ, այդ կամ մեկ այլ պատճառով Ռուսաստանը հարկադրված լինի կիրառել իր միջուկային սպառազինությունը, ապա ներկայիս շատ վտանգավոր ճգնաժամը, իրոք, կարող է լինել գոյաբանական, բայց այդ դեպքում այն գոյաբանական կլինի նաև ողջ աշխարհի համար:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Ալեքսանդր Ռարի հետ լրագրող Վլադիմիր Կարասևի հարցազրույցը, որը, կարծում ենք, կհետաքրքրի նաև հայ ընթերցողներին:

ԼՐԱԳՐՈՂ- Ալեքսանդր Գլեբովիչ, Բրատիսլավայում տեղի է ունեցել «Միացյալ Թագավորություն-ԵՄ-Ռուսաստան-Մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ» մասշտաբային միջազգային խորհրդաժողովը: Դուք դրա մասնակիցն էիք, հանդես եք եկել զեկույցով։ Պատմեք այս խորհրդաժողովի մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք: Արդյոք նրանք արդարացա՞ն։

ՌԱՐ- Գիտաժողովը կազմակերպել էր Քաղաքական- տնտեսական վերլուծության և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (ՊԱՆԱՊ) նախագահ, եվրոպական հայտնի հասարակական գործիչ Աշոտ Գրիգորյանը և շատուշատ հաջող անցավ: Նախ, մեզ մոտ հանգամանալից զրույց ստացվեց մի թեմայի շուրջ, որը հուզում է շատ եվրոպացիների. իսկ ու՞ր է գնում Եվրոպան։

Չէ՞ որ Եվրոպայում հիմա ցնցումներ են տեղի ունենում ոչ միայն ուկրաինական ճգնաժամի հետ կապված։

Ինձ համար շատ հետաքրքիր էր լսել աշխարհի ամենատարբեր երկրների հարգված և հեղինակավոր փորձագետների կարծիքները։

Երկրորդ. կարևոր էր Եվրամիության երկրների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանգամանալից երկխոսությունը։ Խորհրդաժողովի մասնակիցներն ուշադիր և հարգանքով լսում էին գործընկերների կարծիքը, նույնիսկ եթե այդ կարծիքը միշտ չէ, որ համընկնում էր իրենց սեփական կարծիքի հետ:

Երրորդ. կարևոր էր լսել միջոցառմանը մասնակցող Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչների ելույթները:

Ինչպես հայտնի է, Բրատիսլավայում ներկայիս ճգնաժամերի վերաբերյալ այլ տեսլական կա, քան, օրինակ, Վարշավայում կամ Պրահայում։

Ես շատ գոհ եմ անցկացված միջոցառման մակարդակից և նրա արդյունքներից։

ԼՐԱԳՐՈՂ- Գիտաժողովի երկրորդ մասը նվիրված էր Կովկասում տիրող իրավիճակին։ Կարելի՞ է խոսել այն մասին, որ կան հայ-ադրբեջանական հակամարտության ծավալմամբ շահագրգռված ուժեր՝ հաշվի առնելով Ռուսաստանին մոտ լինելը։

ՌԱՐ- Թույլ տվեք ասել, որ Բրատիսլավայի խորհրդաժողովում հիմնականում գիտնականներ էին հավաքվել, բայց կային և քաղաքական գործիչներ: Քննարկումը ստացվեց, ըստ էության, շատ օբյեկտիվ։ Ափսոսանք է հայտնվել, որ Հայաստանն իր ներկայիս ղեկավարության օրոք դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանի հետ ռազմական միության ներսում։ Մտահոգություններ են հնչել, որ արտաքին ուժերը Հայաստանը կարող են օգտագործել միայն որպես պլացդարմ Իրանի դեմ պայքարում և Ռուսաստանի ու Չինաստանի դեմ զսպման քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ, ելույթ ունեցողներից ոչ մեկը հարցականի տակ չէր դնում Հայաստանի համար Եվրամիության հետ տնտեսական մերձեցման որոշ օգուտներ։ Ընդհանրապես, Եվրոպայում փորձագիտական հանրության մեջ Կովկասի աշխարհաքաղաքական դիրքի վերաբերյալ, ցավոք, շատ քիչ է խոսվում։ Իհարկե, զերծ չմանալով առանց տարածաշրջանում մարդու իրավունքների խնդրի քննարկման։ Շատ կուզենայի, որ այս հակամարտությունում ավելի քիչ ուշադրություն դարձվեր աշխարհաքաղաքական շահերին, որքան բնակչության իրավունքների պահպանմանը, որոնք բնակվում են այնտեղ:

ԼՐԱԳՐՈՂ- Ինչու՞մ եք տեսնում Բրատիսլավայի խորհրդաժողովի գլխավոր արդյունքը:

ՌԱՐ- Այն, որ այն տեղի ունեցավ: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նմանաբնույթ խորհրդաժողովներ հիմա շատ դժվար է լինում անցկացնել, քաղաքական իրավիճակը դյուրին չէ, Եվրամիությունում շատերի մոտ կարծիք է ձևավորվում, որ ավելի լավ է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ընդհանրապես չխոսել։

Մենք դա բացարձակապես սխալ ենք համարում։ Մենք չենք ուզում, և մենք վախենում ենք նոր երկաթե վարագույրից Եվրոպայում: Արևմուտքում խիստ քննադատության են ենթարկվում նրանք, ովքեր խոսում են ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ որոշակի ըմբռնման մասին։ Ընդունված է նրանց լռեցնել, մեկուսացնել, քանի որ ռուսական տեսակետը հայտարարված է կատաղի քարոզչություն կամ պարզապես սուտ։ Բայց, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ Սլովակիայում, Բրատիսլավայում հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը, կարող է նույնիսկ կառուցվել մշտական հարթակ՝ խաղաղություն փնտրելու և ուկրաինական ճգնաժամի համար դիվանագիտական լուծումներ գտնելու համար։

ԼՐԱԳՐՈՂ- Ձեր կարծիքով, այս երկխոսությունն իմաստ ունի՞:

ՌԱՐ- Այո, ես երկու ձեռքով կողմ եմ երկխոսությանը: Պետք է հասկանալ, որ մենք գտնվում ենք շատ վտանգավոր ճգնաժամի մեջ։ Այն գոյաբանական է Արևմուտքի համար, Ռուսաստանի համար և ՈՒկրաինայի համար։ Խստագույն կերպով խախտվել է եվրոպական անվտանգության ողջ համակարգը, որը կառուցվել էր սառը պատերազմի ավարտից հետո։ Արևմուտքը Ռուսաստանը դիտարկում է որպես ՈՒկրաինայի վրա հարձակված Երկիր։ Ռուսաստանն Արևմուտքին դիտարկում է որպես հակառակորդ, որը ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով սպառնում Է Ռուսաստանի անվտանգությանը։ Եվրամիությունը կարծում է, որ ՈՒկրաինան պետք է դառնա Արևմուտքի մի մասը։ Ռուսաստանում Արևելյան ՈՒկրաինան համարում են Մեծ Ռուսաստանի պատմական տարածք։

Մեզ երկխոսություն է պետք։

Լրագրող- Շնորհակալություն, Ալեքսանդր Գլեբովիչ, մեր հրատարակությանը հարցազրույցի համար:

Առաջաբանը և թարգմանությունը՝

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 14007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ