Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Բարդ իրավիճակ, ծանր հետևանքներ, ճակատագրական որոշումներ. Դավիթ Կարապետյան

Բարդ իրավիճակ, ծանր հետևանքներ, ճակատագրական որոշումներ. Դավիթ Կարապետյան
23.08.2022 | 07:22

Ադրբեջանն ավարտել է Բերձոր քաղաքը շրջանցող 32 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհի շինարարությունը:
Թե ինչու՞ է ուղիղ համեմատական և թե ինչու՞ է ճանապարհի շահագործման հանձնումը պայմանավորեցված Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի հանձնման հետ՝ մնում է «չբացահայտված»:


Մանավանդ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, պարզ և հստակ, սևը սպիտակի վրա նշվում է ալտերնատիվ երթուղու մասին, բայց խոսք չկա վերոնշյալ քաղաքի և գյուղերի հանձման վերաբերյալ:
Եթե փորձենք այս ամենը վերլուծել թշնամու տրամաբանությամբ, ապա կարծում եմ, նրանց հիմնական պատճառաբանությունն ու հիմնավորումը կլինի հետևյալը.
Բերձորն ու հարակից շրջանի գյուղերը գտնվում են «Լաչինի» շրջանում:
Ու քանի որ այդ շրջանը, համաձայն նոյեմբերի 9-ի պայմանագրի, Քարվաճառի շրջանի հետ միասին առանց կրակոցի հանձնվել է Ադրբեջանին, ապա տրամաբանական է, որ քաղաքն ու գյուղերն աշխարհագրորեն գտնվելով այդ շրջանի մեջ, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հետևաբար, նրանք ունեն այդ շրջանի հետ կապված ցանկացած որոշում կայացնելու լեգիտիմ իրավունք:
Այդ համատեքստում էլ, Ադրբեջանն իր սեփական բյուջեից հատկացրել է գումար, շինել բարձրակարգ ճանապարհ, որն էլ այսուհետ հանդիսանալով ալտերնատիվ ճանապարհ՝ ապահովելու է Գորիս-Ստեփանակերտ երթևեկը:


Ու սա այն պարագայում, որ ալտերնատիվ ճանապարհի պլան չի ներկայացվել, առավել ևս՝ եռակողմ չի հաստատվել:
Սակայն սրա բացատրությունն ու հիմնավորումն էլ կա.
Ադրբեջանը կարող է ասել՝ մենք մեր սուվերեն տարածքում ենք, և մեր որոշելիքն է, թե որտեղի՞ց է անցնելու նոր երթուղին:
Ավելին՝ բավարարվեք ու գոհ եղեք, որ ձեզ ճանապարհ ենք տալիս:
Իսկ թե ՀՀ ու ԱՀ իշխանություններն անհեթեթություն այն կհամարեն, կընդդիմանան, կպայքարեն նման դառը ու ճակատագրական սցենարն իր հետևանքներով բացառելու, դեմն առնելու համար՝ տեսնում ենք բոլորս....
Համենայն դեպս, անարձագանք վիճակից, տեղի բնակիչներին տարհանմանը համոզելու իշխանությունների վարքագծից, տները չայրելու հորդորներից, հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ թե՛ ՀՀ, և թե՛ ԱՀ իշխանությունները համակերպվել են ադրբեջանական պահանջների ու ապագա կորուստների հետ, լավագույն դեպքում մտահոգված են և որ իրենցից կախվածն արել են, իսկ ավելին անել՝ անհնար է...
«Տվողին է Աստված տալիս» ՀՀ և ԱՀ իշխանությունների քաղաքական ուղեգիծը վաղուց է շատերիս հայտնի:


Բայց որ այսպես շարունակվի, էլ ի՞նչն են կառավարելու, էլ ու՞մ են ղեկավարելու, այ դա հարց է...
Վաղուց ենք հասկացել, որ իրարից ձեռք եք քաշել, թողել՝ բախտի, Աստծո ու Ալիևի քմահաճույքներին:
Վաղն էլ ասելու եք՝ Սևանը դժբախտ, դժգույն լիճ է, կանաչում է, մեջը ո՛չ իշխան կա, ո՛չ խեցգետին, կոյուղաջրերն էլ լցվում են գետը, բա մեզ պե՞տք է...
Այնպես, ինչպես ոմն մեկն էր ասում, թե բարձրադիր լեռնային հատվածները մեզ պետք չեն...
Հիմա էլ Ալիևի քմահաճույքի, ռուսների «կամակորության» ու ձեր ապիկարության արդյունքում որոշվել է, որ ամսի 25-ին Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ադրբեջանը որպես անփոխարինելի պայման չի առաջ քաշել այս բնակավայրերից հայերի տարհանումը։


Իսկ 7 ընտանիք համաձայնել է մնալ այնտեղ:
Ավելին՝ Բաքուն համաձայն է, որ այս տարածքում բնակվող շուրջ 350 հայ, և ոչ միայն նրանք, նաև ողջ արցախահայությունը շարունակեն ապրել այնտեղ՝ պայմանով, որ վերջիններս դառնան Ադրբեջանի քաղաքացիներ և ապրեն Ադրբեջանի օրենքներով։
Այնպես, ինչպես, օրինակ, հայերն ապրում են Թուրքիայում՝ ենթարկվելով այդ պետության իշխանություններին և օրենքներին։
Սակայն միաժամանակ հստակ նշում է, որ
«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։
Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։
Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները»։
Ի՞նչ մշակութային ինքնավարություն, ի՞նչ մունիցիպալ ինքնիշխանություն ու ավտոնոմիա...
Այսինքն՝ արցախահայը, ով ուզում է մնալ իր հայրենիքում, մնալու է Ալիևի ողորմածությանն ու գթությանը...


Այսպիսով՝ հավանակա՞ն է, որ մոտակա օրերին նախադեպ ունենանք, երբ հայ բնակչություն մնա ու ապրի Ադրբեջանի հսկողության տակ անցնող տարածքում։
Սա եթե դեռևս կասկածելի է ու քիչ հավանական, ապա Արցախի Պաշտպանության բանակը վերացնելու պարագայում Արցախի հայաթափումը միանշանակ է:
Այո՛, այո՛, Արցախի հայապահպանումը ուղիղ համեմատական է Արցախի պաշտպանության բանակի լինել-չլինելու հետ:


Եթե ՊԲ-ն ցրվի, ապա Արցախի բնակչությունը դուրս կգա Արցախից:
Իսկ Բաքուն ինտենսիվ ռազմականացնում է Արցախի օկուպացրած տարածքը՝ պատրաստվելով ՀՀ-ի դեմ հաջորդ ռազմական գործողությանը:
«Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցրել:
Կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած օպերացիա իրականացնել»՝ հերթական ոգեշունչ ռազմական սպառնալիքով հանդես կգա Ալիևը:
Նրա հոգեբանությունը, լոգիկան և քայլերի հերթականությունը, ըստ իս, հետևյալն է.
30 տարի շարունակ դուք՝ հայերդ եք «օկուպացված» պահել իմ երկրի սուվերեն տարածքի 20-30 տոկոսը:


Հիմա ես, վերականգնելով իմ տարածքային ամբողջականությունը, որպես հաջորդ քայլ մի 30 տարով կօկուպացնեմ ՀՀ տարածքի զգալի մասը, որ դուք հասկանաք ու զգաք, թե դա ինչ բան է...
Եվ եթե կարող եք ու պատրաստ եք պատերազմել մեզ հետ, փորձեք հաղթել մեզ ու այդկերպ պահել, կամ կորստի դեպքում վերականգնել ձեր տարածքային ամբողջականությունը:
Ի դեպ, Ալիևը, որպես անկեղծ թշնամի, իր ծրագրերն անկեղծ ասում է ու հենց սրան էլ գնում է...
Ավելին, նա իրոք հավատում է, նրան քարտեզ են ցույց տվել, որ իրենք հազարամյա բնիկներ են, Հայաստանն էլ իր ողջ տարածքով՝ Ադրբեջան է...
Ու նա ոգևորված փորձում է իրականացնել իր ապուպապերի դարավոր երազանքը՝ «Մեծ ադրբեջանի վերածնունդը»...
Այդ քարտեզով Ադրբեջան է մինչև Դերբենտը ու Իրանի կեսը...
Ինչևէ...
Ալիևը կհայտարարի նաև այն, որ «Հայաստանը տվել է համաձայնությունը Զանգեզուրի միջանցքին, և առաջիկա շաբաթներին Բաքուն Երևանից կստանա նախագիծը»։
Ավելի վաղ թուրքական իշխանական մամուլը տեղեկացրել էր, որ «միջանցքը» գործելու է առանց սահմանափակումների, այսինքն՝ Հայաստանի հարկային և մաքսային հսկողություններ չեն լինելու ճանապարհի վրա։


Քանի որ մենք ունենք դառը փորձ, ամեն ինչ իմանալ վերջում կամ թշնամուց, այնպես, ինչպես մինչ պատերազմի վերջին օրը գիտեինք, թե հաղթում ենք, ապա «նորմալ է», որ չենք էլ կարող իշխանություններից ակնկալել այս ամենի բացատրություն կամ պաշտոնական հերքում:
Մնում է փաստել, որ իրադարձությունների շղթան բերում է մի համոզման, որ պատմությունն ունի կրկնվելու հակում:
Ո՞վ կմտածեր, որ 100 տարի անց, նորից Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի նախադեպ ենք ունենալու, որ հայրենիքս նորից առևտրի առարկա են սարքելու, որ կրկին հայրենիքիցս մաս են նվիրատվելու՝ թե՛ մեր թույլտվության ու ապիկարության և թե՛ մեզ արհամարման, առոչինչ համարման արդյունքում...


Ու ակամա հիշում եմ Դուբայի հիմնադիր Շեյխ Ռաշիդի՝ իր երկրի ապագայի մասին հետևալ խոսքերը.
«Դժվար ժամանակներն ուժեղ մարդկանց է ծնում: Ուժեղ մարդիկ լավ ժամանակներ են ստեղծում: Լավ ժամանակները թույլ մարդկանց են ծնում: Թույլ մարդիկ դժվար ժամանակներ են ստեղծում»:
Այս շրջադարձն ու ցիկլը գուցե բնական է, բայց հիմա թույլ ու տկարների ժամանակը չէ...
Հիմա, ավելի քան երբեք, ուժեղ ու պայքարող հայի տեսակի ժամանակն է:
Մետր-մետր հարենիք ենք կորցնում:
Դեմն առնել է պետք:

Դիտվել է՝ 7853

Մեկնաբանություններ