Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

MADE IN TURKEY (մաս 3-րդ)

MADE IN TURKEY (մաս 3-րդ)
29.05.2022 | 11:07

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ


(կամ՝ դիվային ծրագիր, որն իրականացնելու է «բրենդային» դավաճանը)
ՔՊ-ականները, ապօրինածին գոյի բնույթին հարազատ (անշուշտ հիշում եք` ումից էին թռցրել իրենց կուսակցության անվանումը), անտեսելով «հեղինակային իրավունք» ասվածը, հիմա էլ յուրացրին թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուի հիմնադրած «Իմ քայլը» շարժման անունը, գործելու մեխանիզմները և բարձրագոչ հայտարարություններով անցան իրենց վստահված «ներկայացման» երկրորդ արարին:
2018 թ․ մարտի 31-ին, ժամը ուղիղ 12-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում միացան թափառական Չալոյին ու, Քեմալ բեյի լեզվով ասած՝ hade Երևան:
Լրագրողները հաշվում էին կատարվելիք քայլերի թիվը և ավետում (դեռ չգիտեին, որ իրականում գուժում են), թե ուսապարկ «հագած», ազգի «ապագա պատուհասն» ինչ ու ինչպես է անում:


«Ինչ»-ն ու «ինչպես»-ն ումո՞վ է անում հարցի պատասխանը մեծ լռությունն էր:
Ճակատագրի հեգնանք. 451 թվին պարտադրվող կրոնափոխության և ուծացման դեմ մարտնչող Վարդանանք կպատկերացնեի՞ն, որ ավելի քան 1,5 հազարամյակ անց` 2018-ի մարտին, «Վարդանանց» անունը կրող հրապարակում է հյուսվելու իրենց հայրենիքի հերթական ողբերգական շղթայի առաջին օղակը:
ԱԱԾ, ԱԱԽ, Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն, Պաշտպանության նախարարություն ասվածները լեթարգիական քնի մեջ վերածվել էին «անկենդան մարմնի». բացարձակ «անշարժ» էին, անարձագանք արտաքին գրգռիչների նկատմամբ:
Նրանցից և ո՛չ մեկին չէր հուզում (իսկ գուցե հրահանգվա՞ծ էր «չհուզվել») պատուհասի յուրաքանչյուր «քայլին» համընթաց միս ու արյուն առնող, ուրվագծվող արհավիրքը, որ սպառնալու էր Արցախի, նաև Հայաստանի լինելությանը:
Նրանցից ոչ մեկին չէր հուզում և այն, որ ապագա կապիտուլյանտն ուսապարկում «թավշյա հեղափոխության նախապես շարադրված ծրագրի»` «Երկրի հակառակ կողմը» հայհոյախառն խզբզոցի հետ քարշ է տալիս նաև Արցախը:


Իսկ որ նրա «վեպը» ծրագիր էր, արձանագրում է հենց ինքը:
Ողբերգությունից տասը տարի անց վերընթերցելով իր շարադրանքը «թավիշի» ապագա հայրը զգում է, որ իր ներսում «իսկական փոթորիկ է, «իսկական հեղափոխություն»։
«Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է»։
«Ես հասկացա»… թարգմանաբար նշանակում է` համապատասխան կենտրոնից տրվել էր հրահանգը` առա՜ջ, դեպի Գյումրի, առա՜ջ դեպի «իսկական հեղափոխություն»:
Իսկ ովքե՞ր են անում «իսկական հեղափոխությունը»: Իհարկե «իսկական հեղափոխականները»:


«Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում… Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին, և իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին… Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը… իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ»:
Մեջբերված հատվածը, ըստ էության, «Իսկական հեղափոխականի», այն է` ապագա «Führer»-իկի քայլերը, նաև ակնկալիքները, սահմանների մեջ դնող, «ախորժակը» սանձահարող, տեղը տեղին մշակված «իսկական» քաղաքական ծրագրային դրույթ է, որը տվյալ գործառույթը` «իսկական հեղափոխությունը», իրականացնողին վստահված դերից այն կողմ որևէ այլ խոստում չի տալիս:


Հեղափոխության «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ «մանիֆեստից» մեջբերված տողերի ենթատեքստը.
1. սա 2008-ին կազմված նախնական ծրագիրն էր, որն ամեն գնով, թեկուզ և զոհերի, պետք էր կյանքի կոչել:
Չհաջողվեց:
Երկրի դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը խառնեց այդ «ճանապարհային քարտեզի» իրական ճարտարապետների խաղաքարտերը:
2. Մարտիմեկյան բարիկադները սարսափահար լքած խառնակչին նախնական պլանով վստահված էր հեղափոխություն անողի դերը միայն:
Սակայն Հայաստանը քանդելու նպատակով մշակված այս «Barbarossa» պլանի տապալմանը հաջորդած տասնամյա զարգացումներն ի ցույց դրեցին մանիֆեստի «հակառակ կողմը»:
Հետևաբար,
3. փոխվեցին և աշխարհը կազինոյի վերածած գլոբալիստական ուժերի պլանները:
Ինչու՞:
Տասը տարի տևած փնտրտուքներն ու ժամանակը «գունավոր հեղափոխությունների» իրական հայրերին ապացուցեցին` բիբլիական այդ երկրում ավելի բրենդային դավաճան, հլու կամակատար, ավարտված ոչնչություն հնարավոր չէ գտնել:
Եզրահանգում`«իսկական հեղափոխական» չէր «իսկականը» տարփողող տողերի հեղինակը:
Արածն էլ ոչ թե «իսկական հեղափոխություն» էր, այլ «իսկական հեղաԽեղություն»:
Բայց այդ ամենը կպարզվի հետո: Առայժմ 2018-ի ապրիլն է ու նա քայլում է, ուտում-խմում է, տեսախցիկներ փակում, որոշ մեքենաների հետևից վայրահաչում և ոչ մի վայրկյան չի բաժանվում իր ուսապարկից:


ՈՒսապարկի պարունակությունը հետաքրքրում է բոլորին: Եզրակացությունները տարբեր են:
Հեռատեսներն իրազեկում են` ուսապարկում Արցախն է:
Ինչպես արձանագրված է «Մանիֆեստում», «հանուն խաղաղության», նա պատրաստ է հանձնել Արցախը:
Մասսայական փսիխոզի մեջ, սակայն, խլանում են SOS հնչեցնողների ձայները:
Իսկ պատուհասը չի՛ էլ թաքցնում իր անելիքը:


«Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է.
- Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին․․․
Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն:
Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»:
Մեջբերումը վեպ կոչվող համաշխարհային հայհոյանքների «Երկրի հակառակ կողմը» ժողովածուից է:
Ասված է հստակ` «հանուն խաղաղության» հանձնել Արցախը:
Սա դիվային ծրագիր է, որը «բրենդային» դավաճանը «դատապարտված» է իրականացնելու` կամավոր սկզբունքով:
Դեռ ոչ ոք չգիտի, որ պատուհասը «հանուն խաղաղության» նաև ոտնձգություն է անելու Հայաստանի տարածքների նկատմամբ:
Այս ամենը, սակայն, հետո:
Առայժմ նա քայլում է:


Անտեսելով ամեն քայլի ծառացող վտանգներով լի հարցերը, չմտածելով դրանց պատասխանների մասին ԶԼՄ-ները փաստում են, թե նշված ժամին, նշված տեղում ՔՊ-ն կատարեց առաջին քայլը, ինչով և ազդարարեց Գյումրիից Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը:
Տեղեկացնում են նաև, որ այդ ընթացքում ապագա երկրաքանդները ոտքով անցնելու են շուրջ 200 կմ ճանապարհ, կատարելու են 300 հազար քայլ:
Ո՞վ էր այդ հաշվարկի հեղինակը, բոլորի, այդ թվում և Չալոյի, արած քայլերի հանրագումա՞րն էր կազմելու 300 հազար, թե՞ միայն ուսապարկը կրողի:
Հեղափոխական գաղտնիք էր:
Չէր հստակեցվում նաև` վկայակոչված բավականին ազդեցիկ թվի մեջ մտնելու՞ էին.
ա) կատարված «левый» քայլերը,
բ) Չալոյի քայլերից եկու թաթերով արածնե՞րն էին հաշվելու, թե՞ չորսը միասին:
Ընդամենը լուսաբանվում էր, որ մահաբեր թափորն անցնելու է Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով, ապրիլի 13-ին մտնելու է Ազատության հրապարակ, որտեղ և, ժամը 18:30-ին, մեկնարկելու է հանրահավաքը:
Սերժ Սարգսյանի շրջապատն անհանգստացած է, զգուշացնում է` անհապաղ պետք է հակաքայլեր ձեռնարկել:


2008-ին մարտի մեկ հրահրած, 10 զոհ թողած ու միայն իրեն հայտնի զարտուղի արահետներով ծլկած խառնակչին հավաքագրել են ուժային համապատասխան գաղտնի կենտրոնները: Սա «քայլում» է տերերի ցուցումով և Երևան հասնելուց հետո սպառնալիք է դառնալու ո՛չ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:
Սերժ Սարգսյանի պատասխանն անփոփոխ էր.
- Թող քայլեն, ամեն ինչ վերահսկվում է: Կմաշվեն, կվերջանան մինչև հասնեն Երևան:
Քայլող պատուհասն էլ միալար կրկնում էր` գնալու է մինչև վերջ: Նաև «մարգարեանում» էր` կհասնեն մայրաքաղաք և «ուղիղ տասն օր անց (իմա` ապրիլի 23-ին- Փ.Մ.) Սերժ Սարգսյանը հրաժարական կտա»: Իրենք վերցնելու են իշխանությունը:
«Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:- Կատարվածից երեք տարի անց կպատմի Սերժ Սարգսյանը:- Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու՝ իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Եվ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզվեցի, որ, այո, նա ճիշտ է` նա պատրաստ է գնալ մինչև վերջ: Իսկ այդ վերջն ինձ շա՜տ վատ էր թվում, դիվային էր վերջը»:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՉՈՐՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ի՞նչ կար ապագա կապիտուլյանտի ուսապարկում:
2. Իսկական հեղափոխակա՞ն էր արդյոք երկրաքանդ պատուհասը:
3. Տասը տարի տևած փնտրտուքներն ու ժամանակը «գունավոր հեղափոխությունների» իրական հայրերին ի՞նչ ապացուցեցին:
4. Բրենդային դավաճանը հանուն ինչի՞ էր պատրաստ հանձնելու հայրենիքը:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 30389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ