ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրեն Ղարաբաղում

ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրեն Ղարաբաղում
03.02.2021 | 14:03

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսմեններ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նամակում, որին միացել են այլ կոնգրեսմեններ եւս, ասված է.

«Հարգելի քարտուղարներ Բլինքեն եւ Օսթին,
Մենք ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, այս նամակով շնորհավորում ենք Ձեզ վերջին հաստատումների կապակցությամբ եւ Ձեզ ենք ներկայացնում երկու կուսակցությունների կողմից առաջ քաշված առաջնահերթությունները, որոնց շուրջ հույս ունենք աշխատել 117-րդ Կոնգրեսի ընթացքում: Կովկասյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասի ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ մարդասիրական ճգնաժամը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղյակ եք, ադրբեջանական եւ թուրքական ուժերը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նախաձեռնել են չհիմնավորված հարձակում՝ հանգեցնելով վեց շաբաթյա ավերիչ պատերազմի, որի արդյունքում զոհվել է 5,000 մարդ, իսկ ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել Ղարաբաղի շրջանը: Ադրբեջանական ուժերը կարողացան արագ առաջխաղացում գրանցել տարածաշրջանում` Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների օգնությամբ, որոնցից շատերը ենթադրաբար կապեր ունեն միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ, Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ, եւ ծանր զինատեսակների օգնությամբ, ներառյալ արգելված կասեթային եւ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ:


Հազարավոր հայ խաղաղ բնակիչների դեմ զանգվածային բռնության վտանգի մեծացման հետեւանքով Հայաստանը համաձայնվեց խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին: Այս համաձայնագիրը դադարեցրեց կատաղի մարտական գործողությունները, սակայն աննշան ազդեցություն ունեցավ COVID-19 համաճարակի ընթացքում հազարավոր տեղահանված ընտանիքների սննդով ապահովելու, ապաստարանների եւ ապահովման հրատապ եւ կարեւոր խնդիրները կարգավորելու համար: Խախտելով հրադադարի ռեժիմը ՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին եւ բերման ենթարկված խաղաղ բնակիչներին, որը ի ցույց է դնում, թե ինչպես է այս համաձայնագիրը ձախողում կառուցվածքային խնդիրների կարգավորումը, որոնք տասնամյակներ ի վեր անորոշությամբ են լցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մի քանի շատ կարեւոր խնդիրներ լուծումներ են պահանջում, եւ շատ կարեւոր հարցերի պետք է տալ պատասխաններ նախքան պարտադիր եւ տեւական խաղաղության կնքումը:


Նախ, ներկայիս զինադադարում դրված պայմանները չեն նպաստում տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության եւ կայունության ապահովմանը: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ բացառապես Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրեն եւ տիրեն իրավիճակին Լեռնային Ղարաբաղում: Չնայած մենք արձանագրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում որոշակի շարժ, սակայն կարծում ենք, որ ավելի շատ պետք է արվի` ինքնորոշման հիմնարար իրավունքի հիման վրա տեւական կարգավորման հասնելու համար:
Մենք բարձր ենք գնահատում այդ կապակցությամբ հաստատման լսումների ժամանակ պետքարտուղար Բլինքենի տված պատասխանը, ուր նա նշել էր, որ «կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի ԼՂ անվտանգությունը եւ կօգնի զերծ մնալ նոր պատերազմի բռնկումից»:


Բանակցություններում մեր դիվանագետները պետք է պնդեն, որ ԱՄՆ աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իր համայնքները եւ վերականգնել իր խաղաղ կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի նշանակալի պարտավորությունները՝ Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն եւ օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ: Միջազգային հանրությունը, ներառյալ ԱՄՆ-ը, նույնպես կարեւոր դեր ունեն՝ ճանաչելով ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ նրա օրինական բանակցային կողմի դերն այս հակամարտության կարգավորման գործում: Այս ճանաչման բացակայության պարագայում, նրանք կշարունակեն բախվել ադրբեջանական եւ թուրքական ուժերի տեղահանման սպառնալիքին ՝ առանց որեւէ պաշտոնական հատուցման տարբերակի: Տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեկ այլ կարեւոր բաղադրիչներից է ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության ենթարկելը: Գոյություն ունեն զգալի թվով ապացույցներ, որ ադրբեջանական եւ թուրքական ուժերը ծրագրել էին սեպտեմբերի 27-ի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը: Այս ապացույցները ներառում են սպառազինության կուտակում, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, որոնք սպանել են բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց հակամարտության ընթացքում, 2020 թ. հուլիսին ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզում իրականացված սադրանքների եւ Հայաստանի սահմանի մոտ լայնածավալ համատեղ զորավարժությունների մի քանի դեպքերի, որոնք կանխորոշեցին ապագա հարձակումները: ԱՄՆ-ը եւ միջազգային մյուս դերակատարները չկարողացան ըմբռնել այս նախազգուշական ազդանշանները եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի կտրուկ եւ անհիմն սրացումը կանխելու համար:


Ադրբեջանական եւ թուրքական ագրեսիան կանխելու համապատասխան գործողությունները պետք է ներառեին այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը եւ օգնության դադարեցումը, ներառյալ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժնի ժամանակավոր կասեցման դադարեցումն ու Գործընկերների կարողության կառուցման ծրագրի 333-րդ ենթաբաժնի միջոցով հետագա ռազմական օգնության տրամադրման ընդհատումը: Մեզ ոգեւորում է պետքարտուղար Բլինքենի պատասխանը նաեւ այս թեմայի վերաբերյալ իր հաստատման ընթացքում:
Այդ նույն ժամանակ, ԱՄՆ-ը պետք է վերանայի մեր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը քաղում է այն խառնաշփոթի պտուղները, որոնք սերմանել է Միջերկրական ծովի արեւելքում, Լիբիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում: Նրա կանխամտածված ապակայունացնող պահվածքը, որը ներառում է ռուսական արտադրության հակաօդային հրթիռների տեղակայում անկախ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի, պահանջում է արագ եւ վճռական փոփոխություն:


Մենք պետք է դասեր քաղենք Թուրքիայի նկատմամբ անցյալ վարչակազմերի կողմից կիրառվող խաղաղեցման քաղաքականության ձախողումներից եւ օգտագործենք բոլոր դիվանագիտական եւ տնտեսական գործիքները՝ այդ վատ դերակատարներին պատժելու համար` ագրեսիաների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Եթե մենք չգործենք, ապա առկա է վտանգ, որ Էրդողանի ռեժիմը կընդլայնի հակամարտության գոտին:
Վերջապես, ԱՄՆ-ը պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ երիտասարդ ժողովրդավարության, որը ցնցվել է անցյալ տարվա իրադարձությունների եւ դրա արդյունքում ստեղծված անորոշության հետեւանքով: Մենք Ձեզ հորդորում ենք պարզել, թե ինչպես կարող ենք Հայաստանին լրացուցիչ տնտեսական օժանդակություն տրամադրել` նրա ժողովրդավարությանը եւ զարգացմանը աջակցելու համար, ինչպես նաեւ օժանդակելու զգալի թվով տեղահանվածներին, ովքեր հեռացել են Արցախից հակամարտության ժամանակ: Մենք նաեւ խնդրում ենք Ձեր վարչակազմից պարզել այն ուղիները, որոնցով Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային եւ այլ կապերը կարող են բարելավվել ՝ ի օգուտ Հայաստանի եւ ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ մեծ սփյուռքի: Այդ քայլերը պետք է ներառեն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախագահ Բայդենի կողմից ապրիլի 24-ին՝ ի շարունակումն Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նախաձեռնությունների, որոնք երկուսն էլ 116-րդ Կոնգրեսի ընթացքում ընդունեցին Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւեր:


Շնորհակալություն այս կարեւոր հարցերի նկատմամբ ուշադրության համար: Մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որը համահունչ կլինի ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին եւ մեր ժողովրդավարական արժեքներին: Հուսով ենք, որ այս հարցերը հաջորդիվ կքննարկվեն Ձեր եւ Ձեր թիմերի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված է կոնգրեսմենների նամակում:

Դիտվել է՝ 6965

Մեկնաբանություններ