Խոսքը հավասարապես վերաբերում է թե «Լեստերին», թե «Ռեալ Սոսիեդադին»։ Թե ինչը կոնկրետ նկատի ունենք, կներկայացնենք համապատասխան տեղում, իսկ շատ ավելի հզորը, գոնե մեզ՝ հայ տարրիս համար, Հենրիխ Մխիթարյանի արածն էր՝ նրա հաղթական հրավառությունը Ջենովայից, որը գոյամարտի ելած Արցախի ու մասնավորապես Շուշիի հերոսական պաշտպաններին ուղղված ողջույնի համազարկ-հաղթանակի ազդականչ էր։
ԱՆԳԼԻԱ
ՈՒթերորդ տուրը պրեմիեր լիգային նոր առաջատար պարգևեց։ Այդ նորը սեփական հարկի տակ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ հաղթանակ տարած «Լեստերն» է։ Թող որ նվազագույն հաշվով է այդ հաղթանակը (միջին հաշվով «աղվեսները» մեկ խաղում երկուսից ավելի գնդակ են խփում, այնպես որ նրանց արդյունավետության համար պետք չէ անհանգստանալ), շատ ավելի կարևորը ձեռք բերած երեք միավորն է։
Բնականաբար հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եղավ պրեմիեր լիգայի նախկին առաջատարի հետ։ Անհանգստանալու համար առանձնակի հոգեցունց բան չի եղել։ «Լիվերպուլն» ունեցել է արտագնա հանդիպում, մրցակիցն էլ «Մանչեստր Սիթին» է եղել, որի հզորության մասին եկեք չխոսենք, քանի որ հանուրին հայտնի ճշմարտություն է։ Այնպես որ փոխչեմպիոնից միավոր վաստակած հեռանալը չեմպիոնի համար վատ արդյունք չէ։ Կողմերը բավարարվել են մեկական գոլ փոխանակելով։
«Լիվերպուլի» այս ոչ-ոքիից առավել հատույցով օգտվածներից մեկն էլ «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա հանդիպում ունեցած ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Տոտենհեմն» է, որը միավորներով՝ 17, հավասարվեց Յուրգեն Կլոպի սաների համույթին՝ լրացուցիչ գործակիցների հաշվարկով վերջինիս մղելով երրորդ հորիզոնական։
16 միավորով չորրորդ հորիզոնականում է «Սաուտհեմպտոնը», որը հյուրընկալելիս առավելության է հասել «Նյուքասլի» նկատմամբ՝ 2։0, իրենից հետ թողել 15-ական միավոր վաստակած «Չելսիին» ու «Աստոն Վիլային»։ «Ազնվականները» տնային խաղում վստահ հաղթանակ են տոնել «Շեֆիլդի» նկատմամբ՝ 4։1, «Արսենալին», նրա իսկ դաշտում, պարտության է մատնել նախավերջին երկու խաղերը ձախողած «Աստոն Վիլան»՝ 3։0։
Երրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Էվերտոնը» ու երբեմնի առաջին տեղից արդեն այնքան է հեռու, որ, թվում է, նման բան չի էլ եղել։ Այս անգամ նրան ծնկի բերողը «Մանչեստր Յունայթեդն» էր։ Մանչեստրցիները դա արել են հյուրընկալվելիս՝ 3։1։
ՖՐԱՆՍԻԱ
Արտագնայի միայն առաջին խաղակեսում երեք գոլ բաց թողնելն ու դրանց ընդամենը մեկով պատասխանելը վերջնահաշվում անհաղթահարելի խնդրի վերածվեց առաջնությունում մինչ այդ երկրորդ տեղում ընթացող «Լիլի» համար, որն օրեր առաջ Եվրոպայի լիգայում 3։0 հաշվով փայլուն հաղթանակ էր տոնել «Միլանի» նկատմամբ։ Հիմա «Բրեստից» կրած այս պարտությունը հոգնածությա՞ն, թե՞ էյֆորիայի արդյունք էր, կիմանան միայն իրենք՝ «Լիլի» տղաները։ Միայն հավելենք, որ այն արդեն էականորեն է իրենից առաջ թողել երկրի գործող չեմպիոնին։ Այո, կրկին անվրեպ գործեց «Պարի Սեն Ժերմենը»՝ սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով երրորդ հորիզոնականում գտնվող «Ռենին» ու 24 միավորով շարունակելով միանձնյա առաջատարությունը։
Արտագնայում «Ստրասբուրգին» նվազագույն հաշվով հաղթած «Մարսելը» 18 միավորով չորրորդ հորիզոնականում է։ Նույնքան միավոր ունի և «Ռենը», սակայն մարսելցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Այնպես որ, նրանք պոտենցիալով երկրորդն են։
«Սենտ Էտիենի» հետ տնային խաղում «Լիոնի» հաղթական մրցելույթը հարավցիներին առաջին հնգյակը եզրափակելու հնարավորություն տվեց։ Այն ունի 17 միավոր, թեպետ այդքան ունի ևս երեք թիմ, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվին են ավելի ստորին սանդղակներում։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի թիվ մեկ դիմակայությունը Դորտմունդում էր, տեղի «Բորուսիայի» ու Մյունխենի «Բավարիայի» միջև։ Որ մեկն էլ հաղթեր, ստանձնում էր միանձնյա առաջատարությունը, ինչը բնականաբար հանդիպմանը լրացուցիչ հետաքրքրություն էր հաղորդել։
Ընդհանրապես պիտի նկատել, որ գրեթե տուր չկա, որտեղ VAR համակարգը մյունխենցիներից գոնե դարպասի մեկ գրավում չեղյալ չճանաչի։ Սա բավարացիներին արդեն վարժեցրել է այդ ամենը նորմալ զարգացումների շրջանակում դիտելուն, թեպետ ոչ մեկին էլ հաճելի չէ գոլ խփելն ու այնուհետ սպասելը, թե դրա ճակատագիրն ինչ լուծում պիտի ստանա։ Ինչևէ։ «Բավարիան» այս անգամ էլ անմասն չմնաց այդ յուրօրինակ «նվերից», իսկ ահա դորտմունդցիների կողմից դարպասի գրավումը ֆիքսվեց ոսկերչական ճշգրտությամբ։
Տանտերերի այս ակտիվությանը հաջորդեց հյուրերի երեքանգամյա «հրավառությունը», ինչին դորտմունդցիները պատասխանեցին ընդամենը մեկով։ Խաղավարտին մոտ բավարացիները լուսատախտակի վրա երեք թիվը փոխարինեցին չորսով, սակայն VAR համակարգը նորից արեց իր անելիքը։ 3։2 հաշվով հաղթանակ արտագնայում ու «Բավարիան» 18 միավորով աղյուսակի գլխամասում է։ Միանձնյա։
Երեք միավոր է վաստակել նաև «Լայպցիգը»՝ դա անելով «Ֆրայբուրգի» հետ ունեցած տնային մրցակցությունում՝ 3։0։ Սա նրա միավորների թիվը հասցրեց 16-ի։
Բացառիկ գոլառատ է ստացվել «Բայեր»-Մենխենգլադբախի «Բորուսիա» դիմակայությունը, որտեղ ընդհանուր թվով գրանցվել է դարպասի յոթ գրավում։ Նախաձեռնողը եղել են հյուրերը, սակայն հաղթանակը տոնել են տանտերերը՝ 4։3։ «Բայերը» միավորներով՝ 15, հավասարվեց դորտմունդցիներին, նրա հետ կիսում է երրորդ-չորրորդ հորիզոնականները։ 12 և 11 միավորով հինգերորդ-վեցերորդ տեղերում են «ՈՒնիոն Բեռլինն» ու «Վոլֆսբուրգը»։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի նախավերջին հորիզոնականում գտնվող «ՈՒդինեզեն» արտագնայում հավասար, հավասարից էլ մի բան ավելի դիմադրություն ցույց տվեց փայլուն մեկնարկած «Սասուոլոյին» ու վարձատրվեց միավոր վաստակելով՝ 0։0։ Երկրորդ հորիզոնականում գտնվող «Սասուոլոյի» ճակատագիրը կրկնեց նաև առաջնության միանձնյա առաջատար «Միլանը»՝ սեփական հարկի տակ անկարող լինելով կոտրելու «Վերոնայի» դիմադրությունը։ Ավելին, այս խաղում միլանցիները փրկվել են պարտությունից՝ հավելյալ ժամանակում միայն կարողանալով վերականգնել հաշվի հավասարությունը՝ 2։2։ Գոլը խփել է Զլատան Իբրահիմովիչը՝ քավելով 11-մետրանոցը անվրեպ չիրացնելու մեղավորությունը։ Ի դեպ, այս խաղում երկու ինքնագոլ է գրանցվել։
14-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Նապոլին» ու «Ռոման»։ Նեապոլցիները հաղթական հանդիպում են ունեցել Բոլոնիայում, տեղի համանուն թիմի հետ՝ 1։0, իսկ ահա «Ռոմայի» հանդիպման մասին թերևս մի փոքր հանգամանալից խոսենք։ Հաղթանակն այդ եղել է արտագնայում, «Ջենովայի» նկատմամբ, 3։1 հաշվով։ Հաշվի առնելով այն, որ «Ռոմայի» երեք գոլն էլ խփել է մեր Հենրիխ Մխիթարյանը, դիմակայությունը հանգիստ կարելի էր դիտարկել որպես «Ջենովա»-Հենրիխ Մխիթարյան դիմակայություն, եթե չլիներ ընդգծելու մի շատ ավելի էական հանգամանք. մեր հրաշալի մարզիկն Իտալիայից իր ֆուտբոլային հզոր զարկն է միացրել հերոսական Շուշիի պաշտպանների նույնքան հուժկու զարկին։
Հյուրընկալելիս «Լացիոն» բառացիորեն վերջին ակնթարթին է կարողացել խփել պատասխան գոլը «Յուվենտուսի» դարպասը՝ 1։1։ Վերջին հինգ խաղում սա թուրինցիների երրորդ ոչ-ոքին է, ինչը նշանակում է, որ թիմը դեռևս չի կարողանում գտնել, վերականգնել նախորդ տարիների թափը, ինչի հաշվին վերջին ութ տարում անընդմեջ հռչակվել է երկրի չեմպիոն։
Այս նույն 1։1 հաշիվն է արձանագրվել և «Ատալանտա»-«Ինտեր» դիմակայությունում։ Հյուրերը հաղթանակը ձեռքից բաց են թողել խաղավարտին մոտ։ 13-ական միավորով «Յուվենտուսն» ու «Ատալանտան» հինգերորդ-վեցերորդ հորիզոնականներում են։ Նրանցից մեկ միավոր պակաս ունի «Ինտերը»։
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի միանձնյա առաջատար «Ռեալ Սոսիեդադը» տոնել է հերթական հաղթանակը (2։0)՝ միավորների թիվը հասցնելով 20-ի։ Ընդ որում, նկատենք, մրցակիցը բնավ էլ թույլերից չի եղել. «Գրանադան» 14 միավորով հինգերորդ տեղում է։ Աղյուսակում սանսեբաստիանցիներին անմիջապես հաջորդում է հյուրընկալվելիս «Խետաֆեի» նկատմամբ 3։1 հաշվով առավելության հասած «Վիլիառեալը»։
Երրորդ հորիզոնականում Մադրիդի «Աթլետիկոն» է, որը «Կադիսի» հետ մրցակցությունում առանձնակի դաժան է եղել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ մինչ այդ հանդիպումը հավասար՝ 14-ական միավոր ունեին ու առաջին վեցյակի մաս էին կազմում, ինչը գոնե մոտավորապես պիտի հուշեր թիմերի ուժերի հավասարության մասին. եթե ոչ ընդհանրապես, գոնե ներկա փուլում։ Բոլոր դեպքերում, 4։0-ն անհարկի խոշոր հաշիվ է մինչ այդ նման ցուցանիշ ունեցող թիմերի համար։
Չորրորդը Մադրիդի «Ռեալն» է՝ հյուրընկալվելիս «Վալենսիայից» կրած անպարկեշտորեն մեծ հաշվով պարտությամբ՝ 1։4։ Նկատենք, որ «չղջիկների» չորս գոլից երեքը 11-մետրանոցի արդյունք է։ Երեքն էլ իրականացրել է նույն ֆուտբոլիստը՝ Սոլերը։ «Արքայականը» մնացել է 16 միավորով։
Հինգերորդ-վեցերորդ հորիզոնականներում են 14-ական միավոր վաստակած «Գրանադան» ու «Կադիսը»։
Ներքին առաջնության նախորդ չորս խաղի գոլային երաշտից հետո որոշել էր իր երկրպագուներին հաճելիորեն զարմացնել «Բարսելոնը» (այդքան խաղից հետո երեք գոլը եթե երաշտ չէ, բա ի՞նչ է), ու այդ որոշման տակ ընկավ հյուր ժամանած «Բետիսը»՝ 5։2։ Մեսին այս անգամ 11-մետրանոցով իրացրած գոլը զուգորդել է նաև խաղային դրությունից դարպասի գրավումով։ Կատալոնյան ակումբը 11 միավորով ութերորդ հորիզոնականում է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ