Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և խնդրանքով, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, գնդերեցները սահման էին տարել Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջտեղում ամփոփված է Տիրոջ Խաչափայտի Սուրբ մասունքը: Հաղթական Սուրբ Խաչով հոգևորականները օրհնեցին զինվորներին ու առաջնագիծը։
Նույն օրը զինվորների համար տեր Մովսես աբեղա Սարգսյանի հանդիսապետությամբ կազմակերպվեց սուրբ մկրտություն։ Հույսի, հավատի և սիրո միաձուլումով մի խումբ զինվորներ մկրտվեցին։
Ինձ հետ զրույցում գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանն ասաց, որ տղաների մարտական ոգին աննկարագրելի բարձր է և ոգևորող։
«Իրականում հոգևորականներս գնում ենք զինվորների համար աղոթելու և իրենց ոգևորելու, բայց հակառակն է ստացվում` իրենցից ենք ոգևորվում, ուժ առնում և հասկանում, որ մենք հերոսական ժողովուրդ ենք և Աստծու ընտրյալ ազգ, և, որ այլընտրանք չկա, եթե ոչ՝ հաղթանակ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց գնդերեցը։
Տեր Վարազդատն ասում է, որ զինվորներ ունենք, ովքեր արցունքներն աչքներին պատմում են, որ իրենց կառուցած մատուռները մնացել են հակառակորդի ենթակայությամբ (ժամանակավորապես): Զինվորների և հրամանատարների վկայությունները հոգևորականներին ուղղակի թևեր են տալիս: Նրանք վկայում են Քրիստոսի հավատքի և իրենց կյանքում տեղ գտած հրաշքների մասին։
«Զինվորներ կան, որոնց փրկել է աղոթքը` աներևակայելի իրավիճակում, որ որևէ տրամաբանությամբ չէին կարող ողջ մնալ, բայց Աստված բացել է ճանապարհն իրենց առաջ: Այս օրերին աննկարագրելի շատ հրաշքներ են տեղի ունեցել, որոնց մասին գրքեր կգրվեն, որոնք կվկայեն Աստծու փառքի մասին»,- ասում է տեր հայրը։
Զրուցակիցս վստահորեն ասում է, որ մենք «միայն ու միայն հավատքով և Աստծով ենք հաղթել, հաղթում և պիտի հաղթենք»: Գնդերեցը իր խոսքում նշեց, որ մենք վստահում ենք մեր զինվորի ոգու արիությանը և բազկի ուժին:
«Ռազմաճակատի որ հատվածում հանդիպում եմ զինվորներին՝ համբուրում եմ իրենց ճակատը: Իրենց ոտքերն ու ձեռքերը անգամ համբուրելու է: Փա՜ռք հայոց հաղթանակած բանակին, զինվորին և հրամանատարին: Փա՜ռք Հայաստան և Արցախ աշխարհին ու հայ ժողովրդին»,- գնդերեցն այսպես եզրափակեց խոսքը:
Փա՜ռք Աստծո, ամբողջ թիկունքն աղոթում է հայ զինվորի համար, և բոլորը լծված են միաբան կերպով թիկունքային ապահովման կազմակերպմանը, և հենց այս միաբանությունն է մեր հաղթանակի գրավականը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ