Առաջնագծում մեր հերոս տղաներն անսասան կանգնած են՝ հանուն ազատ ու հաղթանակած հայրենիքի: Ինձ հաջողվեց զրուցել առաջնագծից մի քանի ժամով տուն վերադարձող, մասնագիտությամբ քաղաքագետ, էությամբ հայրենիքի անձնուրաց պաշտպան ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ: Նա պատերազմի առաջին իսկ օրից տուն չէր գնացել: Իսկ իմ հարցին՝ ինչու՞ այսքան ժամանակ չի փորձել ընդմիջում վերցնել, մի քիչ հանգստանալ, պատասխանեց. «Այս օրերին ոչ մի հանգստանալ: Ես հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ թշնամին ահռելի կորուստ է կրում և հետ շպրտվում: Հայրենիքը սկսվում է առաջնագծից, իսկ ես իմ հայրենիքում եմ և ոչ մի քայլ հետ չեմ գնա»:
Որպես քաղաքագետ նա դատապարտում է ադրբեջանա-թուրքական և ահաբեկչական այս պլանը, որի անմիջական աջակիցը Թուրքիան է: Ասում է, որ երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, պատերազմի հեռանկար միանշանակ կար: Սակայն նրանք չեն մտածել, թե ում դեմ են դուրս գալիս: Չեն հասկացել, որ հայ զինվորը պարտվել չգիտի: Այդ բառն ուղղակի չգիտի:
Ժիրայրը, ընդհատելով ահաբեկիչ պետությունների մասին միտքը, նախընտրեց խոսել իսկական հերոս տղաների մասին:
«Մեր 18-20 տարեկան տղաները բացառիկ հերոսությամբ են կռվում հատուկ պատրաստված ահաբեկիչների դեմ: Էլ ինչպե՞ս չոգևորվես, թեկուզ անհավասար մարտ է, բայց մենք կռվում ենք մեր գաղափարի, մեր հայրենիքի ու հավատի համար, իսկ իրենք՝ չգիտեմ»։
Շատ է ցավում, որ այսքան տղաներ անմահացան։ Նրանց մեջ ընկերներ ու հարազատներ ուներ Ժիրայրը, սակայն ասում է, որ բոլորն իր ընկերներն են, մի կողմից էլ հպարտանում է, որ հայ ազգն այդքան հերոս որդիներ ունի։
Մի քանի ժամ հետո Ժիրայրը կրկին առաջնագիծ կմեկնի, ասում է, որ այս անգամ տուն չի վերադառնա, մինչև որ վերջնական հաղթանակ չկերտեն:
Կեցցե՛ այս փառահեղ սերունդը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ