Աղոթքը միաժամանակ Աստծո որոնումն է և հանդիպումն է Նրա հետ, որը վերաճում է հաղորդակցության:
Այսինքն, աղոթքը և՛ գործունեություն է, և՛ վիճակ, նաև որոշակի փոխհարաբերություն է Աստծո հետ և վերաբերմունք` արարածների նկատմամբ:
Աղոթքը ծնվում է այն գիտակցությունից, որ աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, տարածությամբ և ժամանակով խիստ սահմանափակված երկչափանի «տափակ» մակերեսային աշխարհ չէ, որտեղ այն, ինչ մենք հանդիպում ենք, ընդամենը միաձև, միապաղաղ շերտ է, որի տակը դատարկություն է:
Աղոթքը սկսվում է այն պահից, երբ մենք բացահայտում ենք, որ աշխարհը ունի խորություն, ծավալ, որ մենք շրջապատված ենք ոչ միայն տեսանելիով, այլև ընկղմված ենք անտեսանելիի մեջ և ներթափանցված ենք նրանով: Եվ այդ անտեսանելին միաժամանակ Աստծո Ներկայությունն է` բարձրագույն և վերջնակետային իրականություն, և խորքային էությունը մարդու:
Տեսանելին և անտեսանելին չեն հակասում իրար, ոչ էլ պարզապես ծածկում իրար, այլ ներկա են միաժամանակ, փոխներթափանցվելով, ինչպես կրակը շիկացած երկաթի մեջ: Դա ժամանակի ներկայությունն է հավիտենության մեջ, ապագայի` ներկա վայրկյանի մեջ: Ապրել միայն տեսանելիով նշանակում է ապրել մակերեսորեն` չնկատելով ոչ միայն Աստծուն, այլև արարված աշխարհի խորությունը: Այդպիսի մակերեսային կյանքը դատապարտում է մեզ տեսանելի աշխարհում նկատելու միայն այն արտաքինը, ինչի վրա սևեռվում է մեր հայացքը: Այսպես շարունակելով` մենք կբացահայտենք բովանդակության բացակայությունը: Սակայն, երբ հասնում ենք այն կետին, որտեղից բխում է կյանքը, բացահայտում ենք, որ նրա աղբյուրը ավելի խոր է:
Մարդու սրտում կա խորություն, որը բացվում է դեպի անտեսանելին, դեպի անսահմանություն` արարչական աստվածային Խոսքը, դեպի Ինքն Աստված: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Գտի՛ր քո սրտի դռները և կտեսնես, որ սա դուռն է դեպի Աստծո Արքայություն»: Բացահայտելով այդ խորությունը` մարդը այդպիսով գտնում է Աստծուն` Նրան, ՈՒմ կարելի է կոչել «անտեսանելի Մերձավոր». Նա է Հոգին, Որդին և Հայրը: Այս եզրի վրա է հաստատվում աղոթական հարաբերությունը: Հետևաբար, աղոթքը հարաբերություն է, որը տեղի է ունենում մարդու` տեսանելիի և նրա հիմքում գտնվող անտեսանելիի` մի ամբողջ խորքային աշխարհի միջև, որն ընդգրկում է ամբողջ եղածը: Այդ իսկ պատճառով ասվեց, որ աղոթքը որոնումն է, զննումը այն անտեսանելի ոլորտի` մեր ներքին աշխարհի խորության, որը հայտնի է միայն Աստծուն, Որը միայն կարող է այն մեզ բացել: Եվ աղոթքի միջոցով, սկզբից շոշափելով, մենք փնտրում և բացահայտում ենք մարդուն և Աստծուն իրենց փոխկապվածության մեջ:
Աղոթքի մեջ մեր առաջին քայլերը լի են հիացմունքով, երկյուղածությամբ նաև եղերական զգացումներով: Հիացմունքով` որովհետև բացահայտում ենք ինքներս մեզ և ճանաչում Աստծուն, մեր աչքերի առջև տարածվող մինչ աստվածային անսահմանություն գեղեցիկ աշխարհի տեսարանի հիացմունքով: Երկյուղածությամբ` որովհետև հայտնվում ենք Աստծո սրբության և գեղեցկության ներկայության մեջ: Բայց նաև եղերական զգացումը կա` մեր սեփական և ընդհանուր:
Եղերական, ողբերգական է մեր կուրությունը, ողբերգական է մեր անկարողությունը ապրելու անսայթաք` ըստ մեր կոչման բարձրության, մշտապես զգալ անձի սեփական սահմանափակվածությանը գերի լինելը: Տխուր է տեսնել աշխարհը` ճանապարհից շեղված, աստվածամերժ, կյանքի ու մահվան միջև տատանվող և անընդունակ մեկընդմիշտ ընտրել կյանքը և փախչել մահվանից: Բերկրալի հիացմունքը և եղերական այս զգացումը` ահա աղոթքի երկու աղբյուրներ: Այս երկուսն էլ ծնվում են մեր հանդիպումից աշխարհի խորությունների հետ, որոնք դարձել են թափանցիկ, մինչև վերջ թափանցելի: Առանց այդ հանդիպման առարկայական այս աշխարհը` փոթորկված տարերային ուժերի աշխարհը, անհասկանալի և հաճախ աղավաղված աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, կարող է ծնել մեր ներսում վախ, տարակուսանք և սարսափ:
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ ( Ղուկ. 21;36)։
Գլխավորը այս հարաբերության մեջ, որը մենք աղոթք կոչեցինք, հանդիպման թեման է: Հայտնությունը նույնպես հանդիպումն է Աստծո հետ, որը տալիս է աշխարհի նոր տեսիլը:
Ամեն ինչ, ըստ էության, հանդիպում է, ինչպես Սուրբ Գրքում, այնպես էլ կյանքում: Այդ հանդիպումը միաժամանակ անհատական է և ընդհանուր: Նա միշտ երկակի է` հանդիպում Աստծո հետ, և Նրա մեջ` արարածների հետ: Հանդիպումը նաև անհատական է, որովհետև յուրաքանչյուրը այն ինքնուրույն պիտի ապրի, դա անհնար է ճանաչել արտաքինից կամ լսելով: Այդ հանդիպումը միակն է, որովհետև խորքային մոտեցմամբ մենք անփոխարինելի և եզակի ենք ինչպես Աստծո, այնպես էլ ուրիշների համար:
Ամեն արարած ճանաչում է Աստծուն յուրովի, մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է Նրան այնպես, ինչպես որևէ մեկը չի ճանաչի: Հանդիպումը միշտ պահանջում է փոխադարձություն: Այն ոչ միայն ուրիշի հայտնությունն է մեզ, այլ նաև մեր հայտնությունն է ուրիշի համար:
Երբ մենք փնտրում ենք Աստծուն, դա պահանջում է սեր մարդու նկատմամբ, իսկ երբ դիմում ենք մարդուն` պահանջվում է սեր Աստծո հանդեպ: Հիշենք ավետարանական պատգամը. «Եթե քո ընծան բերես զոհասեղանին ու հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի բան ունի, ապա թող քո ընծան զոհասեղանի մոտ և գնա հաշտվիր քո եղբոր հետ և հետո ընծայաբերությունդ կանես...»:
Այս պատվիրանին որպես լրացում սրբերից մեկն ասում է մեզ, որ եթե մենք ուզում ենք սրտանց աղոթել, ապա պիտի հաշտվենք Աստծո հետ, մեր խղճի հետ, մեր մերձավորի հետ, նույնիսկ մեզ շրջապատող իրերի: Այլ կերպ ասած, աղոթական կյանքի պայմանը Ավետարանով ապրելն է, կյանք, որտեղ ավետարանական պատվիրաններն ու օրենքները կդառնան մեր երկրորդ բնությունը: Որովհետև բավական չէ կատարել դրանք ինչպես ծառան կամ վարձկանն են կատարում իրենց տիրոջ կամքը. մենք պիտի տենչանք ամբողջ սրտով կատարել դրանք որդիների նման, Արքայության զավակների նման, ովքեր անկեղծորեն ցանկանում են, որ կատարվի իրենց աղոթքը. «...թող սուրբ լինի Քո Անունը, թող գա Քո Արքայությունը, թող լինի Քո կամքը...»:
Աստված չի բացվի մեզ, եթե այդ հանդիպումը պիտի անօգուտ լինի մեզ համար: Երբեմն Նա մեզ երկար սպասումով է պատրաստում այդ հանդիպմանը: Ավետարանը տալիս է մեզ խոնարհության օրինակներ որոնց պետք է հետևենք:
Ղուկաս ավետարանիչը պատմում է մեզ տասը բորոտների մասին, որոնք ապաքինվել էին ուզում: Նրանք մոտենում են Քրիստոսին, կանգ են առնում տարածության վրա, որովհետև գիտեն, որ անմաքուր են: Եվ աղաղակում են Տիրոջը իրենց դժբախտության խորքից, ամբողջ հավատով ու հույսով, ինչքան որ ունեին, սակայն չեն համարձակվում ավելի մոտենալ Նրան: Տերը նույնպես ընդառաջ քայլ չի անում, Նա պարզապես ասում է, որ գնան և ցույց տան իրենց քահանաներին: Տերը նրանց ոչինչ չի խոստանում, այլ ուղարկում է բժշկության: Եվ բժշկությունը տրվում է ի պատասխան նրանց հույսի և հավատքի` խոնարհ հնազանդության: Մեր խոնարհությունը պիտի կատարվի մեծ երկյուղածությամբ, սակայն հաճախ արտահայտվում է մեծամիտ հանդգնությամբ:
Ավետարանը պատմում է հարյուրապետի մասին, որը խնդրում էր Քրիստոսին բժշկել իր ծառային, և երբ Տերն ասաց. «Կգամ և կբժշկեմ», նա պատասխանեց. «Ո՛չ, Տեր, ես արժանի չեմ, որ Դու մտնես իմ տան հարկի տակ, այլ միայն խոսքով ասա»: Մեծ հավատք, կատարյալ վստահություն և այնպիսի խոնարհություն, որից մենք պետք է որ ամաչեինք, չէ՞ որ մենք այդքան էլ չենք համարում մեզ մեղավոր ու անարժան, որպեսզի խնդրենք Տիրոջը չմոտենալ մեզ և միաժամանակ գիտակցենք, որ Նա ամեն ինչ կարող է անել մեզ համար:
Եթե Տերը մեզ ընդառաջ է գալիս, ապա ինչպիսի ուրախությամբ և խոնարհությամբ մենք պիտի բացվենք Նրա առջև: Իսկ դա ապաշխարությամբ առ Աստված դառնալ է նշանակում:
Մեր աղոթքը պիտի սկսվի աղաղակով. «Տե՛ր, դու ինձ դարձրու այն, ինչ ես պիտի լինեմ, ինչ գնով էլ լինի, փոխի՛ր ինձ»: Եվ արտասանելով այս իրապես վտանգավոր ու սոսկալի խոսքերը, մենք պիտի պատրաստ լինենք, որ Աստված այդ խոսքերը պիտի լսի: Իսկ այդ բառերը վտանգավոր են, որովհետև Աստծո Սերը անզիջում է, որովհետև աննկուն և վճռական է մեզ փրկելու Աստծո կամեցողությունը: Հանդիպումը համարվում է ճշմարիտ և անկեղծ, եթե հանդիպման երկու կողմերն էլ անկեղծ են: Այս տեսանկյունից մենք գրեթե մշտապես աղավաղում ենք մտցնում այդ հանդիպման մեջ:
Մենք ոչ միայն չենք կարող լինել պարզ և անկեղծ, այլ նաև Աստծուն ենք սխալ պատկերացնում: Մենք չենք զգում մեր խորքային «եսը», իսկ մեր այն տարբեր դեմքերը, որոնք մենք հաջորդաբար դնում ենք Աստծո առաջ, իսկականը չեն, այսինքն մեր իսկական անձի մի մասնիկը ունեն միայն: Դրա համար էլ աղոթքը, որը պիտի բխեր զորությամբ մեր իսկական անձից, չի կարող հարթել իր ճանապարհը այդ կեղծ դեմքերի պատճառով, որոնք անընդհատ փոփոխվում են:
Շատ կարևոր է մեզ սովորել գտնել ամբողջական, հիմնական և խորքային իսկությունը մեր էության, այլապես մենք երբեք չենք հանդիպի Աստծուն ճշմարտության մեջ:
Երբ մենք կարողանում ենք բացահայտել մեր իսկական «եսը», ապա իսկույն խորշում ենք նրանից, և չենք ցանկանում հանդիպել դեմ դիմաց, որովհետև վախենում ենք, այն մեզ վանում է: Սակայն դա է միակ ճշմարտացին մեր մեջ, և ինչքան էլ այն լինի պղտորված ու տգեղ, Աստված կարող է փրկել միայն այդ իսկական «եսը» և ո՛չ երբեք այն կեղծ ու երևակայական անձը, որը մենք փորձում ենք միշտ ներկայացնել Աստծուն կամ ուրիշ մարդկանց առաջ: Մենք պետք է սիստեմատիկ փնտրենք մեր ներսում` ով ենք, կամ ինչ ենք մենք Աստծո առաջ, փնտրենք Աստծուն մեր մեջ և մեզ Աստծո մեջ: Իսկ դա պահանջում է վերլուծություն և խոկում` օրեցօր, ցկյանս:
Թարգմանությունը ռուսերենից
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ