Հիմա 2020-ի բյուջեն պահպանողակա՞ն է, թե՞ հեղափոխական` հարցրի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: «Նայած, թե ինչպես եք սահմանում պահպանողականն ու հեղափոխականը»,- հարցը դիվանագիտորեն շրջանցեց նախարարը: Հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության և օրերս բյուջեն ներկայացնելիս նրա այն հայտարարության մասին, թե բյուջեի հիմքում դրել են «պահպանողական կանխատեսումը»: Տնտեսական հեղափոխության մեջ տեղավորվու՞մ է 2020-ի բյուջեի պահպանողական կանխատեսումը։ «Վարչապետը շատ լավ մանրամասնել է թե՛ տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը, թե՛ դրա ընթացքը, բյուջեին ևս մանրամասն անդրադարձել է»,- դարձյալ հարցին չպատասխանեց պաշտոնյան: Հայտարարված ցուցանիշներն ինչի՞ մասին են փաստում, օրինակ, 4,9 % տնտեսական աճը հեղափոխակա՞ն է: «Կսահմանե՞ք` հեղափոխականը ո՞րն է»,- հարցին հարցով պատասխանեց Ջանջուղազյանը: «Ես չեմ երկրի տնտեսության զարգացմանը նման որակում տվել, դա ձեր իշխանության ղեկավարի հայտարարությունն է, պարոն Ջանջուղազյան: Ի դեպ, նախկին իշխանությունն էլ նույն չափի տնտեսական աճի մասին էր հայտարարում, բայց դրան հեղափոխական որակում չէր տալիս»: Նախարարը կրկին համոզում էր Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխության և 2020-ի բյուջեի մասին ելույթներն ուսումնասիրել ու գտնել իմ հարցերի պատասխանները` ամեն կերպ խուսափելով հարցերին կոնկրետ պատասխանելուց: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ձեռքը միայն Ջանջուղազյանը չէ, որ կրակն է ընկել: Այստեղ են ասել` որ իմանա ինչ պիտի ասի, կասի, բայց որ չգիտի ինչ ասի, ի՞նչ ասի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ