Տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է 2020-ի բյուջեի և այդ բյուջեով ռազմական ծախսերի կրճատման, 2019-ի բյուջեի կատարողականի, խոշոր ներդումների բացակայության և հարակից այլ հարցերի շուրջ:
-Թեև կառավարությունը հայտարարել էր տնտեսական հեղափոխության մասին, բայց 2020-ի համար նպատակադրել է 4,9% տնտեսական աճ ապահովել: Սա հեղափոխակա՞ն ցուցանիշ է:
-Այս կառավարության տնտեսական հեղափոխությունը սկսվել և ավարտվել է հեղափոխություն անելու հայտարարությամբ: Սովորաբար հաջորդ տարվա տնտեսական ցուցանիշների կանխատեսումը հիմնվում է նախորդ տարվա ցուցանիշների և սպասումների վրա: Սա նշանակում է՝ իշխանությունները կարծում են, թե մյուս տարի ավելի վատ պայմաններ են լինելու, քան հիմա: Այս տարվա 8 ամիսների կտրվածքով ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2050-ին ՀՆԱ-ի 15-ապատիկ աճ ենք ունենալու, ինչին կարելի է պարզ թվաբանական հաշվարկով հասնել՝ տարեկան ապահովելով նվազագույնը 9,5 տոկոս տնտեսական աճ: Բացի այդ, 2020-ի տնտեսական աճի 4,9 տոկոսի կանխատեսումն ավելի քիչ է Ազգային ժողովի կողմից հաստատված 2018-2022 թթ. կառավարության գործունեության ծրագրի սահմանած նվազագույն 5 տոկոս աճից: Այսինքն՝ այս կառավարությունը շեղվում է դեռ անցած տարի ընդունած իր ծրագրից, բայց 30 տարվա համար ծրագրեր ու տեսլականներ է նախանշում: Իհարկե, քաղաքական տեսանկյունից հեշտ է 2050-ի համար ցուցանիշ հրապարակել, քանզի անհայտ է, թե այդ ժամանակ ով կլինի իշխանության: Բացի այդ, տնտեսական աճի մեծությունից զատ կարևոր է աճի որակը, ներառականությունը: Այսինքն՝ տնտեսական աճից որքա՞ն է օգտվում հասարակության մեծ մասը կամ առհասարակ օգտվու՞մ է, թե՞ ոչ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա և մոտ ապագայում աճից հիմնականում օգտվել և օգտվելու են կոնկրետ անձինք՝ օլիգարխները, իշխանավորները և նրանց նեղ շրջապատը: Ներառականությունը բարոյական հասկացություն չէ, դա ապահովելու համար երկիրը պետք է եկամուտների վերաբաշխման գործիքներ, մեխանիզմներ ունենա, որոնցից ամենահիմնականը հարկային քաղաքականությունն է: Բայց նեոլիբերալ մեր իշխանավորները, առանց երկար մտածելու ու մասնագիտական քննարկումների, որոշեցին համահարթեցնել եկամտային հարկը և նվազեցնել ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի չափը՝ հարկային բեռը, ըստ էության, հասարակության բոլոր խմբերին փոխանցելով: Անշուշտ, դրական եմ գնահատում կառավարության կողմից իրականացվող մի շարք սոցիալական ծրագրեր, որ հանգեցրին զինվորականների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձերի աճին: Նաև կոռուպցիայի դեմ պայքարի տեսանելի արդյունքներ ունենք, որոնք դեռ համակարգման և ինստիտուտիցիոնալացման կարիք ունեն:
-Վարչապետի՝ վերջերս արած հայտարարություններից մեկն էլ այն մասին էր, որ 2019-ի բյուջեի կատարողականը կարող է 7 տոկոս լինել: Իրատեսակա՞ն թիվ է:
-Եթե կառավարությունը կարողանա պահել ընթացիկ աճի տեմպը, ապա 7 տոկոսի կանխատեսումն այս պահին իրատեսական է: Բայց դա դժվար է լինելու, քանի որ տարեվերջին, ի հաշիվ ստվերի կրճատման քիչ հավանական է, որ առևտրի և ծառայությունների ոլորտներում աճ գրանցվի, իսկ գյուղատնտեսությունը կպահպանի նվազագույնը 6,5-7 տոկոսի անկման միտում, եթե, իհարկե, նախկինի նման վիճակագրության նկարչության մեթոդներ չկիրառվեն: Պետք է փաստենք, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, վատ աշխատանքի հետևանքով. թերակատարվել կամ ձախողվել են գյուղատնտեսության նախարարության աջակցության գրեթե բոլոր ծրագրերը: Հատկանշական է, որ այս տարվա 7 ամիսների հաշվարկով գյուղոլորտի վարկերի աճը կազմել է 0,8 տոկոս, այսինքն՝ այստեղ ներդրումային խոշոր ծրագրեր չեն նախանշվում, պարզ ասած՝ այս ոլորտի վրա «փող չեն դնում»: Առավել մտահոգիչ է մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող ընկերությունների անկառավարելի և ագրեսիվ վարքագիծը: Եթե նախկինում այս տնտեսավարողները, տնտեսական հնարավորությունների և իշխանություններից ստացած արտոնությունների հաշվին, շուկայում խաղի կանոններ թելադրող էին, ապա այժմ, իշխանությունների լուռ համաձայնությամբ, շարունակում են ընդլայնել ազդեցությունն ապրանքային շուկաներում՝ խաղից դուրս թողնելով փոքր և միջին ձեռնարկատերերին: Դրա վառ օրինակը մանրածախ առևտուրն է, որտեղ սուպերմարկետների մի քանի ցանցեր անընդհատ ընդլայնում են իրենց գործունեությունն ու նոր խանութներ բացում: Բացի այդ, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների հիմնական ներմուծողը լինելով, մեծածախ գներով մանրածախ վաճառք են իրականացնում, և բնական է, որ փոքր և միջին խանութները, կրպակները մրցակցել չեն կարողանում ու դաշտը զիջում են սուպերմարկետներին, որ այժմ մանրածախ շուկայի մոտ 80 տոկոսն են զբաղեցնում՝ խաղի կանոններ թելադրելով նաև արտադրողների համար: Կառավարության տնտեսական թիմը ձախողել է նաև արտաքին առևտուրը, մասնավորապես՝ մինչև 2019-ի տարեվերջ պլանավորված էր ունենալ 7,1 տոկոս արտահանման աճ: Ներկայումս, սակայն արտահանումը, հիմնականում ավտոմեքենաների վերարտահանման հաշվին, 4,6 տոկոս է: Ներմուծման աճն ընդամենը 0,7 տոկոս է, ինչն ի չիք է դարձնում մեծածավալ ներդրումների մասին խոսակցությունը: Խոշոր ներդրումների բացակայությունն էլ իր հերթին պատճառ է եղել տեխնիկայի և տեխնոլոգիաների ներկրման աճին, բեռնափոխադրումների ծավալը նվազել է 54 տոկոսով: Իսկ տնտեսական անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է Թուրքիայից կատարվող ներմուծումների ծավալի աճը:
-2020-ի բյուջեի նախագիծը շուտով խորհրդարանին կներկայացվի, ի տարբերություն նախորդների, ինչո՞վ է այն առանձնանում: Մարդիկ, այսպես ասած, լավ ապրելու հույս կարո՞ղ են ունենալ:
-Այս բյուջեն, ըստ էության, հիմնված է 2018-2019 թթ. ընթացքում խնայած և ձախողած ծրագրերի գումարների վրա, ու դրանով է բացատրվում, որ նախորդ տարվա համեմատ 2020-ի պետական բյուջեն 232 մլրդ դրամով կամ 14,1 տոկոսով աճել է: Առողջապահական, կրթական, սոցիալական ոլորտների համար նախատեսված է զգալիորեն ավելացնել ծախսերը, որ թեև բավարար չեն լուծելու համար կուտակված բոլոր խնդիրները, սակայն ճիշտ ուղղությունն է: Միանշանակ դրական է, որ 2020-ի բյուջեի նախագծում շուրջ 82 %-ով ավելացվել է տնտեսական հարաբերություններին ուղղվելիք գումարի չափը, սակայն անհասկանալի է, թե ինչու է 2019-ի բյուջեի տնտեսական աճի 4,9 տոկոս նախանշվել: Այսինքն՝ շատ գումարներ ծախսելով՝ տնտեսական նույն աճն ու զարգացումն ենք ունենալու: Հիշեցնեմ, որ իշխանությունները նախընտրական ծրագրում խոստացել էին բարելավել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվել: 2020-ին նույնպես պետական բյուջեի գումարները հոսելու են մասնավոր ֆոնդերի կառավարիչների գրպանը: Պետական համակարգի արդյունավետ կառավարումը լոկ ծախսերի նվազումը չէ: Հանրության համար պետք է տեսանելի լինի կյանքի որակի փոփոխությունը: Գործող կառավարության հիմնական խնդիրը տնտեսական մոդել-տեսլականի բացակայությունն է, կառավարման արդյունավետ աճ չգրանցելը, լիազորությունների և պատասխանատվության կենտրոնացված լինելն ու վերահսկողության բացակայությունը:
-Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերն այսօրվա 18,2 %-ից նախատեսվում է նվազեցնել 18,1 %-ի, բայց իշխող թիմը նախընտրական խոստումների ժամանակ բոլորովին այլ բան էր խոստանում այս ոլորտի համար:
-Ռազմական ծախսերը մեր բյուջեի ծախսերի մեջ մեծությամբ 3-րդն են, դրանց նվազումը 2020-ի ընթացքում կազմում է մոտ 3 մլրդ ՀՀ դրամ, ինչն այդքան էլ մեծ չէ: Հիշեցնեմ՝ 2019-ի հուլիսին միջինը 10 տոկոսով բարձրացվեցին զինվորակաների աշխատավարձերը, ինչը դրական երևույթ է: Հաշվի առնելով պաշտպանական ոլորտի կարևորությունը՝ միշտ էլ կարելի է վերանայել, ավելացնել ռազմական ոլորտին տրամադրվող բյուջեի չափը: Մտահոգիչն այն է, որ 2020-ի համար Ադրբեջանը շուրջ 20 տոկոսով կամ 1 մլրդ դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը: Այս հանգամանքը պետք է պատշաճորեն գնահատվի ՀՀ համապատասխան գերատեսչությունների կողմից, և ֆինանսական միջոցների վերաբաշխման որոշում ընդունվի: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է տնտեսագիտական վերլուծություններ նախաձեռնել հնարավոր պատերազմական գործողությունների հետևանքով առաջ եկող տնտեսական ռիսկերի և դրանց կառավարելիության վերաբերյալ:
-Վարչապետը գրառում է կատարել նաև գործազուրկների թվի կտրուկ նվազման մասին: Իրո՞ք ուրախացնող փաստի հետ գործ ունենք, թե՞ ուղղակի, պարզ ասած, «չգրանցված» աշխատողներն են «գրանցված» դարձել:
-ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019-ի առաջին եռամյակում 16000-ով ավելացել էր գործազուրկների թիվը, և գործազրկության թիվը կազմել էր 21,9 %: Այս ցուցանիշը մտահոգեց պաշտոնատար որոշ անձանց, և նրանք որոշեցին փրկել իրավիճակը: Պաշտոնական մեկ այլ վիճակագրության համաձայն՝ 2019-ի երկրորդ եռամսյակում գործազրկությունը կազմում էր 17,7 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,5 տոկոսով: Նման դրական ցուցանիշը պայմանավորված է ոչ թե կառավարության լավ աշխատանքով, այլ Հայաստանից արտագաղթած անձանց մեծ թվով: Վերոնշյալ ժամանակահատվածում 51500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները՝ աշխատունակ անձինք (15-75 տարեկան), որոնցից 46400-ը գործազուրկ է եղել: Կառավարությունը ձախողել է նաև զբաղվածության ծրագրերը, դրանց միայն 25 տոկոսն է կատարվել: Եվ եթե բոլոր այս միտումները շարունակվեն, ապա տարեվերջին 25-30 հազարի հասնող արտագաղթի ցուցանիշ կգրանցվի ու իրավիճակը չի փրկի էժան աշխատուժի անվերահսկելի հոսքը Հայաստան:
-Վերջին շրջանում հատկապես շատ են խոսակցությունները, որ Հայաստանում գրեթե խոշոր ներդրումներ չեն լինում: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ, ո՞րն է դրա մասնագիտական բացատրությունը:
-Ներդրումները «փայ չենք մտնելու, չենք խանգարելու» հայտարարություններ անելով չեն հոսում, դրանց համար բիզնես միջավայր է անհրաժեշտ: Մեր ներքին շուկան փոքր է և մենաշնորհների կողմից վերահսկվող, ինչը թույլ չի տալիս խոշոր ներդրումներ անել: Ցանկացած ներդրողի համար անհրաժեշտ են որակյալ կադրեր, իսկ ներդրումներ-կրթություն-պետություն եռանկյան դեպքում մեծ անելիք ունի պետությունը՝ կրթական որակյալ ծրագրեր մշակելու և ներկայացնելու առումով: Այս տարվա 6 ամիսների կտրվածքով 30 մլրդ դրամով ավելացել են Հայաստանից հոսող ներդրումները, այսինքն՝ Հայաստանում աշխատած գումարներն օտարերկրյա ներդրողները հանում են: Ցանկացած ներդրողի համար կարևոր են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը: Իշխանությունը ներդրողին պետք է տա այդ երաշխիքները, որ նախորդ իշխանությունների հետ աշխատած, ինչ-ինչ կապերի մեջ գտնվող գործարարները չեն պատժվի, իսկ նորերին կսպասարկեն պետական հիմնարկներն ու ինստիտուտները: Մեր հիմնական հարստությունը 42 հազար քառ. կմ տարածքն է և շուրջ 10 մլն հայությունը: Այո, կարող ենք և պետք է զարգացնենք ու հզորացնենք մեր երկիրն առանց արտաքին զիջումների, ներքին թշնամանքի:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ