«Մենք գնահատում ենք արված աշխատանքը, ոչ թե աշխատողների քանակը»
27.09.2019 | 00:16
Վերջերս ահազանգ ստացանք, որ մարզային ՓՄՁԶ-երում հերթեր են գոյանում, քանի որ գրասենյակների օպտիմալացումից հետո միայն մեկ աշխատող է մնացել։ Նկատենք, որ այդ նույն մեկ աշխատողը այսօր պարտավոր է և՛ քաղաքացիներին ընդունել, և՛ տարբեր գյուղերում ուսումնասիրել արդեն իրականացվող ծրագրերի ընթացքը, և՛ պատասխանել բոլորի հարցերին։ Սա նկատի ունենալով պարզ է դառնում, որ ահազանգն անհիմն չէր` մեկ աշխատողը մասերի չի բաժանվի։ Բոլոր դեպքերում, որոշեցինք Երևանին հարակից մարզեր այցելել և տեղում տեսնել իրավիճակը։ Այո, այստեղ խնդիր իսկապես կա, և բնականաբար հարց առաջացավ` արդյոք օպտիմալացումը արդյունավե՞տ էր։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Միանշանակ արդյունավետ էր,- ասաց նախարարը։- Ինչ վերաբերում է Ձեր նշած խնդրին, ապա մենք չունենք այնպիսի տվյալներ, որ քաղաքացուն խորհրդով ապահովելու գործում մեր տարածքային ներկայացուցիչը հասանելի չլինի։ Միևնույն ժամանակ նման խնդիրը չեմ բացառում` հնարավոր է, ուղղակի մենք պետք է իմանանք, թե որ տարածքներում է նման հարց առաջացել։ Ամեն դեպքում, մեր տեսակետը հետևյալն է. մեր մասնագետները հիմնականում լուծում են երկու խնդիր. առաջին` յուրաքանչյուր մարզում ունենք տրված երաշխիքներ, և մեզ համար շատ կարևոր է` պահպանվի հետադարձ կապը մեր կողմից երաշխավորված մասնագետների և վարկավորված տնտեսվարողների միջև, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է իրականացվում ծրագիրը։ Երկրորդ` մեր մասնագետները տալիս են խորհրդատվություն, թե ինչ պայմաններով և ինչպես կարող են մարդիկ ընդգրկվել այս ծրագրում։
-Ամեն դեպքում, որքա՞ն գումար խնայեցիք ՓՄՁԶ-երի օպտիմալացումից։
-Գումարի խնայողությունը մեզ համար ինքնանպատակ չէր, այն երկրորդ պլանի հարց էր, և ըստ այդմ, չեմ ցանկանում այդ թվաբանության մեջ խորանալ։ Սակայն վստահ եմ, որ մեր քայլը արդյունավետ էր և որևէ կերպ չի նվազեցրել ՓՄՁԶ-ի գործունեության արդյունավետությունը, որը կար մինչ այդ։ Հակառակը, շատ տեղերում մարդիկ ավելի պատասխանատու են մոտենում իրենց գործին։ Մենք գնահատում ենք արված աշխատանքը, ոչ թե աշխատողների քանակը։
-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարզային գրասենյակներում մեկ աշխատողը բավարար է։
-Կարծում եմ, այո, բավարար է, համենայն դեպս վերջիններիս կողմից չենք լսել, որ դժվարություններ կան։
-Իսկ գուցե վախենու՞մ են ասել` մտածելով, որ հնարավոր է` եղածն էլ կորցնեն։
-Եթե մարզերում կա աջակցության կարիք, ապա անհրաժեշտության դեպքում մենք մասնագետ կուղարկենք։
-Պարոն Խաչատրյան, հանրության մեծ մասը Ձեզ ընկալում է որպես ֆինանսիստի, ոչ տնտեսագետի, Դուք Ձեզ ավելի շատ տնտեսագե՞տ եք համարում, թե՞ ֆինանսիստ։
-Իմ բազային կրթությունը տնտեսագիտական է։ Աշխատանքային առաջին տասը տարին աշխատել եմ ֆինանսների նախարարությունում` մակրոտնտեսություն և հանրային ֆինանսներ ուղղվածությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել եմ կառույցի ֆինանսական տնօրեն, սակայն մեծ կառույցներում ֆինանսական տնօրենը և՛ տնտեսագիտական, և՛ պլանավորման, և՛ ֆինանսական կառուցվածքներն է համակարգում։ Ես, իհարկե, շոյված եմ, որ ինձ ֆինանսիստ են համարում, բայց ես տնտեսագետ եմ։
-Այդ դեպքում և՛ որպես տնտեսագետի, և՛ որպես էկոնոմիկայի նախարարի ուզում եմ հարցնել` ի՞նչ կարծիք ունեք Արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ մեր տնտեսագետ գիտնականների լույս ընծայած «Ի՞նչ անել-1» գիտական ժողովածուի մասին, որում նախանշված են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի տնտեսության զարգացման համար։
-Չափազանց կարևոր նախաձեռնություն է, և այդ գիրքը մեծ հնարավորություն է տալիս մտքերի փոխանակման համար։ Հրապարակումները մեր տնտեսագետ գիտնականների աշխատություններն են, և բնականաբար, ներկայացված տեսակետները ուսումնասիրվում են, հաշվի են առնվում մեր ստորաբաժանումներում` ամենօրյա աշխատանքները կազմակերպելիս։
-Գործնականում այդ գրքում ներկայացված մտքերը հնարավո՞ր է կյանքի կոչել, թե՞ կա վտանգ, որ դրանք կմնան որպես դասագրքային ճշմարտություններ։
-Մենք գտնվում ենք մշտապես փոփոխվող իրականության մեջ. աշխարհը շատ արագ է փոխվում։ Շատ կարևոր են այդ հրապարակումները, քանի որ դրանք փոփոխվող իրականության մեջ արձագանք են` տեսակետ արտահայտելու եղանակով։ Այսինքն, անցել են այն ժամանակները, երբ որևէ տնտեսագետի արտահայտած միտք ճշմարիտ էր հաջորդ 50 տարիների համար։
-Այն, ինչ ներկայացված է գրքում, առաջիկա 50 տարվա համար չէ, շատ բաներ այսօրվա համար են։
-Այո՛, տնտեսագետները պետք է շարունակեն անընդհատ աշխատել և իրենց աշխատությունները ներկայացնել մեզ, մենք էլ մեր հերթին պարտավոր ենք անընդհատ ծանոթանալու դրանց, անելու խորքային վերլուծություններ չընդհատվող ձևով և քաղաքական որոշումներ կայացնելիս այդ տեսակետները հաշվի առնել։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ