ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կասպերսկի Լաբորատորիան» Հայաստանին օգնում է պաշտպանել երեխաների իրավունքները թվային միջավայրում

«Կասպերսկի Լաբորատորիան» Հայաստանին օգնում է պաշտպանել երեխաների իրավունքները թվային միջավայրում
20.12.2017 | 13:20

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2 տոկոսը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7 տոկոսը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6 տոկոսը: Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները և ծխախոտը (5.1 տոկոսը), անվայել բառապաշարը (1.8 տոկոսը), համացանցային խանութները (1.1 տոկոսը ) և նշված տարիքի երեխաների 0.4 տոկոսը հետաքրքրել է պոռնկագրությունը։ Այս մասին վկայում է Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը, որը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։

«Կասպեսրսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաև պարզել են, որ դեռահասների 56 տոկոսն ասում է, թե մշտապես համացանցում է, 8-ից 16 տարեկան երեխաների և դեռահասների 58 տոկոսն իրենց ծնողներից թաքցնում է իրենց որոշ գործողությունները համացանցում, 18 տոկոսը համացանց են մտնում այն ժամանակ, երբ ծնողները տանը չեն։ Միաժամանակ, ծնողների ավելի քան 95 տոկոսը վախենում է իրենց երեխաների վրա համացանցի բացասական ազդեցությունից։ Այդ կապակցությամբ ծնողների ամենատարածված վախը երեխայի առողջության վրա համացանցի ազդեցությունն է, որից զգուշանում է ծնողների 59 տոկոսը։ Նրանց 54 տոկոսը վախենում է երեխաների մոտ համացանցից կախվածության առաջացումից, 53 տոկոսը՝ որ երեխաները կտեսնեն անցանկալի բովանդակություն։ Նաև, ծնողների 44 տոկոսի վախերը կապված են համացանցում անծանոթների հետ երեխաների հնարավոր շփման հետ, իսկ 36 տոկոսը վախենում է, որ այդ շփումը կարող է վերաճել իրական կյանքում շփման։ Այդ պայմաններում ծնողների 20 տոկոսը ոչինչ չի ձեռնարկում համացանցի բացասական ազդեցությունից իրենց երեխաների պաշտպանության համար, և միայն 20 տոկոսն է կիրառում ծնողական հսկողության գործառույթներով պաշտպանական ծրագրային ապահովում։


«Համացանցում երեխաների և մեծահասակների կյանքը գնալով ավելի շատ է նմանվում իրականին, և ռիսկերն էլ դարձել են գրեթե միանման. դա վերաբերում է ինչպես բռնությանը, հալածանքին, սեռական ոտնձգությանը և թմրամիջոցների հետ կապելուն, այնպես էլ ֆինանսների, անհատական տվյալների կորստին և այլ սպառնալիքների։ Համացանցի նման սպառնալիքներից երեխաների պաշտպանության համար խորհուրդ է տրվում կիրառել ծնողական հսկողության գործառույթներով ծրագրային ապահովում, ինչպիսին է Kaspersky Safe Kids-ը։ Այն թույլ է տալիս երեխաներին արգելափակել անցանկալի կայքերից և հավելվածներից, հետևել նրանց զանգերին և սոցիալական ցանցերում շփմանը, ինչպես նաև վերահսկել նրանց տեղաշարժը և համացանցին միացած սարքերի օգտագործման ժամանակը»,- պարզաբանեց կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։


Նա նաև նշեց, որ 2017 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանի գործընկերների հետ ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների և ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։
Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը և Լևոն Մկրտչյանը Երևանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:


Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Կայքը ներկայացրել է ՀՀ ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ելույթ է ունեցել «Երեխայի իրավունքների իրավիճակը թվային իրականությունում՝ միջազգային և տեղական մակարդակներում» թեմայով, իսկ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը սեմինարի մասնակիցներին ծանոթացրել է «Թվային իրականությունում երեխաների իրավունքները և անվտանգությունը 2017 թվականին» թեմային։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաև ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։ Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում, ինչպես նաև «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան»-ի «Կիբեռանվտանգություն» բաժնում, որը հատուկ ստեղծվեց այդ գրքույկների համար։

Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչություն

Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ