Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գազատարի դեղին խողովակաշարով պատված համայնքի ջեռուցման փրկությունը փայտն է ու գոմաղբը

Գազատարի դեղին խողովակաշարով պատված  համայնքի ջեռուցման փրկությունը փայտն է ու գոմաղբը
13.01.2017 | 11:21

ԱՇԽԱՏԱՏԵՂ ՉԿԱ, ՀՈՂՆ Է ՈՒ ՀԱՆԴԱՄԱՍԸ, ԱՅՆ ԷԼ ՄԻՆՉԵՎ ԱՇՆԱՆ ԱՎԱՐՏԸ


Ձմեռ է: Վայքից 7 կմ ոլորաններով դեպի բարձունք ձգվող ասֆալտապատ ճանապարհը տանում է քաղաքաբնակի համար աշխարհից կտրված մի բնակավայր՝ Ազատեկ: Տեսնես ի՞նչ են մտածել 1828 թ. Պարսկաստանի Սալմաստ գավառից գաղթած հայերը, երբ այս սարերի մեջ տան հիմք են գցել: Ազատեկի առավելությունը ամառ-ձմեռ մաքուր օդն ու գեղատեսիլ բնությունն է: Մի քանի կիլոմետր այն կողմ Փոռ գյուղն է, հարևաններ են, նեղ պահին մեկմեկու հասնում են:


Վայոց ձորի Ազատեկ համայնքը հիմնադրել են 1828 թ. Պարսկաստանի Սալմաստ գավառից գաղթածները, այն կոչել են Ազատ է, հետո դարձել է Ազատեկ: Լեռներով շրջապատված գյուղում ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև –25-ի, իսկ ամռանը՝ +35-40-ի, մարդիկ ապրում են ոչ այն է աշխարհից կտրված, ոչ այն է՝ աշխարհով: Միակ փոխադրամիջոցը անձնական ավտոմեքենան է, ավտոբուս չի գործում, մարդիկ կարևոր գործ ունենալու կամ առևտրի դեպքում օգտվում են քաղաք իջնող ծանոթ-բարեկամի մեքենայից: «Տրանսպորտ չունենք, թե մեքենա եղավ, կիջնենք Վայք, չեղավ՝ չենք իջնում, տաքսին էլ 5 րոպե ճամփի համար 1000 դրամ ա վերցնում, մի էդքան էլ հետ բերելու համար, էդ ի՞նչ ենք վաստակում, որ էդքանը տանք տաքսուն»,- ասում է մի բնակիչ:


Համայնքապետի պաշտոնում վերընտրված Սիրակ Հովսեփյանի խոսքով՝ ավտոբուսը ձեռնտու չէ համայնքին. «Վայքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ազատեկում ամեն օր ավտոբուսից օգտվող չկա, վառելիքի ավելորդ ծախս է, վարորդին էլ ձեռնտու չէ»,- ասում է գյուղապետը:
Խոսք ու զրույցից պարզվում է, որ համայնքում շուրջ 550 մարդ է ապրում, գյուղից արտագաղթել է երկու ընտանիք, աշխատուժի մի մասը մեկնել է արտագնա աշխատանքի, քչերին է հաջողվել Վայքում աշխատանք գտնել, մնացածի համար աշխատատեղ չկա, հողն է ու հանդամասը, այն էլ մինչև աշնան ավարտը:

ԳՅՈՒՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՍԱ Է


Ազատեկի «անհրաժեշտ կառույցներից»՝ գյուղապետարանից, դպրոցից ու բուժկետից բացի, կա նաև անմխիթար վիճակում գտնվող և շինանյութերով լեցուն մշակույթի տուն, երեխաների սակավության պատճառով նպատակին չծառայող մանկապարտեզի շենքը տրամադրվել է 11 անապահով ընտանիքի: Թեև շենքը չի ջեռուցվում, չկա խմելու ջուր, սակայն մարդիկ հարմարվել են պայմաններին, ապրում են՝ ով ինչպես կարողանում է:
Խմելու և ոռոգման ջրի ցանցի 50 տոկոսից ավելին վթարային վիճակում է, այն կառուցվել է 1968 թ., ջրագծի երկարությունը 18 կմ է, քանի որ ջրագծերն անցնում են լեռնային տարածքով, ուստի անձրևաջրերից ու գարնանային ձնհալից խողովակաշարը վնասվում է: Սելավների պատճառով խողովակները ջարդվում են ու փչանում: Ըստ հաշվարկների՝ ջրագծի հիմնավոր վերանորոգման համար կպահանջվի 150 մլն դրամ:
-Մեր համայնքում խմելու ջրի հարցը միշտ խնդիր է եղել, բայց անցյալ տարի Փոռ գյուղից 4 կմ երկարությամբ 2-րդ ջրագիծն ենք անցկացրել: Ոռոգման ջրի հարցն էլ է խնդիր: Թեև գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, ու ձնհալը ոռոգման հարցը մասամբ լուծում է, բայց ապրիլ-մայիս ամիսներին սարերում էլ ջուր չի լինում, սկսվում է չորային եղանակը: Այդ խնդիրը միշտ էլ կա,- ասում է Սիրակ Հովսեփյանը:


Եթե ձնհալի ջուրը հանդերին լավ է, ապա ներհամայնքային փողոցների «հերն անիծում է»: Տարիներով ասֆալտի երես չտեսած քարուքանդ փողոցները ձմռանն ավելի անանցանելի են դառնում թե՛ մարդկանց, թե՛ մեքենաների համար: Մինչդեռ համայնքի փողոցների ջրահոսքերի վերացման, տարվա բոլոր եղանակներին ամեն տեսակի մեքենաների համար երթևեկության բավարար ճանապարհների ապահովման, ասֆալտապատման վերաբերյալ որոշումները այդպես էլ թղթի վրա մնում են որպես «ծրագրային որոշում»: Թերևս միայն երեխաներն են գոհ, ճանապարհները որքան թեք ու ձյունածածկ լինեն, այնքան լավ սահնակով սահելու համար, հատկապես, երբ քարշակի դեր կատարող «Ժիգուլին» մեծահոգաբար նրանց սահնակներն իր պոչից կապած իջեցնում է «դիք ճամփեքից»:


Բնակիչները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի, լոլիկի, վարունգի մշակմամբ, որոնց բերքատվությունը կախված է եղանակային պայմաններից ու ոռոգման ջրի մատակարարումից: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, արտադրում են կաթ, միս, բուրդ, մեղր: Ոմանք անասնակերի ու խոտի անբավարար պաշարի պատճառով հրաժարվում են անասուն պահելուց ու դարձյալ ձեռքը գցում են հողին: Գյուղը զուրկ է գյուղտեխնիկայից, թեև անհրաժեշտության դեպքում դիմում են Փոռ համայնքին:
Գազատարի դեղին խողովակաշարով պատված համայնքի ջեռուցման փրկությունը փայտն է ու գոմաղբը, որի գինը տարեցտարի բարձրանում է: Թեև համայնքը զուրկ է անտառից, սակայն երբեմն «հյուրընկալվում» են գայլերն ու աղվեսները: «Երկու տարի առաջ արջը մտել էր գյուղ, ծառեր էր կոտրել ու մի փեթակ թևի տակ դրած հեռացել էր»:

«ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՉԻ՞ Է ՊԵՏՔ»


65-ամյա տիկին Ժանետայի ամենամեծ ուրախությունը թոռներն են, երբ նրանց դեմքին ժպիտ է տեսնում, երբ օջախի ջերմությունից տունը լիությամբ է լցվում ու երբ զբաղված է աշխատանքով: «Մարդն առանց աշխատանքի ինչի՞ է պետք: Էս մեկը չեղավ, մի ուրիշ աշխատանքով զբաղվիր, էն էլ չեղավ, մի գործ գտիր: Քաղաքի նման չի, որ գործից գաս ու պառկես դիվանին: Հողամասն ու գոմն ինձ են սպասում, ո՞ւր պառկեմ»:
-Մի տարի Օքսֆամի օգնությամբ կոոպերատիվ բացվեց գյուղում, մի քանի կանանցով աշխատում էինք: Սկզբում արդյունքները գոհացնող էին, 4 տոննա 200 կգ լոլիկ աճեցրինք: Կոոպերատիվի 3 կանանց հետ մասնակցեցի Երևանում գյուղնախարարության և գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած ցուցահանդեսին և գյուղմթերքի արտադրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար արժանացա «Գյուղմթերքի կին հերոս» կոչման ու պատվոգրի,- հպարտությամբ պատմում է տիկին Ժանետան:
Ոգևորությունը մեծ էր, սակայն անսպասելի դադարեցված գործունեությունն ընկճեց, բայց չկոտրեց Ժանետային: Ծանր ձյան պատճառով կոոպերատիվի շենքի տանիքը փլուզվեց և առայսօր նույն վիճակում է: Վերականգնման համար գումարներ են պետք: Սակայն Ժանետան չի հուսահատվում, գարնանը կգնա խոշորացված համայնքների կենտրոն դարձած Վայքի համայնքապետարան, տարածք կխնդրի ու նորից կսկսի, որովհետև «հողն անտեր չեն թողնի»:
-Մի տարի գյուղնախարար Սերգո Կարապետյանը եկել էր մեր գյուղ, այդ տարի էլ ծիրանի բերքն առատ էր: Նախարարին խնդրեցի մեր գյուղում մթերքի հանձնման կետ դնեն, գործարանից գան թեկուզ 80-100 դրամով ծիրանն ընդունեն, չմնա փչանա, ախր մենք հողի ու ջրի վարձ ենք տալիս, ասաց՝ օղի քաշեք, մենք գանք խմենք:
Ժանետայի երկու որդիներն աշխատում են Ռուսաստանում, ապրում է ավագ որդու ընտանիքի հետ, նյութապես չեն նեղվում, սակայն Ժանետան ցանկանում է, որ համագյուղացիները նույնպես լավ ապրեն: Ինչ վատ կլինի, եթե գյուղը մեկի փոխարեն երկու ջերմոց ունենա, պահածոյի, թխվածքի արտադրամաս ունենա, հարսներն ու աղջիկները շատ շնորհքով են, ձեռքներից ամեն ինչ էլ գալիս է, կթխեն ու կվաճառեն Վայքում:
Կենսուրախ ու ժրաջան Ժանետայի տանը նրա ու հարևանի ասող-խոսող հարսն ու աղջիկներն էին, դժգոհեցին, որ անգործ են, թեև ձմեռ է, բայց կարելի էր մի գործով զբաղվել: Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, Վայք իջնելն էլ պատիժ է, տրանսպորտ չկա, օրերով ու շաբաթներով գյուղից դուրս չեն գալիս: Ջահելները կգերադասեին չրեղեն պատրաստել վաճառքի համար, սակայն ինչո՞վ տանեն Վայք: Հարցրի՝ Ամանորին ինչպե՞ս եք պատրաստվում, երևի շա՞տ եք նեղվում: Տիկին Ժանետան ջահելներից առաջ ընկավ, թե՝ մենք ամեն ինչով պատրաստվում ենք, խոզի բդով, չարազով, ընտիր թխվածքներով ու մրգով տեղը տեղին Նոր տարի ենք անելու, բա ամբողջ տարին հողի վրա ինչի՞ ենք տանջվում, մի ուրախություն է, էն էլ չանե՞նք:
Զգացի, որ այս մարդկանց ոչինչ չի հաղթի. ո՛չ ձմռան ցուրտը, ո՛չ փլուզված կոոպերատիվի անհուսալի վիճակը և ո՛չ էլ վաղվա անորոշ օրը:


-Երբեք չեմ հուսահատվել, գիշեր չի եղել, որ չլուսանա, կոոպերատիվ էլ կունենանք, կաշխատենք, կստեղծենք ու կշենացնենք գյուղը: Մեր բերքը ուտողը պիտի օրհնի մեզ, բա ո՞նց, ամեն հողի բերքը չի, որ մաքուր ա,- ասում է տիկին Ժանետան:
Գյուղից դուրս գալիս շրջվում ու նայում եմ սարերի ու ձյան մեջ խաղաղ գոյատևող բնակավայրին ու մտածում՝ տեսնես տաք ու փառահեղ աշխատասենյակներում նստած ու համայնքների զարգացման ծրագրերի վրա «տառապող» պաշտոնյաները քանի՞ ժամ կդիմանային գյուղական կյանքի պայմաններին: Չէին դիմանա, որովհետև գյուղի քարուքանդ ճանապարհներն ու աթարի հոտը նրանց քիմքերին ու թանկարժեք ավտոմեքենաների անվադողերին հարիր չեն: Կարևորն այն է, որ իրենք լավ ապրեն, իսկ գյուղացին՝ որքան կարողանա:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ