ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գիշերային ակումբներն էլ պիտի «վտարել»

Գիշերային ակումբներն էլ պիտի «վտարել»
12.09.2014 | 00:23

Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար:
«Իրատես de facto»-ին դիմած մի խումբ քաղաքացիներ փաստեցին, որ իրենց շքամուտքերում ամեն առավոտ կարելի է հայտնաբերել պահպանակներ ու ներարկիչներ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել այդ ակումբ այցելողների մասին։ Այս հանգամանքը, թերևս, ամենաքիչն է հուզում տվյալ օբյեկտների տերերին, քանի որ քաղաքացիների դժգոհությունը նրանք, մեղմ ասած, «բանի տեղ» չեն դնում ու շարունակում են իրենց եկամտաբեր բիզնեսը:
Իրավիճակը, սակայն, լուրջ կանոնակարգման խնդիր ունի, ընդ որում՝ օրենսդրական մակարդակով: Այնինչ, այս առումով ևս ոչ մի դրական միտում չկա:
Ավելին, երբեմն գիշերային ակումբներ են բացվում դպրոցամերձ տարածքներում, ինչն արդեն շրջանցում է բոլոր սահմանները: Եթե հաշվի առնենք նաև այդ ակումբներում հաճախակի դարձած ծեծկռտուքներն ու կրակոցները (ի դեպ, երբեմն դրանց հրահրիչները պաշտոնյաներ են կամ նրանց զավակները), լիովին պարզ է դառնում, թե ինչ օրի են այդ ակումբների շրջակայքում ապրող բնակիչները:
Ժամանակին հայրենի կառավարությունը ճիշտ որոշում կայացրեց, երբ խաղատները քաղաքի կենտրոնական հատվածից «վտարեց»: Լիովին արդարացված կլինի, որ օրենսդրական նման մի նորմ էլ սահմանվի գիշերային ակումբների համար, ասել է` խաղատների օրինակով դրանք էլ քաղաքից դուրս հանվեն:
Իրավապահները, որոնք ամենից հաճախ են առնչվում գիշերային ակումբների այցելուների ու նրանց «հերոսությունների» հետ, մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք կարող են նման դեպքերին արձագանքել, եթե իրենց դիմեն քաղաքացիներն ու հստակ նշեն, թե որ շքամուտքում է նման վիճակ ստեղծվել, այսինքն, «ոստիկանությունը աշխատում է կոնկրետ փաստերով»: Ինչ վերաբերում է գիշերային ակումբները քաղաքից «հանելուն», այս դիտարկումը ոստիկանության լրատվության բաժնի պատասխանատուները հռետորական համարեցին, քանի որ իրենց գործառույթի մեջ չի մտնում այդ դաշտի կանոնակարգումը: «Ոստիկանությունը կանխարգելում է, հասարակական կարգն է պահպանում»,- ասացին, անուղղակիորեն շեշտելով, որ եթե օրենքի մակարդակով հարցը կարգավորվի, ոստիկանությունը դեմ չի լինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ