Մեր քաղաքականացված կյանքում յուրաքանչյուր բնագավառի համար առանձնահատուկ քաղաքականություն է մշակվում (այլ հարց է, թե ինչ քաղաքականություն է տարվում):
Այսօր լիարժեք կայացած կարելի է համարել սոցիալական-տնտեսական-առողջապահական-կրթական և շատ այլ բնագավառներում տարվող քաղաքականությունը:
Քաղաքականությունների խաչմերուկում մի մեծ բացթողում, վրիպակ ունենք` անտեսված, անմշակ, անկարևոր դարձավ դաստիարակության բնագավառը: Մի՞թե պետության մեծագույն հոգսը նաև դաստիարակված քաղաքացիներ ձևավորելը չէ. ինչպիսի՞ սերունդ է մեզ հարկավոր, ո՞վ է մեր ժամանակի հերոսը, ի՞նչ նկարագրի տեր է նա։ Սոցիալական բևեռացումը սեպ է խրել երիտասարդության մեջ ու բևեռացրել նրանց: Մի բևեռում վայելքներից շփացած անբան-ամբարտավան հատվածն է, մի բևեռում` ինքնամեկուսացված, խեղճացած, հուսահատ, անգործ ու անուսում հատվածն է, մեկ այլ բևեռում` վերջապես ուսման հարգը իմացող, նպատակասլաց, կիրթ ու զարգացած, բայց, ցավոք, շատ փոքր հատվածն է: Էլի բևեռներ կան, և ցավս այն է, որ նրանք օտարված են միմյանցից, ոչ մի ընդհանրություն չունեն, միմյանց չեն հասկանում, խորթանում են իրարից, և ծնվում են մի կողմում` արհամարհանքը, մյուս կողմում` նախանձը, մեկ այլ կողմում` չարությունն ու անհանդուրժողականությունը:
Հաճախ եմ ջահելների աքլորակռիվների ականատեսն ու ականջալուրը դառնում. նրանց փոխադարձ հոխորտանքներն սկսվում ու սահմանափակվում են «արա, դու ո՞վ ես» և «արա, բա դո՞ւ ով ես» հազար անգամ կրկնվող ու հակադարձվող հարցերով: Սա ի՞նչ է, դաստիարակության արդյունք չէ՞, մեր անտարբերության ու անճարակության արդյունք չէ՞: Մեր անտարբերության ու հարմարվողականության պատճառով չէ՞, արդյոք, որ հեռուստաեթերներում վխտում են հակազգային, հակաբարոյական, ուրեմն և հակապետական հաղորդումներն ու ֆիլմերը: Լրագրողակա՞ն թեմա է սա, թե՞ միայն լրագրողների սիրտն է ցավում: Հարցը բարձրացվում է, իսկ հետո ո՞վ է տերն ու պատասխանատուն:
Այս սերնդի դաստիարակության տերն ու պատասխանատուն ո՞վ է: Մանր ու անտաղանդ, սեփական նեղանձնական շահերը գերադասող մարդիկ (հեղինակ-վարող-եթերատեր) եթերները ողողել են գռեհկաբանություններով, և ո՞վ պիտի ասի` կա՛նգ առեք: Նույն եթերներում հարգարժան հյուրերը ասում-խոսում, քննադատում են, բայց կարծես անապատում և միայն այլոց համար: Շատ մեծ սխալմունք է այսօր դաստիարակության գործը միայն դպրոցի գործը համարել: Այսօր որակապես ուրիշ դպրոց ունենք, հասարակության մեջ կրթության հարգը, ուսուցչի հարգը բարձրացնելու խնդիր ունենք. սերունդն անհնազանդ է, նրա հայացքներն ու պահանջները չեն համապատասխանում երեկվա կարգ ու կանոնին, դրվածքին, մտածելակերպին: Ներդաշնակություն չկա ընտանիք-դպրոց-շրջապատ-փողոց օղակների միջև: Չկա միասնական ըմբռնում ու պատկերացում, միասնական պահանջ: Խոստովանում ենք, չէ՞, որ պակասել են հարգանքը, բարությունը, բարյացակամությունը:
Ամեն ինչ չէ, որ ի ծնե է տրվում: Մարդը դաստիարակության արդյունքում է դառնում այնպիսին, ինչպիսին կա, մարդուն դաստիարակում են, կամ մարդն ինքն է իրեն դաստիարակում` օրինակ ու չափանիշ ունենալով ինչ-որ մեկին: Եվ պարտադիր չէ, որ այդ մեկը ճիշտ ու դրական օրինակ լինի: Այսօր խուսափում կամ ամաչում են համեստ ու չափավոր լինելուց, խելացի ու կարդացած լինելը ցանկալի չէ, դասարանում կամ կուրսում սովորողն անհարմար է զգում:
Այսօր հետամնաց է համարվում այն աղջիկը, ով ամառ-ձմեռ պորտը, կուրծքն ու ազդրերը բաց չի փողոց դուրս գալիս, ով կարող է և ուզում է քիչ թե շատ կարգին խոսել` զերծ առօրյա անիմաստ ու տափակ արտահայտություններից: Սա բացասական է, սա դաստիարակության բացն է:
Ընտանիքում գոյության խնդիրներ են լուծում, անարդարությունից և չարափոխված բարքերից են խոսում, դպրոցում հազիվ կրթական անընդհատ բարեփոխումներ են իրականացնում: Երեխան տեսնում ու զգում է կյանքի բոլոր հակասությունները, նա չի հաշտվում այն իրողության հետ, թե ինչո՛ւ պիտի ինքը վատ ու նեղյալ վիճակում ապրի, չհագնվի, չսնվի, չզվարճանա այսինչի կամ այնինչի պես: Նա չարանում է, նա չի հարգում ծնողներին, նա չի սիրում դպրոցը:
Դպրոցին (քանի որ հիմնականում այստեղից է սկսվում) այսօր դաստիարակության նոր կարգ ու ծրագիր է հարկավոր: Դաստիարակության հարցում դպրոցում շփոթ կա. նախորդ հասարակարգի բարոյական կոդեքսը սերտած, նրանով ապրած ու նրանով բազմաթիվ սերունդներ դաստիարակած մանկավարժը դժվարանում է: Պահանջներն ու չափանիշները փոխվել են, արժեքային համակարգը վերաարժևորվում է, սերունդների միջև փոխըմբռնումը պակասում է: Այսօր պետությունն ու հասարակությունը ի՞նչ որակի քաղաքացու պահանջ են դնում, ի՞նչ հատկանիշներ են ունենալու այս հերթափոխը, այս սերունդը, որը երկիր է պահելու:
Կատարելատիպը ո՞րն է:
Դաստիարակության պակաս կա ու անհրաժեշտություն: Մարդու ձևավորումը շատ նուրբ արվեստ է, որը, Կ. Հելվեցիուսի բնութագրմամբ, «սերտորեն կապված է կառավարման ձևի հետ և հասարակական դաստիարակության գործում հազիվ թե հնարավոր է զգալի որևէ փոփոխություն` առանց բուն պետական կարգի փոփոխությունների»:
Դաստիարակությունն է սերմանում բարությունը բարքերում, օգտակար սովորույթները, մշակում պահվածք ու վարվելակերպ, ճաշակ: Դաստիարակությունը խոսք ու քարոզով չի իրականացվում, ցանկացած երևույթ, գործողություն, միջադեպ ուղղակիորեն դաստիարակում են` ճիշտ կամ սխալ, դրականորեն կամ բացասաբար:
Դաստիարակության ամենաազդեցիկ գործոնը ճչացող անարդարությունն է, խոսքի ու գործի հակասությունը:
Ընտրությունից ընտրություն բարեգործություններով ու խոստումներով սերունդ չենք դաստիարակի: Մենք խաբում ենք ու խաբել ենք սովորեցնում, հույս ենք տալիս ու հուսահատեցնում ենք: Կատարածը, ձեռքբերումն ու առաջքայլերը այնպես ենք մատուցում, որ չեն հավատում ու հիասթափվում են:
Ամեն ինչի սղաճից ու պակասությունից ենք խոսում, քննարկում ու ելք որոնում, սակայն չենք կարևորում բարեկրթության, բարության, գեղեցիկ վարվելակերպի, հարգանքի սղաճը:
Եթե զարգացող երկիր ենք դառնում ու չափվում ենք այլ երկրների հետ, եթե նվաճումներ ենք արձանագրում այլ բնագավառներում, եթե կրթության մեջ քիչումիչ փոփոխություններ ենք փաստում, ապա դաստիարակության հարցում մենք տանուլ ենք տվել, և դա հասարակական չարիք է, դա չարիք է հասարակության համար:
Այս խնդիրը չենք կարող հերթի դնել, այս խնդիրը առաջնահերթ ու արտահերթ պիտի համարենք, եթե ուզում ենք ունենալ համաչափ ու ներդաշնակ զարգացող երկիր:
Այս և գալիք սերունդների համար:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ