Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Հիշո՞ւմ եք Վիլյամ Սարոյանի «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից հետո» պատմվածքը

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Հիշո՞ւմ եք Վիլյամ Սարոյանի «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից հետո» պատմվածքը
20.12.2013 | 00:26

Սառած մատներով ու սառած ծնկներով նստած եմ հիմա իմ սենյակում ու գրում եմ ձեզ այս տողերը: Հիշեցի այդ պատմվածքը ու սիրտս ջերմացավ, ծնկներս ու մատներս նույնիսկ տաքացան: Այդ պատմվածքի հերոսը, որ հենց ինքն էր` Վիլյամ Սարոյանը, ցատկոտում էր սենյակում ու ինչ- որ վարժություններ անում, որ տաքանա ու պատմվածք գրի, բայց բան չէր ստացվում: Հիշելով եմ ասում սա. նրա «Ժամում 60 մղոն» գիրքը մոտս է` գլխավերևս, բայց ցրտից շարժվել չեմ ուզում, որ վերցնեմ ու ճշգրտորեն պատմեմ` հիշելով եմ ասում: Կարծեմ նա մտածեց գրքեր այրել, որ տաքանա: Վերցնում էր գիրքը, կարդում հեղինակի անունը, վերնագիրը, ու այդպես էլ ձեռքը չէր գնում, որ այրի: Բայց, կարծես, շփոթում եմ. գրքերն այրել-չայրելու այս դրվագը ոնց- որ թե նրա մի ուրիշ գործում եմ կարդացել: «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից հետո» պատմվածքում նա, կարծեմ, դպրոցական տղա` ֆուտբոլ խաղալիս խիստ վնասել էր ոտքի ջլերը և սիրահարված էր իրենց դասարանից Էմմի անունով մի աղջկա: Ինչևէ: Գրքերը, հատորները մոտս են, կարող եմ վերցնել ու ճշտել: Հաստատ շփոթում եմ, բայց հոգ չէ, չեմ ելնում, սաստիկ ցուրտ է, ալարում եմ, բայց ժպտում. այնուամենայնիվ, ի՜նչ լավ վերնագիր է գտել` «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից հետո»: Կարող եմ գնալ խոհանոց, այնտեղ տաք է, կարող եմ թեյ դնել գազօջախին, բայց մնում եմ սենյակում, ուզում եմ զգալ պատմվածք գրող այն մյուս հերոսին, որն այդպես էլ չկարողացավ այրել գրքերը` տաքանալու համար: Ախր, ինչպե՞ս էր, գրողը տանի, այդ պատմվածքի վերնագիրը: Երևի կամ հավանաբար այսպես . «Աշխարհի ամենացուրտ ձմեռը, որ երբևէ եղել է պատմության մեջ. 19-ը դեկտեմբերի, 1913 թիվ»: Այնուամենայնիվ, գնամ խոհանոց ու գազօջախին թեյ դնեմ:

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ