ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով
19.11.2013 | 11:33

Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցան մի շարք մրցանակաբաշխություններ, մասնավորապես, հիմնադրամի կողմից Samsung tab մրցանակի արժանացավ ֆեյսբուքյան գրառումների մրցույթի հաղթող Հռիփսիմե Հովսեփյանը։ Մրցանակը հաղթողին հանձնեցին ժյուրիի անդամներ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը։

Երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ ՀՀ վարչապետի շնորհակալագրով և հուշանվերներով խրախուսվեցին մի շարք երիտասարդներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամի իրականացրած ծրագրերը երիտասարդական տարբեր խմբերի հետաքրքրությունները բավարարելու նպատակ ունեին։ Սակայն նա հատկապես ընդգծեց այն քննարկումները, որտեղ բարձրացվում էին երիտասարդական հիմնախնդիրները։ «Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, երիտասարդներին արտոնյալ վարկերի տրամադրում, ուսման վարձերի փոխհատուցում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծում, որը լրացուցիչ խթան է ուսանողական և երիտասարդական կառույցների զարգացման գործում։ Եվ այս ամենն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականության արդյունքում։ Մեր կարգախոսը պատահան չի ընտրված. երիտասա′րդ, դու ես։ Այո, դու ես մեր զինվորն ու զորավարը, դու ես մեր վաղվա բժիշկն ու ուսուցիչը, մի խոսքով, դու ես մեր վաղվա օրը։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն պատասխանատվությամբ և խնամքով վերաբերվել երիտասարդական տարիներին։ Հույս ունեմ, որ այս ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները կօգտագործեք միայն ու միայն մեր երկրի ու ձեր բարօրության համար»,- դիմելով երիտասարդներին՝ ասաց Կարեն Ավագյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը բարձր գնահատեց երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությունը և հատկապես այն փաստը, որ երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով։ «Սա լավ քայլ էր մեծ թվով երիտասարդների բարձր արվեստին մոտեցնելու առումով»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ