Շուրջ երկու տարի առաջ պետական լիազոր մարմնի կողմից դադարեցվեց «Արմֆուդ» ընկերության գործունեությունը, պատճառաբանվելով, թե սույն ընկերության կողմից արտադրվող այծի կաթը վնասակար է սպառողների առողջությանը, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և այլ բակտերիաներ: Այդ մասին հայտարարեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները` հանրությանը իրազեկելով այդ վտանգի մասին: Բոլոր խանութներից և վաճառքի տարբեր կետերից հանվեց «Արմֆուդի» արտադրանքը, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվեց շատ ծանր վիճակում: Ընկերությունը ոչ միայն նյութական վնաս կրեց, այլև բարոյական` արատվորվեց նրա բարի համբավը և ընկերությունը կանգնեց փակման եզրին:
Երկու տարի շարունակ դատարանում ընկերության շահերը պաշտպանող «ԼԵՎ Գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կարողացել է պարզել, որ լիազոր մարմնի որոշումը եղել է ոչ իրավաչափ: Այսօր հրավիրած մամլո ասուլիսում Վ. Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ կաթի մեջ ցուպիկներ հայտնաբերելու բողոքը լրիվ անհիմն է եղել, նման վնասակար բակտերիաներ գոյություն չեն ունեցել, պարզապես ոմանց պետք էր , որ արատվորվեր «Արմֆուդ» ընկերության անունը:
Ընկերության տնօրեն Բորիս ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ խոսքով ամենազավեշտալին այն է, որ նույն ախտանիշով կաթը տարբեր լաբորատորիաներում տարբեր գնահատակ Է ստացել. «Ավանի լաբարատորիան կաթի մեջ ցուպիկներ հայտնաբերեց, իսկ Կոմիտասում գտնվող լաբորատորիան նույն կաթը իդեալական գնահատեց: Ի՞նչ է սա նշանակում…160 այծ պահելը հեշտ բան չի, հսկայական ծախսեր է արվել: Ամեն ինչ վաճառեցի` տուն, ունեցվածք, որպեսզի հարկեր մուծեմ: Առնվազն երեք տարի պետք է, որպեսզի կարողանամ ընկերությունը ոտքի հանել»,- ասաց «Արմֆուդի» տնօրենը:
«ԼԵՎ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էլ ընդգծեց, որ այս երկու տարվա ընթացքում ընկերությունը ոչ միայն կրեց ահռելի ֆինանսական վնաս` չկարողանալով իրացնել իր ապրանքը, քանի որ սպառողների կողմից այն չէր գնվում, այլև կուտակեց նոր պարտքեր, այդ թվում հարկային և այսօր կանգնել է փակման առաջ:
«Փաստորեն, պետությունը, փոխանակ խթանելու տեղի արտադրանքը, իր գործողությունների շնորհիվ ընկերությանը գցեց պարտքերի մեջ: Առանց այն էլ Հայաստանում տեղական արտադրություն կազմակերպելը շատ բարդ է, իսկ նմանօրինակ գործառույթներն արգելք են երկրում արտադրությունը զարգացնելու , հետևապես և տնտեսությունը, և նման պայմաններում խթանում են արտագաղթի ավելացումը»,-նկատեց նա և շեշտեց, որ եթե կառավարության կողմից միջոցներ չձեռնարկվեն ընկերության բարի համբավը և կրած վնասնները վերականգնելու ուղղությամբ, համապատասխան քայլեր չարվեն, ընկերությունը ստիպված է լինելու օրենքով սահմանված կարգով վնասների փոխհատուցման պահանջ դնել: «Ինչպես հայտարարեցին, որ «Արմֆուդի» մոտ խնդիրներ կան, այնպես էլ թող հայտարարեն, որ ամեն ինչ նորմալ է»,-եզրափակեց Լևոն Բաղդասարյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ