Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր, որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը

Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր,  որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը
26.07.2013 | 12:02

Երևի ամենահարմար ժամանակն է գրելու և հիշեցնելու Հիսուս Քրիստոսի «Մի՛ դատվիր, որ չդատվես» պատվիրանը մեր ժողովրդին, որովհետև վերջին շաբաթներին բազմացել են դատողները, այն էլ Աստծո եկեղեցու ծառաներին: Չեմ ուզում մանրանալ ո՛չ անունների, ո՛չ էլ նրանց արարքների մեջ, բայց այս խրատը, որ գրել է մեծն վարդապետ Վարդան Այգեկցին, կարծում եմ, արժե որ մեզնից յուրաքանչյուրը կարդա, քանզի շատ ժամանակ իսկապես մեղավոր դիմացինին դատելով, մենք ինքներս ենք դատապարտվում այդ նույն հանցանքով, ինչպես զգուշացնում է մեզ Պողոս առաքյալը. «Ո՛վ մարդ, դո՛ւ, որ դատում ես, չե՛ս արդարանալու, այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան» (Հռոմեացիներին 2.1):
Այժմ կարդանք Վարդան վարդապետի խրատը ուղղված ժողովրդին. «Եվ դո՛ւ, ժողովուրդ, քո առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի՛ եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր, որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը, Ով դատաստանի օրը մի մազը որպես լեռ է քաշելու մեր եղունգներից: Քեզ հրամայվեց քահանաներին լսել և նրանց խոսքերին ու քարոզությանը հնազանդ լինել, ո՛չ թե նայել նրանց գործերին կամ մտահոգվել ու նրանց քննել: Այդ պատճառով աղաչում եմ քեզ, Աստծո՛ ժողովուրդ, եպիսկոպոսներին պատվեցեք ինչպես Քրիստոսին, և քահանաներին` իբրև Աստծո առաքյալների ու պատգամաբերների, անթերի ծառայե՛ք նրանց և ամբողջապես կատարե՛ք Աստծո Եկեղեցու հանդեպ պարտքը` սահմանված Եկեղեցու կողմից, որովհետև դա է Աստծո առաջին բաժինը ձեր վաստակից և եկամուտներից, որ հոժարությամբ տալիս եք Աստծո եկեղեցիներին: Եվ վա՜յ նրան, ով Աստծո Եկեղեցուն զրկում է, որովհետև զրկում է Աստծուն և իր ննջեցյալների հոգիներին, քանի որ Եկեղեցին հոգևոր մայր և ծնող է, իսկ սուրբ Ավազանը` արգանդ, որով Աստծո որդիներ դարձանք և ազատվեցինք սատանայի ծառայությունից: Դրա համար մենք պետք է առավել սիրենք Եկեղեցին, որը մեր հոգևոր մայրն է, քան մեր մարմնավոր մորը, որովհետև քահանայի միջոցով, Եկեղեցով և Խաչով են սահմանված մեր բոլորի մահն ու կյանքը` մկրտությունն ու պսակը, թաղումը, Աստծո սքանչելագործությունների ու մարդեղության բոլոր տոնակատարությունները: Եվ այս բաների պատճառով մի՛ դատեք Աստծո քահանային, այլ թողեք Աստծո՛ւն: Որովհետև առանց քահանայի չեք կարող քրիստոնյա լինել, և չի իրականանում ձեր քրիստոնեությունը: Պսակի, մկրտության և խոստովանության ժամանակ Սուրբ Հոգին քահանայի միջոցով է շնորհ պարգևում: Իսկ ո՞վ գիտի, սուրբ քահանա չի հանդիպում. նույնիսկ հանցավոր քահանան է իր կարգի բերումով և անհրաժեշտության պատճառով պսակում, մկրտում, հաղորդում ու խոստովանեցնում, և Աստված ձեզ շնորհ ու թողություն է տալիս, իսկ նրան ըստ նրա գործերի պատժում:
Ահա ձեզ որպես օրինակ ոսկե և երկաթե մատանիները. [երբ նրանցով] մոմի վրա կնիք են դնում, [երկու դեպքում էլ] թագավորի պատկերը նույնն է երևում մոմի վրա»: Ի հաստատումն այս ամենի, Հիսուս Տիրոջ խոսքը լսենք. «Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները. ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում» (Մատթ. 23.2)։
Վերջին հորդոր հետգրությամբ. մեր սուրբ վարդապետի այս խրատը կարդալուց հետո եթե դարձյալ սրտումդ շարունակես դատել ուրիշին, ու մանավանդ Աստծո ծառաներին, ուրեմն հաստատ իմացի՛ր, հայորդի ընթերցող, որ քեզ սատանան իր մոլորությամբ Աստծո առաջ դատապարտության ատյան է քարշ տալիս, քանզի Տերն Ինքն է զգուշացրել. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոսի Ավետարան 7.1-5):
Վերջապես, ուզո՞ւմ ես, որ իսկապես հստակություն լինի եկեղեցում, սկսիր քեզնից, ու առանց դատելու ու քննադատելու, աղոթք արա Աստծո ծառաների համար, ինչպես գրված է. «Աղոթք արեք միմյանց համար, որպեսզի բժշկվեք»:


Քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ