Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր»

«Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր»
23.07.2013 | 11:20

Այս հրապարակման վերտառությունն անձամբ Հիսուսի խոսքերն են, որից և օգտվել են աշխարհի մի շարք լուրջ գիտնականներ, ովքեր, ըստ Ավետարանի խոսքի, ճշմարտությունն են փնտրել ու գտել, քանզի խոստացողը Տերն Ինքն է։ Ահա նման «փնտրողներից ու բախողներից» մոտ հիսուն գիտնական իրենց ունեցած տվյալների հիման վրա հիմնավորապես սասանեցին մինչ այդ հաղթանակող դարվինյան տեսությունը։ Բանն այն է, որ մինչ անցյալ դարի հիսունական թվականները, երբ միկրոսկոպներն այնքան հզոր չէին, գիտնականներ-հետազոտողները մանրագույն բջիջները, որոնք համարում էին կյանքի շարունակությունը ապահովող տարրեր, դեռևս չէին կարողանում «ներսից» ուսումնասիրել։ Բայց տեխնիկայի վերընթացի շնորհիվ, ժամանակակից գերհզոր միկրոսկոպների միջոցով, որոնք մինչև հիսուն հազար անգամ մեծացնում են հետազոտվող բջիջները, գիտնականները վերջապես ներթափանցեցին կենդանի բջջի մեջ, ու ապշեցին հիացմունքից, տեսնելով, թե ինչ զարմանալի պրոցեսներ են կատարվում այնտեղ։ Մինչ այդ նույն գիտնականները կարծում էին, թե մեր բջիջներն ընդամենը պրոտոպլազմային դոնդողով լեցուն փոքրիկ պարկեր են, բայց հետո տեսնելով, թե ի՜նչ կատարելություն է իրենից ներկայացնում այդ մի բջիջը, կարկամել էին արարչական հանճարից։ Այժմ պարզապես ներկայացնենք մի քանի տեղեկություն մեր մարմնի կենդանությունն ապահովող միլիարդավոր ամենապարզ բջիջներից մեկի կառուցվածքի մասին։ Այս գիտությունը կոչվում է մոլեկուլյար գիտություն։ Գիտնական Բայկլ Դենտոնը բացատրում է, որ տասնյակ հազար անգամ մեծացրած բջիջը նման է իսկական տիեզերանավի, որը բաղկացած է բազմաթիվ դռներից, որոնք բացվում և փակվում են ամենաաներևակայելի հնարքներով։ Օրինակ, երբ այդ բջջին են մոտենում հորմոնները, բջջի դռները ամեն մեկի առաջ չեն բացվում, այլ նախապես ստուգում են մոլեկուլները, ու եթե գտնում են, որ օգտակար է, բացվում են դռները ու ներս են թողնում այն, իսկ եթե պարզվում է, որ այն վիրուսակիր է, ապա չեն բացվում։ Իսկ երբ, օրինակ, բջջին է մոտենում ինսուլինի մոլեկուլը, որը շաքարի մոլեկուլ է կրում իր մեջ, որը շատ ավելի մեծ է, քան տվյալ բջջի դուռը, այդ ժամանակ դռներից մեկը մեծանում է այդ օգտակար էներգակիր մոլեկուլին համապատասխան ու ներս ընդունում շաքարի մոլեկուլը, որը հատուկ սարքերի միջոցով տեղավորվում է համապատասխան տեղում, մինչև կգա դրա միջի էներգիայից օգտվելու ժամանակը։ Լոկ մի պարզ բջջի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունը ժամանակակից գիտնականների համար ցնցող տպավորություն է թողել, քանզի այն, ինչ նրանք տեսել են, շատ ավելի վեր է եղել մարդկային մտքի երևակայությունից։ Լոկ մեկ բջջում գտնվող միկրոշարժիչների կատարելությունը տեսնելով, որոնց միջուկը (ռոտորը) պտտվում է ստատորի մեջ 100000 պտույտ մեկ րոպեում, երկու ուղղությամբ էլ, երբ անհրաժեշտ է։ Նրանք սեփական աչքերով տեսնելով այդ բարձրագույն կատարելությունը, ձեռքերը վեր բարձրացնելով խոնարհվեցին Աստծո հանճարի առջև։ Գիտնականներից շատերը նույնիսկ բարկությամբ էին լցվել, հասկանալով, որ մինչ այդ նրանց ուղեղները լցոնել էին սխալ, ավելի շուտ վնասակար անաստվածության գիտությամբ։ Դա ճշմարտությունը փնտրող հոգու բնական ռեակցիա էր, քանի որ ցասումը կենդանի հոգու բաղկացուցիչ մասն է։ Դրա բուն պատճառը նաև այն է եղել, որ նրանցից շատերը անհավատության պատճառով դեռևս չէին կարդացել Աստծո խոսքն այդ մասին, որտեղ գրված է. «Ինչպես երկինքն է երկրից բարձր, այդպես էլ Իմ միտքը ձեր մտքից», ասում է Արարիչ Տերը։
Իսկ Հոբ երանելին մարդու արարչությունն այսպես է նկարագրում.
«Քո ձեռքերը ինձ ստեղծեցին, ու իմ բոլոր անդամները կազմեցին։
Հիշի՜ր, որ ինձ կավի պես ստեղծեցիր ու հիմա ինձ հո՞ղ պիտի դարձնես։
Չէ՞ որ կաթի պես ինձ թափեցիր ու պանրի պես թանձրացրիր։
Ինձ մորթով ու մսով հագցրիր ու ոսկորներով ու ջղերով հինեցիր։
Ինձ կյանք ու ողորմություն շնորհեցիր։
ՈՒ քո խնամքը հոգիս պահպանեց» (Հոբ 10.9-12)։
Հայտնի գիտնական Մայքլ Բիխին, հիմնավորելով այդ ամենը, գրեց «Դարվինի սև արկղը», որտեղ գիտականորեն ջախջախվում է Դարվինի էվոլյուցիոն թեզը։ Հետևանքն այն եղավ, որ շատ ողջախոհ գիտնականներ հասկանալով իրենց բնապաշտական (բնությունը որպես արարչագործության սկիզբ համարողները) ու բանապաշտական (միտքն ու տեսածը որպես վերջնական հանգուցակետ ընդունելը, առանց հաշվի նստելու աներևույթ զորությունների հետ, ու Արարչական նախասկզբի գոյությունը մերժողները) մոլորությունները, խոստովանել են. «Այն ամենը, ինչ տեսնում ու չենք տեսնում, բոլորը, անկասկած, արարչական սկիզբ ունեն, ու այդ Արարչի անունն է՝ Աստված Ամենակալ»։
Բայց ինչպես խավարասերների համար է լույսը անտանելի ու տհաճ, այնպես էլ այն հոգիների, որոնք խավարը լույսից գերադասեցին (Հովհ 3.19):
Ամերիկացի գիտնական Կենտ Հովանդը իր դասախոսությունների ժամանակ գիտափաստերով ապացուցում էր էվոլյուցիոն տեսության անհիմնությունը։ Նրա դեմ սկսեցին պայքարել այդ երկրի առաջավոր աթեիստ գիտնականները, իսկ երբ համոզվեցին, որ իրենց բոլոր փաստարկները հերքվում են Կենտ Հովանդի միջոցով, և ապացուցվում է արարչական հիմնասկզբունքը, որոշեցին պետական ծառայության ուժերին դիմել, որ իբր նա տուրքերի մարման անճշտություններ ունի իր գիտական գործունեության ոլորտում, և նրան բանտ նստեցրին։
Իսկ լրջամիտ գիտնականներից շատերը գրել են ողջախոհ կարծիքներ, որոնցից մի քանիսը արժե կարդալ։
Մաքս Պլանկը իր ժամանակին գրել է. «Կրոնն ու գիտությունը, ի վերջո, ճշմարտությունն են որոնում և գալիս են Աստծո գոյության մասին եզրակացությանը։ Առաջինը Աստծուն պատկերացնում է որպես ամեն ինչի հիմք, իսկ երկրորդը՝ որպես աշխարհաճանաչողության վերջ»։
Իսկ Լուի Պաստերը իր ժամանակի աթեիստ գիտնականների մասին գրել է. «Դեռ կգա ժամանակ, երբ կծիծաղեն մեր ժամանակակից մատերիալիստական փիլիսոփայության հիմարության վրա։ Ինչքան շատ եմ զբաղվում բնության ուսումնասիրմամբ, այնքան շատ եմ հիացմունքով կանգ առնում Ստեղծողի գործերի վրա, ու լաբորատորիայում աղոթում եմ աշխատանքից առաջ»։
Վերջում, որպես օգնություն ընթերցողին, Աստծո խոսքից գրենք մի քանի նախադասություն այս ամենի մասին, որ դրանց միջոցով ինքնաքննություն կատարենք։
Տեր Հիսուսը ասում է. «Ես եմ ճշմարտությունը և կյանքը», բայց մենք գերադասում ենք մեղքն ու մահը։
«Ես եմ բարի Հովիվը», բայց մենք Նրա ձայնը չենք ուզում լսել։
«Ես եմ Հոր մոտ ձեր բարեխոսն ու միջնորդը», բայց չենք դիմում Իրեն։
«Ես եմ Կենդանի Հացը, որ իջա երկնքից», բայց մենք Սուրբ Հաղորդությամբ չենք սնում մեր հոգիները։
«Ես եմ Աստծո Միածին Որդին», բայց մենք երկյուղով չենք երկրպագում Նրան։
«Ես եմ ձեր արարիչ Աստվածը», բայց մենք ուրիշ աստվածների ենք երկրպագում, լինի պաշտոն, փող, թե մարդ։
ՈՒրեմն՝ եթե Ես եմ ձեր Տերն ու Արարիչը, ապա ինչո՞ւ չեք աղոթում Ինձ, ինչո՞ւ Իմ խոսքերը չեք լսում ու կատարում դրանք։
Եթե Ես եմ ձեր Հայրը, ինչպես որ «Հայր մեր» աղոթքով եք ասում, ապա ինչո՞ւ Իմ տուն՝ Եկեղեցի չեք հաճախում ամեն կիրակի, որ սուրբ պատարագով մաքրվեք ու զորանաք։
Եթե Իմ անունը Սեր Աստված է, ապա ինչո՞ւ չեք վախենում Ինձանից ու չեք խոստովանում ձեր մեղքերը, որպեսզի հավիտենական կյանք ունենաք։
Եվ այսպես, աստվածճանաչողություն են ունենում միայն նրանք, ովքեր փնտրում են իրենց Արարչին, ինչպես որբը երբեք չտեսած իր ծնողներին։
Իսկ Աստծո խոսքը Իրեն չհավատացողների մասին սա է վկայում. «Ամբարիշտը իր մտքում ասաց. «Աստված չկա»։ Այսինքն, ամբարիշտները, սիրելով մեղքը, երբեք չփնտրեցին Աստծուն, և իրենք իրենց իմաստուն համարելով, հիմարացան:
Եթե Աստծո գոյության կամ չգոյության մասին քեզ ուզենաս հարց տալ, պատասխանը փնտրիր սրտումդ ու կհամոզվես, որ սուրբ նախնիներդ իսկապես իմաստուն են եղել ու Հիսուս Քրիստոսին հավատալով, Իր Հորը՝ կենդանի Աստծուն են ճանաչել։ ՈՒ տա՛ Աստված, մենք բոլորս էլ այժմ այդ իմաստությունից ունենանք ու դրանով առաջնորդվենք ազգովին, որպեսզի չտարրալուծվենք այս աշխարհում ահագնացող մեղքի ու անօրենության մեջ, որ վախճանը գալիք մաքրագործող հուրն է։
Հետգրություն- Այս ամենը հենց այնպես չգրվեց այս գրքում, որովհետև այժմյան բժշկագիտությունը սկսել է ուշադրություն դարձնել նանոտեխնոլոգիական մեթոդներին ու հասել մեծ հաջողությունների։ Բայց դեռ չի կարողանում հաղթահարել վերջին դարերի ժանտախտը՝ քաղցկեղը, սպիդը կամ շաքարախտն ու մնացածները։ Բայց մենք թե՛ այս գրքում, թե՛ այլ աղբյուրներից բազմաթիվ վկայություններ ունենք, որ այդ անբուժելի համարվող հիվանդությունները բժշկվել են, երբ դրանք հավատի լույսի տակ են բերվել ու արարչական ձեռքերին հանձնվել։
Դեռ իր ժամանակին Պողոս առաքյալը այս զարմանալի ու խորհրդաշատ միտքն է արծարծել. «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնուծուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները»։
Եվ զուր չէ, որ Նարեկացու աղոթքները հենց այդպես են գործում, քանզի այդ աղոթքների մեջ ամենաշատն են մեջբերվել խոսքեր բուն Աստվածաշնչից, մանավանդ Դավթի սաղմոսներից։ Իսկ որ սաղմոսներն իսկապես բժշկարար զորություն են կրում իրենց էությամբ, կարդանք հայոց Փիլիպոս կաթողիկոսի հետ կապված այս դեպքը. Սուրբ հայրապետ Փիլիպոսի կաթողիկոսությունն օրավուր զորանում ու հաստատվում էր, որովհետև Տերը նրա հետ էր, քանզի վարքով խիստ ճգնող, պաս պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում անձանձիր, խոսակցությունը աստվածային էր. ինչ որ Աստծուց խնդրում էր, Աստված ամենը անթերի պարգևում էր: Մեր աչքերով տեսանք, որ բազում դիվահարներ նրա աղոթքներով ազատվեցին, հիվանդներ, պես-պես ցավագարներ, անդամալույծներ առողջացան, ամուլ կանայք նրա աղոթքներով զավակներ ծնեցին: Նրա բժշկություններից այստեղ մեկը միայն հիշեմ:
Երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը քարոզությամբ շրջում էր օսմանցիների երկրում, Անկարա քաղաքում Զատկի մեծ տոնի կիրակի օրը այսպիսի բան պատահեց: Մինչ տեր Փիլիպոս հայրապետը առանձնացած նստած էր, իսկ իր աշակերտներից Հովհաննես անունով մի վարդապետ՝ երևելի մի մարդ, կանգնած էր նրա առջև, տեսան, որ մոտ տասնհինգամյա մի պատանի եկավ, որ մեջքին ուներ մի փոքրիկ, մոտ յոթնամյա մանուկ, որին բերեց, դրեց հայրապետի առջև: Նույն պատանին նաև իր ձեռքում բռնել էր իր գլխարկով լիքը խնձոր և ներկած ձու: Այդ էլ դրեց հայրապետի առջև ու աղաչանքով և աղերսանքով խոսեց և ասաց նրան. «Քո ծառան եմ, տեր հոգևոր, այս երեխան, որ դրի քո սրբության առջև, իմ եղբայրն է. այսքան տարի, ինչ ծնվել է, ոչ կարողանում է խոսել, քանզի համր է, և ոչ կարողանում է կանգնել, քանզի ոտքերը թույլ են: Դրա համար աղաչանքով խնդրում եմ քո սրբությանը, որ սրա վրա աղոթք անես, և ես հավատամ Տիրոջը, որ քո աղոթքով առողջություն լինի իմ եղբորը»: Իսկ մեր հայրը և սուրբ հայրապետը ծնկի եկավ, ձեռքերը վեր բարձրացրեց և իր մեջ հավաքելով մտքերը և իր մտքի տեսողությունը հառելով բոլոր սրտերը տեսնող Աստծուն, աչքերից արտասուք հոսեցնելով` աղոթք արեց բավական ժամեր. աղոթքից հետո, երբ ասաց «Հայր մեր, որ երկնքում ես…», առավ խնձորից, գլորեց հեռու և խանդաղատական խոսքով ասաց փոքրիկ մանկանը. «Վեր կաց, որդյակ, վեր կաց և գնա այն խնձորը բեր»: Այն ժամանակ շնորհներով ու ողորմությամբ բարերար Աստծո, մանուկը ոտքի ելավ, գնաց վերցրեց խնձորը, բերեց հայրապետի մոտ: Այս անգամ հայրապետը մանկանն ասաց. «Վերցրի՞ր խնձորը, որդյակ»: Այն ժամանակ Աստծո շնորհներով համր մանուկը պատասխանեց. «Այո, վերցրի, և ահա այն»: Սուրբ հայրապետն ասաց. «Այժմ փա՜ռք տուր Աստծուն, որդյակ, և գնա գոհացած Նրանից»: Մանուկն ասաց. «Փա՜ռք Աստծուն»: Ապա մանկանը տվեց եղբորը, որն առավ ու գնաց, փառավորելով հրաշագործ Աստծուն, որ զորության շնորհ է տալիս իր ծառաներին (Դավրիժեցի, «Պատմություն»):
Ահա այսպես են գործում Աստծուն գտած և Նրան հավատով փառավորող հոգիները:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ