Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Քո խոսքով պիտի դատվես և քո խոսքով պիտի արդարանաս»

«Քո խոսքով պիտի դատվես և  քո խոսքով պիտի արդարանաս»
16.07.2013 | 11:03

Եթե հավատում ենք, որ մեր միտքն այն կարևոր միջավայրն է, որտեղ ծնվում և մեռնում է չար ու բարի ամեն խորհուրդ, ուրեմն առավել մանրակրկիտ ուսումնասիրություն է պետք մեզ հասկանալու այդ ամենի ակունքներն ու մեր միտքը լուսավոր պահպանելու նրբությունները:
Երբ փորձիչը՝ սատանան, անապատում Հիսուսին քառասնօրյա պահքի ժամանակ մոտեցավ, երեք անգամ փորձեց Նրան խոսքով ասել (այլ ոչ թե պարտադրել, քանի որ նրան այդ իրավունքը չի տրվել), որ Նա այս կամ այն բանն անի: Հիսուսը նրան պատասխանեց ոչ թե Իր խոսքով, այլ երեք դեպքում էլ պատասխանեց. «Գրված է, որ...» (մանրամասն այս մասին կարող եք ընթերցել Մատթեոսի Ավետարանի չորրորդ գլխում): Այսինքն, Նա Աստծո Որդի լինելով, որպես հաղթության զենք գործածեց Հոր գրվածքը՝ Աստվածաշունչը, քանի որ չարի դեմ միակ զենքը Տիրոջ խոսքն է, ինչպես և հաստատում է հավատի ընտիր զինվոր Պողոս առաքյալը, գրելով. «ՈՒստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել սատանային..., ձեր մեջքները գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը: Ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո Խոսքը» (Եփես. 6. 13-18):
Այստեղ նկարագրված բոլոր հոգևոր զենքերը պահպանիչ զորություն ունեն, բացի Աստծո Խոսքից՝ սուսերից: ՈՒզում եմ ասել, յուրաքանչյուր ընթերցող, որ քո մտքում չունես Աստծո խոսքը ամբարված, ապա գուցե և կարողանաս չարի հնարքներին հակառակվել, բայց հաղթել երբեք չես կարող, ու կգա պահը, որ կպարտվե՛ս: Հիսուս, որ Աստծո Բանն է, այսինքն` Հոր կենդանի Խոսքը, Ով մարդացավ, որ մեզ աստվածացնի, սատանային դիմակայեց Հոր Խոսքով: Իսկ մենք այդ նույն խոսքով չարին հակառակվելու և հաղթելու համար պետք է նախ ունենանք այդ նույն խոսքը մեր մտքի բանական շտեմարանում, իսկ այդ չի լինում, եթե մենք չենք կարդում, կամ չենք լսում Աստծո խոսքը: Իսկ սատանան մեզ չի պարտադրում իր կամքը կատարել ու մեղքի մեջ մտնել, այլ մեր մտքի միջոցով փսփսում է այս կամ այն, ու մենք մեր մտքում չունենալով Աստծո խոսքի սուսերը, չենք կարողանում չարին մեր մտքից հեռու վանել: Եվ այդ դեպքում սատանան իր բույնն է հյուսում մեր մեջ, ճտեր հանում, ու շուտով մեզ իր կամակատարը դարձնում: Դրանից հետո մեր մարմնի անդամները չարին ծառայության ենք տալիս, ու հետո դրա հետևանքը կրում կամ մտագարությամբ, կամ մարմնի զանազան ցավոտ հիվանդություններով, վերջում էլ` հոգու կորստով:
Եվ այսպես, չունենալով մեր մտքում Տիրոջ խոսքը, մենք կտրվում ենք մեր հավիտենական կյանքից՝ Հիսուսից, այդ պատճառով հիվանդություններն ու մահը անարգել իշխանություն են բանեցնում մեզ վրա:
Ահա սա է շատերիս պարտությունների ու հիվանդությունների, ի վերջո, դժոխքի դատապարտությամբ մահվան պատճառը:
Հիմա էլ այս առիթով մի վկայություն պատմեմ, քանզի կատարվածը ինձ հետ է եղել: Եղան իմ ընտանիքում փորձության տարիներ, երբ կինս կրծքի քաղցկեղով երկար ժամանակ տառապում էր անկողնում: Դա համընկել էր 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, ու փորձությունները այդ նեղությունների հետ մեկտեղ կրկնակի էին դարձնում ընտանիքիս կրած տառապանքը: Մի անգամ, դեկտեմբերյան ցուրտ մի գիշեր, վերադառնում էի տուն։ Հոգիս այնպիսի վշտով ու տխրությամբ էր լցված, որ մի տեսակ խուսափում էի ընտանիքիս վշտալի վիճակը նորից տեսնելուց: Մեր շենքի մոտ մի դպրոց կար, ընդարձակ բակով: Այնտեղ մի պահ կանգ առա, աչքերս սառն ու անշարժ երկնքի աստղերին հառելով, աղոթեցի Տիրոջը. «Աստված իմ, Դու ամենալավը գիտես, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, կնոջս ու ինձ հետ: Հիմա իմ սիրտը լիքն է տխրությամբ ու վշտով, և արդեն հուսահատության եզրին եմ հասել: Ես միշտ աղոթել եմ կնոջս բժշկության համար, այժմ էլ դրա հետ մեկտեղ խնդրում եմ, ինչպես գիտես մխիթարիր ինձ, որ կարողանամ տանել այս փորձությունները քրիստոնեավայել, մինչև որ Քո կամքը կատարվի»:
ՈՒ կանգնած սպասում եմ, թե այդ ինչպես պետք է հիմա ինձ մխիթարի, երբ ոչ մի ելք չեմ տեսնում համարյա ընկճախտային այդ վիճակից:
Անցավ մեկ րոպե, հետո երկրորդը, հետո երրորդը, ես համառորեն կանգնած սպասում եմ սառն ու անտարբեր աստղերին նայելով: Հանկարծ այդ բացարձակ գիշերային լռության մեջ ներսումս Նրա ձայնը լսեցի: ՈՒ հաստատ իմացա, որ Նա է, իմ Փրկիչը, քանի որ նման մեղմ ու սիրող ձայն միայն Ինքն ունի: Նա ասաց. «Զավակս, չե՞ս կարդացել այս խոսքը. «Ամեն ժամանակ, ամեն բանի համար պետք է գոհություն տաք Աստծուն և Հորը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»:
Ես իսկույն հիշեցի Պողոս առաքյալի այդ խոսքերը (Եփեսացիներին 5.20), որի մասին դարձյալ կրկնում է մեկ այլ տեղում, ասելով. «Անդադար աղոթք արե՛ք: Ամեն բանի մեջ գոհություն տվեք, քանի որ այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ վրա» (Ա Թեսաղ. 5.17):
Սկզբում զարմացա, թե ինչ կապ ունի այդ բոլորն իմ մխիթարության հետ, քանի որ իմ վիճակում Աստծուց գոհանալու ոչ մի պատճառ չէի տեսնում: Բայց քանի որ Խոսողը Տերն էր, ես հնազանդվեցի, և մի ճլորած ու թառամած գոհություն հայտնեցի Աստծուն: Քիչ անց դարձյալ կրկնեցի, ու հետո էլի՛ ու էլի՛, ու կատարվեց անսպասելին, կարծես ներսումս հոգևոր լույս ծագեց, ու ես արդեն ամբողջ սրտով էի գոհանում ու փառաբանում Աստծուն, և շուտով ուրախության արցունքներ հոսեցին աչքերիցս. սատանան՝ խավարի ու մահվան, հուսահատության ու ընկճվածության աղբյուրը, հեռացավ ինձնից, քանզի Լույսի և Խաղաղության Իշխանը՝ Հիսուսը, երևաց խավարած հոգուս երկնակամարում, Ով ասել է. «Քաջացե՛ք, Ես հաղթեցի աշխարհին», այսինքն` ինչ կա նրա մեջ. մահ, հիվանդություն, տխրություն ու վիշտ:
ՈՒ եթե կարծում եք, որ ես գնացի տուն ու տեսա կնոջս ոտքի ելած ու առողջացած, որն ինձ է դիմավորում ուրախության ժպիտով. ո՛չ, ամեն բան նույնն էր արտաքինից, իսկ ներսումս՝ մտքի ու սրտի պատերազմում հաղթանակ էր տարվել, քանի որ հնազանդվել էի Աստծո խոսքին: Իսկ ամեն բանի համար գոհություն տալ Աստծուն չի նշանակում, թե ամեն բան լավ է, հաջողակ, այդ ժամանակ, ամեն բանի համար և ամեն ժամանակ, թեկուզ և ամեն բան մռայլ ու սխալ է շուրջդ, որովհետև Տերն է հրամայել, որ այդպես անենք. քանզի դա հոգևոր զենք է մահվան իշխանի դեմ: Ինչպես Տերն է «Աստծո կանչ» գրքում ասել. «Աստծուն ուղղված փառաբանությունն ու գոհությունը սատանայի համար մահազանգ է»։
Իսկ թե ինչպես ավարտվեց այս հոգևոր պատերազմը, կասեմ: Չանցած մի քանի շաբաթ, երբ ես ռևանոլի լուծույթով մշակում էի քաղցկեղից քայքայված կնոջս կրծքի վերքերը, հանկարծ մի քանի վայրկյանով այդ բոլոր վերքերը վերածվեցին գեղեցիկ ու գունավոր մարգարիտների, ընդ որում, մեծ ու արյունոտ վերքերը վարդագույն ու հազվագյուտ մարգարիտների էին վերածվել. ավելի գեղեցիկ ոչինչ չէի տեսել: Ես, ապշած իմ տեսածից, չհասցրի էլ այդ պահին փառք տալ Աստծուն, միայն կարկամել էի այդ հրաշքը տեսնելով: Քանի որ Աստված հենց այնպես ոչինչ չի անում, հետո Տերն ինձ նման տրտնջացող տկարիս հասկացրեց, որ չխանգարեմ Իրեն, քանի որ հիվանդության տառապանքներով Նա կնոջս համար հավիտենական գանձեր է դիզում երկնքում: ՈՒ ասեմ, որ սիրելի կինս զարմանալիորեն այդ երկու տարվա մեջ երբեք չտրտնջաց Աստծո դեմ, այլ միշտ առավոտները գոհանում էր մի քանի ժամվա քնի համար: Նույնիսկ իր ննջասենյակի պատին կից ապրող հարևանի աղջնակի համար աղոթք էր անում, որ նա լավ դաշնամուր նվագել սովորի, որի բարձր ձայնից նա ամեն առավոտ վեր էր թռչում, առանց քունն առնելու: Իսկ սուրբ հայրերն ասում են, որ երբ հիվանդը գոհությամբ ու անտրտունջ է տանում իր հիվանդությունները, Աստծո կողմից նա մարտիրոսության պսակի է արժանանալու: Ահա այսպես էլ է Աստված գործում, և Իրեն սիրողների համար ամեն չարիք բարիքի է վերածում:
Հիմա տեսա՞ք, թե ինչի համար էր Տերն այն ցուրտ դեկտեմբերյան գիշերն ուզում, որ գոհանայի Աստծուց: Քանզի Աստծո հաշվարկները հավիտենականության համար են, ինչը այս ժամանակավորի մեջ չենք կարող հասկանալ։

ՄԵՐ ԽՈՍՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն կարդացինք Աստծո խոսքի զորության մասին: Բայց սա էլ իմանանք, որ մեր խոսքն էլ ունի իր մեծ կարևորությունն ու հետևանքները, մանավանդ երբ այն աղոթքի է վերածվում:
Հետևություն. եթե դատաստանն այսքան անաչառ է լինելու, ապա քանի դեռ մեզ ժամանակ է տրված մեր մարդասեր Արարչից, զղջումով ու խոստովանությամբ մաքրվենք մեր մտքերում չարի սերմանած բոլոր որոմներից, այսինքն՝ ատելությունից, չարությունից, նախանձից, բամբասանքից, վրեժխնդրությունից, նենգությունից, և սրանց նման շատ ու շատ բաներից, որոնց մասին մենք շատ լավ գիտենք:
Մտքի պատերազմում խոսքով հաղթող լինելու համար «Աստծո կանչ» գրքում, որը հատվածաբար տպագրվել է «Իրատես de facto» թերթում, Հիսուսը բազմիցս խորհուրդներ է տվել դրա դեմ, ասելով. «Միշտ ասեք. «Ամեն ինչ լավ է» (21 մարտի): Եվ դարձյալ. «Ամեն վախ ու ամեն տարակույս ոճիր է Իմ Սիրո դեմ: Ա՜խ, որդյակներս, վստահեցե՛ք Ինձ: Ամեն օր ասեք, բազմիցս ասեք օրվա ընթացքում. «Ամեն ինչ լավ է»: Ասեք այս մինչև որ հավատաք դրան, համոզվեք դրանում» (7 օգոստոսի):
Մտային պատերազմի վերաբերյալ այս մի վկայությունը ևս կարդանք: Զանգում է ինձ մի քույր ու համարյա լացակումած ասում, որ իր մեջ հայհոյող մտքեր են գալիս, ու ինքն ամեն բան անում է, որ դրանք իրենից հեռու վանի, բայց անկարող է, դարձյալ վերադառնում են ու իրեն հոգու ցավ են պատճառում, որովհետև այդ պիղծ մտքերը բոլորիս սիրելի սրբերի հանդեպ են բերում: Ես տեղյակ էի նման հոգեվիճակի մասին, քանի որ ինքս էլ եմ անցել այդ փորձությունով: ՈՒ տարիների փորձառությամբ և սուրբ հայրերի վարքերի ուսումնասիրմամբ հասկացել էի, թե ինչպես են պատերազմում տվյալ վիճակում: ՈՒ ինչպես հաղթող սրբերն են ասել. «Սեպը սեպով են հանում», այդպես էլ պետք է վարվել տվյալ դեպքում: Այսինքն, երբ սատանան պիղծ ու չար մտքեր է բերում մեկի հանդեպ, կամ էլ հայհոյալից խորհուրդներ սրբերի հանդեպ, դու նրան պատասխանիր այդ նույն մարդկանց օրհնելով, իսկ սրբերին գովաբանելով ու փառաբանելով: Ինչքան մտքերը սաստկանան, դու այդքան օրհնիր ու փառաբանիր, սատանան չի կարողանում հանդուրժել, երբ օրհնություններ ու փառաբանություններ են հնչում քրիստոնյայի շուրթերից: Հիմա որևէ մեկը կարող է ասել, որ կան շատ մարդիկ, նույնիսկ հոգևորականներ, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը, բայց հայտնի մեղքերի մեջ են, ու խավարի իշխանի գործերն են անում: Այո՛, դժբախտաբար այդպես է լինում, քանի որ խոսքը իմանալը չէ, որ փրկում է մարդուն, այլ այդ խոսքի համաձայն Աստծո կամքը կատարելը: Այդ է պատճառը, որ Հիսուսն ամենքիս ասաց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7.21):
Իսկ մեր երկնավոր Հոր կամքը միայն կարող ենք Իր Խոսքով՝ Աստվածաշնչով իմանալ:
Շատ մտավորականներից եմ լսել, որ ասել են, թե իբր մեր ունեցած Աստվածաշունչը բնաբանից շատ է տարբերվում, իսկ եղածն էլ մարդիկ են գրել, կամ էլ թարգմանություններն են թերի, և այդպես ասելով ամբողջ կյանքում Աստվածաշունչը չեն բացել, և այդպիսով իրենց իմաստուն կարծելով, մնացել հիմարացած, քանի որ սատանան է նրանց փսփսացել այդ ամենը, որ այդ հոգուն հեռու պահեն իր փրկության խոսքից: Այդ նման է, երբ մարդ լեռնային ակունքներից բխած զուլալ ու քաղցրահամ ջուր չունի, դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է հրաժարվի ծորակից հոսող թեկուզ ժանգահամ ու քլորի տհաճ համի ջրից, այլապես դրա պակասից կմեռնի:
Այսքանն իմանալուց հետո ինքներս ենք որոշում, թե խոսքի ինչ ակունքներից օգտվենք, մանավանդ ինչ խոսենք, քանզի ըստ Աստծո խոսքի. «Ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքով պիտի դատվես և քո խոսքով պիտի արդարանաս»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ