Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչպես դարձա հոգևորական

Ինչպես դարձա հոգևորական
12.07.2013 | 12:37

«…Իմ լուծը ձեզ վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը` թեթև,- ասում է Հիսուս» (Մատթ. 11:28-30):

«Իմ լուծը քաղցր է և իմ բառը թեթև»: Հիսուսի խոսքերն են: Երկար մտածել եմ` գրե՞մ, թե՞ չգրեմ այս մասին: Տարիներն անցնում էին, և իմ մեջ վերջնականապես հասունացավ մի միտք. «Իսկ ինչո՞ւ չգրել, ինչո՞ւ մարդիկ չիմանան, որ մի բան արել ենք»: Եվ վերջապես աստվածատուր պարգևները փորձել ենք օգտագործել ի նպաստ մեր ժողովրդի: ՈՒ որոշեցի գրել:
1960 թվականին, երբ ես տասը տարեկան պատանի էի, Աստված ինձ առաջնորդեց դեպի Էջմիածին քաղաքի միակ եկեղեցին, որը ժողովրդի լեզվով կոչվում էր «Գյուղի ժամ», այսինքն` գյուղի եկեղեցի, ուր ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերգություններ էին կատարվում: Սբ. Էջմիածինը, Սբ. Հռիփսիմեն, Սբ. Գայանեն և Սբ. Շողակաթը վանքեր էին, որոնք հին ժամանակներում շաբաթը մեկ անգամ էին բացվում ժողովրդի համար, որպեսզի մարդիկ ներկա լինեն Սուրբ Պատարագի արարողությանը: Այդ պատճառով է, որ 1767 թվականին Սիմեոն Երևանցի Ամենայն հայոց կաթողիկոսը հավատացյալների խնդրանքով կառուցել է այս եկեղեցին: Եկեղեցու իսկական անունը Սուրբ Աստվածածին է: (Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը նույնպես կոչվում է Սուրբ Աստվածածնի անունով): Երկու քահանա հայրեր, արժ. տ. Քերովբե ավագ քահանա Շահբազյանը և արժ. տ. Վարդան ավագ քահանա Տեր-Վարդանյանը, որոնք ճաշակել էին Սիբիրի աքսորը հոգևորական լինելու համար, կարողացել էին իրենց մեջ ուժ գտնել և մատաղ սերունդ պատրաստել: Մենք տասը պատանիներ էինք, ամեն մեկս տարբեր տարիքի: Այս տասից վեցը հոգևորական դարձան, հինգը` ամուսնացյալ քահանա, իսկ մեկը` կուսակրոն, որը հասավ արքեպիսկոպոսի աստիճանի (այսօր նա ՈՒկրաինայի Հայոց թեմի առաջնորդն է): Մեր հոգևոր ուսուցչի` տ. Քերովբե ավագ քահանա Շահբազյանի անունով, մեզ կանչում էին «տերքերովբեականներ»: Այսպես սկսվեց իմ հոգևոր կյանքի մուտքը դեպի եկեղեցի, այն տարիներին, երբ շուրջբոլորը տիրում էր անհավատության շղարշը, հոգևորականները արհամարհվում էին, եկեղեցիները վերածված էին պահեստների և գոմերի, նույնիսկ արգելված էին դպրոցներում Աստծու անունը տալը, խաչ կրելը և եկեղեցի հաճախելը: Ըստ Կարլ Մարքսի ուսմունքի` «Կրոնը հաշիշ էր, որ քնեցնում ու բթացնում էր մարդկանց միտքը և սիրտը»: Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը: Ես գնում էի եկեղեցի դպրոցից հետո ու մասնակցում ժամերգություններին, իսկ կիրակի օրերին` Սուրբ Պատարագներին: Հիշում եմ, երբ սովորական կամ կիրակի օրերը գնում էի եկեղեցի, իմ հետևից երեխաները ձեռ առնելով գոռում էին. «Տերտեր, տերտեր»: Շատ անգամ ես կռվի էի բռնվում նրանց հետ դրա համար: Հոգևոր իմաստով դժվար ժամանակներ էին:
Երկուսուկես տարի սովորեցի եկեղեցում` գործուն մասնակցություն ունենալով թե՛ ժամերգություններին, թե՛ Սուրբ Պատարագի արարողություններին: 1962 թվականի սեպտեմբեր ամսին ընդունվեցի հոգևոր ճեմարան, երբ նոր 12-ը լրացրել ու մտել էի 13-ի մեջ: Զարմանալի զուգադիպություն էր: 1950 թվականին ես ծնվել էի Մայրավանքում, քանի որ մենք այնտեղ էինք ապրում: Հորեղբայրս սարկավագ էր, և նրա շնորհիվ երկուական սենյակ էր տրամադրվել մեր ընտանիքներին։ Հենց այդ խուցերից մեկում էլ ես ծնվել էի: Իմ ծննդից վեց ամիս հետո մենք տեղափոխվել ենք մեր տունը` քաղաքի մեջ: Տասներեք տարի հետո վերադարձա Մայրավանք, այս անգամ իբրև հոգևոր ճեմարանի ուսանող: Աստծու կամքն էր: Ճեմարանի ամենափոքր աշակերտն էի: Այդ տարիներին հոգևոր ճեմարան կարող էին ընդունվել միայն 17 տարեկան, միջնակարգն ավարտած երիտասարդները: Կառավարության օրենքն էր: Ես բացառություն եղա Վազգեն Վեհափառի շնորհիվ, որովհետև արդեն մի քանի տարի սովորել էի այլ եկեղեցում ու ծանոթ էի ծիսական բոլոր արարողություններին և բավական շատ գիտելիքներ ունեի: Քանի որ դպրոցում կրոն, եկեղեցական պատմություն, Աստված և նմանատիպ մտայնությունները արգելված էին, դպրոցն ավարտածները բացարձակապես տեղյակ չէին ոչ հավատից, ոչ եկեղեցական պատմությունից և ոչ էլ նույնիսկ խաչակնքել գիտեին: Շատերը գալիս էին ոչ թե նրա համար, որ հավատում էին և ուզում էին հոգևորական դառնալ, այլ բանակից ազատվելու կամ երկարաձգելու համար և, մի քանի տարի սովորելուց ու վանքի հացը ուտելուց հետո, չէին հարմարվում և հեռանում էին: Ավետարանն ասում է. «Շատ են կանչվածները, բայց քիչ են ընտրվածները»: Ճեմարանում սովորելս ինձ այդքան հեշտությամբ չտրվեց: Ընկերներս տարիքով մեծ էին, արագ կարողանում էին ամեն ինչ ընկալել, իսկ ես շատ էի աշխատում: Բախտավոր էի մի հարցում, որ ինձ օգնող ու սիրող մեկն ունեի, հանձին իմ բարի հրեշտակի` լուսահոգի հորեղբորս` տ. Հակոբ ավագ քահանա Հակոբյանի, որ արդեն իսկ երկար տարիների ամուսնացյալ քահանա էր և ծառայում էր Մայր Տաճարում իբրև ծիսակատար: Շատ սիրված էր բոլորի ու մանավանդ ժողովրդի կողմից: Այնքան սիրված էր, որ ժողովուրդը բուլղարացի կոմունիստ Դիմիտրովի անունը կրող փողոցը վերանվանել էր «Տեր Հակոբի փողոց»: Երկու եղբայր ապրում էին այդ փողոցում: Հոգով ու սրտով, անշահախնդրորեն նվիրված էր մեր սուրբ եկեղեցուն:
Հակառակ բազում դժվարությունների, դիմացա, սովորեցի վեց երկար տարիներ, ձեռնա-դրվեցի սարկավագ, ավարտեցի հոգևոր ճեմարանը, պաշտպանեցի ավարտաճառս, ստացա վկայականս և անցա աշխատանքի Վազգեն Վեհափառի մոտ կաթողիկոսարանում նախ իբրև քարտուղարի օգնական, ապա քարտուղար: Ինչո՞ւ հատկապես ես ընտրվեցի, որովհետև մեքենագրել գիտեի, քանի որ դասընթացները գերազանց էի ավարտել: Այն ժամանակ ես ընդամենը 18 տարեկան էի, ճեմարանի ամենաերիտասարդ ավարտող սարկավագը: Անշուշտ, ես հպարտ էի, որ աշխատում էի կաթողիկոսարանում Վազգեն Վեհափառի նման խոհուն, իմաստուն և նվիրյալ հայրապետի շնչի ներքո, սակայն նա չափից ավելի կարգապահ, ճշտապահ և պահանջկոտ էր: Բարեբախտաբար, ես բնավորությամբ արագաշարժ, աշխույժ ու ժիր և կարելի է ասել դիմացկուն երիտասարդ էի, որ ավելի քան քսան տարի դիմացա նրա ձեռքի տակ: Ոչ մի դիվանի քարտուղար հինգ տարուց ավելի չէր կարողանում աշխատել Վազգեն Վեհափառի հետ, ոչ թե որ նա վատն էր, չէր հասկանում ու չէր գնահատում աշխատողին, այլ որովհետև վերին աստիճանի խստապահանջ էր: (Իմ քսան տարվա քարտուղարության ընթացքում հինգ կամ վեց դիվանապետներ եկան ու փոխվեցին, բայց ես շարունակեցի իմ ծառայությունը Վեհափառի հետ): Այդ տարիներին Հայաստանում ապրողներս ոչ ճշտապահ էինք և ոչ էլ կարգապահ: Սա իրականություն էր: Իսկ Վազգեն Վեհափառը ռումինահայ էր և ավարտել էր Գերմանական համալսարանը, այսինքն գերմանացու ճշտապահություն ուներ:
Դա 1968 թվականն էր: Երկու տարի հետո Վեհափառի թույլտվությամբ կամավոր մեկնեցի զինվորության. ինչո՞ւ, նպատակը մեկն էր` զգալ ֆիզիկական զինվորի դժվարությունները և համեմատել հոգևոր զինվորի կյանքի հետ: Զինվորությունից եկեղեցուն ավելի կապված վերադարձա ու շարունակեցի իմ ծառայությունը կաթողիկոսարանում: Վեհափառի ցանկությունն էր ինձ տեսնել վեղարը գլխիս իբրև կուսակրոն քահանա, նույնիսկ որոշված էր Լոնդոն մեկնել ուսումս շարունակելու, սակայն տարիներ հետո ես հասկացա, որ դա ինձ համար չէ, և որոշեցի իբրև ամուսնացյալ քահանա ծառայել Աստծուն ու իմ ժողովրդին: Որոշումս լսելով Վեհափառը նեղվեց, բայց, ի վերջո, տվեց իր համաձայնությունը: Ամուսնացա մի անուշիկ աղջկա հետ Երևանի Սարի թաղի շրջանից ու նույն տարին ձեռնադրվեցի ամուսնացյալ քահանա: Դա 1974 թվականն էր: Մինչև ձեռնադրությունս հարցրի հորեղբորս, թե ինչո՞ւ է ժողովուրդը սիրում իրեն, ի՞նչն է պատճառը: Հարցմանս նպատակն այն էր, որ օգտվեմ նրա փորձառությունից և կարողանամ ճիշտ կերպով ծառայել: Նա ասաց. «Տղաս, ժողովուրդը քո աղբյուրն է, աշխատիր մաքուր պահել այն, որ միշտ այդ աղբյուրից մաքուր ու զուլալ ջուր խմես»: Տարիների ծառայությանս ընթացքին ավելիով հաստատեցի իր խոսքերի ճշմարտացիությունը: Նախապատրաստության քառասնօրյա շրջանն ավարտելուց հետո Վեհափառն ինձ նշանակեց Սբ. Հռիփսիմե վանքում իբրև ծիսակատար, միաժամանակ շարունակելով իմ ծառայությունը կաթողիկոսարանում: 1977-ին մեր տանը մեծ ուրախություն եղավ, ծնվեց միակ զավակս, որին վաղամեռիկ եղբորս անունով կոչեցի Խաչատուր, այսինքն` Խաչի տված:
1978-ին Անանիա վարդապետի հետ մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Արևելյան թեմ, իբրև Մայր Աթոռի ներկայացուցիչ, մասնակցելու Նյու Յորքում տեղի ունեցող Հոգևորականաց համագումարին: Այդ տարի Հոգևորականաց համագումարը տեղի ունեցավ Դետրոյթ քաղաքում։ Առաջնորդական ընտրություններ էին։ Վերընտրվեց Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։ Ես պատարագեցի, հայր սուրբը քարոզեց: Վերադարձա, սակայն Վեհափառը Սբ. Հռիփսիմե վանքից ինձ արդեն տեղափոխել էր Մայր Տաճար, իրեն ավելի մոտ լինելու համար: Իմ աշխատանքը Մայր Տաճարի մկրտարանում տևեց ընդամենը երկու ամիս, որից հետո ես ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի: Նույն տարվա սեպտեմբեր ամսին խնդրանքիս համաձայն Նորին սրբությունը ինձ նշանակեց իմ սիրելի «Գյուղի ժամ»-ի պատասխանատու: Ասում են` Աստծու գործերն անքննելի են: Նրա կամքով իբրև տասը տարեկան մի պատանի ներս մտա այս եկեղեցու կամարներից, տասնութ տարի հետո Վեհափառ հայրապետի կարգադրությամբ նշանակվեցի իբրև պատասխանատու հովիվ վերաշինելու և վերակառուցելու կիսաքանդ վիճակում գտնվող եկեղեցին: Դա 1978 թվականն էր: Ես ուզեցի պատշաճ բարձրության հասցնել արտաքինով աղքատ, քարուքանդ եղած, սակայն Աստծու հոգին մեջը թևածող Հոգևոր տունը: Փշոտ էր ճանապարհս: Առաջին մտահոգությունս արտաքին մաքրությունն էր, որն արեցի կարճ ժամանակում:
Այնուհետև Վեհափառ հայրապետի օրհնությամբ և օգնությամբ 1979 թվականից սկսվեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք տևեցին ավելի քան տասնվեց տարի: Ես այն ժամանակ քսանինը տարեկան էի:
Սակայն եկեղեցու արտաքինը գեղեցկացնելով, ես մտածեցի իմ ուսուցիչների օրինակով զորացնել նաև հոգևոր կյանքը: Ի՞նչ պիտի անեի շենքն առանց ժողովրդի: Սկսեցի 9-14 տարեկան աշակերտներ հավաքել: Սկզբում հինգ հոգի, ապա տասը և այսպես շարունակ: Վազգեն Վեհափառն իմ ծրագիրը լսելով, քաջալերեց ու ասաց, որ հիմնեմ մի դպրոց: Այն պիտի կոչվեր «Նախապատրաստական դպրոց», որը պիտի պատրաստեր երեխաներ, համալրելու համար Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանը: Եվ այսպես Վեհափառի օրհնությունը ստանալով տասնհինգ տարում իմ խումբը հասցրի վաթսուն աշակերտի: Պատկերացնո՞ւմ եք. Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանն ուներ ընդամենը քառասուն աշակերտ և ավելին չէր կարող ունենալ, իսկ ես` վաթսուն: Ճեմարանն ուներ բոլոր հարմարությունները` ուսուցիչներ, վերակացուներ, տեսուչ, վերատեսուչ, միջոցներ, իսկ ես` միայնակ: Աստծու մատը խառն էր մեր բարի գործի և առաքելության մեջ: Իսկ ո՞րն էր գաղտնիքը, որ ես կարողանում էի զսպել այդ վաթսուն աշակերտներին: Վեց տարվա ընթացքում ես ճեմարանում շատ անգամ ծեծ էի կերել, սակայն իմ երեխաներին ես մատով իսկ չեմ դիպչել: Գաղտնիքը սիրո մեջ էր: Ես սիրում էի անշահախնդիր կերպով, նրանց մեջ տեսնելով վաղվա ապագա ու դաստիարակված սերունդը և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իմաստով: Ես էլ իմ օրինակով էի նրանց ճանապարհ ցույց տալիս: Այդ տարիներին ես նրանց ոչ միայն սովորեցնում էի շարականներ, բուրվառ գցել, քշոց անել, մոմ բռնել, երգել, արտասանել, այլև աղոթքի միջոցով զորացնում էի նրանց հավատը և սերը եկեղեցու ու հայրենիքի նկատմամբ: Մի խոսքով նրանց նախապատրաստում էի ոչ միայն հոգևորականներ դառնալու, այլև հայրենիքի համար լավ քաղաքացիներ լինելու: Նաև նպատակս նրանց փողոցից կտրելն էր, ուր նրանք կարող էին վատ բաներ սովորել, հայհոյել, պատուհաններ կոտրել, սուտ խոսել, խաբել, ուրիշի ծառերից գողություն անել և այլն: Հայրենիքին և եկեղեցուն պետք էին նվիրյալ ու հավատարիմ հայորդիներ: Շատ կարճ ժամանակում եկեղեցին լցվեց ժողովրդով ու հավատացյալներով: Դժբախտաբար, այդ տարիների ընթացքում եղան նաև դժվարություններ, նեղություններ ներքին անվտանգության աշխատակիցների ու մեզ նախանձողների կողմից: Նույնիսկ ինձ ասողներ եղան, թե. «Ի՞նչ ես անդարդ գլուխդ դարդի տակ դրել, փակիր դպրոցդ ու քեզ համար հանգիստ կյանքդ շարունակիր»: Այսպիսի խոսքեր ասողները թերահավատ մարդիկ էին: Բայց ես վճռական էի տրամադրված, չէ՞ որ Վազգեն Վեհափառն իմ թիկունքին էր, ու կատարած գործս մի բարի ծառայություն էր: Ամեն անգամ, երբ ինձ կանչում էին Երևանի անվտանգության բաժնից, Վեհափառը ժպտալով ասում էր. «Գնա՛, տղաս, մի՛ վախցիր, ես քեզի հետ եմ»: ՈՒ, վստահ եմ, ծածուկ կանչում էր ում պետք էր, որ մեղմ վարվեն ինձ հետ, որովհետև ինքն էլ էր հավատում իմ առաքելությանը:
Աստված կանչեցի ու հավատով քայլեցի դեպի առաջ: Երբ աշակերտներս շատացան, ստիպված եղա երկու խմբի բաժանել, որ ավելի հեշտ կարողանամ նրանցով զբաղվել` 9-11 և 12-14 տարեկան: Վազգեն վեհափառի համաձայնությամբ երբեմն իմ երեխաներով համերգներ էինք տալիս վեհարանում` Վարդանանց տոնին, Վեհափառի ծննդյան 83-րդ տարեդարձին և այլ առիթներով, միշտ ծափողջույններ խլելով ներկա ժողովրդից ու ստանալով Վեհափառի գնահատանքը և օրհնությունը: Տարիներ հետո, ինչպես վեց հոգևորականներս կոչվում էինք «տերքերովբեականներ» և մեր իմացությամբ տարբերվում էինք ճեմարանցիներից, այդպես էլ իմ երեխաներին կնքեցին «տերհովսեփականներ» անունով, պարզ մի պատճառով, քանի որ նրանք շատ ավելի հավատով էին ու սիրով, նվիրված և մանավանդ գիտակ էին Հայ եկեղեցու պատմությանն ու ծիսական արարողություններին: Երեխաների համար պատրաստեցի քննական թերթիկներ` նրանց կարողությունները ստուգելու համար և հետո նրանց հանձնեցի վկայագրեր: Պատրաստեցի նաև մի ուղեցույց «Հայ փոքրիկ հավատացյալներին» վերնագրով, ուր նրանց սովորեցնում էի մեր եկեղեցու պատմությունը, հոգևորականներին դիմելու ձևերը և այլն: Եվ որպեսզի ստուգեմ նրանց մտայնությունը, հատուկ շարադրություն գրել տվեցի «Ինչո՞ւ եմ ուզում դառնալ հոգևորական» վերնագրով: Տարիներ անցան, երբ ես Ամերիկայում էի, այդ շարադրությունները ինձ մոտ էին, բնական է, որ դրանք երկրորդ օրինակներ չունեին, քանի որ ձեռագիր էին։ Ես դրանք պահում էի անգին գանձերի նման: Իմ աշակերտներից շատերը ճեմարանն ավարտելուց հետո դարձան հոգևորականներ և ծառայության անցան աշխարհի զանազան երկրներում, ինչպես նաև Հայաստանի տարբեր թեմերում: Ավելի քան քսան տարի հետո ես մեկ առ մեկ նրանց ուղարկեցի իրենց գրած շարադրության օրինակի պատճենը: Պետք էր տեսնել նրանց ուրախությունը: Ես այդ շարադրություններից շատերն առանց անունների հրատարակեցի իմ քարոզագրքերից մեկի երկրորդ մասում` դպրոցի նկարներով:
Շիրակի թեմի առաջնորդն էր գերաշնորհ տ. Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը, որը մտահղացումն ունեցավ Շիրակի թեմում ճեմարան բացելու: Նա էլ տեր Քերովբեի սաներից էր: Ճեմարանի համար ես տվեցի տասնութ աշակերտ իմ սաներից, որոնցով սկիզբը դրվեց Շիրակի թեմի հոգևոր ճեմարանի: Այդ տղաները Շիրակի ճեմարանն ավարտելուց հետո շարունակեցին իրենց ուսումը Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանում ու դարձան սպասավորներ Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցու, ոմանք` կուսակրոն, և ոմանք էլ` ամուսնացյալ քահանաներ:
Ես ուրախ եմ, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր զարդարում է Արմավիրի թեմը: Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ընկերների և աշակերտների շնորհիվ դեռ կանգուն է եկեղեցին ու շարունակում է իր բարի առաքելությունը: ՈՒրախ եմ առավել, որ իմ ընկերները, որոնց հետ աշակերտել ենք տեր Քերովբե և տեր Վարդան քահանաներին, այսօր շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը հենց իրենց պատանի ժամանակ սովորած եկեղեցում: Իսկ ավելի ուրախ ու երջանիկ եմ, որ հոգևոր հովվի պարտականությունը ստանձնել է իմ աշակերտը:
Պողոս առաքյալն իր սիրելի աշակերտ Տիմոթեոսին թելադրում էր «Եվ բոլոր նրանք, որոնք ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն… Արթո՛ւն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերի՛ր, ավետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտոնը» (Ա Տիմ. 3:12, 4:5):
Սակայն, դժբախտաբար, ի վերջո չար ու նախանձոտ մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ մտածում էին, թե ինչպես փակեն իմ դպրոցը, հասան իրենց նպատակին: Չեմ ուզում այստեղ պատմել, թե դա ինչպես եղավ, սակայն 1993 թվականի գարնանը, ցավ ի սիրտ, իմ դպրոցը փակվեց: Երեխաների ծնողներն ուզեցին բողոք ներկայացնել, բայց ես թույլ չտվեցի: Նույն թվականի մայիսի վերջին, վիրավորված սրտով ու եղբորս հրավերով ընտանիքով մեկնեցի Կալիֆոռնիա արձակուրդի: Վերադարձա երեք ամիս հետո և մեկ տարի անց, Վազգեն Վեհափառի վախճանից ու Թորգոմ պատրիարքի տեղապահ ընտրվելուց հետո, նրա համաձայնությամբ և օգնությամբ 1994 թվականին մեկնեցի ծառայելու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ: ՈՒխտեցի, որ տասը տարի Հայաստան ոտք չպիտի դնեմ: Եվ այդպես էլ եղավ:
Արդեն երեսունինը տարի է, որ ես իբրև քահանա ծառայում եմ Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցուն:
ՈՒրախ եմ և ինչ-որ տեղ հպարտ, որ այդ դժվարին տարիներին ժամանակս իզուր չեմ անցկացրել, այլ հակառակ հալածանքներին, նեղություններին կարողացել եմ արդարացնել երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի, հորեղբորս` տեր Հակոբի, իմ հոգևոր առաջին ուսուցիչների, ճեմարանի դաստիարակներիս` թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ, քրտինքն ու չարչարանքը և այն գիտելիքները, սերը, հավատը և նվիրումը, որոնք ստացել եմ նրանցից, փոխանցել եմ ժողովրդիս ու իմ դպրոցի երեխաներին, որ նրանք էլ նույնը շարունակեն: Թե ինչպես, ցույց կտա վաղվա օրը:
Երեսունինը տարվա ընթացքում փորձել եմ քայլել մեր հայրերի հավատի ուղիղ և ճշմարիտ ճանապարհով. մանավանդ անշահախնդիր կերպով սիրել մեր դարավոր եկեղեցին, հավատարիմ մնալ Ամենայն հայոց կաթողիկոսությանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Շատ անգամ, անշուշտ, այդ ճանապարհով քայլելու համար հարվածներ էլ եմ ստացել, բայց շարժվել եմ Հիսուսի խոսքով. «Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք` սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. 5:11-12)։ Եվ այս նպատակով անվախ ծառայեցի ու դեռ շարունակում եմ ծառայել ոչ թե իմ, այլ միայն ու միայն Աստծու փառքի համար: Խոսքս ու հավատս փորձեցի գործի վերածել: Թե ինչպես, վկան միայն Աստված է, իսկ «դատավորը»` իմ սիրելի ժողովուրդը: Անշուշտ, քահանայական ծառայությանս, փորձությունների ու հաջողությունների ժամանակ ինձ հետ էր նաև իմ ընտանիքը` երեցկինս և տղաս: Նրանք լուռումունջ ինձ հետ կիսեցին ամեն ինչ: Իսկ մայրս միշտ մտահոգ ինձնով, աղոթում էր իմ ապագա կյանքի հաջողության համար, ինչպես նաև եղբայրներս ու հարազատներս: Ամեն պահի աղոթել եմ ընտանիքիս և բոլոր նրանց համար, ովքեր մշտապես իմ կողքին եղան, ու նույնիսկ նրանց համար, ովքեր ինձ հակառակ գործեցին և նեղություններ պատճառեցին ու պատճառ դարձան, որ ես թողնեմ իմ հարազատ տունը: Ես դատավոր չեղա նրանց համար: Պողոս առաքյալի խոսքով ես էլ ուրախ եմ, որ «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ. Տիմ. 4:7): Աղոթեք ինձ համար: Աստված ձեզ հետ: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Սկզբնաղբյուրը`http://frhovsep.com

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ