ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մայիսյան անցուդարձ ԱՄԷ հայ համայնքում

Մայիսյան անցուդարձ ԱՄԷ հայ համայնքում
02.06.2013 | 12:54

Հայ համայնքի ներկայացուցիչները ԱՄԷ-ում բազմազբաղ են: Բայց նրանց մի մասը նաև համայնքային գործունեության ժամանակ է գտնում, որն անշահախնդիր նվիրում է պահանջում: Դրա միակ վարձատրությունը իսլամական երկրում հայ եկեղեցին, դպրոցը, լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանված տեսնելն է: ԱՄԷ հայ համայնքում բոլոր կառույցները տարվա ընթացքում աշխատում են նախապես մշակված ծրագրով, պարբերաբար ունենում են աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ: Մայիսն էլ զբաղված ամիս էր ԱՄԷ հայ համայնքի համար: Սկսեմ մայիսի 4-ին կայացած գործադիր մարմինների աշխատանքային հանդիպումից: Շարժայում՝ Պիեռ Քյոսեյան սրահում, տեղի ունեցավ Դուբայի և Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչության և հանձնախմբերի 2013-ի առաջին նիստը՝ ԱՄԷ և Քաթարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ. Սարգսյանի, ԱՄԷ հոգևոր հովիվ Արժ.Տեր Արամ քհն. Տեյրիմենճյանի, Դուբայի և Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչության ատենապետ Արա Քյոսեյանի ղեկավարությամբ: Հայր Սուրբը բարձր գնահատեց այս շրջանում իրականացվող ակտիվ աշխատանքը և ավելացրեց. «Ո՛ր ճանապարհն էլ ընտրենք, հաջողության կարելի է հասնել միայն նվիրված, ծրագրված և միասնական աշխատանքով: Հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կյանքը կերտվում է եկեղեցանվեր, ազգանվեր, հայրենանվեր անձանցով»: Հանդիպման ընթացքում խոսվեց Ազգային վարչության ընթացիկ աշխատանքների, այդ թվում emahay.com կայքի, համալսարանավարտ երիտասարդներից կազմված «Յան» հանձնախմբի և 100-ամյակի հանձնախմբի գործունեության մասին: Իրենց աշխատանքը ներկայացրին նաև ներկա մյուս հանձնախմբերի անդամները:

Այս ամիս Դուբայի և Հյուսիսային էմիրություններում աշխույժ էր նաև մշակութային կյանքը: Մայիսի 10-ին Համազգայինի «Մուշեղ Իշխան» մշակութային միության «Ժորժ Սարգսյան» թատերախումբը Շարժայում Պիեռ Քյոսեյան սրահում ներկայացրեց Ջորջ Աբելյանի «Միլինոատեր եղանք» կատակերգությունը (բեմադրությունը Նորայր Գազաջյանի):
ԱՄԷ-ում «Մուշեղ իշխան» մշակութային միությունը հիմանդրվել է 2011 -ին: Եվ իր բոլոր ձեռնարկներոում հավատիարիմ է մնում հիմնադրման օրվանից որդեգրած սկզբունքին. միությունը ծառայում է համայնքի կրթական-մշակութային կարիքներին: Այն կոչ է անում հանրությանն իր աշխատանքի վերաբերյալ հանդես գալ կառուցողական քննադատությամբ, խրախուսում համայնքի անդամներին անմիջական մասնակից դառնալ հայ մշակութային և կրթական կյանքին:
Համայնքային կյանքին ակտիվ մասնակցության հորդորով հանդես են գալիս նաեւ Ազգային վարչությունների տարբեր հանձնախմբերը: Այդ հորդորն անմիջականոորեն ուղված է նաև հայ կանանց: Գործում են տիկնանց հանձնախմբեր, որոնք պարբերաբար փորձում են իրենց միջոցառումների միջոցով մտերմացնել համայնքի կանանց: Այստեղ նրանց առիթ է ընձեռնվում դրսևորել իրենց ընդունակությունները (երգելու, ապրելու, ասմունքելու, խոհարարական): Հաճախ կազմակերպվում են երեկոներ միայն կանանց մասնակցությամբ: Այդպիսին էին Դուբայի եւ Հյուսիսային էմիրությունների, Աբու Դաբիի կանանց հանձնախմբերի մայիսին նշած Համբարձման տոնակատարությունները: Աբու Դաբիի կանանց հանձնախմբի «Հայ Թիին» հրավիրված էին նաև օտարազգիներ: Տոնակատարությանը մասնակցում էին Աբու Դաբիի միօրյա վարժարանի սաները, որոնց օգնությամբ վերականգնվել էին ժողովրդական տոնակատարության որոշ դրվագներ: Դրանք ուղեկցվում էին Աբու Դաբիի միօրյա վարժարանի պարի ուսուցչուհի Լենա Լիպարիտյանի պարային բեմադրություններով:
Իսկ այժմ, անդրադառնալով ԱՄԷ հայ համայնքի կրթական կյանքին, խոսենք վարժարանների ավարտական հանդեսների մասին: Շարժայում գտնվող Օհաննեսյան վարժարանի ավարտական հանդեսները Պիեռ Քյոսեյան սրահում տեղի ունեցան մայիսի 24-ին և 31-ին, որոնց ընթացքում սաներին հանձնվեցին նաև ավարտական վկայականներ: Օհաննեսյան վարժարանը բաղկացած է երեք բաժիններից՝ մանկապարտեզ (Բողբոջ.Կոկոն, Ծաղիկ), նախակրթարան (մեկ տարի նախապատրաստական դասարան, որից հետո վեցամյա կրթություն) և միջնակարգ (եռամյա կրթություն): Ավարտական դասարանի աշակերտները մասնակցում են նաև Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներին: Իսկ Աբու Դաբիի միօրյա վարժարանի ավարտական հանդեսը տեղի ունեցավ «Բրիթիշ քլաբում», որին, ինչպես և Օհաննեսյանի վարժարանի ավարտական հանդեսին, ներկա էր Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ. Սարգսյանը, Արամ քհն. Տեյրիմենճյանը, Ազգային երեսփոխաններ, Աբու Դաբիի Ազգային վարչության տարբեր հանձնախմբերի անդամներ, ծնողներ: Բացի երեխաների ելույթներից ներկաներին տեսաշարով ցուցադրվեց ուստարվա ընթացքում վարժարանի աշխատանքը: Պետք է հիշեցնել, որ վարժարանների ուսուցիչներն աշխատում են կամավոր, սակայն չվարձատրվելը չի խանգարում նրանց աշխատել մեծ եռանդով և նվիրումով: Վերադառնալով Աբու Դաբիի միօրյա վարժարանի ավարտական հանդեսին ավելացնեմ, որ փակման խոսքով հանդես եկավ ԱՄԷ և Քաթարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ. Սարգսյանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց Միօրյա վարժարանի ուսուցչակազմի նվիրյալ աշխատանքը՝ գլխավորությամբ վարժարանի տեսուչ Արամ քհն. Տեյրիմենճյանի: Նա իր խոսքում կարևորեց նաև հայ մոր դերը հայ երեխայի դաստիարակության և կրթության , հայ լեզվի և մշակույթի պահպանման գործում: Ի դեպ, տարեվերջյան հանդեսն էլ նվիրված էր հայ մորը: Նաև հիշեցնեմ, որ 2013-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հռչակել է «Հայ մոր» տարի: Նա իր կաթողիկոսական ուղերձում այս առիթով ասում է. «Մեր ողջ պատմութեան ընթացքին, հայ մայրը հայ ժողովուրդին համար ո՛չ միայն դարձած է տիպար մայր՝ իր կեանքին մեջ ցոլացնելով հոգևոր, բարոյական ու ազգային սրբազան արժեքներն ու առաքինությունները, ո՛չ միայն ան ընտանիքի ամրակուռ սյունն է եղած ու իր զավակներուն նվիրյալ դաստիարակը, այլ մեր պատմության ամենեն ճակատագրական պահերուն իր օրինակելի վարքագծով, ամուր կեցվածքով, անհուն զոհողութեամբ, քրիստոնեական հավատքի պահպանության ու պաշտպանութեան, ինչպես նաև ազգաշինության՛ ու հայրենաշինության սրբազան առաքելության բերած իր ամբողջանվեր ու հանձնառու մասնակցութեամբ եղած է բարձրագույն աստիճանի հարգանքի արժանի անձ մը»:
Հայ մայրերին տրված այսպիսի գնահատականը իսկապես ոգևորեց հանդիսությանը ներկա մայրիկներին: Թե Օհաննեսյան (հիմնադրման ժամանակ Միօրյա վարժարան), թե Աբու Դաբիի միօրյա վարժարանը հիմնադրվել են 1980-ական թթ.-ին: ԱՄԷ հայ գաղութի պատմության տեղեկագրում այս դպրոցների հիմանդրման մասին ասվում է. «Անվճար ուսուցիչ-ուսուցչուհիներու հոգատար օժանդակութեամբ, թէեւ ոչ յարմարաւէտ պայմաններու տակ, սկիզբ առաւ Հայերէն լեզուի, Հայոց Պատմութեան, Կրօնի եւ երգ սորվեցնելու համար>>: Եվ ուրախալի է , որ միչև այսօր գործում են այդ դպրոցները, Օհաննեսյան վարժարանն ունի հիմնական շենք, իսկ Աբու Դաբիի միօրյա վարժարանը դեռ տեղավորված է Աբու Դաբիի միջազգային դպրոցի շենքում: Հույս ունենանք, որ մի օր այն նույնպես կունենա հիմնական շենք:
Մայիսը ԱՄԷ հայ համայնքի համար նաև հաղթանակների, ազգային հպարտության ամիս է: Ամեն տարի թե՛ Դուբայի, թե՛ Հյուսիսային էմիրությունների, թե՛ Աբու Դաբիի Ազգային վարչությունները մեծ շուքով են նշում «Մայիսի 28-ը»՛ Առաջին հանրապետության տոնը: Տոնակատարության համար այս տարի Դուբայի և Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունը հրավիրել էր Սփյուռքում հեղափոխական երգերի կատարումով հայտնի Գառնիկ Սարգսյանին, իսկ Աբու Դաբիի ազգային վարչության հրավերով այս կարևոր տոնակատարությանը մասնակցում էր Ներսիկ Իսպիրյանը: Աբու Դաբի նրա այցից առաջ սոցիալական կայքերը ողողված էին նրա երգերով:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ