ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև

Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև
09.05.2013 | 18:11

Անկախացած Հայաստանում, երբ սովետամերժ տրամադրությունները ոչ միայն թարմ էին, այլև կատաղի, շատ փողոցների անուններ փոխվեցին, Լենինի արձանը հանվեց ու նույնիսկ մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերացավ պաշտոնապես: Հայրենական պատերազմի վետերաններն ընդվզեցին, թեև նրանց ընդվզոցը իրենց ներսում էր` իրենց երազած անկախ Հայաստանում օրացույցներից ջնջեցին իրենց բաժին հաղթանակի օրը որպես տոն: Իմ լավ բարեկամուհի տիկին Վերգուշը` Վերգինե Ավետիսյանը, ում 17-ը լրացել էր պատերազմի դաշտում` ռմբակոծության տակ, և ով մինչև Ռումինիա էր հասել, ուներ մեդալներ, շքանշաններ, ամեն տարվա մայիսի 9-ին հաղթանակի օրվա միջոցառումների պատվավոր հյուրն էր: Երբ ասվեց, որ դա հայերի պատերազմը չի եղել, այլ Սովետական Միության, նեղվում էր. «Ախր դա իմ կյանքն է, իմ պատմությունն է, ոնց են մոռանում, որ մենք կռվեցինք»: Տիկին Վերգինեն արդեն ողջ չէր, երբ Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերականգնվեց:
Հայրս էլ մի տեսակ շփոթված էր, քանի որ հինգ տարեկան է եղել, երբ հայրը գնացել է պատերազմ: Պապս էշին նստեցրել է երկու որդիներին ու տարել սարը` մոր մոտ: Հորս եղբայր Ավետիքը իրենից մեծն էր` յոթ տարեկան, հասկացել է, թե պապիս մտքին ինչ կա: Պապիս հեռանալուց հետո երեխայավարի գազազել, թռել է կեռասով լի տաշտի մեջ, որը պապս տարել էր, որ մայրը հարևաններին բաժանի, ու հետ վազել Իջեւան՝ հոր հետևից: Իմ Աղասի պապը, Կերչի հոսպիտալի ռմբակոծությունից հետո, վիրավոր զինվորներից շատերի նման, անհետ կորել է: Հայրս ասում էր. «Էս էլ քո բերած նոր Հայաստանը, ուրեմն հերս իզուր զոհվեց»: Պապիս` անհայտ կորածի թուղթն էին ստացել միայն, բայց իմ հեր չտեսած հերը հավատում էր, որ դավաչոնց Աղասին զոհվել է, քանի որ եթե ողջ լիներ, անպայման իրենց կգտներ: Իջևանում պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին նաև պապիս անունը կա, հայրս ասում էր. «Հիմա ինչ, էդ արձանը իզուր են դրե՞լ»:
Վերջին տարիներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության հետ հնչեցին հայտարարություններ, թե Արցախյան պատերազմի հաղթանակի հետ ինքը կապ չունի, ավելին` առաջին նախագահն անտեղյակ է եղել նաև Շուշիի գրավման պլանի մասին: Եթե հետահայաց նայենք մեր պատմությանը, հայերիս մեջ նորը հնի վրա կառուցելու մոլուցք կա: Սկսած դեռ քրիստոնեության ընդունումից, երբ քանդվում էին հեթանոսական տաճարները, երբ նոր կրոն էր քարոզվում, անպայման պետք էր ոչնչացնել այն ամենը, ինչը կապված էր հեթանոսության հետ: Անկախ Հայաստանում նախկին` սովետահայ պատմությունը ոչնչացնելու փորձեր եղան, երբեմն` հաջողված: Այսօր էլ նույնն է` գործող իշխանության պարագայում նախորդ իշխանության քաղաքական նվաճումները երբեմն խեղաթյուրելու, երբեմն էլ անտեսելու ջանքեր են նկատվում:
Մայիսի 9-ը մեր հաղթանակի տոնն է, լինի` Հայրենական, թե Արցախյան պատերազմում տարած հաղթանակի: Ու ինչքան լավ է, որ մենք հաղթանակի տոն ունենք, թե չէ ստացվում է, որ սգո օրերին ավելի հաճույքով ենք տեր կանգնում, քան ուրախության, տոնի, հաղթանակի: Մի տեսակ` սադոմազոխիստական երակ ունենք, որ բռնում է, էլ պրծում չկա: Հեռուստաեթերը լցվում է մեր պատմական այս կամ այն դրվագը ներկայացնող լալահառաչ խոսքով, իսկ որպես մխիթարություն հնչող մեր նախնիների բարոյական հաղթանակների մասին դեռ դպրոցից ենք լսել: Հայ ժողովուրդն այնքան պարտությունների օրեր ունի իր պատմության մեջ, որ պիտի գուրգուրել յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակն անգամ: Պիտի փառաբանել յուրաքանչյուր փոքրիկ նվաճումն անգամ` անկախ նրանից, թե որ իշխանության օրոք է այն ձեռք բերվել: Իշխանությունները անցողիկ են, պատմությունը` հարատև: Պատմությունը սերունդներինն է, իսկ սերունդներին կեղծիքով չեն կերակրում, դա թուլացնում է երկիրը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ