Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանը կրում է այն բոլոր ազդեցությունները, որոնք առկա են համաշխարհային ֆինանսական շուկաներում

Հայաստանը կրում է այն բոլոր ազդեցությունները, որոնք առկա են համաշխարհային ֆինանսական շուկաներում
18.05.2012 | 06:14

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայաստանյան շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աստիճանական անկում է արձանագրում։ Վերջին օրերին Հայաստանի մի շարք առևտրային բանկերում 1 դոլարը վաճառվում է 399 դրամով, առքը տատանվում է 394-ից 396-ի սահմաններում: Ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում: Ինչպես հայտնի է, ՀՀ Կենտրոնական բանկը որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն: 2009 թ. մարտի 3-ին գլխավոր դրամատունը մեկ դոլարի համար սահմանեց 360-380 դրամ: Լողացող փոխարժեքի քաղաքականության դեպքում միջամտությունները հասցվում են նվազագույնի, ԿԲ-ն միջամտում է միայն անցանկալի տատանումների ժամանակ:

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական դրամի արժեզրկումն ավելի շատ արտաքին ազդակներով է պայմանավորված: Հակված չենք մտածելու, որ սա պայմանավորված է ներքին ազդակներով: Ավելի շատ պետք է դիտարկել Միացյալ Նահանգներ-Եվրամիություն և դրանց ազգային արժույթների միջև ներկայիս փոխհարաբերությունը, որը լուրջ փոփոխություններ է կրում, նախ և առաջ, պայմանավորված Օբամայի վարչակազմի իրականացրած ամերիկյան տնտեսության փրկության ծրագրի հաջողություններով, այսինքն, դոլարն ամրապնդում է իր դիրքերը եվրոյի նկատմամբ: Իր հերթին, եվրոյի փոխարժեքի վրա, բնականաբար, իրենց ազդեցությունն են թողնում Եվրամիությունում նկատվող քաղաքական և տնտեսական այն զարգացումները, որոնք պայմանավորված են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի ֆինանսական լուրջ դժվարություններով: Սրանք իրենց հերթին թուլացնում են եվրոյի դիրքերը:

Եվ քանի որ Հայաստանը հիմնականում ներմուծման ուղղվածություն ունեցող տնտեսություն ունի, ուստի կրում է այն բոլոր ազդեցությունները, որոնք առկա են համաշխարհային ֆինանսական շուկաներում: Դոլարի արժևորումը, իհարկե, միայն վերը նշված հանգամանքով չի կարելի պայմանավորել: Կան նաև ներքին ազդակներ, որոնք իրենց լուրջ դերակատարությունն ունեն: Մեր կանխատեսումներով, որոշակի պայմաններից ելնելով, հայկական դրամը կսկսի արժևորվել արդեն հունիսին. նույնը սպասվում է այս տարվա աշնանը: Կարևոր է հիշել, որ Հայաստանում տնտեսության և գործարար աշխուժացման փուլը սկսվում է ապրիլ-մայիս ամիսներին, ուստի մենք կարող ենք նաև ակնկալել, որ 2012-ի ամռան ավարտին հատկապես և աշնանը, եթե հավասար պայմաններում հայտնվենք, այսինքն, եթե արտաքին և ներքին կտրուկ այլ փոփոխություններ չլինեն, գործարար աշխուժությունը կարող է հանգեցնել նաև տեղական արտադրության դիրքերի ամրապնդման, ինչը նաև կարող է որոշակիորեն արժևորել հայկական դրամը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային երկրների մեծ մասում ազգային դրամանիշի արժեքի փոփոխության հարցում քաղաքական ենթատեքստը ևս չի կարելի բացառել, քանի որ ցանկացած քաղաքական լուրջ զարգացում իր ազդեցությունը թողնում է այնպիսի զգայուն օրգանիզմի վրա, ինչպիսին տնտեսությունն է: Առավել ևս, որ 2012 թվականը Հայաստանի համար և՛ հետընտրական, և՛ նախընտրական տարի է. հաջորդ տարի մեր երկրում ևս մեկ համապետական՝ նախագահական ընտրություն է անցկացվելու, ուստի այս փուլում ներդրումային միջավայրը չի կարող շատ աշխույժ լինել, այսինքն` այստեղ սպասողական վիճակ է ընդհանուր առմամբ, ավելի հավակնոտ ծրագրերը կարող են կյանքի կոչվել միայն դրանից հետո, թեև կառավարությունն իր ծրագրերն իրականացնում է, և սա չպետք է խոչընդոտի սակայն մասնավոր հատվածի համար ավելի համարձակ քայլերը կարող են սպասվել դրանից հետո, ուստի արժեզրկման որոշակի գործոններ կարելի է որոնել այս ոլորտում:

Ի վերջո, հասարակ քաղաքացուն ավելի շատ հետաքրքրում է` դոլարի արժևորումից գների կտրուկ վերելքներ կլինե՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում սպառողների համար առաջնայինը գնաճային ճնշումներն են. խուճապի մատնվել պետք չէ, ընդհանուր առմամբ զարգացումները տարածվում են բոլոր երկրների ու հատկապես նման պարագայում զարգացող երկրների մեծ մասի վրա, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկայի վրա ազդեցությունը հավասարապես է զգացվելու:

Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում, անգամ եթե դոլարի գինը գերազանցի 400 դրամի սահմանը, այն գնաճային մեծ ցնցումների պատճառ չի կարող դառնալ, քանի որ նույն պատկերն է Հայաստանի առևտրային գործընկեր համարվող գրեթե բոլոր երկրներում: Փոխարժեքը տատանվելու է, սակայն դա մեծ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև գրեթե բոլոր, հատկապես զարգացող երկրներում, ազդեցությունը զգացվելու է: Լինելով ներմուծող երկիր, ըստ էության, խաղի կանոնները մեծ մասամբ չեն փոխվելու: Այն ընդհանուր է լինելու բոլորի համար: Միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, գնողունակության համեմատական անկումը կլինի, բնականաբար, դրամական եկամուտներ ստացողների համար, որոնք մեր բնակչության մեծ մասն են կազմում, իսկ արտաքին տրանսֆերտների` դոլարով արտահայտված մասնավոր արտաքին տրանսֆերտների դեպքում դրանք ստացողները հատկապես այդ ազդեցությունը ոչ միայն չեն զգա, այլև, որոշ առումով, կշահեն: Այդուհանդերձ, մեր համոզմամբ, գնաճային ցնցումներից խուսափելու համար, որպես արմատական միջոց, անհրաժեշտ է տեղական արտադրությունը զարգացնել, իսկ որ ամենակարևորն է, համադրված գործողություններ են պահանջվում պետական կառույցներից, հատկապես տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, ֆինանսների, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություններից:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 7926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ