Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նրանք չեն ուզում մտաբերել իրենց պատմության մութ էջերը

Նրանք չեն ուզում մտաբերել իրենց պատմության մութ էջերը
18.05.2012 | 05:44

ՊԱՐՈՆ ԲԱՅՐԱՄ ՍԱՖԱՐՈՎԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օրերս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովը հայտարարել է. «Աշխարհում ահաբեկչությունը սկիզբ է առել հայերից: Ճիշտ է, հիմա ահաբեկչությունը տարածված է, բայց ահաբեկչության հիմքը հայերն են դրել»:

Ադրբեջանում կարծես թե հեղինակություն վայելող այս մարդու խոսքերը, մեղմ ասած, տխմարություն են: ՈՒղղակի հայտարարություն անելուց առաջ պետք է չզլանալ ու գոնե դպրոցական դասագրքերից որոշակի տեղեկություն ստանալ այն մասին, ինչը փորձում ես հայրենակիցներիդ ներկայացնել որպես պատմական փաստ: Մենք դեռ կհասցնենք խոսել, թե ով է այսօր մեր տարածաշրջանում համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որտեղից է առաջացել ահաբեկչությունը, ապա այստեղ մասնագետների կարծիքները տարանջատվում են: Խնդիրը զուտ ահաբեկչություն հասկացության սահմանումն է:

Որոշ մասնագետներ ահաբեկչություն են համարում ցանկացած քաղաքական սպանություն: Այդպիսով, ահաբեկչության արմատները կարելի է տեղափոխել անտիկ ժամանակաշրջան, եթե ոչ ավելի վաղ ժամանակներ: Մյուսները ահաբեկչությունը համարում են հենց XX դարի վերջի ֆենոմեն: Ֆրանսիացի պատմաբան Մ. Ֆերրոն համոզված է, որ ահաբեկչությունն իսլամական ավանդույթներից է ծնվել XI-XII դարերում: Իսկ Ն. Նեյմարկը ժամանակակից ահաբեկչության առաջացումը վերագրում է հետնապոլեոնյան ժամանակաշրջանին:

Բայց եկեք ու տեսեք, որ պարոն Բայրամ Սաֆարովը կասկածի տակ է դնում մասնագետների հետազոտությունները և բացահայտում է, որ ահաբեկչությունը ծնունդ է առել հայերից:

Իսկ XX դարի սկզբին հայերի իրականացրած սպանությունները, որոնք տեղի են ունեցել «Նեմեսիս» գործողության շրջանակներում, նպատակ են ունեցել պատժելու 1915-ին ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, 1918-ին` Բաքվում հայկական ջարդի կազմակերպիչներին և հայ դավաճաններին: Այդ սպանություններն ուղղված են եղել կոնկրետ հանցագործների դեմ, այլ ոչ թե խաղաղ բնակչության, ինչը ահաբեկչության ժամանակակից սահմանումների մեջ չի տեղավորվում: Ավելին, այդ գործողություններն ուղղված են եղել հենց իրական ահաբեկիչների դեմ, ինչպես պաղեստինցի ահաբեկիչների դեմ ուղղված հրեաների կազմակերպած «Աստծո ցասում» գործողությունը, որը ևս վրեժխնդրության նպատակ էր հետապնդում: Իսկ 70-80-ական թվականներին տեղի ունեցած միջադեպերը նպատակ ունեին միջազգային հանրության ուշադրությունն ուղղելու Հայկական հարցին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանցիների հիշողությունը կարճ է, կամ նրանք չեն ուզում հիշել իրենց պատմության մութ էջերը, երբ, օրինակ, Հեյդար Ալիևը, 1993 թվականին գալով իշխանության, ղարաբաղյան պատերազմում սկսեց ներգրավել հազարավոր աֆղանական մոջահեդների: Գաղտնիք չէ նաև, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ վերջին տասը տարում պարբերաբեր Ադրբեջանը դասում են ահաբեկչության վտանգի հավանականության առումով ամենաանբարենպաստ երկրների շարքին:

2000 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունները Բաքվում ձերբակալեցին Ալ-Քաիդայի մասնաճյուղերից մեկի ղեկավար, Նայրոբիում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Ահմեդ Սալամ Մահբրուկին, որը փորձում էր ձեռք բերել քիմիական և կենսաբանական զենք:

Կուբայում տեղակայված ամերիկյան Գուանտանամո բանտում երկար ժամանակ պահվում էին Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

«Ջեյշուլլահ» ադրբեջանական ահաբեկչական խմբավորումը, օրինակ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է աշխարհի 39 ամենավտանգավոր ծայրահեղական խմբավորումներից մեկը: Կա նաև «Հիզբութ-Թահրիր» անվամբ ահաբեկչական խմբավորում, որի անդամները ժամանակին մեղադրվում էին ամերիկյան դեսպանատան և Բաքվում մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ:

Բաքվում տեղակայված ANS հեռուստաընկերությունը ժամանակին նույնիսկ զրույցի է հրավիրել «Ժողովրդական մոջահեդներ» ահաբեկչական կազմակերպության անդամներին, որոնք այդ հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ արդեն 9 տարի է` իրենց ադրբեջանցի ընկերների օգնությամբ բնակվում են Ադրբեջանում: «Ժողովրդական մոջահեդներ» ահաբեկչական կազմակերպության ձեռքով վերջին 30 տարում զոհվել են Իրանի բազմաթիվ պաշտոնատար անձինք, իսկ Իրանի 12000 քաղաքացի այդ գործողությունների ընթացքում վիրավորվել է:

Մինչև 2003 թվականն Ադրբեջանում գործում էր Միջազգային բարեգործական ֆոնդը (ՄԲՖ), որը հովանավորում էր ահաբեկչական կազմակերպությունները:

Գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը ժամանակին գրել է, որ դաղստանցի ահաբեկիչները ֆինանսավորվել են Ադրբեջանում տեղակայված արաբական բանկերի մասնաճյուղերի միջոցով և ունեն ազդեցիկ հովանավորներ Ադրբեջանի հյուսիսային հատվածում:

Ահաբեկչական կազմակերպություններն Ադրբեջանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Ադրբեջանում նրանց նկատմամբ ժամանակ առ ժամանակ կիրառվում են ձևական պատժամիջոցներ, այն էլ միջազգային հանրության ճնշումների արդյունքում: Օրինակ, 2010 թվականին Աֆղանստանում և Պակիստանում ապօրինի զինված խմբավորումների անդամ Ադրբեջանի 13 քաղաքացիների դատը, որը տեղի էր ունենում Ադրբեջանում, ավարտվեց նրանով, որ մեղադրյալները կամ ստացան նվազագույն պատժաչափ կամ ընդհանրապես ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Մի՞թե Բայրամ Սաֆարովն այսքան ժամանակ չի իմացել, թե ինքն ինչ երկրում է ապրում, և իր շուրջն ինչ է կատարվում: Մեր երկրում ահաբեկիչներ չկան, իսկ Ադրբեջանում մի քանի տասնյակ ահաբեկչական կազմակերպություններ են գործում: Այս մասին մտածեք, պարոն Սաֆարով, ոչ թե այն բանի, թե որտեղից է ժամանակին եկել ահաբեկչությունը: Ասենք, Ալեքսանդր Մակեդոնացուց, հետո՞...

Գրիշա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ