«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ծա՛փ, ծա՛փ, ծա՛փ

Ծա՛փ, ծա՛փ, ծա՛փ
13.04.2024 | 12:36

Ծափահարությունը սովետի հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ցուցիչն էր: Հանդիսությունների ժամանակ հռետորների խոսքը բազմիցս ընդհատվում-ողջունվում էր ծափերով:

Դպրոցում սովորելու տարիներից լրագրերում կարդում էի կուսակցական-պետական տարբեր միջոցառումների ժամանակ արտասանված ճառերը՝ ուշադրություն դարձնելով, թե որքան հաճախ են այդ տեքստերն ընդմիջվում փակագծերի մեջ առնված «ծափահարություններ» թավ տառատեսակով շարված բառերով:

Ծափահարությունը մի քանի տեսակի էր լինում: Երբ ճառախոսը որևէ «շարքային» նորություն էր հայտնում, դրան համարժեք «ծափահարություն» էր գրվում: Երբ ասում էր՝ հնգամյակի պլանները մենք կատարեցինք չորս տարում, գրվում էր՝ «բուռն ծափահարություններ»: Երբ հռետորը փրփուրը բերանին հայտարարում էր, որ նվաճումները ձեռք են բերվել սովետական ժողովրդի անդուլ ջանքով, ապա՝ «բուռն, երկարատև ծափահարություններ»:

Հաճախ էր պատահում, որ ամբիոնից «կեցցե՛»-ներ էին հնչում հարազատ կոմունիստական կուսակցության հասցեին. այդ ժամանակ ամբոխի ոգևորությունը գագաթնակետին էր հասնում, ինչը թերթում ձևակերպված էր լինում՝ «բուռն, երկարատև ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի» բառերով:

Բայց սա դեռ բոլորը չէ: Երբ ձայնը տրվում էր ծերունազարդ Բրեժնևին, և նա, զգուշորեն քայլերը փոխելով, թիկնապահների աչալուրջ հայացքների ուղեկցությամբ մոտենում էր ամբիոնին, դահլիճի պատերը ցնցվում էին որոտընդոստ ծափերից, և լրագրողները «բուռն, երկարատև...»-ից հետո ավելացնում էին. «...բոլորը ոտքի են կանգնում, լսվում են կեցցե՛, փա՛ռք, փառ՛ք, փա՛ռք ՍՄԿԿ-ին» ոգեշունչ բացականչություններ...»:

Հումորի որոշ չափաբաժին կար Խրուշչովի ճառերում: Նա սիրում էր տեքստից շեղվել և հավուր պատշաճի մի կատակ անել կամ կատակախառն դիտողություն: Այդ պահերը թերթում արտացոլվում էին «աշխուժություն դահլիճում», «ծիծաղ դահլիճում» բառերի միջոցով:

Մի անգամ երկրում շրջագայելու ժամանակ մի քանի զորամասերում և դրանց «հավասարեցված» օբյեկտներում Խրուշչովին զեկուցել կամ բացատրություն էին տվել հայերը՝ կապիտան Գրիգորյան, ենթասպա Մնացականյան, ինժեներ Մատինյան և այլք:

Խրուշչովը շինծու զարմանքով դիմել էր Միկոյանին. «Անաստա՛ս, դո՞ւ ես ամենուրեք հայերի կարգել, որ ինձ զեկուցեն...»:

Այդպես էլ ապրում էինք:

Կարլ Յալանուզյան

Դիտվել է՝ 5803

Մեկնաբանություններ