ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատգամ

Պատգամ
29.06.2024 | 15:39

Աղջի՛կս, երբ թռչունը գա

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

Լորենու փչակում քնելու։

Կասես՝ գնացել է

նոր բույն որոնելու քեզ համար,

և եթե սոված կլինի,

հաց ու ջուր կտաս։

Եվ եթե տրտում կլինի,

կասես՝ Մեղրիում

ծաղկել է նռնենին,

թող գնա

ճախրի նրա երկինքներում,

թող իրեն թաթախի

կարմիր բույրերում։

Եվ քո սադափե սանրով

զգուշորեն կսանրես նրա գլուխը,

և բառեր կասես մխիթարող․

թող իմանա, որ միայն ինքը չէ,

որ միայնակ է այս տիեզերքում։

Եվ բառեր էլ կասես աղոթքի՝

բոլորի Աստծուն ուղղված։

Աղջի՛կս,

դու շատ հեշտ կճանաչես նրան,

նա փումփուլե կատար կունենա

և կբուրի երկնքի բույրերով։

Աղջի՛կս, երբ գա ձուկը

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

սառնորակ աղբյուրի

վերին ակունքներում

քեզ համար

անվտանգ հոսքեր որոնելու։

Կասես՝ մաքուր արծաթից կոհակներ

և փիրուզե սրտով ալիքներ

գտնելու համար է գնացել։

Եվ եթե սոված կլինի,

հաց ու ջուր կտաս։

Եվ եթե տրտում կլինի,

կասես՝ Տրտու գետի

միջին հոսանքներում որսն առատ է այս տարի,

կարմիր ջրիմուռները

հասունացել են վաղուց,

և կակղամորթները

իրեն են սպասում անհամբեր։

Կասես՝ թող երբեմն

դուրս նետի իրեն ջրերից,

թող իրեն ցողի

գետակին թեքված ուռիների արցունքով,

թող իմանա, որ

միայն ինքը չէ, որ հոսում և

արտասվում է այս տիեզերքում։

Չմոռանաս գոտեպնդել իրեն

մի բարի խոսքով

և վստահելի մի հայացքով։

Աղջի՛կս,

դու շատ հեշտ

կճանաչես նրան․

նա կարմիր պուտիկներ կունենա

և օծված կլինի

Տրտու գետի օծանելիքով։

Աղջի՛կս, երբ մահը գա

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

կողմերը հանդարտության՝

քեզ համար

իր սիրտը նորոգելու,

կասես՝ գնացել է

հարթելու վեճը

Գգուղացիների ու գայլերի միջև,

կասես՝ գնացել է սրբելու

քրտինքը իր շինական ընկերոջ,

կասես՝ գնացել է,

որ համոզի երեխաներին

հեռու մնան կրկեսներից

և զգույշ լինեն մեծերից,

կասես՝ գնացել է

վերջին վկայությունները

բերելու ապագայից,

վերջին արձանագրությունները կարդալու

վշտի պնակիտներին թռչկոտող,

և լսելու կտցահարումը միայնության

փշաքաղված մարմիններից՝

լքյալների, որբերի և անիմաստ զոհերի։

Աղջի՛կս,

դու երևի չես ճանաչի նրան,

բայց մեկ է, հաց ու ջուր կտաս․

նա սիրում է գալ սոված

և կերպերով այլազան,

իսկ ուզածը մեկն է միշտ,

նա այս անգամ

զմրուխտե կոհակներ է ունենալու

և իջնելու է նռնենու երկնքից

և բուրելու է,

բուրելու է

խղճմտանքով անողոք։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ