ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՐ ԿՌԻՎԸ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՉԷ»

«ՄԵՐ ԿՌԻՎԸ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻ,  ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՉԷ»
28.02.2012 | 00:00

2011-ի դեկտեմբերին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո» օրենքը չի շրջանցել նաև գրքի շուկան:
Այսուհետ գրքի գնի մեջ ավելանում է ավելացված արժեքի հարկը, այսինքն, գիրք գնողը պետք է վճարի 20 տոկոս ավելի: Սակայն գրախանութներում արձանագրվում են գրքերի կրկնակի թանկացումներ: Որպես օրինակ` գրող Հովիկ Չարխչյանի 3000 դրամ արժողությամբ «Չարենցի կրակոց» գիրքը «Նոյյան տապան» գրատնից այսուհետ կարող եք ձեռք բերել 6000 դրամով:
Հովիկ Չարխչյանը մեզ հայտնեց, որ ստեղծվել է գրքերի թանկացման դեմ պայքարող նախաձեռնող խումբ, որն արդեն ունի մի շարք հրավերներ, առաջիկայում Ազգային ժողովում կքննարկեն ավելացված արժեքի հարկի մասին օրենքի փոփոխությունների փաթեթը, պարզելու համար, թե որտեղ է սողանցքը, որն ուղղակի անդրադարձել է գրքի շուկայի վրա:
Փաստն այն է, որ գրքերը թանկանում են, ու գրախանութները թարմացնում են հեղինակների հետ ունեցած պայմանագրերը: Թե ինչո՞ւ կրկնակի, հստակ բացատրություններ, այս առումով, չեն տրվել:
«Մեր կռիվը գրախանութների, հրատարակիչների հետ չէ: Նրանք ընդամենը հոսանքին հակառակ չգնալու համար ստիպված են անել այն, ինչն իրենցից պահանջում է օրենքը: Չեմ կարծում, թե որևէ գրավաճառի կարող է ուրախացնել գրքի գնի բարձրացումը, դա անպայման կտանի պահանջարկի, հետաքրքրության նվազեցման: Այնպես որ, մեղավորներին պետք է ուրիշ տեղ փնտրել»,- ասաց Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` իրենք պատրաստ են անելու ամեն ինչ, որպեսզի ոչ միայն նոր որոշումն անվավեր ճանաչվի, այլև գրավաճառության, հրատարակչական աշխատանքների համար արտոնություններ սահմանվեն, գրքի գինը նվազի, գրախանութներում ավելի աշխույժ վիճակներ լինեն, իսկ գրողներն իրենց աշխատանքի վաստակն ստանան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ