ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Համոզված էր, որ Նախիջևանի կորստով կորցնում ենք ազգային մշակույթի ինքնատիպ մի շերտե

«Համոզված էր, որ Նախիջևանի կորստով կորցնում ենք  ազգային մշակույթի ինքնատիպ մի շերտե
06.04.2012 | 00:00

Ապրիլի 7-ին լրանում է ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ` նշանավոր ազգային, պետական և հասարակական գործչի և հրաշալի քանդակագործի ծննդյան 110-րդ տարեդարձը։ Նա` ժողովրդական նկարիչն ու անվերապահ հեղինակությունը ազգային կերպարվեստում, ցավոք, այն ճանաչումն ու գնահատականը չունի, ինչին իրավամբ արժանի է։ Բացը լրացնելու համար հանդիպեցինք քանդակագործ, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի թանգարանների վարիչ ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

ՙՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՄ ՎԱՐՊԵՏՆ Է,

ԱՅԼԵՎ ՀԱՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ՚

-Արա Սարգսյանը Ձեր վարպետն էր, եզակի ընդգրկմամբ մշակութային գործիչ, և ահա նրա թանգարանի վարիչն եք։

-Նա ոչ միայն իմ վարպետն է, այլև հայ քանդակագործության հիմնադիրներից մեկը, բոլորաքանդակի առաջին ներկայացուցիչը, Հայաստանի նկարիչների միության հիմնադիր նախագահը, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադիրը։ Ինստիտուտն ստեղծվեց 1945-ին, Մեծ հայրենականը դեռ չավարտված։ Սա խոսում է վարպետի լայն ու հիմնավոր, միաժամանակ խիստ հեռանկարային աշխարհայացքի մասին։ Նրա յուրաքանչյուր նախաձեռնություն միտված էր ազգային-պետական հիմքերի ամրապնդմանն ու ուղենիշների ուրվագծմանը։Իհարկե, անսպասելի էր թանգարանները ղեկավարելու առաջարկը։ Նաև շատ պարտավորեցնող. տեր կանգնել երկու նշանավոր հայ կերպարվեստագետների ժառանգությանը։ Այսօր, ցավոք, միացյալ այս թանգարանը ծանր վիճակում է։ Ե՜վ շինության անբարվոքության, և՜, առհասարակ, թանգարանների իմացության տեսանկյունից։

-Այսի՞նքն...

-Հասարակությունը, առհասարակ, օտարվել է ազգային կերպարվեստից։ Այսօր մեկ-երկու նկարիչ և նույնքան քանդակագործ են ճանաչում։ Եվ շատերին անհայտ է, որ Պուշկինի և Սարյանի փողոցների հատման վայրում, 1934-ին, բնակություն հաստատեցին Արա Սարգսյանն ու Հակոբ Կոջոյանը։ Փողոցում բազալտե հուշարձանը, իհարկե, հիշեցնում է այս մասին։ Սակայն հիշեցնում է միայն նրանց, ովքեր անցնում են այդտեղով։ Իսկ այս թանգարաններն ազգային մշակույթի անզուգական պահոցներ են, արժանի շատ ավելի լայն ճանաչման։ Շենքը, ի դեպ, կառուցվել է տուֆե հիմքի վրա, ինչի ազդեցությունը նկատելի է, ջրահեռացումը չի կատարվում բնականոն ձևով։ Այնուամենայնիվ, այդ ծանր տարիներին խորհրդային պետությունն այս երկհարկանի ընդարձակ առանձնատունը կառուցեց վարպետների պատվին, որը և՜ արվեստանոց էր, և՜ բնակարան։

ՙՆՐԱ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ

ՇՐՋԱՆԻՆ ՔՉԵՐՆ ԵՆ ԾԱՆՈԹ՚

-Նշեցիք Արա Սարգսյանի ներդրումը ազգային կերպարվեստում։

-Շնորհիվ նրա ձևավորվեց բոլորաքանդակի ավանդույթը և տեխնոլոգիան։ Խաչքարեր, հարթաքանդակներ և բարձրաքանդակներ, նաև եզրազարդեր. այս ուղղություններն էին զարգացել հայ կերպարվեստում։ Նշենք, որ, իհարկե, ազգային մշակույթին անծանոթ չեն բոլորաքանդակները, մասնավորապես, տեղադրված Նեմրութ լեռան լանջերին և նվիրված հայոց հեթանոսական աստվածներին` Արամազդին, Անտիոքոսին և այլոց, ինչի մասին ես հոդվածով հանդես եկա ՙԿերպարվեստ՚ ամսագրում, Արևմտյան Հայաստանում կատարված շրջագայությունիցս հետո։

-Ձեր առաջին հանդիպումն Արա Միհրանիչի հետ։ Ի՞նչ է տպավորվել։

-Տպավորվել և անմոռաց է այն ամենը, ինչ կապված է նրա հետ։ 1962-ին նա հոբելյանական ցուցահանդես ուներ Նկարչի տանը։ Ցուցահանդեսի կատալոգը նվիրեց ինձ։ Հետո հանձնաժողովի նախագահ էր, երբ Թերլեմեզյանում մենք դիպլոմ էինք պաշտպանում։ Դրվատեց աշխատանքս, որ ՙՄայրություն՚ էր կոչվում։ Բայց քիչ մանրամասնեմ իրավիճակը։ Այդ շրջանում ուսումնական գործընթացներում ոչ այնքան բարվոք վիճակ էր, առավել ուշադրություն էին դարձնում արդյունաբերական դիզայնին, տեխնիկական նորամուծություններ պարունակող մասնագիտություններն առաջին պլանում էին։ Եվ, խնդրեմ, երեսունութ դիմորդից քանդակագործական ֆակուլտետ ընդունվեցին երկուսը, գունանկարի ֆակուլտետ դիմած հիսունից ավելի դիմորդներից` հինգը։ Ընդունվեցինք ես և ղափանցի շնորհալի քանդակագործ Մարատ Նուրիջանյանը։ Արա Սարգսյանն այստեղ էլ իր բարձունքի վրա էր, նա պահանջում էր, որ հատկապես անաչառ լինեն մասնագիտական առարկաներից ուժեղ դիմորդների հանդեպ։ Առհասարակ, այն տարիներին որևէ օժտված դիմորդ դուրս չէր մնում ինստիտուտից։

-Արա Միհրանիչի կյանքը հարուստ է հռչակավոր ՙՆեմեսիսի՚ գործողության հետ նրա կապով։ Որպես վարպետի մտերիմ, ի՞նչ կասեք այդ մասին։

-Նրա հասարակական, քաղաքական և կուսակցական գործունեության առանցքում հայրենասիրությունն էր։ Եվ սա մի հիանալի ապացույց է այն բանի, որ անգամ սովետական դժնդակ պայմաններում ազգի իսկական զավակներին հաջողվում էր լինել նախ հայ և գործել հանուն ազգային շահի։ Աշխատանքի տևական ժամերը ստեղծագործական մթնոլորտում անցնում էին աննկատ, միաժամանակ հնարավորություն ընձեռում խորապես ճանաչելու գործընկերոջդ` որպես մարդու և քաղաքացու։ Շատ համեստ ու առինքնող կերպար էր, և զրույցների ընթացքում մեզ համար զարմանալի բաներ էին պարզվում։ Չէ՞ որ նրա կյանքի խորհրդավոր շրջանին Հայաստանում եզակիներն էին ծանոթ։ Մասնավորապես, այդ թեման արծարծվել էր Վարագ Առաքելյանի ու Վարազդատ Հարությունյանի հետ Արա Միհրանիչի հանդիպումներում։ Ցավոք, ՙՆեմեսիսի՚ մասին այսօր երբեմն հրապարակումներ են լինում, որոնք այնքան էլ ճշմարտանման չեն։

ՙՋԵՎԴԵԹ ԷՖԵՆԴՈՒ ԱՆՎԱՆ

ՏԱԿ ԹԱՔՆՎՈՒՄ ԷՐ ԹԱԼԵԱԹԸ՚

-Մեր զրույցը լավ առիթ է` լուսաբանելու Արա Սարգսյանի անցյալը` նրա սանի շուրթերով։ Ձեզ ի՞նչ է հայտնի։

-Նա մասնակիցն էր հռչակավոր ՙՆեմեսիսի՚։ Այսպես, Օնիկ Ավետիսյանի հետ (գեղանկարիչ Բեյրութից) նկարում են ոմն Ջևդեթ էֆենդու, գլխին ֆես, ով ծխախոտի խանութի տերն էր։ Նկարում են մատիտով և այնքան ճշգրիտ, որ պարզ է դառնում, որ Ջևդեթ էֆենդու անվան տակ թաքնվում է արյունարբու հրեշը` Թալեաթը։ Եվ երբ այս ճանապարհով հայտնի է դառնում իսկությունը, Թեհլերյանն արդեն վստահ անցնում է գործողության իրականացմանը։ Այնուհետև, ինչ-որ հրատապ մի դեպքի կապակցությամբ, Երկանյանն ու Շիրակյանը պահ են տալիս Արա Սարգսյանին մի կապոց։ Եվ հեռանում են Բեռլինից։ Հայտնի է նրանց հեռացման պատճառը, խոյահարում են Բեհաէդդին Շաքիրին և Նազիմին։ Ամիսներ անց ուսանող Ա. Սարգսյանը դիմավորում է նրանց Բեռլինի երկաթուղային կայարանում, տուն ուղեկցում և հանձնում պահ տրված կապոցը, որում բավականին գումար կար։ Կայարանի ռեստորանում, ի դեպ, ուսանող Արա Սարգսյանն է փակում ռեստորանի հաշիվը։

-Նրա մահվան մասին ոմանք առեղծվածներ են հյուսում։

-Առհասարակ, առողջ մարդ էր, բոհեմի և որսորդության սիրահար։ Սակայն չարաբաստիկ պատահարի պատճառով կոտրում է ձախ ոտքի խնձորակը և գամվում անկողնուն` նշանավոր ՙԼեչկոմիսիայում՚։ Հաճախ էի այցելում նրան։ 1969-ի փետրվարի 1-ից մինչև հունիսի 13-ը պառկեց այնտեղ։ Տրամադրությունը միշտ բարձր էր։ Շատ հիվանդներ էին բուժվում նման կոտրվածքից հետո։ Այդ օրերին ընկերս մեկ այլ հիվանդությամբ պառկած էր հասարակ մահկանացուներին սպասարկող օրթոպեդիկ հիվանդանոցում։ Նրան վիրահատեցին, և մեկ շաբաթ անց հենակների օգնությամբ քայլում էր։ Այս մասին պատմեցի վարպետի տիկնոջը։ Ասաց, որ տեղյակ է, օրթոպեդիկում բարձրակարգ բուժում են իրականացնում։ Սակայն Արա Միհրանիչը հրաժարվեց տեղափոխվելուց, վարժվել էր ՙԼեչկոմիսիային՚։ Բայց մի քանի օրվա մեջ անսպասելի սեպսիս է առաջանում, բարձրանում է ջերմությունը։ Հաջորդ օրը նա կնքեց մահկանացուն։

Այնպես որ, անմիտ խոսակցություններ են, թե սովետական հատուկ ծառայությունները նրան սպանեցին։ Այդ դեպքում նա ինչպես կյանքի կոչեց բազմաթիվ փայլուն մտահղացումներ, հիմնադրեց գեղարվեստաթատերական ինստիտուտը, եղավ ՀՆՄ առաջին նախագահը երկար տարիներ, ստացավ ժողովրդական նկարչի, այնուհետև ակադեմիկոսի կոչում։

-Ինչպիսի՞ն էր նա որպես մարդ, իր սովորություններով և ՙմոլորություններով՚։

-Շատ էր մեծահոգի և որևէ մեկին ոչ մի հարցում չէր առարկում։ Նրա շնորհիվ շատերը կոչումների ու պաշտոնների տեր դարձան։ Հատկապես ուշադիր և հոգատար էր շնորհալի երիտասարդների նկատմամբ։ Մի դեպք եմ հիշում. մեզ հետ աշխատող երիտասարդ ու շնորհալի քանդակագործ Մարատ Նուրիջանյանն ամուսնացել էր և ընտանիք ուներ։ Սենյակ էր վարձել Կասկադի հատվածում, ուր սեփական տներ էին։ Սակայն տանտերը նախապես պահանջել էր չորս ամսվա վարձը` 200 ռուբլի։ Այս ու այնտեղ դիմեց, մերժեցին։ Ճարահատյալ դիմեց ինձ, խնդրելով, որ միջնորդեմ և գումարը ձեռք բերենք մեր վարպետից։ Եղանք ահա այս սենյակում, որը նրա աշխատասենյակն էր, այժմ վարիչի սենյակն է։ Հիշում եմ, տան հատակը ներկված էր կարմիր ներկով։ Մարատն ամոթխած հանեց կոշիկները։ Արա Միհրանիչը բացականչեց. ա՜յ տղա, Ղափանը քաղաք է, դու հո գյուղացի չե՞ս, որ, կարմիր հատակ տեսնելով, հանում ես կոշիկներդ։ Ինչևէ, ներկայացրի խնդիրը։ Հարց չկա, տղաներ, բայց ե՞րբ կվերադարձնեք։ Կապանում պատվեր ունեինք և երկու ամիս անց գումարն ստանալու էինք, վստահաբար ասացինք` ուղիղ երկու ամսից։ Բացեց սեյֆը, ութ հատ 25-ռուբլիանոց դուրս բերեց ու տվեց մեզ։ Հետո սուրճ հյուրասիրեց բիսկվիթով։ Ամեն բան բարեհաջող անցավ, ժամկետից շուտ գումարը մեր ձեռքում էր։ Մարատը չհամբերեց, որ լույսը բացվի։ ՈՒ բացատրեց իր շտապողականությունը, թե պարտքը կմարենք, համ էլ բիսկվիթ կուտենք։ Առհասարակ շատերն էին պարտքով գումար վերցնում ու հաճախ չէին վերադարձնում։ Երբևէ չէր անդրադառնում։ Առհասարակ, ոչ մեկին ոչինչ չէր մերժում։

ՙԽՈՐԱՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ`

ՆԱԽ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐՈՎ ՄՏԱՀՈԳՎԵԼ՚

-Քիչ բան է հայտնի 1965-ի զարթոնքին նրա մասնակցությունից։

-1965-ին մի քանի ազդեցիկ մտավորականներ հանրագիր էին պատրաստել Արցախի վերամիավորման հարցով։ Դեմ էր, քանզի խորապես համոզված էր, որ նախ անհրաժեշտ էր Նախիջևանի խնդրով մտահոգվել, Նախիջևանը դատարկվում էր, իսկ Արցախն ամուր էր և հայաթափման վտանգից հեռու։ Առհասարակ բավականաչափ լավ էր տեսնում քաղաքական խարդավանքների իսկությունը. համոզված էր, որ Արցախը մի գեղեցիկ օր ինքնորոշվելու է։ Իսկ Նախիջևանը կորցնում էինք, կորցնելով նաև ազգային մշակույթի մի ինքնատիպ շերտ, մասնավորապես Ջուղայի խաչքարերը։ Եվ իսկապես, այսօր ի՞նչ կարող ենք անել Նախիջևանի հարցում։ Ոչինչ, ընդամենը լալ ու ողբալ։

-Նշանավոր մարդկանց կյանքը, սովորույթներն ու խառնվածքն առհասարակ միշտ էլ լուրջ հետաքրքրության առարկա են։

-Հրաշալի սեղանապետ էր։ ՈՒ նրա կառավարած սեղանները վերածվում էին յուրատեսակ մշակութային միջոցառման։ Սեղանին համադամ խորտիկներ էին, շուրջը` պոեզիա, արվեստ, խոհ ու մտորում։ Նա գիտեր արվեստագետի և, մասնավորապես, իր առաքելությունը։ Այն է` բարին ու գեղեցիկը սերմանել ամենուր, նախ սեփական վարք ու բարքով։ Իրոք, մեծ հոգու տեր էր, ու նրա դուռը բաց էր միշտ, բաց էր բոլորի առջև։ Նաև նուրբ հումորի տեր էր։ Հիշում եմ, մեր քանդակագործներից մեկը երկար տարիներ պրոֆեսորի կոչում չէր ստանում։ ՈՒ տանջվում էր։ Սարգսյանն ասում էր նրան` Գրիգորի Պետրովիչ, պրոֆեսորի կոչմանն արժանանալու համար... նախ պետք է ակնոց ունենալ։ Պետրովիչը բողոքում էր, չէ՞ որ ինքը վաղուց է ակնոց կրում։ Այ տղա, շարունակում էր, պրոֆեսոր լինելու համար պորտֆել պիտի ունենալ։ Ո՞նց, քանի տարի է, պորտֆելից չեմ բաժանվում։ Արա Միհրանիչը ժպտում էր և ասում` էդ ամենը շատ լավ է, բայց ամենակարևորը պիտի պարարտ պրոֆեսորական փոր ունենաս։ Գրիգորի Պետրովիչը, ցավոք, փորից զուրկ էր։ Բայց մի գեղեցիկ օր, առանց ակնոցի, պորտֆելի ու փորի, արժանացավ բաղձալի կոչմանը։ Առհասարակ, բազմակողմանի զարգացած մարդ էր։ Թողել է նաև գրական ժառանգություն, որտեղ նրա ներաշխարհն է, գեղեցիկ ու առաքինի։ Հերոսական ոգի ուներ։ Երբ 15 տարեկան էր, ավագ եղբորը` Պատրիկին, բանակ են զորակոչում։ Իսկ դա Թուրքիայում էր, Պոլսում, ուր նաև բանակ զորակոչելով էին մարդաորս կազմակերպում։ Եղբոր փոխարեն է ներկայանում բժշկական հանձնաժողովին, ստուգում են և տեսնում, որ իսկապես դեռ պատանի է ու ենթակա չէ զորակոչի։ Այսպես փրկում է եղբորը։

-Նրա լավագույն գործերը։

-Չկան լավագույն մեկ-երկու գործեր։ Կերպարվեստի վարպետին պիտի գնահատել նրա թողած ժառանգությամբ։ Սակայն հիշենք Արա Միհրանիչի ստեղծագործություններից մի քանիսը` հիշեցնելով նաև ընթերցողներին։ Բազմաթիվ հրաշալի կիսանդրիներ` նվիրված մեր դասականներին` Թումանյան, Չարենց, Աճեմյան, նաև Շահումյան, Սպանդարյան, Նելսոն Ստեփանյան։ Նաև այս շատ ինքնատիպ հորինվածքը` ՙԱյգեկութը՚։ Նաև պետհամալսարանի առջև կանգնեցված Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանը։

-Շնորհակալություն զրույցի համար։ Նաև մաղթում ենք, որ հայոց պետությունն ու ազգային մեր մեկենասները հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն միացյալ այս թանգարաններին, ուր մեծերի շունչն է թևածում։

Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ