ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ճաղավանդակի հետևում «գիքորների» մի ստվար բազմություն է»

«Ճաղավանդակի հետևում «գիքորների» մի ստվար բազմություն է»
03.10.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Ի՞նչ է կատարվում այսօր երկրի խորհրդարանում ու նրա պատերից դուրս։ Ի՞նչ շահեր են բախվում ներքաղաքական և արտաքին քաղաքական քարտեզի վրա։ Արդյո՞ք Ազգային ժողովի միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն իրոք մտադիր են հրաժարվել պատգամավորական մանդատներից՝ որպես քաղաքական ընդվզումի ծայրահեղ դրսևորում։ Երեկ այս հարցերի շուրջ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին իր դիտարկումները փոխանցեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Շեշտելով, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը տևական ժամանակ բավականին լարված է, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում իշխանափոխության թիվ մեկ բանաձևը, ինչը պոստուլատային ձևակերպում ունի։ Այն է՝ իշխանության միակ կրողն ու կառավարման համակարգում փոփոխությունների միակ անվերապահ ուղղորդողը ժողովուրդն է։ «Հայաստանում լարվածության աստիճանը բավականին բարձր է, և տեղի ունեցած փոփոխություններն էլ, ըստ էության, ստեղծել են համակշռելիության մի վիճակ, որը դժվար է ասել, թե հատկապես ինչ ուղղությամբ կխախտվի»,- նշեց «Ժառանգության» քաղաքական քարտուղարը, ընդգծելով, որ համակշռելիության առկա վիճակը կարող է խախտվել մի շարք զարգացումների արդյունքում, եթե նկատի ունենանք, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից որոշակի ճնշումներ են գործադրվում թե՛ առանձին վերցրած մեր երկրի, թե՛ տարածաշրջանի երկրների վրա։ «Փաստորեն, գոյություն ունի մի կողմից շարժման շիկացած կենտրոն, մյուս կողմից՝ անկումային տրամադրության որոշակի տարրեր հանրության այն զանգվածի շրջանում, որը համաժողովրդական շարժման ալիքի շարժիչ ուժն էր։ Դժվար է ասել՝ առկա միտումներն ավելի խորանալով ի՞նչ ազդեցություն կունենան շարժման վրա, կրկնում եմ, դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով»,- հավելեց «Իրավունք de facto» ակումբի հյուրը։
Բնականաբար, չշրջանցվեց նաև ԱԺ խոսնակի փոփոխության թեման, ինչի առիթով Վարդան Խաչատրյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի հետ երբևէ չի աշխատել, որպեսզի ժամանակից շուտ կարծիք հայտնի նրա մասնագիտական ու մարդկային որակների մասին, իսկ Տիգրան Թորոսյանին էլ բնութագրեց որպես «պառլամենտական պրոֆեսիոնալներից մեկը»։
Ինչո՞ւ «Ժառանգությունը» ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրեց ոչ թե կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ Լարիսա Ալավերդյանին, և, ընդհանրապես, որքանո՞վ էր խելամիտ այս քաղաքական որոշումը, եթե ընտրությունների ելքը վաղուց կանխորոշված էր, իսկ բուն ընտրական գործընթացին խորհրդարանական ընդդիմության մասնակցությունն էլ ընդամենն այլընտրանքային քվեարկության պատրանք ստեղծեց ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրության աչքում, փաստորեն, լեգիտիմացնելով դրանք։
Լրագրողների այս հարցին հետևեց Վարդան Խաչատրյանի բավականին հիմնավոր պատասխանը. «Ոչ այլընտրանքային ցանկացած ընտրություն նպաստում է երկրում բացարձակ անհուսության մթնոլորտի խորացմանը։ Այսինքն, երբ դու ասում ես, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ուստի իմաստ էլ չունի խառնվել ընտրական այս կամ այն գործընթացին, հասարակության մեջ խորանում է այն համոզմունքը, որ վերևներում ինչ ուզում, էն էլ անում են։ Եթե ժողովուրդն այլընտրանք չտեսնի, ինչի՞ է ձգտելու։ Այլընտրանքի բացակայության պայմաններում, փաստորեն, հարթակ ենք ստեղծում ներկայիս իշխանությունների ապագան ապահովելու համար, և ժողովրդի համար պատկերացնելի է դառնում, որ այսպես ավանդաբար եղել է, այսպես էլ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունն առաջ քաշեցինք, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, պատասխանը շատ պարզ է. որպեսզի ապակուսակցական թեկնածություն լինի, քանի որ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ, և այդ առումով էլ խորհրդարանում սոցիալական ավելի մեծ սատարում կարող էր ունենալ, քան «Ժառանգությունն» առանձին վերցրած»։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանն այսօր (հոկտեմբերի 2-ին -Լ. Մ.) համաներման հրամանագիր է ստորագրելու՝ մարտի 1-ից հետո տարբեր հիմքերով կալանավորվածներին ազատ արձակելու վերաբերյալ։ Արդյո՞ք համաներումը լուծում կտա հանրության շրջանում կուտակված բազմաթիվ անպատասխան հարցերի։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ի պատասխան բանախոսն ասաց, թե նման հրամանագրից ինքը տեղեկություն չունի, թեև քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրն անձամբ իր համար չափազանց կարևոր է։ «Այսօր ճաղավանդակի հետևում գտնվում է, պայմանականորեն ասած, «գիքորների» մի ստվար բազմություն։ Մարդիկ, ովքեր առանձնապես ոչինչ չեն արել, քաղաքական պայքարն իրենց ուսերին կրող առանցքային դեմքեր չեն, սակայն ընկել են համահարթեցնող բուլդոզերի տակ։ Իհարկե, համաներումից հետո այս մարդկանց վիճակը կբարելավվի, իսկ նրանց համար, ովքեր, ռուսերեն ասած, «попали под грeбенку», դա շատ կարևոր նշանակություն կունենա, որովհետև այս պարագայում գործ ունենք ճակատագրերի հետ, որոնցից յուրաքանչյուրի հետևում մարդկային ողբերգություններ են»։
Անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու հավանականությանը՝ Վարդան Խաչատրյանը պարզաբանեց. «Այդ հարցը, ինչպես և հայտարարել ենք, կքննարկվի տարեվերջին՝ կուսակցության վարչության, չի բացառվում նաև՝ խորհրդի նիստում, բայց այստեղ գոյություն ունեն որոշ խնդիրներ՝ կապված Համաժողովրդական շարժման աջակցության, քաղաքական ամբիոն ունենալու, հասարակությանն անմիջականորեն դիմելու հնարավորությունը չկորցնելու և այլ հարցերի հետ»։
Ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրեց լրագրողներին, որ Շարժման գործընկերների կողմից մանդատները ցած դնելու պահանջ չի ներկայացվել «Ժառանգությանը», ավելին, իրենց բազմիցս հորդորել են նման քայլի չդիմել։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4918

Մեկնաբանություններ