ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյա՞նն են միանձնյա վճռելու հայոց ճակատագիրը

Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյա՞նն են միանձնյա վճռելու հայոց ճակատագիրը
01.08.2008 | 00:00

ՆՈՐ ԻՄԻՋՈՎ
Երեկ ՀԺԱՄ վարչությունից տեղեկացանք, որ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանը գրավոր դիմում է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի վարչությանը՝ կուսակցության նախագահի լիազորությունները վայր դնելու և դրանք վարչությանը փոխանցելու մասին։ Առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության համագումարը, որը կքննարկի քաղաքական կուրսի հստակեցման հարցերը։ Այս և այլ խնդիրների շուրջ զրուցում ենք ՀԺԱՄ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Պարոն Մկրտչյան, ինչո՞վ է պայմանավորված ՀԺԱՄ նախագահի լիազորությունների դադարեցումը։
-Ինչպես հայտնի է, Սեյրան Ավագյանը վերջերս պետական այլ բնույթի պաշտոն է ստանձնել՝ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ուստի խիստ ծանրաբեռնված է ու չի կարող համատեղել ՀԺԱՄ նախագահի և Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պարտականությունները։ Այս հիմնավորմամբ էլ վայր է դրել նախագահի իր լիազորությունները՝ դրանք հանձնելով վարչությանը։ Մենք՝ ՀԺԱՄ վարչության անդամներս, արդեն երեք ամիս ակտիվորեն քննարկում ենք կուսակցության ներսում կառուցվածքային նոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը՝ վերացնել կուսակցության նախագահի ինստիտուտը և անցնել կոլեգիալ կառավարման։ Համարում ենք, որ լիդերի ինստիտուտն արդեն անցյալ դարի հնացած կառուցվածքային միավոր է, իսկ ավելի արդյունավետ կառավարման ձևը կոլեգիալ կառավարումն է։ Ըստ այդմ, ՀԺԱՄ-ը որոշել է հանդես գալ նոր իմիջով, նոր դեմքով, իսկ նոր դեմք ասելով՝ նկատի ունենք ոչ թե կոնկրետ անհատի, այլ նոր ղեկավար մարմինը։
-«Լիդերափոխությունը» ցավոտ գործընթաց է ենթադրում։ Կարողանալո՞ւ եք հաղթահարել հատկապես բարոյահոգեբանական «տաբուները»։ Արդյո՞ք այդ փոփոխությունը նախատեսում է նաև կուսակցության քաղաքական կուրսի փոփոխություն։ Փոփոխություն դեպի արմատական ընդդիմությո՞ւն, իշխանությո՞ւն, թե՞ «երրորդ ուժ»։
-Մեզ մոտ լիդերի փոփոխության հարց չի դրված, որ ենթադրի Սեյրան Ավագյան անհատին փոխարինել Վահրամ Մկրտչյանով, Աշոտ Ավալյանով կամ այլ անհատով (կուսակցության փոխնախագահներ- Ռ. Խ.)։ Կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունավետ գործունեություն ծավալելու հրամայականով։ Համոզված ենք, որ անձի վրա հիմնված կուսակցական համակարգերն արդունավետ չեն գործում։ Ինչ վերաբերում է քաղաքական կուրսին, ասեմ, որ ՀԺԱՄ-ը լինելու է կենտրոնում։ Միգուցե նախկինում, երբ ՀԺԱՄ նախագահը ՀՀ նախագահի խորհրդականն էր, հասարակության շրջանում տպավորություն էր ստեղծվել, որ ՀԺԱՄ-ը սատարում է իշխանությանը և նրա կցորդն է։ Այսօր մենք փաստում ենք, որ ՀԺԱՄ-ը գործելու է կենտրոնում, բացառապես իր սոցիալական բազայի՝ միջին խավի շահերի ու փոքր և միջին բիզնեսին աջակցելու դիրքերից։ Մենք կքննադատենք ամեն մեկին, ով այս շահերի դեմ դուրս կգա ու միջնորդավորված կամ ուղղակիորեն կխանգարի այդ շահերին միտված նպատակային ծրագրերը, կքննադատենք, անկախ այն բանից՝ երկրի նախագա՞հն է, վարչապե՞տը, թե՞ արմատական ընդդիմությունը ներկայացնող որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն։ Եթե հասարակական-քաղաքական հարթությունում լինեն ուժեր, որոնք այդ շահերի պաշտպանության դիրքերից հանդես կգան, ապա մենք կողջունենք, կհամագործակցենք և միասին կձևավորենք նոր շարժում։ Կարծում եմ` այդ նոր շարժումն իր առջև պետք է դնի նպատակներ, որոնք միտված կլինեն հայության հարատևմանը, որի համար պետք է կազմվեն տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների ծրագրեր:
-Այսօր շատ է խոսվում երկխոսության անհրաժեշտության մասին, որը պետք է կայանա Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
-Ինչո՞ւ հենց այս երկուսի միջև, իսկ ո՞ւր են մյուս սուբյեկտները։ Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյա՞նն են միանձնյա վճռելու հայոց ճակատագիրը։ Համազգային խնդիրների շուրջ պետք է երկխոսեն և համագործակցեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգ են այդ խնդիրների լուծմամբ։
-Քիչ թե շատ ծանրակշիռ քաղաքական ուժերն արդեն իսկ հանդես են եկել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրերի սեփական գնահատականներով, մինչդեռ ՀԺԱՄ-ն առայսօր լռում է։ Գնահատական չունե՞ք, թե՞ հրապարակային հայտարարությամբ հանդես չգալն ունի այլ պատճառներ։
-Մենք անդրադառնալու էինք այդ խնդրին, և հապաղումը պայմանավորված էր ներկուսակցական բարեփոխումներով։ Ճիշտ է, Ձեր թերթի միջոցով առիթ է ստեղծվում հնչեցնելու մեր տեսակետը, սակայն նախատեսում ենք մոտ օրերս ասուլիս հրավիրել և հանգամանորեն անդրադառնալ խնդրին։ Չնայած 100 օրը քիչ է, որ վերջնական գնահատական տրվի նախագահի գործունեությանը, սակայն չենք կարող չնկատել այն դրական քայլերը, որ կատարվել են թե նախագահի, թե վարչապետի կողմից, հատկապես մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում, ինչպես նաև ձեռնարկվել են քայլեր Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կարգավորման ուղղությամբ։ Տպավորություն թող չստեղծվի, թե գնահատականներ հնչեցնելով միտում ունենք դրվատել իշխանություններին, քանի որ ՀԺԱՄ-ը իշխանության կցորդ լինելու որևէ ցանկություն չունի։ Իսկ լարվածությունը թուլացնելու իշխանության այս գործողությունները հերթապահ քայլե՞ր են, թե՞ մեծ ծրագրի սկիզբ, ցույց կտա ժամանակը։ Առայժմ կարևորում ենք այն միտքը, որ առաջ է քաշվում ՀՀ վարչապետի կողմից, այսպես ասած, «Հայկական աշխարհի» նոր մոդել: Նոր աշխարհ՝ հիմնված նոր մտածողության վրա: Նոր աշխարհ, որը պետք է հիմնվի ինտելեկտի և ոչ թե ուժի, մարդկային բարեպաշտության և ոչ թե զոռբայության, համագործակցության սկզբունքի և ոչ թե մրցակցության վրա, հարստության երաշխիք պետք է լինի գիտելիքը, ոչ թե թալանը:
Կյանքի կկոչվե՞ն այս սկզբունքները և կդառնա՞ն հասարակության սեփականությունը, թե՞ ոչ, կախված է ինչպես հասարակությունից, այնպես էլ իշխանությունների քաղաքական կամքից: Իշխանություն, որի ներսում են այս նոր գաղափարների խոչընդոտները:
-Առկա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, այդ թվում՝ նաև Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դուք նաև այն քաղաքական ուժերից եք, որոնք իրենց դիրքորոշումը չեն արտահայտել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ։ Նաև կխնդրեի հայտնել Ձեր կարծիքը Ռ. Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ:
-Նախ, կարծում եմ, մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն նախկին նախագահն է, որպես տվյալ ժամանակահատվածում երկրի գործող ղեկավար։ Այն մարդն ունի մեղքի բաժին, ով կարողանում է ուժ կիրառել, չկիրառվեր այդ ուժը, այլ կերպ կլիներ իրավիճակը։ Քաղաքական պատասխանատվություն կրում են նաև այդ ժամանակ Ազատության հրապարակում և Ֆրանսիայի դեսպանատան մոտ հանրահավաք կազմակերպողները, քանի որ նրանք էլ կարող էին կանխել արյունահեղությունը։ Պատասխանատվությունը հիսուն-հիսուն է՝ հավասար չափաբաժնով։ Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելուն, ես դեմ եմ այդ հարցի բարձրացմանը։ Արևմտյան գերտերությունների համար այդ հարցի բարձրացումը կդառնա խաղաթուղթ։ Եթե Ռ. Քոչարյանն իր ղեկավարման օրոք քաղաքական գնահատական տար Տեր-Պետրոսյանի վարչախմբի գործունեությանը, ոչ թե այսօր խոսեր առաջին նախագահին քրեական հետապնդման ենթարկելու անհրաժեշտության մասին, ապա այսօր այս իրավիճակը չէինք ունենա։ Հիմա էլ եթե այս իշխանությունները քաղաքական գնահատական տան Քոչարյանի իշխանավարման տարիներին, կկանխեն տերպետրոսյանական նախադեպի կրկնությունը։
Կարծում եմ, որ այսօր Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ժամանակավրեպ է, չի բխում ՀՀ շահերից, և նույնիսկ վնասում է:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5432

Մեկնաբանություններ