ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եհովականները քարտեզագրել են մեր հայրենիքը

Եհովականները քարտեզագրել են մեր հայրենիքը
18.07.2008 | 00:00

ՄԱՐԴԱՈ՞ՐՍ, ԹԵ՞ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ
Պարզվում է՝ «Եհովայի վկաները» մեր հայրենիքը սկսել են բաժանել մարդկանց հավաքագրելու համարակալված տարածքների: Յուրաքանչյուր խումբ ունի «աշխատանքային քարտեզ» և պարտավոր է զեկուցագրով հաշիվ տալ իր վերադասին: Բնականաբար, նաև վերջին վերադասը՝ իր դրսի վերադասին:
Բնական է, որևէ երկրի օրենքների դեմ գործողը գործում է առաջին հերթին այդ երկրի անվտանգության համակարգի դեմ: Եվ որևէ անձի կամ ընտանիքի շարունակական հետապնդումը մինչև նրա մարմնավոր կամ հոգևոր անկում արդեն իսկ հանցանք է խղճի ազատության օրենքի դեմ, ազատ ու հանգիստ ապրելու մարդու իրավունքի դեմ:
Հոգևոր անվտանգությունը, մարմնավորից ավելին լինելով, առաջին հայացքից է թվում պակաս վտանգավոր, քան մարմնավորը, սակայն հոգևորը, եթե խնդիրը ժամանակին չի լուծվում, վաղը, մյուս օրը մարմնավոր անվտանգության ծանր հարցի է վերածվում՝ այդժամ առաջացնելով տասնապատիկ ավելի դժվար լուծելի նոր խնդիրներ:
Փաստաթղթերը, որոնք Խաչիկ Ստամբոլցյանը փոխանցեց ինձ, և որոնք ուղղակիորեն խլել էր Եհովայի վկաների ձեռքից, փաստում են, որ հատուկ նախագծված ծրագրով են եհովականներն «աշխատում»: Հետապնդում են բազմաթիվ մարդկանց, ընտանիքների: Հետապնդում են ամիսներ, գուցե տարիներ, մինչև որ նրանց ընկճեն և իշխեն: Եվ իրենց այդ չար մշակումների մասին գրավոր զեկուցագրեր են ներկայացնում իրենց համակարգի վերադասներին: «Աշխատում» են հատուկ տեղամասային քարտեզներով ու զեկուցագրերով: Ասես «դեսանտ» իջեցրած լինեն մեր երկրում, և ըստ օրենքների էլ հասել են այնպիսի անարդարացի ու խաբեական նվաճման, թե իբր իրենց բարոյախեղ մարդաորսը ըստ մարդու իրավունքների է և օրինական:
Հիշյալ փաստաթղթերում առկա զեկույցներից և քարտեզներից դատելով` ամենայն հավանականությամբ ողջ Երևանը, գուցե և ողջ Հայաստանն է արդեն ըստ տեղամասերի քարտեզագրված, քանի որ ամբողջ աշխարհում է տարածված «վկաների» ցանցը: Որքան էլ անհավատալի թվա, փաստ է, որ մեր քաղաքներն ու գյուղերը վկաները բաժանել են տարածքների, և այդ տարածքներն ունեն իրենց հատուկ համարները: Բերենք այդ՝ ռազմական կարճ զեկուցագրերի նմանվող զեկույցներից մի քանի օրինակներ, որ «վկաներն» ուղղել են իրենց վերադասին:
Ձեռագիր զեկույցներ. «Սկսել եմ 20. 02. 06 թ.։ Վերջացրել եմ 5. 07. 06 թ.»։ Այնուհետև կան զեկույցի առավել նկարագրական մանրամասներ. «Թումանյան 38, 4-րդ մուտք, 4-րդ հարկ, աջ դուռ (մեծահասակ կին, դռան հետևից շատ կոպիտ ասաց` կորեք, հետո դուռը բացեց և գոռաց. «Ապուշներ, չե՞ք ամաչում»: 22. 05.06 թիվ»: Բնականաբար, Եհովայի վկան ուր, այլոց խղճի ազատության իրավունքի դեմ չգործելու ամոթն ուր: Եվ զեկուցողը շարունակում է. «3-րդ մուտք): Այցելում եմ»: Ստորագրված է՝ Յայլոյան Նանա: Ըստ զեկույցի՝ այդ մուտքերի բնակիչների հետ Նանան գործն ավարտել է 2006 թվի յոթերորդ ամսի հինգին:
Միայն Յայլոյան Նանան չէ, որ գործուղված է նույն շենքի հասցեով։ Այդ տեսնում ենք մեկ այլ ձեռագիր զեկույցում. «Թումանյան 38. վերջացրել եմ 17. 07. 07-ին»: Զեկուցողի ով լինելը նշված չէ: Սակայն նույն զեկույցի տակ մեկ այլ ձեռագրով կարդում ենք. «Սկսել եմ (նկատի ունի «մշակել» բառը, որ նշանակում է ենթակա դարձնել- Մ.Ո.) 1.10.07թ.: Ավարտել եմ 22. 11. 07թ.»: Ստորագրված է. Զաքարյան Արևիկ:
Նույն տեղամասում է «մշակում» եհովական աղանդից Մարգարյան Մարինեն, ու նրա գրավոր զեկույցն այս է. «Թումանյան 38, բն. 39. «Մեզ վիրավորեց, ասաց՝ այլևս այստեղ չգաք»: Սկսել եմ 17.10.03. Ավարտել եմ 26.02. 04.»։ Ջնջված մի տող էլ կա, որ արժե վերականգնել. «Ոչ մի կատեգորիկներ չկան», որ նշանակում է՝ խիստ ընդդիմացողներ չեն եղել:
Նույն շենքի հասցեով` մեկ այլ զեկույց. «Թումանյան 38, 5-րդ մուտք, բն. 50, աստիճաններով բարձրանալիս` ձախ կողմը: Առաջին անգամ խոսեցինք տիկին Մառայի հետ, մեկը` հավանաբար տղան, ուզեց խանգարել, բայց տիկին Մառան ասաց. «Մի րոպե, ես հաճույքով լսում եմ, միշտ բաց եմ անում դուռը: Հիմա հարսանիքի եմ, եկեք 3-4 օր հետո»: Երկրորդ անգամ տղան մեզ տեսավ աստիճանների վրա: Հանգիստ, մի փոքր հեգնանքով ասաց. «Եհովայի վկանե՞ր եք»: Պատասխանեցինք` այո: Հետո ավելացրեց. «Կխնդրեմ ստեղանք չերևաք: Պայմանավորվեցի՞նք»: 08.07.2004: Սկսել եմ 15.06.04, վերջացրել եմ 03. 10. 2004»։ Ստորագրված է` Քալաշյան Արա:
Նույն շենքի հասցեով` մեկ այլ զեկույց էլ. «Տարածք թիվ 150. Գրիգորյան Արուսյակ: Սկսել եմ 15. 09. 05: Ավարտել եմ 01. 11. 05»: Վերջում ավելացված է` «Իմ մշակման ժամանակ ոչ մի կատեգորիկ չի եղել»:
Այժմ մի քանի զեկույց թիվ 91 տարածքից. «Աբրահամյան Անուշի զեկույցը. Սկսել եմ մշակել 03. 11. 2006 թ.: Ավարտել եմ 25. 12. 2006 թ.»։ Այս զեկույցը հավելյալ ստորագրություն էլ ունի` «Նախկին կատեգորիկներ»։ Որ նշանակում է, թե նախկինում կտրուկ դեմ են եղել, այժմ իրենք են հավաքագրումներ իրականացնում: Նույն խումբը, քանի որ հաջորդ զեկույցի ձեռագիրը նույնն է և ստորագրություն չկա, փորձել է հավաքագրել Թումանյան 19 շենքի 1-ին մուտքում: «5-րդ հարկ, բն. 15 (ձախ) մեծահասակ կին, ամբողջ շենքով բարձր գոռացել է: (Փետրվար-մարտ, 2006թ.)»։ Նույն հասցեում կրկին նույն խումբը զեկուցում է. «1-ին հարկ, բն. 1 (աջ) Կոպիտ պատասխանելով, ասել է. «Այստեղ չգաք, մոռացեք այս ճանապարհը»: Կին էր: (Փետրվար-մարտ, 2006թ.)»։ Կրկին նույն խումբը, ըստ նույն ձեռագրի. «4-րդ հ. բն. 10 մոտ 30 տ. կին (Հունիս-օգոստոս, 2006թ.)։
Երբ T-37 թերթիկի տարածման ժամանակ (06. 11. 2006 թ.) պատահականորեն իրենց էլ առաջարկեցինք, տարիքով կին էր, (մոտ 70 տ.), թերթիկը ճղեց` մեր մատուցումը լսելուց հետո»:
Մեկ այլ զեկույց պատմում է Աբովյան-3 հասցեի «օֆիսների» մարդկանց հավաքագրման ու «մշակման» մասին. «Աբովյան 3-ը բնակելի չէ (օֆիսներ են)։ Արմենակյան Կարինե. Սկսել եմ 16.05. 07., վերջացրել եմ 01.11.07»:
Որ Եհովայի վկաների կողմից որսվածների ուղեղների լվացումը խիստ համակարգված է, այդ տեսնում ենք տպատառ այն աղյուսակից էլ, որ կոչվում է «Քարոզչական ծառայության հաշվետվություն»: Այնտեղ գրված է. «Նշել այն գրքերի, գրականության անվանումները, որ «մշակելու համար» մատուցվել է որսվածներին»:
Գործի բերումով ծանոթ լինելով այս մոլորեցնողների աշխարհայացքին, կարող եմ ասել, որ խոսքով և գրքերով, թերթիկներով նախ սկսում են Քրիստոսի անունով, որպեսզի միամտացնեն իրենց հավատացողներին և ապա օրըստօրե որսին հեռացնում են Քրիստոսի հավատից` մինչև խաբեականության դաշտ, մինչև իրենց ամեն տեսակի հրամանների ենթակայացում, մինչև հոգևոր անմտացում, մինչև Քրիստոսի մերժում ու հակաքրիստոնեություն: Իսկը սատանի նուրբ և համակարգված աշխատանք: Համակարգում ենթակաները արդեն սկսում են կատարել հրամաններ` առանց դրանք դույզն իսկ վերլուծելու: Այս ամենը կրոնի կամ հոգևորի հետ որևէ կապ չունի, այլ հակառակը` կրոնի և ընդհանրապես հոգևորի պառակտման նպատակ է հետապնդում: Ինչպես տեսնում ենք, զեկույց ներկայացնողների 99 տոկոսը, այսինքն՝ «մշակող քարոզիչները», կանայք են, որ զգայական լինելով` շուտ էլ խաբվում են Հայաստան մտած հոգիներ որսացողներից: Պողոս առաքյալը, թե կինն ինչու իրավունք չունի քարոզչության, նշում է, թե «կինն առաջինը խաբվեց և հանցանք գործեց», և որ «դյուրաբեկ անոթ» լինելով, Աստծով նրան իր այրին խոնարհ լինել և «եկեղեցում լուռ մնալ է» հանձնարարված և ոչ թե քարոզչության իրականացում:
Վերադառնանք քարտեզներին: Այս քարտեզներից մեկը ներկայացնում է թիվ 150 տեղամասը, ընդգրկված են Երևանի Թումանյան փողոցի թիվ 35, 37 և 38 շենքերը:
Քարտեզի ներքևում տպատառ, ռուսերեն լեզվով, որպես իրենց վերևների հրահանգ ենթականերին, գրված է քարտեզն իր նախատեսված պատյանի մեջ պահելու, քարտեզի վրա նշումներ չանելու և զեկույցները մոտակա ղեկավար տեղամասի «եղբորը» ժամանակին հանձնելու «վկայի» պարտավորության մասին: Քարտեզը, բնականաբար, այն բանի համար է, որ եթե որս անող խումբը փոխվի, նոր խումբն այս քարտեզով շարունակի նշված տարածքի մարդկանց հոգեխեղումը:
Մեկ այլ քարտեզ նկարագրում է Թումանյան, Աբովյան, Պուշկին, Տերյան, Լալայան փողոցների ընդհանուր հատվածը և անվանվում է 91-րդ տեղամաս:
Որքանո՞վ է այս ամենը հարիր խղճի ազատության իրավունքի հետ. վստահ ենք՝ և ոչ մի բանով: Ո՞վ իրավունք ունի մեկ այլ անձի կամ ողջ ընտանիքի հետապնդելու այնքան, մինչև որ նրան էլ ընդդեմ իր եկեղեցու և ընդդեմ իր պետության հավաքագրելով` հոգեպես խեղ ու անմիտ դարձնի իր նման: Նման հանցանքը մի՞թե կարելի է իրավունք համարել: Երբևէ որևէ օրենքում կա՞ գրված, թե յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի... հանցանք գործելու:
Համոզված ենք, որ այս գաղտնի զեկուցագրերը եհովայական համակարգի անմաքուր որսերի մասին` ո՛չ միայն մեր եկեղեցու հովիվներին են վերաբերում, այլև արդեն ազգային անվտանգության ծառայությանը: Մեր իշխանությունը պիտի վարվի Տիրոջ խրատի համաձայն, որ զգուշացնում է. «Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվեց, նման տունը չի կարող կանգուն մնալ»։ ՈՒստի և չարիք է, երբ դրսի ուժերի ձեռքով մեր փոքր ազգն անարգում, միմյանց մեջ են բաժանում աղանդներն ու կուսակցությունները: Եվ քանի որ ստի վկաների քարտեզագրման և երկիրն ու քաղաքը տեղամասերի բաժանելու այս նոր երևույթը Խաչիկ Ստամբոլցյանի միջոցով բացվեց, նրան էլ ուղղում ենք մեր հարցը, թե ստի վկաների այս կառույցի մեջ ի՞նչ նոր վտանգներ է տեսնում, և ի՞նչ է հարկ, որ պետականորեն արվի:
-Որ Եհովայի վկաների գործունեությունը համակարգված հարձակում է յուրաքանչյուր կրոնի և յուրաքանչյուր մարդու իրավունքների դեմ, այդ առավել ցայտուն երևում է նրանց «աշխատանքային» ուղեցույց գրքույկից, որ միայն դավանափոխ եղած «վկաներն» ունեն,- նշեց պարոն Ստամբոլցյանը:- Այդ ուղեցույցը յուրաքանչյուր եհովական մեխանիկորեն անգիր է անում: Գրքույկն անվանվում է «Ինչպես սկսել և ինչպես շարունակել խոսակցությունը աստվածաշնչյան թեմաներով»: Ըստ այս գրքույկի՝ եհովականների հիմնական խնդիրը մարդուն դավանափոխ անելն է, ինչ կրոնի էլ այդ մարդը պատկանի, հավատացյալ լինի, թե անհավատ: Յուրաքանչյուրի հետ զրուցելու առանձին, հոգեբանական հարցեր են մշակվել և այդ ամենը՝ մարդկանց ուղեղի լվացման համար: Յուրաքանչյուր եհովական, ում ուղեղն արդեն լվացված է, ռոբոտի նման այդ մեխանիկական զրուցարանի անգիրով է առաջնորդվում` ինչպես պիտի խոսել քրիստոնյաների հետ, ինչպես՝ բուդդայականի, ինչպես՝ մուսուլմանի, ինչպես` անհավատի: Ինչպես դժգոհություն առաջացնել եկեղեցու դեմ: Ինչպես վախեցնել Արմագեդոնով: Ինչպես գայթակղել դրամ չունեցողներին: Մշակված այս անգիր զրուցարանի ուղղություններն ու կետերը բազմաթիվ են, հոգեբանորեն մշակված որոգայթներ, որոնցով հաստատուն գիտելիք ու կամք չունեցողները որսվում են:
Այս եղած փաստերն իսկ բավարար են, որ ազգային անվտանգությունը զբաղվի եհովականների հարցով, և դատախազությունը եղած փաստերի հիման վրա գործ հարուցի: Որովհետև խախտվում է Հայաստանի Հանրապետության խղճի և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 7-րդ կետը:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 7150

Մեկնաբանություններ