ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քնում եմ, առավոտը զարթնում եմ, Եվրատեսիլն անցած ա լինում

Քնում եմ, առավոտը զարթնում եմ, Եվրատեսիլն անցած ա լինում
13.05.2024 | 06:57

Հիշում եմ՝ շատ վաղուց՝ դեռ անցյալ դարի ութսունականներին, մեկը Ֆրունզիկին հարց տվեց, թե ոնց ա դիմավորում Նոր տարին։ Ասեց՝ քնում եմ, առավոտը զարթնում եմ, Նոր տարին եկած ա լինում։

Ես Նոր տարվան չեմ քնում, արթուն եմ դիմավորում, բայց Եվրատեսիլը Ֆրունզիկի նման եմ դիմավորում՝ քնում եմ, առավոտը զարթնում եմ, Եվրատեսիլն անցած ա լինում։ Մենակ ափսոսանքի բացականչությունների թույլ արձագանքն ա մնացած լինում օդում։
Երեկ, գիշերվա երկուսի կողմերը պատրաստվում էի արդեն պառկելու, մեկ էլ ընկերս ա զանգում.
-Նայում ե՞ս։
-Ինչի՞ն եմ նայում։
-Ինչին չէ, ինչը։
-Ի՞նչը։
-Մեր աղջկան։
-Ո՞ր աղջկան։ Ես մեր աղջկերքին ամեն օր եմ նայում, բայց էս գիշերվա կեսին որտե՞ղ նայեմ, քնած են։
-Եվրատեսիլով, հաղթելու ենք։
-Հա՜...
Մոռացել էի, որ Եվրատեսիլ պիտի ցույց տային։ Ես էլ ասում եմ՝ էս իմ կողքի հարևանը, որ ամեն օր «Բարի գիշեր երեխաների» հետ պառկում ա քնելու, ինչի՞ ա դեռ աղմկում։ Դու մի ասա՝ Եվրատեսիլ ա նայում։
Ճիշտն ասած՝ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նայել Եվրատեսիլ։ Երևի էն տարիներին, երբ «շոու» բառը մեր մոտ «Կոկա Կոլայի» ու «Մերսեդեսի» նման ոչ էնքան տեղական ու մի քիչ անհասկանալի բան էր՝ զուտ հետաքրքրությունից դրդված։ Էն տարիներին նաև հետաքրքիր կատարողներ էին լինում, ու հետաքրքիր երգեր էին երգում։ Բայց վերջին տարիներին մի երկու անգամ աչքովս ա ընկել, միանգամից ալիքը փոխել եմ։
Ես ոչ մի էսթետիկական հաճույք չեմ ստանում Եվրատեսիլից՝ ոչ երգերից, ոչ մասնակիցներից, ոչ ձևավորումից։ Եթե հանկարծ մի հետաքրքիր բան էլ երգեն, մեկ ա՝ հետո անընդհատ հաղորդելու են, ի՞նչ կարիք կա գիշերվա կեսին նստել ու սպասել, որ կարող ա մի բան դուրդ գա։
Իսկ միավորների համար նայելն անիմաստ եմ համարում, որովհետև դրանք ոչ մի կապ չունեն կատարումների հետ, այլ վաղուց արդեն թեթև քաղաքական բոնուսի նման մի բան են դարձել կամ էլ իրար սիրահարված հարևան-բարեկամ երկրների սիրո խոստովանության մաս են կազմում։
Էս տարի ինչ-որ բան սպասելն անիմաստ էր, որովհետև Հայաստանը ոչ մի մահացու ակրոբատիկ տրյուկ չի արել քաղաքական թատերաբեմում, որ 13-րդ աշխատավարձ ստանա, իսկ հարևան-բարեկամային ճակատում մենք միշտ մենակ ենք, որովհետև հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին ճյուղ ա՝ ազգականներ չունի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9001

Մեկնաբանություններ