ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մնացել են միայն պառաված մարազմատիկները

Մնացել են միայն պառաված մարազմատիկները
14.12.2012 | 00:14

Ներկայումս ամերիկյան վերլուծական ընկերակցությունն առաջարկում է Եվրասիայում և Սև ծովում իրադարձությունների զարգացման գործում ՈՒկրաինայի դերի մի հետաքրքիր հայեցողություն։ Ամերիկյան ռազմավարներին լիովին բավարարում է ՈՒկրաինայում, Մոլդովայում, Բալթիկայում ու Վրաստանում տիրող ներկա իրադրությունը, որոնք այժմ դիտարկվում են որպես ավանդական «սանիտարական արգելափակոց» Ռուսաստանի սահմանագլխին։ Եվրոպացիներն այնքան էլ հակված չեն այն բանին, որ Եվրամիության անդամները Ռուսաստանի հանդեպ շրջափակման գործոնների դեր խաղային, քանի որ այդ գործառույթը էական ջանքեր է պահանջում և սպառնալիք է ներկայացնում հենց Եվրամիության համար։ Բալթյան պետությունները, երևի, բացառություն էին, քանի որ առանձնահատուկ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, և Եվրամիությունը սոսկ ձգտում է չափավորել այդ հարաբերությունների հակասականությունը։ Եվրոպական ընկերակցության ներսում «հակառուսական դաշնախմբի» պարագլուխ դառնալու Լեհաստանի փորձերը դժգոհություն առաջացրին, և Լեհաստանին ստիպեցին հրաժարվել այդ դերին հավակնելուց, համենայն դեպս` արմատական ձևաչափով։ ՈՒստի այդ արտաքին գոտին շատ կարևոր է այն ռազմավարների համար, որոնք հին ձևով են ձգտում զսպման քաղաքականություն վարել, դիմելով Ռուսաստանի հարևան պետությունների ծառայություններին։ ԱՄՆ-ում հասկացել են, որ ՈՒկրաինայի ներկա քաղաքական վերնախավն ի վիճակի չէ լուծելու ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին այնքան հուզող հարցերը, նախ և առաջ Սև ծովում անվտանգության հարցերը, որոնց լուծումը հավասարազոր է այդ տարածաշրջանի նկատմամբ լիակատար կամ մասնակի վերահսկողության։ Հնարավոր է, որոշ քաղնախագծողներ շտապում են, արագացնում են իրադարձությունները, հաշվի չառնելով մի շարք լուրջ գործոններ։ Սակայն նրանց կարելի է հասկանալ, քանի որ անհնար է առաջնային խնդիրները լուծել «ծուլընթաց» ռեժիմով։ Քաղաքական գործընթացներն ՈՒկրաինայում ձգձգվել են, և մոլորություն կլիներ սպասել ավելի բարենպաստ իրադրության առաջացում։ Անհրաժեշտ է ավելի եռանդագին ձեռնամուխ լինել ՈՒկրաինայում իշխանական թիմի կազմավորմանը, իսկ դա հնարավոր է միայն կոալիցիայի հիման վրա և ոչ թե իշխանության կիսման ու արդեն գործադիրի ներսում և խորհրդարանում պայքարի շարունակման ձևով։ Սա շատ բարդ խնդիր է, բայց պետք է հասկանալ, որ առանց ՈՒկրաինայում ուժեղ կառավարության հետ հուսալի համագործակցության անհնար է ապահովել անվտանգությունը Սև ծովում, ինչից կախված է Եվրասիայի ճակատագիրը։
ՈՒկրաինայի նկատմամբ շատ անազնիվ խաղ է խաղացվում։ Թվում է, նավթով ու գազով Ռուսաստանի ճնշումից հետո պայմաններ առաջացան ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կողմից ՈՒկրաինային առաջարկություններ անելու համար։ Բայց այդ բանը տեղի չունեցավ։ ՈՒկրաինային առաջարկվեցին անմիտ խոսակցություններ, որոնք բնավ հույսեր չէին ներշնչում, թե նա կընդունվի այդ կառույցների մեջ։ ՈՒկրաինական ոչ մի քաղգործիչ չի կարող հույս դնել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի վրա։ Սև ծովի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն եվրատլանտյան կառույցներին ՈՒկրաինայի ինտեգրման հասկանալի ծրագրերի հունում։ Նման խոշոր պետությանը չի կարելի առաջարկել անհասկանալի, անորոշ հեռանկարներ։ Ազնիվ խաղի և այդ պետության հանդեպ հարգալից վերաբերմունքի դեպքում է միայն հնարավոր Ղրիմից ռուսական նավատորմի արտաքսման և Սև ծովի հետ կապված ծրագրերին ՈՒկրաինայի միանալու հարցերի լուծման գործում համագործակցության հույսեր ունենալ։ Հիմա ՈՒկրաինան անգամ չի կառավարում Ղրիմը, արևելքի մարզերի մի մասը ձևականորեն է ենթակա Կիևին։ Դրա պատճառը ոչ միայն պետության ու կառավարության թուլությունն է, այլև այն, որ Արևմուտքի կողմից գործուն աջակցություն չի առաջարկվել ՈՒկրաինային։ Եվրամիությունը, փաստորեն, ՈՒկրաինայի հարցում չի համագործակցում ԱՄՆ-ի հետ, նախընտրելով գործի դնել իր ծրագրերի ու համագործակցության պատկերացումները։ Եվրոպացիները մտադիր են ամեն կերպ արգելակելու ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, և դա շատ անազնիվ ու կարճատես խաղ է։ Եվրոպացիները ոչ մի ռազմավարական շահ չունեն Սև ծովում, ու նրանց վարքագիծը հասկանալի է։ Այլ բան է ԱՄՆ-ը, որը մի շարք խնդիրներ ունի լուծելու։ ԱՄՆ-ի մի նշանավոր փորձագետի ուղղված` «Որքա՞ն էր խելամիտ շեշտը Յանուկովիչի վրա դնելը» հարցին հետևում է այս պատասխանը. «Յանուկովիչը կարող է որոշ խնդիրներ լուծել, սակայն չարժե նրա հետ կապել այնպիսի հարցերի լուծում, որոնք ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի մաս են կազմում»։ Ավելի ընդունելի կլիներ այդ քաղգործչին դիտարկել իբրև մի առաջնորդի, որը, վերջապես, վերջ կդնի ՈՒկրաինայի տրոհվածությանը, վերջապես կկազմի ամբողջ ՈՒկրաինան վերահսկող ուժեղ կառավարություն, վերջ կդնի դեռ Կրավչուկի ժամանակներից մղվող այդ «քաղաքացիական պատերազմին»։ Դա հնարավորություն կտա լուծելու ավելի կարևոր խնդիր, հասնելու Ռուսաստանից անկախության։
ՈՒկրաինան Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առանցքային սուբյեկտի դեր է ստանալու։ Չնայած ուկրաինական պետության թուլությունը, երկրի մեծությունը և հզոր արդյունաբերության, ստվարաթիվ զինուժի առկայությունը, ինչպես նաև աշխարհառազմավարական դիրքը ՈՒկրաինային հնարավորություն են տալիս հարաճուն ուժերով ազդելու այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Այդքան խոշոր եվրոպական պետությունը չի կարող երկար ժամանակ մնալ ենթակա վիճակում, չկառուցելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ երկրի արտաքին քաղաքականությունն ու անվտանգության համակարգը մոտ ժամանակներս հաջողությամբ կկառուցվեն, բայց ՈՒկրաինան կձգտի իր դեմքն ստանալ, գոնե եվրոպական ասպարեզում։ Արտաքին կողմերը լիովին հաշվի չեն առել երկրի ազգային, տարածաշրջանային ու կրոնական խնդիրները, բայց պետք չէ նաև չափազանցել այդ խնդրի նշանակությունը։ ՈՒկրաինական հասարակությունն արդեն իրեն չի կարող թույլ տալ բարեհոգաբար հանդուրժել ՈՒկրաինայի հնարավոր տրոհման, նրա մասնատման առթիվ Մոսկվայից լսվող բարբաջանքը։ Ներկա իրավիճակն ու հետագա իրադարձությունները պայմանավորված են այն թշնամական դիրքորոշմամբ, որ Ռուսաստանը որդեգրել է «նարնջագույն հեղափոխությունից» հետո։ Մի շարք դիտորդներ համարում են, որ «նարնջագույն հեղափոխությունը» չհանգեցրեց այն արդյունքներին, որոնք ակնկալվում էին։ Սրան անհնար է համաձայնել, որովհետև ՈՒկրաինան ապրել է ոչ միայն քաղաքական հասունացման ժամանակաշրջան, այլև պատրաստ է կառուցելու իր նոր քաղաքականությունը։ ԱՄՆ-ը չպետք է իր ուսերին բարդի այն բոլոր խնդիրները, որոնց լուծումն ՈՒկրաինային հնարավորություն կտա դառնալու ավելի անկախ ու ավելի կայուն։ Դրան դժվար է հասնել առանց Եվրամիության հետ ակտիվ համագործակցության։ ՈՒկրաինական խնդիրները շատ ավելի բարդ են, քան Լեհաստանինը կամ բալթյան երկրներինը։ Ցավոք, եվրոպական շատ քաղգործիչներ այն, ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում, ընկալում են իբրև պայքար եվրոպացիների ու ԱՄՆ-ի միջև, անտարբերություն ցուցաբերելով Ռուսաստանի հավակնությունների նկատմամբ։ Եվրոպական քաղգործիչների համար ՈՒկրաինան ընդամենն անհարմար գործընկեր է, ու նրանք չգիտեն, թե ինչպես ձգձգեն ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը նրա ինտեգրման փուլերը։ Չկա այն բանի ըմբռնումը, որ համաշխարհային քաղաքականության մեջ ՈՒկրաինայի դիրքից է կախված Եվրամիության անվտանգությունը, այդ թվում` էներգետիկ անվտանգությունը։
Այն հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունն ՈՒկրաինայի ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, հետևեց ամերիկյան փորձագետի պատասխանը. «Անթույլատրելի է սիրեցյալներ ստեղծելն ու խաղադրույք դնելը, ինչպես թղթախաղում։ Դա արդեն եղել է, ու կարելի էր համոզվել, որ քաղգործիչները չկարողացան ամենատարրական հարցերը լուծել։ Պետք է վարել սկզբունքային և ոչ թե իրավիճակային քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ՈՒկրաինայի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա այստեղ ավելի քան նպաստավոր ակնկալիքներ կան, ընդ որում, ծնունդ են առել ԱՄՆ-ի ոչ այնքան արդյունավետ քաղաքականության պարագայում։ ՈՒստի հարկ է անել ճիշտ հետևություններ, ուշադրության առնել այն գործոնները, որոնք բավարար չափով հաշվի առնված չեն եղել, և խրախուսել իրադարձությունների ազատ զարգացումը։ Կան ակնհայտ բաներ, ուկրաինական քաղաքականության, փաստորեն, բոլոր առաջատար դեմքերը չեն ժխտում Արևմտյան ընկերակցության հետ համագործակցության անհրաժեշտությունը, փաստորեն, ոչ ոք չի ժխտում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ ինտեգրման հեռանկարները։ Դա նոր քաղաքականության լավ նշան է»։
Իսկ «Ի՞նչ տպավորություն է գործում Վ. Յանուկովիչը» հարցին, թե` «Չէի ցանկանա օգտագործել «ուժեղ անհատականություն» մակդիրը, բայց, իրոք, ուժեղ քաղգործիչ է, հասկանում է, թե ինչպես է զարգանում աշխարհը, և Ռուսաստանից էլ սովորել է վարել անկախ քաղաքականություն և միաժամանակ սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ` բոլոր հարցերում։ ԱՄՆ-ում նա շատերին է դուր գալիս, բայց դեռ չի կարելի համոզված լինել, թե ինչպիսի գործընկեր կլինի կոնկրետ ծրագրեր իրագործելիս։ Առայժմ նա ոչ մի հասկանալի քայլ չի արել Սև ծովի ռազմավարական հեռանկարի կամ ՎՈՒԱՄ նախագծի զարգացման հարցի առնչությամբ։ Բացի այդ, շեշտն օլիգարխների վրա դնելը ամենևին չի խոսում նրա դիրքերի ամրության մասին»։
ՈՒկրաինայում քաղաքական և սոցիալական առաջընթացի չափանիշ են համարվում կոռուպցիայի կրճատումը, ընտրությունների օրինականությունն ու Ռուսաստանից կախման նվազեցումը։ Քաղաքական լարված պայքարի անցած ժամանակաշրջանում այդպես էլ ոչ մի էական դրական փոփոխություն չեղավ։ Յանուկովիչին անհնար է դիտարկել որպես ԱՄՆ-ի գործընկերոջ` անգամ մարտավարական նկատառումներով, քանի որ այդ քաղգործիչը չի կարող երկար պահպանել իշխանությունը և, առավել ևս, նախադրյալներ ստեղծել ցանկալի աշխարհաքաղաքական փոփոխությունների համար։ Յանուկովիչի նախընտրելիությունը սոսկ անորոշության շրջանի պատրանք է, քանի որ երկիշխանության պայմաններում, երբ Յանուկովիչը որոշակի իմաստով ընդդիմություն է երկրի հասարակության զգալի մասի նկատմամբ, կարող է իրատես թվալ` ընդունակ փոխելու արտքաղաքական կուրսը։ Իսկ արտքաղաքական կուրսն արմատապես փոխելու համար անհրաժեշտ է հենվել և օգտվել ուկրաինական ժողովրդի մեծ մասի աջակցությունից, իսկ դա չկա և չի կարող լինել, քանի որ Յանուկովիչը շարունակում է մնալ որպես տարածաշրջանային գործիչ։ Օրինակ, նրա հենակետն այն տարածաշրջաններն են, որոնք մերժում են ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այդ շրջանում տրամադրությունները կարելի է փոխել միայն տնտեսական և սոցիալական ոլորտներում էական առաջադիմության և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցության դրական արդյունքների ցուցադրմամբ։ Իսկ առայժմ Յանուկովիչը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության առնչությամբ, փաստորեն, լսում է ցանկացած առաջարկություն և պատասխանում Ռուսաստանի նետած մարտահրավերներին, ինչպես վարվում էին ՈՒկրաինայի նախորդ ղեկավարները։ Բայց քանի որ Ռուսաստանը, ըստ երևույթին, նախընտրում է ՈՒկրաինայի հանդեպ ավելի մեղմ մոտեցումներ կիրառել, իսկ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն ավելի կոշտ են վերաբերվում այդ երկրներին, ուստի սաստկանում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտքաղաքական անորոշությունը։ Այս վիճակում ՈՒկրաինան չի կարողանա դառնալ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հուսալի գործընկեր։ Փորձագետի կարծիքով, հենց դրան էլ ձգտում է Ռուսաստանը։
Ամերիկյան փորձագետների մեծ մասն ՈՒկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը համարում է ապաշնորհ և ոչ այնքան շահագրգիռ` ժողովրդավարության ամրապնդման առումով։ ՈՒկրաինան չի դիտարկվում իբրև մի երկիր, որը կարող է այս կամ այն ձևով ինտեգրվել Արևմուտքին։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը չեն ուզում որևէ պատասխանատվություն ստանձնել այդ երկրի նկատմամբ։ ՈՒկրաինայի համար Եվրոպայում վերապահված է միանգամայն այլ, մասնավորապես բուֆերի և միաժամանակ ուժերի ցանկացած դասավորության և իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում Արևելյան Եվրոպայում կայսրությունը խաթարողի դեր։ Կիևում և Վարշավայում հավատարմագրված ամերիկյան դիվանագետները նշում են, որ երբեք Վաշինգտոնից հստակ ցուցում չեն ստացել, որը փոքրիշատե քաղաքական հեռանկար ենթադրեր ՈՒկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առնչությամբ։ Թեև քաղտեխնոլոգները կիրառել են կանխատեսումների և առաջարկությունների մշակման արդի եղանակներ, սակայն այդպես էլ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նպատակներ ու խնդիրներ բովանդակող պաշտոնական փաստաթղթերին։ Վաշինգտոնում չգիտեն, թե ինչպես վարվեն։
ՈՒկրաինայում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման պատճառով երկու անգամ փոխվել է քաղաքական վերլուծաբանների ու տեխնոլոգների խմբերի կազմը։ Բայց նման քաղաքականություն չի էլ եղել։ Դրան, փորձագետների կարծիքով, փոխարինել է արկածախնդրությունը։ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում շատ դիրքեր հաջողությամբ գրավել է ոչ թե քաղաքականության շնորհիվ, այլ հակառակ դրա, քանի որ այդ շրջանի պետությունները կառչել են տիրոջ «քղանցքից», որի անունը կար, ամանում չկար։ Հիմա Վաշինգտոնում բոլորը քաջ գիտակցում են, որ ուկրաինական նախագիծը թողնվել է շահամոլ մարդկանց քմահաճույքին, որոնք քաղաքականության մեջ կարող են գոյատևել միայն արկածախնդրության, կեղծ գաղափարների և ուղղակի խաբեության ռեժիմով։ Այդ գործիչներն իրենց համար գործունեության «դաշտ» են հարթել` բոլոր փորձառու փորձագետներին վարկաբեկելով և դուրս մղելով վարչակազմի հետ համագործակցության ասպարեզից։ Մնացել են միայն պառաված մարազմատիկները կամ նրանք, ովքեր ձգտում են տաքացնել ձեռքերը քաղաքականության ու հակամարտությունների բոցերում։ ՈՒկրաինական նախագիծն իրենց ձեռքը վերցրած մարդկանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք լուրջ չարաշահումներ էին թույլ տվել սպառազինությունների ու գիտատեխնիկական փաստաթղթերի առևտրի ասպարեզում։ Հիմա էլ ՈՒկրաինան է դարձել նրանց սնուցող երակը։ ՈՒկրաինայում ստեղծվում է ժամանակավոր ղեկավարության հոգեբանություն, որը պատրաստ է հանուն իշխանության դիմելու ցանկացած քաղաքական հանցագործության։ Այդ ոճն արդեն վաղուց արմատախիլ է արվել ժողովրդական պետությունների արտաքին քաղաքականության պրակտիկայից։ Դա կիրառվել է երրորդ աշխարհի երկրներում` 70-ական թվականներից առաջ։ Վարչակազմը մտադիր չէ ՈՒկրաինայում կիրառել աշխատանքի սկզբունքային եղանակներ, դա արդեն մեծ նշանակություն չունի, նա անհանգստացած է ավելի շատ մասնավոր խնդիրներով, աշխատակիցների ու թիմի ապագայի համար։ Սա ամենակարևոր թեման է պետդեպի միջանցքներում պտտվող խոսակցություններում։
ԱՄՆ-ն այդ երկրի նկատմամբ լուրջ, երկարաժամկետ նախագծեր է կիրառում։ Երևում է, ԱՄՆ-ն ուզում է աջակցել «անցումային» շրջանի քաղգործիչներին, որոնք ծայրաստիճան կսրեն Ռուսաստանի հետ առճակատումը, ընդ որում, ոչ թե Յուշչենկոյի և Յ. Տիմոշենկոյի հիստերիկ մեթոդներով, այլ ՈՒկրաինայում Ռուսաստանի դերի սահմանափակմամբ, «ծուլընթաց» դուրսմղման կարգով։ Իմաստ չունի ՈՒկրաինայում սպասել ազգային բուրժուական պետության ստեղծում։ Բայց դա արդեն ակադեմիական դատողությունների ոլորտից է։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ