ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գաղափարազրկության տեղատվության և ուշացող մակընթացության միջև

Գաղափարազրկության տեղատվության  և ուշացող մակընթացության միջև
03.07.2012 | 12:25

Ջրառատ երաշտի մեր այս օրերում մենք ականատեսն ենք բումերանգի վերադարձի օրենքի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածաշնչյան պատվիրան` ուրիշներին տուր այն, ինչ ուզում ես ստանալ բանաձևով: Ժամանակակից Հայաստանի բոլոր հաջողություններն ու դժբախտությունները, չգիտեմ ինչու, ընդունված է համարել 1991 թվականը, նույնիսկ ամսաթիվը ստույգ է` սեպտեմբերի 21: Բայց այդպե՞ս է, արդյոք: Թե՞ այդպես հարմար է, հեշտ, հասցեավորված: Առանց անուններ ու բացատրություններ ներկայացնելու` դատավճիռ ես ներկայացնում: Իսկ ովքե՞ր են դատավորները: Չէ որ մենք այս պարագայում դատում ենք մեզ: Մենք նախընտրում ենք մեղադրողի կարգավիճակը, բայց մեղադրվողն էլ մենք ենք, ու քանի դեռ այս շատ պարզ ու շատ դժվար փաստը չենք ընկալել, շարունակելու ենք մեղքեր գործել:
Մի քանի տասնամյակ հայերիս ու Հայաստանի գոյությունն աշխարհում, բոլոր փաստերով հիմնավորված ու հաստատած, 1920 թվականից էր սկսվում, նոյեմբերի 29-ից (իրականում 11-րդ բանակը Երևան դեկտեմբերի 2-ին է մտել, բայց բոլշևիկյան ժամանակներում տարվա հեղափոխական ժամանակն աշունն էր), այդպես էլ սովորել էինք: Համարյա հավատում էինք: Թեպետ աղոտ կասկածներ կային ինչ-որ Տիգրանի (այն էլ Մեծ), Արշակի, Պապի, վերջին Լևոնի գոյության մասին, որ եղել էին մեր արքաները, ուրեմն մենք էլ ունեցել էինք պետություն ու պատմություն: Բայց, իհարկե, դա եղել էր հանցավոր անցյալ, որ ոչ մի կապ պայծառ ապագայի ու առավել ևս ներկայի հետ չուներ ու ունենալ չէր կարող: ՈՒ մենք ամբողջովին ու ամբողջությամբ հեղափոխական հոկտեմբերի (նոյեմբերի-դեկտեմբերի) ծնունդ էինք` նոր գաղափարների, իդեալների, հերոսների մեջ: Հենց այդ արժեքների կեղծ ու շիտակի մեջ պետք է որոնենք մեր այսօրվա արժեհամակարգի սնանկությունը: Անկախության 20-ամյակը պիտի գաղափարներ, իդեալներ ու հերոսներ հավելեր, բայց կուռքերի տապալման առաջին ալիքին գործնականում չհաջորդեց նոր կուռքերի հաստատման երկրորդ ալիքը, և մենք հայտնվեցինք գաղափարազրկության տեղատվության մեջ, որի ընթացքում առավելագույնը պարբերաբար հիշում էինք արժեհամակարգի անհրաժեշտությունը, ունենում էինք առանձին դրսևորումներ ու դրսևորողներ, բայց ոչինչ` ամբողջության մեջ: ՈՒ տեղատվությունը շարունակվում է, իսկ մակընթացությունն ուշանում, որովհետև այդ ընթացքում մենք բարեհաջող հասցրել ենք ընտելանալ անարժեքությանը: Ոչ թե արժեքների, այլ մեր: Մենք բարեհաջող սկսեցինք մարդուն դիտել որպես միջոց` այս ու այն խնդրի լուծման համար: ՈՒ շատ արագ դա նշանակեց, որ հասարակությունը բաժանվում է երկու հիմնական խմբի` օգտագործողների ու օգտագործվողների: Հռչակված ժողովրդավարական արժեքները մնացին լավագույն մտադրությունների մատյաններում, կյանքը բերեց ապրելու իր վարքականոնները, և ամեն ինչ սկսեց պտտվել օգտագործողների ու օգտագործվողների առանցքի շուրջ` ձևավորելով թե՛ հոգեբանություն, թե՛ մթնոլորտ, թե՛ հետևանքների հանրագումար:
Այս տարտղնված վիճակներում շատ քիչ գործոններ կան, որ կարող են հասարակությունը դուրս բերել ընդարմացումից ու ինքնաոչնչացման դանդաղ, բայց վճռական ուղեծրից: Քիչ, բայց կան: Սովորաբար այդ գործոնները ֆորսմաժորային իրավիճակներ են լինում, որ հնարավոր չէ ո՛չ ծրագրել, ո՛չ կանխել, ո՛չ կառավարել: Որ հնարավոր չէ կանխատեսել:

Խառնակ այս ժամանակներին ամենաբնորոշը օրինաչափ դարձող ցինիզմն է, օրենքի բացարձակ ստորակարգությունը կյանքի բոլոր ոլորտներում, և ընդհանրապես` օրընթաց ու օրընկեց արժեքների գերակայությունը: Արժեքներ, որ ստեպ-ստեպ դառնում են մահացու:
Այդ մահացու շարքում «Հարսնաքարն» ընդամենը մի օղակ է, ցավոք, ոչ վերջինը: Ծեծկռտուքը «Հարսնաքարում» մահացու ելքով, որ այսօր փողոց է դուրս բերում մարդկանց, որքան էլ դառն ու մռայլ է գիտակցելը, ընկալվում է ոչ իր բուն էությամբ, այլ վերածվում է հերթական շահարկման: Հասարակությունն իր կենսակերպ դարձրած ցինիզմից ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել: Հունիսի 17-ից կուտակվող էներգիան պետք էր նպատակաուղղել ոչ թե ավերումի, այլ ստեղծումի հուն: Բայց մենք գնում ենք հեշտ հասանելի, միշտ տեսանելի ու անարդյունք ճանապարհով, որովհետև խնդիրը տեսնում ենք կիսատ` միայն մեկ դեպքի, մեկ օրվա, մեկ մարդու կտրվածքով: Իսկ եթե Վահե Ավետյանը կյանքի ու մահվան պայքարում վերադառնար կյանք, փաստը դադարելո՞ւ էր լինել` ինչ կա: Իսկ եթե «Հարսնաքարի» սեփականատերը Ռուբեն Հայրապետյանի ընտանիքը չլիներ, փաստը դառնալո՞ւ էր` ինչ կա: Եթե Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չեն ստացել, նրանց դեպքը պակա՞ս վտանգավոր է: Ակնհայտ է, չէ՞, որ եթե դեպքը «Հարսնաքարում» չլիներ, ծեծվածները զինվորականներ և ծեծողները պատգամավորի թիկնազորից չլինեին, գուցե չէինք էլ իմանա` ինչ է եղել: ՈՒրեմն` հանուն մարդու և մարդու համար չէ հասարակության ընդվզումը, որ խոցելի է դարձնում նախ և առաջ հենց այդ հասարակությանը: Որ ապացուցում է` մարդը չէ արժեք, այլ մարդու կարգավիճակը: Որ ցույց է տալիս, թե որքան անօգնական է հասարակությունը և անպաշտպան: ՈՒ բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ֆիզիկական ուժով են հարցեր լուծվում, ոչ այն պատճառով, որ ասեմ-ասեսը վերաճում է հաշվեհարդարի, ոչ այն պատճառով, որ հաճախորդ-մատուցող-մենեջեր-պահնորդ փոխհարաբերություններում մարդկային որակները բացակայում են. այս ամենը հետևանք է: Հասարակությունը սեփական կյանքի չկայացածության ու չկողմնորոշվածության պատճառով է այսօր դիմում Վահե Ավետյանի ցավալի մահը քաղաքականացնելու հնարքին, որովհետև չգիտի` ինչպես արձագանքել, որովհետև մարդու մահը հարգելու ու կյանքը գնահատելու կուլտուրա չունի, որովհետև պարզապես պատրվակներ ու առիթներ է որոնում` կուտակված դժգոհությունը, բողոքը, ցասումը պարպելու ու բավարարված տուն գնալու համար: ՈՒրիշ ի՞նչ անի: Իսկ մարդը սպանվել է: Եվ դա ամենամեծ ու անդառնալի ողբերգությունն է, որ ստվերվում է երթերով ու ճիչերով: Հասարակության մի փոքր հատվածի միայն: Իր գերակշիռ մասով հասարակությունը մնում է անհաղորդ ու անտարբեր` նվազագույնը, այլապես որևէ մեկը չէր բացելու «Հարսնաքարի» դռները և իր գործնական կամ ժամանցային կյանքը այնտեղ չէր անցկացնելու, ուր մարդ են սպանում: Այդպես էր արտահայտելու իր դիրքորոշումը, եթե ընդհանրապես դիրքորոշում ունի: Եթե նվազագույն բարոյականություն ունի, հարսանիքի արարողությունը տեղափոխելու էր «Հարսնաքարից»: Սա է պատկերը: Բոլորիս: ՈՒ սա հաստատ երաշխիք է, որ հենց վաղը մի այլ վայրում, մի այլ պատճառով նույնը կրկնվելու է: ՈՒ մնալու է անհայտ: Կամ` անպատիժ: Նախադեպեր կան` Երևանում, շատե՞րն են մոռացել Պողոս Պողոսյանի մահը: «Առագաստում»։ Թե՞ տարիների մեջ ողբերգությունը կորցնում է սրությունը: Թե՞ այն ժամանակ արգելված, հիմա «արտոնված» է ընդվզելը:
Նախադեպի խայտառակ ուժը գիտեք` ո՞րն է: Անհեթեթությունը: Բոլորը գիտեն, որ սխալ է, մեղք է, հանցանք է, բայց եթե մեկ անգամ եղել է, կարող է կրկնվել ու կրկնվել` թեկուզ կրկնողներն էլ դատապարտեն, մեղադրեն ու մերժեն: Ոչ ոք չի մտածում, որ սխալն ուղղելը սկսում են սխալը չկրկնելուց ու հասնում են հետևանքների վերացմանը: Ոչ ոք չի ուզում ընկալել, որ եթե ձուկը գլխից է հոտած, ոչ թե պոչից են մաքրում, այլ շպրտում են, որովհետև ոչ միայն գարշահոտ, այլև թունավոր է:
Մեր ընդհանրական տեղատվությունը ինչքա՞ն է տևելու: Ավարտին ափին ի՞նչ ենք թողնելու: Լավագույն մտադրությունների մատյա՞նը: Հոգևոր սնանկության քսանամյակի արդարացումը ո՞ր թվականի և ո՞ր հանրապետության դեգերումներում ենք որոնելու: Դուրս գալո՞ւ ենք փոխադարձ ոչնչացումի այս փակ շրջանակից, որտեղ հաղթողները պարտվում են ավելի, քան պարտվածները, նույնիսկ եթե նրանց սպանում են:
Վահե Ավետյանի մահը ողբերգություն է, որն այսօր դեռ հասարակությունն արժևորում է նրա կարգավիճակով ու մահվան հանգամանքներով` ի հայտ բերելով նաև իր ախտորոշումը` արժեքային համակարգի ստորին սանդղակներին ծվարած դաշտագլոր, որ որոնում է հենման կետ: Իրավիճակը կարող է փոխվել, երբ այդ հենման կետը գտնվի: Մեր պարտության տեղատվությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ հենման կետը մեզնից դուրս ենք որոնում, հենման կետը մեր մեջ է, որքան էլ դաշտագլորի հոգեբանությունն ու սպառողի կենսակերպը թելադրում են պատճառահետևանքային առնչությունները մեզնից դուրս կառուցել: Նույնիսկ այդ դեպքում բուրգը փլուզվում է մեզ վրա, որովհետև բուրգը ևս կորցնում է հենման կետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քաղաքականությունը շարունակվում է. իրենց չարդարացած հավակնություններն ու չիրականացած նկրտումները մարդիկ միշտ էլ փորձում են ուրիշի հաշվից ստանալ: Եթե ոչ ապրողների, հանգուցյալների նկատմամբ գոնե հարգանք է պետք ունենալ և դժբախտությունը չվերածել նրանց հաշվին ինքնահաստատման: Մենք նախընտրում ենք մեղադրողի կարգավիճակը, բայց մեղադրվողն էլ մենք ենք, ու քանի դեռ այս շատ պարզ ու շատ դժվար փաստը չենք ընկալել, շարունակելու ենք մեղքեր գործել: ՈՒ` ապրել դաշտագլորի հոգեբանությամբ: Առանց հենման կետի: Շարունակելու ենք սպանել ու սպանվել:

Դիտվել է՝ 5942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ