Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Էներգետիկ մահակի օգտագործումը հակառակ արդյունքն է տալիս

Էներգետիկ մահակի օգտագործումը հակառակ արդյունքն է տալիս
14.08.2009 | 00:00

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԻՐ ԿՈՂՔԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ «ՈՒԺԵՂ, ԽԱՂԱՂ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆ»
Ռուս-ամերիկյան հարաբերություններում հակադրության անկում համառորեն տեղի չի ունենում, չնայած «վերաբեռնաթափմանն» ուղղված` առաջին հայացքից բավական ակտիվ քայլերին։ Ռուսական ոճով թեյախմություններին հաջորդում են «ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու» մասին հայտարարությունները, և այդ խորապատկերի վրա միաժամանակ արտահայտվում են տեսակետներ «հայտնի կայսրության» կործանման մասին։
Միաժամանակ, հետխորհրդային պետությունների օբյեկտիվ ձգտումը` դուրս գալ «ավագ եղբոր» ազդեցությունից, Մոսկվայում արդեն վաղուց դիտարկվում է իբրև Վաշինգտոնի ուղղակի միջամտության հետևանք։ Հակաամերիկանիզմը ռուսական քաղաքական համակարգում արմատավորվել է որպես կառավարող էլիտայի շուրջ հասարակության համախմբման միջոց, և, ինչպես նկատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ ԴՄԻՏՐԻ ՏՐԵՆԻՆԸ` «ռուսական նոր արտաքին քաղաքական էլիտային վիրավորում է այն փաստը, որ Վաշինգտոնը Ռուսաստանը դիտարկում է ոչ թե իբրև փոքրիկ ԽՍՀՄ, այլ ավելի մեծ Իրան»։ Ամերիկացիներն իրենց հերթին տպավորություն են ստեղծում, թե հասկանում են այդ բարդույթը, բայց դրանով ղեկավարվելու մտադրություն չունեն։
Այդ իմաստով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին հայտնի հարցազրույցն առաջացրեց ռուսական պաշտոնյաների զայրույթը, միաժամանակ առաջին հայացքից հակասություն ստեղծելով երկկողմ հարաբերությունները «վերաբեռնաթափելու» Վաշինգտոնի հայտնի նախաձեռնության հետ։ Մանավանդ որ այդ հարցազրույցը տեղի ունեցավ Բարաք Օբամայի Մոսկվա կատարած այցից ոչ շատ հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, թե Վաշինգտոնն իր կողքին ուզում է ունենալ «ուժեղ, խաղաղ ու բարգավաճող Ռուսաստան»։ Եվ թեկուզ պետքարտուղար Քլինթոնը ստիպված եղավ հրատապ կարգով և հրապարակավ սրբագրել Բայդենի հնչեցրած բնութագրումները, ակնարկելով, թե ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանը համարել «մեծ տերություն», այնուհանդերձ, դժվար է կարծել, թե Վաշինգտոնում արտաքին քաղաքականության հետ կապված այդքան լուրջ տարընթերցումներ գոյություն ունեն։ Մանավանդ որ Սպիտակ տան ներկայացուցիչը մամուլին կրկին հավաստիացրեց, թե ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը «նախագահ Օբամայի թիմի արժեքավոր ներկայացուցիչն է, մեծ օգնություն է ցուցաբերում նախագահին ու նրա թիմին»։ Հետևապես Ջոզեֆ Բայդենի հայտնի հարցազրույցը բոլորովին էլ «անզգուշություն» չէր, այլ փորձառու քաղաքական գործչի մտածված քայլ, որն ընդամենը տեսակետ հնչեցրեց ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշ «նուրբ պահերի մասին»։
Եվ այսպես, ԱՄՆ-ի փոխնախագահի գնահատմամբ, ռուսական տնտեսությունը «շունչը փչում է», Ռուսաստանը փլուզվող երկիր է, և, ըստ այդմ, կանխատեսում արվեց, որ այդպիսի պայմաններում Մոսկվան հարկադրված է լինելու մի շարք հարցերում լուրջ զիջումներ անել Արևմուտքին, այդ թվում` ազգային անվտանգության ոլորտում։ Միաժամանակ փոխնախագահ Բայդենը կանխատեսում է Ռուսաստանի ազդեցության թուլացում նախկին խորհրդային հանրապետությունների վրա, ինչպես նաև նրա ահռելի միջուկային զինանոցի կրճատում։ ՋՈԶԵՖ ԲԱՅԴԵՆԻ կարծիքով` «Ներքին պայքարը Ռուսաստանում նվազեցնելու է իրադարձությունների վրա ազդելու նրա ընդունակությունը, հատկապես, այսպես կոչված, մերձավոր արտասահմանում։ Ռուսաստանը բազմահազարանոց ռազմական խմբավորումներ է տեղակայել վրացական հյուսիսային նահանգներում` Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Անցած երեք տարիների ընթացքում երկու անգամ դադարեցրել է գազամատակարարումն ՈՒկրաինային։ Եվ չնայած ուժի այսպիսի ցուցադրմանը, անգամ Ռուսաստանին այդքան մոտ գտնվող պրոտեկտորատը, ինչպիսին Բելառուսն է, այլևս չի ցանկանում հնազանդվել Մոսկվային»։ ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով` Մոսկվայի ուժային ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների վրա` էներգետիկ մահակի օգտագործմամբ, հակառակ արդյունքն է տալիս. «Ռուսաստանի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ գազային շանտաժ, և դրա պատճառով է ի հայտ եկել «Նաբուկո» գազամուղի շուրջ համաձայնագիրը»։
Այնուհանդերձ, չնայած Ռուսաստանի առջև ծառացած տնտեսական ու աշխարհաքաղաքական դժվարություններին, ԱՄՆ-ի փոխնախագահը չի բացառում ԱՄՆ-Ռուսաստան հակադրության խորացումը։ «Մոսկվան մոտակա հեռանկարում կարող է ավելի թշնամական կեցվածք որդեգրել, եթե ԱՄՆ-ը նախկինի պես շարունակի Ռուսաստանին վերաբերվել որպես համաշխարհային բեմահարթակում կարևոր խաղացողի։ Ռուսաստանի առաջնորդները սկսում են աստիճանաբար հասկանալ իրենց երկրի գլոբալ դերի նվազումը։ Տնտեսական խնդիրները, որպես իրադարձությունների մի ամբողջ շարք, կստիպեն Մոսկվային` էապես վերանայել իր միջազգային շահերը։ Սակայն ԱՄՆ-ը պետք է զգույշ գործի, որպեսզի, առավելություններ ունենալով հանդերձ, նոր խնդիրների առաջ չկանգնի»,- նշել է ԱՄՆ-ի փոխնախագահը։ Բայդենի կարծիքով` «Ռուսաստանը հարկադրված կլինի կայացնել մի շարք դժվարին, հավասարակշռված որոշումներ։ Երկրում կրճատվում է բնակչության թիվը, թուլանում տնտեսությունը, նրա բանկային սեկտորն իր այսօրվա կառուցվածքով հազիվ թե դիմանա առաջիկա 15 տարիների ընթացքում։ Ռուսաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ աշխարհն իր շուրջը փոխվում է, իսկ ինքը կառչած է մնում անցյալին, ինչը չի կարող կայուն զարգացում ապահովել։ Շատ դժվար է համակերպվել կայսրության կորստի հետ։ Ռուսաստանը գտնվում է ամենաբարդ պայմաններում` վերջին 40 տարվա ընթացքում, իսկ գուցե և ավելի»։
«Սառը պատերազմի» ավարտից հետո ամերիկյան բոլոր վարչակազմերն այս կամ այն կերպ փորձել են համագործակցություն սկսել Մոսկվայի հետ արտաքին քաղաքականության լայն շրջանակ ընդգրկող խնդիրների շուրջ։ Ենթադրվել է, որ երկու երկրների միջև կան ընդհանուր շահեր, հատկապես ազգային անվտանգության ոլորտում։ Սակայն Մոսկվային «հրապուրելու» բոլոր տեսակի փորձերից հետո Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերը, ի վերջո, հայտնվեցին փակուղային իրավիճակում, ինչն իր հերթին կրկին բերում էր լարվածության մեծացման։ Դատելով այս ամենից` ներկայիս ամերիկյան վարչակազմն էլ փորձում է գնալ այդ տրորված ճանապարհով և արդեն հոգնել է զուտ հռետորաբանության, քան իրական քաղաքական առումով խոսելուց` հարաբերությունների լիցքաթափման մասին։ Մանավանդ որ միջազգային հարաբերություններում ավելի ու ավելի է ընդգծվում Պեկինի դերը։ Վաշինգտոնյան բազմաթիվ քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատմամբ էլ Ռուսաստանը Չինաստան չէ, որ կարողանա աշխարհակարգում դառնալ առանձին բևեռ։
Բնութագրական է և այն, որ Վաշինգտոնում գումարված ամերիկա-չինական տնտեսական և ռազմավարական գործընկերությանը նվիրված գագաթաժողովը բավական հաջող անցավ։ ԱՄՆ-ի նախագահն էլ գագաթաժողովի բացման իր ծրագրային ելույթում հատուկ ընդգծեց. «21-րդ դարում աշխարհի առջև բազմաթիվ սպառնալիքներ կան, որոնք աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում։ Որքան ԱՄՆ-ը և Չինաստանը սերտ համագործակցեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ, այնքան ավելի հեշտ կլինի գտնել դրանց լուծումը»։ Այսինքն, ԱՄՆ-ի և Չինաստանի քաղաքական վերնախավերը, փաստորեն, համարում են, որ աշխարհում շատ քիչ են այնպիսի պրոբլեմները, որոնք կարող են լուծվել առանց իրենց մասնակցության և աջակցության։ Վերոնշյալ գագաթաժողովի շրջանակներում քննարկված թեմաներից էր նաև համաշխարհային տնտեսության առողջացումը ճգնաժամից հետո։ Առաջատար տնտեսագետների գնահատմամբ, ճգնաժամի հասունացման հետ մեկտեղ ԱՄՆ-ի և Չինաստանի օպերատիվ և վճռական գործողություններն արդեն իսկ նպաստել են գլոբալ ռեցեսիայի թուլացմանը և համաշխարհային տնտեսության առողջացման համար նախադրյալների ստեղծմանը։
Երկխոսության մեկ այլ թեմա էր անվտանգության շուրջ համագործակցությունը բազմաթիվ հարցերում, սկսած «Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողություններից մինչև Աֆղանստանում ու Պակիստանում կայունության հաստատումը, համատեղ տնտեսական քայլերի կիրառումն Աֆրիկայում»։ Այսպիսով, աստիճանաբար կարծես իրականություն է դառնում այն կանխատեսումը, որ միաբևեռ աշխարհակարգն արդեն սպառված է։ Եվ թեկուզ երկրորդ բևեռ դառնալու հավակնություն ունեն մի շարք երկրներ, այդ դերը կամ իրավունքը, ամենայն հավանականությամբ, վերապահվելու է Չինաստանին։ Ինչ փոփոխությունների դա կհանգեցնի միջազգային կյանքում, առայժմ դժվար է կանխատեսել։ Թեպետ չինացիներն իմաստուն ասացվածք ունեն, որ միասին նույն նավակում նստածները պետք է աշխատեն մյուս ափը հասնել խաղաղաբար թիավարելով։ Այսօր ամերիկա-չինական հարաբերություններն այդպիսին դառնալու լուրջ նախադրյալներ ունեն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ