ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Բարեպաշտ երիտասարդի համար դրամ չունենալը կրթվելու խոչընդոտ չպետք է հանդիսանա»

«Բարեպաշտ երիտասարդի համար դրամ չունենալը կրթվելու խոչընդոտ չպետք է հանդիսանա»
30.01.2009 | 00:00

«ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՐՈՂ, ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Բարեպաշտ սերունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
-Պարոն Մկրտչյան, բարեգործական հիմնադրամը գործում է մեկ տարուց ավելի։ Եթե ամփոփելու լինենք անցած ժամանակահատվածը, ընդհանուր առմամբ, ի՞նչ կարգի աջակցություն է ցուցաբերվել ուսանողությանը, գիտական համակարգին։
-Հիմնադրամը գործում է 2007-ի հուլիսից, գործունեության առաջին եռամսյակում մենք իրականացրել ենք 4 մլն դրամի բարեգործական ծրագիր։ 2008-ին արդեն ծախսվել է 32,5 մլն դրամ։ Ինչպես հայտնի է, բարեգործական հիմնադրամի հիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը գործարար Բարսեղ Բեգլարյանն է, և հիմնադրամը ֆինանսավորվում է բացառապես նրա հատկացրած միջոցներով։ Անցած տարվա ընթացքում մենք միջոցներ ծախսել ենք հիմնականում երկու ուղղությամբ։ Դրանցից առաջինը 106 ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումն է եղել, ովքեր սովորում են պետական բուհերում։
-Իսկ ինչո՞ւ միայն պետական։
-Բացառություն է արված մի քանի բուհեր, մասնավորապես Հայ-ռուսական (սլավոնական) և «Հյուսիսային» համալսարանների 3-4 ուսանողների պարագայում։ Մյուսները 13 պետական բուհերի ուսանողներ են։ Տարբերակումը պայմանավորված է նրանով, որ պետական բուհերում կրթական չափանիշներն ավելի խիստ են, գիտելիքի տեսանկյունից` ավելի բարձր։ Իհարկե, հետագայում չի բացառվում, որ այս դաշտում համահարթեցում տեղի ունենա, մեր հասարակությունը, պետությունը, կարծես, այդ ուղղությամբ է գնում։ Այնուամենայնիվ, եթե մասնավոր բուհերում էլ սովորում են օժտված երեխաներ, ովքեր վարձավճարի հետ կապված խնդիր են ունենում ինչ-որ փուլում, աշխատում ենք նրանց էլ օգտակար լինել։
-Նշեցիք նաև երկրորդ ուղղության մասին։
-Դա արդեն դրամաշնորհների ծրագիրն է։ Անցած տարի մենք մի քանի հետաքրքիր մրցութային թեմա հայտարարեցինք, որոնցից մեկը «Հայության արժանապատիվ գոյատևման գրավականները» թեման էր։ Ցավոք, հաղթողներ չեղան, բայց մրցույթին մասնակցած տարբեր մասնագետների հետ կնքեցինք պայմանագրեր, որոնց համաձայն իրենք կշարունակեն գիտահետազոտական գործունեությունը։
Այս տարի մտադիր ենք հայտարարել 4 դրամաշնորհ` երկու միլիոն դրամ կազմող մրցանակային ֆոնդով։ Այնուհանդերձ, այս տարվա ընթացքում հիմնադրամը նախատեսում է իրականացնել 44 մլն դրամի ծախսեր, նախորդ տարվա համեմատ 12 մլն-ով ավելի։ Եվս 5 մլն դրամի աջակցություն կտրամադրվի ԵՊՀ-ին, քանի որ համալսարանի 90-ամյակն է։ Այդ նախագծի շրջանակներում կկազմակերպվի երիտասարդական ֆորում։
Մեկ այլ ծրագիր էլ կա, որը կոչվում է «Այցելություն 40 եկեղեցիներ»։ Քանի որ մեր հիմնադրամի հիմնական նպատակը քրիստոնեական արժեհամակարգի կրող, բարեպաշտ սերնդի ձևավորումն է, եղանակային նպաստավոր շրջանում, 5 ամսվա ընթացքում, տարբեր արշավային երթուղիներով մեր հիմնադրամի կողմից հովանավորվող ուսանողների մասնակցությամբ ամենամսյա այցելություններ կկազմակերպվեն պատմամշակութային հուշարձաններ` Հայաստանի տարբեր վայրերում։ Նպատակը մեր բնությանը, պատմությանը երիտասարդներին ավելի քաջատեղյակ դարձնելն է, որպեսզի երկիրը նրանց համար լինի ոչ թե վերացական, այլ առարկայական հայրենիք։
-Ձեր դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են միայն հովանավորվող ուսանողների՞ համար։
-Ո՛չ, դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են բաց մրցույթով, որոնց կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան ցանկացած քաղաքացի` անկախ կրթական ցենզից ու մասնագիտությունից։ Ցանկանում եմ նշել, որ այս տարի իրականացնելու ենք ևս մի ծրագիր, դա կրթաթոշակների տրամադրման մրցույթներն են, որոնք հատկացվում են միայն պետական բուհերի ուսանողներին։ Տարբեր մասնագիտությունների գծով սահմանվել են 17 կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 30-հազարական դրամի չափով։ Այս նախագծերի իրականացումով մենք փորձում ենք լրացնել այն բացը, որն առկա է այսօր։ Կրթաթոշակները տրամադրվում են գերազանցիկ ուսանողներին, սա պարտադիր պայման է, ընդ որում, կապ չունի` վճարովի՞ են սովորում, թե՞ անվճար։
-Իսկ ի՞նչ չափորոշիչով եք որոշում ուսման վարձերի փոխհատուցման կարգը։
-Անշուշտ, հաշվի է առնվում ուսանողի ընտանեկան դրությունը։ Այսինքն, ներկայացվում է տեղեկանք ընտանիքի եկամուտների մասին, և եթե քննարկման ընթացքում մենք պարզում ենք, որ այդ եկամուտները բավարար չեն ուսման վարձը վճարելու համար, հիմնադրամը որոշում է կայացնում աջակցել տվյալ ուսանողին։ Նշեմ, որ ուսման վարձի փոխհատուցման պրոցեսը մենք իրականացնում ենք բակալավրիատի երրորդ կուրսից։ Բայց սրանք միակ չափորոշիչները չեն։ Փոխհատուցում է տրամադրվում միայն այն ուսանողներին, ովքեր իսկապես ունեն բարձր առաջադիմություն, բայց տվյալ պահին չունեն համապատասխան միջոցներ։ Յուրաքանչյուր ուսանող ուսման վարձի փոխհատուցում կարող է ստանալ երկու ուսումնական կիսամյակ անընդմեջ, որից հետո մեկ կիսամյակ պետք է բաց թողնի և հետո կրկին կարող է արժանանալ հովանավորության։ Իհարկե, հաշվի ենք առնում նաև երիտասարդների հասարակական ակտիվությունը, որովհետև միայն լավ սովորելով չէ։ Եթե հիմնադրամը հովանավորում է որևէ երեխայի, դա արվում Է այն նպատակով, որ այդ մարդը հետագայում իր կյանքը կապի երկրի հետ, լինի իր հայրենիքի ակտիվ քաղաքացի։ Այս նպատակով նաև մեր ուսանողների գիտելիքների շրջանակն ընդլայնելու համար յուրաքանչյուր հինգշաբթի մենք կազմակերպում ենք վերմասնագիտական բնույթի մտագործունեական սեմինարներ` տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ։ Դրանց այցելությունն ուսանողների համար պարտադիր է։
-Ասենք, ուսանողն ավարտում է բակալավրիատը։ Եթե ցանկանում է ուսումը շարունակել մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, այլևս հիմնադրամի հովանավորության վրա հույս դնել չի՞ կարող։
-Մենք ուսումնառության գործընթացի հովանավորությունը շարունակում ենք նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Ճիշտ է, հիմնադրամի միջոցներն անսպառ չեն, բայց Բարսեղ Բեգլարյանը սովորաբար չի մերժում, եթե իսկապես պատրաստված ուսանողի ուսումնառության գործընթացի շարունակությունն ապահովելու խնդիր կա, և լրացուցիչ միջոցներ է հատկացնում։ Պատահական չէ, որ հիմնադրամի կարգախոսն այն է, որ բարեպաշտ երիտասարդի համար դրամ չունենալը կրթվելու խոչընդոտ չպետք է հանդիսանա։
-Կարծեմ հիմնադրամը համագործակցում է մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական կենտրոնի հետ։ Այն ի՞նչ նպատակով է ստեղծվել։
-Այո, այդպիսի համագործակցություն կա, այդ կենտրոնը ղեկավարում է գիտության և կրթության նախարարության ԳԹԿ-ի ղեկավար Մանուկ Մկրտչյանը։ Նա միաժամանակ նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Մեթոդաբանական կենտրոնի հետ համատեղ հիմնադրամն իրականացրել է մի քանի թեմաներով դրամաշնորհային ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել կոլեկտիվ մտածողության զարգացմանը։ Կոլեկտիվ ուսումնառության ժամանակ յուրաքանչյուր մարդու մեջ ընկալումն ու գիտելիքը ընկերոջը փոխանցելը շատ դրական ու յուրօրինակ վիճակ է ստեղծում։ Այս մեթոդիկան այսօր շատ դրական արդյունքներ է արձանագրել, մասնավորապես, այս մեթոդով է գործում «Բյուրակն» կրթահամալիրը, որտեղ ուսանում է նաև իմ որդին։
-Այլ հիմնադրամների և գիտական կենտրոնների հետ համագործակցության ծրագրեր ունե՞ք։
-Այո՛, իհարկե։ Մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատբանկ» ԲԲԸ կառավարիչ Աշոտ Օսիպյանը, ԳԹԿ-ի ղեկավար Մանուկ Մկրտչյանը։ Ոչ մեկը գիտությունից հեռու մարդ չէ, և իրենց գործուն մասնակցությամբ համագործակցում ենք Հայաստանում առկա գիտակրթական հաստատություններից առաջատարների հետ։ Մենք ունենք նաև երիտասարդ գիտնականներին խրախուսելու ծրագիր։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե Սորոսի ֆոնդի նման ինչ-որ բան ենք ուզում ստեղծել, բայց, կարծում եմ, Հայաստանում նման նախաձեռնությունների իրագործման ժամանակը վաղուց է հասունացել։ Գիտության այն ճյուղերը, որոնք կարող են կոնկրետ նյութական արդյունք ստեղծել, պետք է հովանավորվեն։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ֆունդամենտալ գիտության հովանավորությունը պետք է անտեսվի։ Ժամանակն է, որ այս մասին, բացի պարոն Բեգլարյանից, մտածեն նաև մյուս մեծահարուստները։
-Դուք ՀԺԱՄ վարչության անդամ եք։ Կուսակցական գործունեությունը հիմնադրամում աշխատելուն չի՞ խանգարում կամ էլ հակառակը։
-Ո՛չ։ Հիմնադրամում իմ աշխատանքը հաճելի հոգս է։ Երբ ինձ առաջարկվեց աշխատել այստեղ, հաճույքով համաձայնեցի, որովհետև երիտասարդության հետ շփվելու լավ հնարավորություն է ստեղծվել։ Շատ հաճախ այն թեմաները կամ խնդիրները, որոնք քննարկման առարկա են դառնում Հայաստանի քաղաքական ու կուսակցական վերնախավերում, կտրված են իրականությունից։ Այսինքն` քաղաքական վերնախավն ինչ-որ հարցադրումներ ու խնդիրներ է առաջ քաշում, բայց դրանք այդպես էլ երիտասարդության սեփականությունը չեն դառնում։ Այս առումով աշխատանքն ինձ համար օգտակար է հասարակական, հատկապես, երիտասարդության տրամադրությունները հասկանալու առումով։
-Շատ կուսակցականներ, անկախ նրանից, թե որ կուսակցությունն են ներկայացնում, երիտասարդության շրջանում աշխատելու հնարավորություն ստանալով` նաև յուրօրինակ հավաքագրում են նախաձեռնում։ Այսինքն` իրենց շրջապատում գտնվող երիտասարդներին աշխատում են ներգրավել իրենց կուսակցության մեջ։ Ձեզ հաջողվո՞ւմ է զերծ մնալ այդ գայթակղությունից։
-Այո՛։ Մեր հիմնադրամի հետ որևէ ձևով առնչվող որևէ ուսանողի կամ առհասարակ մարդու երբևէ նման առաջարկ չի արվել, մասնավորապես, ՀԺԱՄ-ի անդամ դառնալու առումով։ Ընդհանրապես, անբարո բան է ինչ-որ բանով մեկին օգտակար լինել և հետո փորձել օգտագործել նրան այլ նպատակների համար։ Եթե նման դրսևորումներ լինեին, հոգաբարձուների խորհուրդը, նրա նախագահն անմիջապես կարձագանքեին, որովհետև ի սկզբանե հստակ է եղել, որ սա քաղաքական նպատակներ հետապնդող նախաձեռնություն չէ։ Սա բարեգործական հիմնադրամ է, և այստեղ աշխատելու ընթացքում ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։
Այլ բան, որ ՀԺԱՄ-ի ծրագիրը, նրա կարգախոսները, իմ համոզմամբ, խորթ չեն մեր հասարակությանը և նրա երիտասարդ հատվածին։ Եթե մեր նպատակը փոքր ու միջին գործարարությանն աջակցելն է, միջին խավի ձևավորումը, ապա ցանկացած կրթված երիտասարդ, պոտենցիալ առումով, հենց այդ խավի ներկայացուցիչն է։ Այսինքն, կարող է իր ունեցած ինտելեկտուալ արժեքը, գիտելիքը վերածել նյութական արժեքի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5425

Մեկնաբանություններ