ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կրթության բացակայությունը մարդկանց մտածելակերպը վերադարձնում է դեպի քարանձավ

Կրթության բացակայությունը մարդկանց մտածելակերպը վերադարձնում է դեպի քարանձավ
23.09.2024 | 09:51

Շատերն են հասկանում, որ մենք մեր օր օրի շատացող ու լրջացող գոյաբանական պրոբլեմներով գնում ենք դեպի բազմակողմանի փակուղի և, թույլ ու առանց էական ռեսուրսներ ունենալու, ուրիշներին հետաքրքրում է միայն մեր տարածքը, այն էլ՝ առանց մեզ։

Հենց դա է պատճառը, որ մեծ առևտրում այդ նույն ուրիշները մեզ որպես մանրադրամ են օգտագործում, ոչ ավելի։

Դրա հետ միասին, օր օրի մեր շարքերից ծնվում են նորանոր «փրկիչներ», իրենց ֆանտաստիկ գաղափարներով, որոնց աչքում մենք մեկ ներկայանում ենք որպես տաղանդներ, մեկ՝ որպես անպիտաններ, մյուս անգամ էլ՝ անտարբերներ և այլն։

Այնինչ, մենք սովորական մարդիկ ենք, պարզապես լուրջ վերնախավ չունենք, որի բացակայությունն էլ պատմականորեն հասկանալի է։

Եթե ժողովուրդն ապրում է օտարի ենթակայության տակ, լինի դա դարավոր անիրավունք կյանքը թուրքերի իշխանության տակ, թե դոզավորված իրավունքով կյանքը ռուսների իշխանության տակ, ապա վերնախավի գոյությունը համեմատական է ժողովրդի ունեցած իրավունքի չափին։

Բացի դրանից, ժողովրդի մեջ հարուստ խավի առկայությունը իսկական վերնախավ ունենալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ առանց քաղաքական վերնախավի իսկական վերնախավ չի լինում։

Այս իմաստով, արդեն սկսած ցարական ժամանակներից, հայերը ինչ-որ չափով սկսեցին առնչվել կայսրության ներքին քաղաքականության հետ, ասենք, համարյա ամբողջ 19-րդ դարի ընթացքում լինելով Թիֆլիսում քաղաքագլուխներ և Կովկասում ու Ռուսաստանում ունենալով ակտիվ տնտեսական գործունեություն։

Իսկ ցանկացած արդյունավետ տնտեսական գործունեություն հարստության աղբյուր է, դե, հարստությունից էլ դեպի իշխանություն մի քայլ է, և այս ամենի արդյունքում 19-րդ դարի վերջում ծնվեցին մեր քաղաքական կուսակցությունները։

Եվ, քանի որ ծայրահեղությունների մարդիկ լինելով, մենք, ամեն ինչում ձգտելով լինել առաջինը, ինչպես քրիստոնեության ընդունման ժամանակ, այնպես էլ ռուսական կայսրության քաղաքական կյանքում, շատ արագ ձեռք բերեցինք խռովարարի անուն, որին էլ օրինաչափորեն հետևեցին, այսպես կոչված, հայ-թաթարական բախումները ամբողջ Կովկասով մեկ, որոնք ակնհայտորեն կազմակերպվել էին ցարական կառավարության կողմից։

Նմանատիպ պրոցեսներ տեղի ունեցան նաև խորհրդային իշխանության ժամանակ, երբ հանրապետություններին տրվեցին որոշակի իրավունքներ ներքին քաղաքականության ոլորտում, որի արդյունքում նրանցում առաջացան քաղաքականին նման վերնախավեր։

Այս պրոցեսը մեզ համար բերեց և դրական, և բացասական արդյունքներ։

Բացասականն այն էր, որ ժամանակի ընթացքում Վրաստանն ու Ադրբեջանը մեծամասամբ հայաթափվեցին, բայց նաև ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ մենք ունեինք կոմունիստական բնույթի լուրջ քաղաքական վերնախավ, որը միայն ձևականորեն էր կոմունիստական։

Բայց մեր ծայրահեղական էությունը անկախության սկզբում անտեսեց նման լուրջ քաղաքական ուժի գոյությունը՝ նրանց համարելով ազատության թշնամի, և մեր երկիրը հայտնվեց քաղաքական ու տնտեսական կյանքից անտեղյակ և անցյալում մի բաժակ սուրճ ու սիգարետ կրակող հոգով ու մարմնով աղքատ մարդկանց ձեռքին։

Իսկ հոգով ու մարմնով աղքատ մարդիկ սկզբունքորեն երկիր կառավարել չեն կարող, և Հայաստանի քաղաքներն ու գյուղերը սկսեցին դատարկվել մարդկանցից։

Բնականաբար, երկիրը լքողների մեծ մասը ակտիվ, գիտակ ու կարող մարդիկ էին, որի արդյունքում տեղում մնացած կարող ու գիտակ մարդիկ այլևս բավարար ուժ չունեին երկրի կյանքում որևէ լուրջ դեր խաղալու համար։

Հատկանշական է, որ ամբողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքով առաջինը քանդվեցին կրթությունն ու տնտեսությունը, այսինքն, հզորության ամենակարևոր աղբյուրները, մի պրոցես, որը մեզնում շարունակվում է առ այսօր։

Եթե համեմատելու լինենք մեր մտավոր/ինտելեկտուալ կյանքը անցայլ դարի 80-ականների վերջերին ու հիմա, ապա ակնհայտ է բոլոր կողմերով մեր կյանքի անկումը։

Կրթության բացակայությունը մարդկանց մտածելակերպը վերադարձնում է դեպի քարանձավ, և այս իմաստով մենք թյուրիմացության մեջ չպետք է լինենք մարդկանց հագուկապի ու բոլորի ձեռքերում եղած հեռախոսների պատճառով։

Երկար ժամանակ լուրջ աշխատանքային գործունեության բացակայության պատճառով մարդկանց մոտ ձևավորվել է յուրատեսակ տարօրինակ մտածելակերպ, ըստ որի, աշխատելը նույնացվում է ճորտության կամ էլ ստրկության հետ։

Մարդիկ ապրում են հեքիաթների աշխարհում և նրանց թվում է, որ եվրոպաներում ու ամերիկաներում մարդիկ թեթև ու փառահեղ կյանքով են ապրում։

Մարդիկ տարրական գիտելիքներ չունեն որևէ բանի ադեքվատ ռեակցիա տալու համար, և այս պայմաններում մտածել մարդկանց բան հասկացնելով հասնել որոշակի փոփոխությունների, պարզապես անիմաստ է։

Ցանկացած տեսակի ինքնակազմակերպում հնարավոր է միայն հասկացողության որոշակի մակարդակի դեպքում, որը կրթության ճգնաժամի պատճառով չկա մեզ մոտ։

Պետք է նաև հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ կյանքում որևէ փոփոխության հասնելը շատ ավելի հեշտ է քանդելով, քան թե սարքել/կառուցելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ