ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մասնաբաժին ունե՞ս քո նախնիների հոգևոր հարստությունից

Մասնաբաժին ունե՞ս քո նախնիների հոգևոր հարստությունից
06.04.2018 | 06:47

Այս բառը այնքա՜ն անձկալի է յուրաքանչյուրիս սրտին, ու այնքա՜ն քիչ ենք լսում մեր շրջապատում, քանի որ դրա հակառակ խորհուրդը գույժն է, որ ամեն օր ենք լսում աշխարհի տարբեր ծայրերից. հեռուստատեսային լուրերը մեզ վկա։


Իսկ ավետիս նշանակում է բարի լուր, որից և առաջացել է Ավետարան բառը: Իսկ Ավետման տոն է կոչվում, որովհետև այդ օրը մարդկությանը մեծ ավետիս տվեց Տիրոջ ավետաբեր Գաբրիել հրեշտակը: Մի լուր, որին մարդկությունը սպասել էր շուրջ 700 տարի, քանի որ այդ ժամանակ Եսայի մարգարեն ասել էր. «Ահա կույսը պիտի հղանա և Որդի պիտի ծնի, որի անունը Էմանուել պիտի դնեն, որ թարգմանվում է «Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
Ըստ եկեղեցու հավաստի ավանդության` Գաբրիել հրեշտակը այցելել է դեռատի կույս Մարիամին ապրիլի 7-ին, և այս ավետիսը տվել, այդ պատճառով էլ մեր առաքելական եկեղեցին նաև այն մայրության տոն է հայտարարել. «Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «ՈՒրախացիր, ով շնորհընկալ կույս, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՞նչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և մի Որդի կծնես ու Նրա անունը Հիսուս կդնես: Եվ Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ավետարան ըստ Ղուկասի 1.26-32):


Եվ ինչ ասվեց, կատարվեց, Մարիամ կույսը հղիացավ, որը մարդկային մտքին անհավատալի ու անհաս է, որովհետև մեր տկար ու մեղանչական բնությունը անհասու է Աստծո զորությանը, բայց մի՞թե Արարչի մոտ անհնարին բան կարող է լինել, Որը անհուն տիեզերքն ու դաշտի շուշանն ու ճախրող թիթեռնիկն է ստեղծել: ՈՒրեմն այն, ինչ գրված է Սուրբ գրքում, ոչ թե երկմտությամբ ընդունենք, այլ հավատով, քանզի հավատն է, որ մեր հոգու աչքերն է բացում Արարչին ճանաչելու համար: Այդ պատճառով է, որ Հիսուսն ասաց. «Եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես» (Հովհ.11.40): Եվ այդ ավետիսը, որ աշխարհի Փրկիչն է ծնվել, քանզի Հիսուս թարգմանվում է Փրկիչ, արդեն 2000 տարի աշխարհով մեկ ավետվում է, սկսած Տիրոջ առաքյալներից, որոնցից երկուսը անձամբ եկան Հայաստան աշխարհ ու Աբգար թագավորի արքունիքից սկսեցին տարածել ավետարանը: Եվ առաջին դարձի եկողը հենց ինքը՝ հայոց Աբգար թագավորն ու իր պալատականներն էին, որից հետո` պարզ ժողովուրդը, որն այդ ավետաբեր առաքյալի այցելությունից հետո տեսավ, թե ինչպես իր թագավորը բժշկվեց անբուժելի համարվող բորոտությունից: Տեղի ու ժամանակի սղության պատճառով չխորանանք հայոց քրիստոնեական ժամանակների պատմության մեջ, այլ պարզապես նշենք, որ հենց այդ ազգն էլ դարձավ հեթանոսական խավարի առաջին փարոսը, որն ավելի հզոր կայսրություններ ու պետություններ պիտի առաջնորդեր դեպի Քրիստոսի փրկարար լույսը:
Մեր իմաստուն նախնիները զինվորագրվեցին Տիրոջը, և հավատարիմ վկաներ դարձան մնացածներին, Քրիստոս Տիրոջ Ավետարանի անխոնջ մշակներ: Իսկ ի՞նչ ենք անում հիմա մենք, մի՞թե վերջացան ավետարանական սերմերը հողերը սերմանելու: Կարծես թե այո, բայց իրականում մեր հայոց ազգն է հիմա այն հողը, որը ճշմարիտ սերմի կարիքն ունի, քանզի կոմունիստական խորշակից հետո աղանդավորները փուշ ու տատասկ են ցանել մեր բերրի հոգիներում ու իրենց կորստյան հունձքն են հավաքում: Ժամանակը չէ՞ արդյոք արթնության մեղքի թմբիրից: Այս հարցը ուղղված է քեզ, յուրաքանչյուր հայորդի:


Եվ որպեսզի իմանաս, թե ինչ նախնիներից ես սերվում, որպես իրական փաստ իմացի՛ր, որ սուրբ Տիրամոր գերեզմանը պատկանում է նախ հայերին, իսկ մի փոքրիկ մասը` հույներին: Մեր ազգը ամեն Աստծո առավոտ սուրբ պատարագ է մատուցում մեր բոլորի հոգիների փրկության համար հենց Տիրամոր գերեզմանի պատարագամատույց սեղանից:
Որպես լրացուցիչ փաստ այս էլ իմացիր, որ Արդար Հովսեփի՝ Մարիամ կույսի ամուսնու գերեզմանը նույնպես պատկանում է հայերին: Այնպես որ Արարիչ Տերը այդպես է հարմար գտել, որ առաջինը Իր Որդուն Տեր ու Փրկիչ ընդունող ազգին վստահի Իր օրհնյալ ծառաների սուրբ գերեզմանները:
Վերջին հարց, որին դու ինքդ քեզ պիտի պատասխանես ու ինքդ էլ քեզ խորհես ըստ քո պատասխանի. «Դու մասնաբաժին ունե՞ս քո նախնիների հոգևոր հարստությունից, քո Տեր ու Փրկիչ Հիսուսին ընդունե՞լ ես սրտիդ մեջ, թե՞ դեռևս անմտաբար տարված ես այս փուչ աշխարհի հոգեկործան պատրանքներով, որոնց վախճանը շուտով է գալու»:
Ավետման այս խոսքը ավարտենք գողտրիկ մի շարականով.
Դո՛ւ, Տիրամայր, որ Սուրբ Հոգու Ավետիսը հրեղեն հրեշտակից ընդունեցիր.
ուրախացի՛ր բերկրյալդ, Տերը քեզ հետ է, Մարիամ Կույս անհարսնացյալ։


Անսկիզբ Խոսքը՝ Քրիստոս Աստված, հավիտենական Թագավորը
հաճեցավ մարդեղությամբ սկիզբ առնել քեզանից.
բարեխոսի՜ր Որդուդ մոտ Իր Արյունով գնված մեղավորներիս համար. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 22451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ