Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ազատ աշխարհի աշխարհաքաղաքական ճակատագիրը հաճախ խաղարկվում է փոքր երկրների տարածքում»

«Ազատ աշխարհի աշխարհաքաղաքական ճակատագիրը հաճախ խաղարկվում է փոքր երկրների տարածքում»
31.10.2008 | 00:00

ԽԱՂ. Ո՞Վ Ո՞ՒՄ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԿՀՐԱՎԻՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
«Քաղաքական իրադարձությունները միշտ էլ շատ խճճված ու բարդ են։ Դրանք կարելի է համեմատել շղթայի հետ, իսկ ամբողջ շղթան պահելու համար պետք է բռնել հիմնական օղակից»։ Այս մտքի հեղինակը համաշխարհային պրոլետարիատի ոչ անհայտ առաջնորդ Վլադիմիր Լենինն է։ Իսկ մենք արդեն վաղուց վարժվել ենք, որ քաղաքականության մեջ, գոնե մեր տարածաշրջանում, հիմնական օղակ է դարձել էներգետիկ անվտանգությունը։
Այդ իրողության հերթական հաստատումը հանդիսացան օրերս Բուդապեշտի երրորդ էներգետիկ ֆորումում հնչեցված տեսակետներն ու դիրքորոշումները։ Այդ միջոցառմանը մասնակցում էին էներգետիկ բնագավառի առաջատար փորձագետներն ու քաղաքագետները, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ արևելաեվրոպական և ԱՊՀ երկրներից։ Հիմքեր կան ենթադրելու, որ ֆորումում ընդունված բազմաթիվ բանաձևերը և երաշխավորությունները հետագայում կհայտնվեն տարբեր պետությունների քաղաքական էլիտայի զինանոցում։ Եվրախորհրդարանի պատգամավոր ՈՒՐՍՈՒԼԱ ՀԱՑԵԿԸ մասնավորապես հայտարարեց. «Կասպիական ավազանի երկրները պետք է ավելի մոտ լինեն Եվրոպային, որպեսզի ապահովեն եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը»։ Ոչ անհայտ Մոդեստ Կոլերովն իր հերթին՝ Եվրոպային խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ էներգետիկ անկախության «ուտոպիային» հավատալուց, մանավանդ որ այն Եվրոպա է ներմուծվել ԱՄՆ-ից։ Իր հակաամերիկյան հռետորաբանության մեջ կայուն ռուսական փորձագետը նաև հայտարարեց. «Այն պարագայում, երբ տեղի է ունենում «Նոր հարևանության» գաղափարախոսության փոխատեղում քաղաքական էքսպանսիայի և հակամարտության գաղափարախոսությամբ, իբրև Եվրոպայի համար նավթի և բնական գազի գլխավոր ռեզերվներ, բացի Հյուսիսային Աֆրիկայից և Ռուսաստանից, մատնանշվում են նաև Կասպիական տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան»։
Ի պատասխան ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության կենտրոնի ղեկավար Զեյնո Բարանը հարկ համարեց ընդգծել. «Ռուսական «Հարավային հոսք» և «Հյուսիսային հոսք» գազամուղների ընդլայնման խնդիրը բխում է Ռուսաստանի շահերից՝ իր քաղաքականության ուղեծրում պահելու համար այն երկրները, որոնք այդ իմաստով կախվածություն ունեն։ Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից աճում է այն պահից սկսած, երբ իրականացվեց «Երկնագույն հոսք» գազամուղի ծրագիրը։ Այդ գազամուղով Թուրքիան ստանում է ամենաթանկ գազը, և, որպես հետևանք, նրա քաղաքական դիրքորոշումները մերձենում են Ռուսաստանին։ Ռուսաստանը ձգտում է բախում առաջացնել այն երկրների միջև, որոնք գտնվում են «Նաբուկո» ծրագրի շրջանակներում, ընդհուպ կուսակցություններ ձևավորելով այդ երկրներում ընտրություններին մասնակցելու համար»։ Այս խորապատկերի վրա մեկ այլ ամերիկյան փորձագետ՝ Ռոման Կուպչինսկին, մասնավորապես նշում է. «Երբ խոսվում է էներգակիրների՝ դեպի Եվրոպա այլընտրանքային մատակարարման մասին, ապա պետք է ընդունել, որ ռուսական գազի այլընտրանքը միայն իրանական գազն է»։
Սակայն բոլոր այս էներգաաշխարհաքաղաքական նախաձեռնությունները կարող են կյանքի կոչվել միայն տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ։ Մինչդեռ Վրաստանում, Իրանում և Ադրբեջանում նկատվում են հակառակ միտումները։ Ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կարգավորումը։ Դեռ այս տարվա սկզբին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում երրորդ մարդը հանդիսացող ՈՒիլյամ Բերնսը մի ելույթում ակնարկեց, որ Վաշինգտոնը կարող է դիմել հարաբերությունների նորմալացման Իրանի հետ և անգամ դիվանագիտական սահմանափակ ներկայություն հաստատել Թեհրանում։ Իրանական ղեկավարությունը նույնպես բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, եթե Վաշինգտոնը փոխի բանակցությունների ոճը և հավասար գործընկերային կապեր հաստատելու կամք դրսևորի։ Իրանի խորհրդարանի պատգամավոր Քյազիմ Ջալալին այս կապակցությամբ նշել է. «Ինչո՞ւ են նրանք փորձում մեզ հետ խոսել միջնորդների միջոցով, կարծես ավելի շատ նրանց են պետք Իրանի հետ նորմալ հարաբերությունները, քան բուն ԱՄՆ-ին»։ Այս խաղում, թե ո՞վ ո՞ւմ ավելի շուտ կհրավիրի երկխոսության, զարգանում է շատ հետաքրքիր ինտրիգ, և ակնհայտ է, որ իրանցիները ժամանակ են ձգում, որպեսզի շանս ստանան լրամշակելու իրենց ատոմային ծրագիրը։
Արևմտյան ԶԼՄ-ների վկայությամբ, Իրանի՝ ատոմային տերություն դառնալու հարցն այլևս սոսկ ժամանակի հարց է, և ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը հարկադրված է լինելու հիմնավորապես զբաղվել Իրանով։ Վաշինգտոնում առայժմ թերևս միայն չեն հաշվարկել, թե իրականում ինչ տեղի կունենա, եթե Իրանը ատոմային ծրագիրն ավարտին հասցնի։
Իսրայելի համար այսպիսի սցենարն անընդունելի է, և այնտեղից բազմիցս ակնարկել են, որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ անպտուղ բանակցությունների շարունակման դեպքում Թել Ավիվը պատրաստ է գործել ինքնուրույն, առանց որևէ մեկի թույլտվությանը սպասելու։ Այդքանով հանդերձ, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը հրաժարական տալիս հայտարարեց, որ Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հարվածի հավանականությունը, մեղմ ասած, մեծ չէ։ Իր հերթին ատոմային զենքի չտարածման կենտրոնի ներկայացուցիչ Հենրի Սոկոլսկին կարծիք է հայտնում, որ ԱՄՆ-ի նոր նախագահին անհրաժեշտ է լինելու բանակցություններ սկսել Թեհրանի հետ ավելի լայն շրջանակի հարցերի շուրջ։ «Կարիք չկա ուշադրությունը կենտրոնացնել այն ոլորտների վրա, որտեղ մենք առավելություն ունենք, և դա գրգռում է իրանական կողմին։ Նրանք պահանջում են անվտանգության երաշխիքներ, և դրանք էլ պետք է դառնան քննարկման առարկա»,- նշել է փորձագետը։ Այնուհանդերձ, պարզ է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմը կձևավորվի եկող տարվա ամռանից ոչ շուտ, և մինչ այդ Վաշինգտոնի կողմից Թեհրանի ուղղությամբ կտրուկ շարժումներ չեն լինի։ Իրանցիներն էլ նույն կերպ կպահեին իրենց, քանզի եկող տարվա հուլիսին նրանց մոտ նախագահական ընտրություններ են։
Բազմաթիվ փորձագետների պնդմամբ՝ այսօր էներգակիրների ոլորտում ընթանում է «գնային պատերազմ»։ Եվրոպացիները ԱՄՆ-ի հետ համատեղ պատրաստ են որոշակի ժամանակի կտրվածքով միջազգային շուկայում հասնել նավթի գների էժանացման։ Վաշինգտոնն այդ կապակցությամբ արդեն շփումներ է ունեցել ՕՊԵԿ-ի երկրների հետ։ Այս ճանապարհով կրճատվելու են ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի և Վենեսուելայի վալյուտային եկամուտները։ Փաստորեն՝ այն երկրների, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցները չեն, թեպետ այդ քաղաքականությունը հարվածում է նաև նավթարդյունաբերող այլ պետությունների։ Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ, Բաքուն այս օրերին լուրջ վարկային ճգնաժամ է ապրում, որը կարող է հանգեցնել տնտեսական անկման։ Ենթադրվում էր, թե Ադրբեջանը բավական ռեզերվներ ունի ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար, սակայն այդ կանխատեսումը հենված էր նրա վրա, որ նավթի մեկ բարելի գինը չի իջնի 90 դոլարից։ Վերջին շաբաթներին, սակայն, գները կտրուկ անկում ապրեցին՝ հոկտեմբերի 27-ին կազմելով 62 դոլար մեկ բարելի դիմաց։ Եվ թեկուզ Իլհամ Ալիևը չի ուզում ընդունել, որ հանգամանքներն առանձնապես դրական չեն դասավորվում, և երդման արարողության ժամանակ փորձեց տնտեսության զարգացման բարենպաստ իրադրություն նկարագրել, իշխանական միջանցքներից դուրս գործարարներն ու բանկիրներն այլ կերպ են մտածում։ Բանկային և ֆինանսական հարցերով վերլուծաբան Անար Խանբեկովը մասնավորապես նշում է. «Մինչև վերջերս Ադրբեջանի առաջատար բանկերը կարողանում էին ներգրավել համեմատաբար էժան արտասահմանյան վարկեր։ Հիմա դրանք անհասանելի են դարձել կամ էլ խիստ թանկացել են, ինչը խնդիրներ է ստեղծել շատ բանկերի համար»։ Եվ եթե այս իրավիճակին կառավարության միջամտության անհրաժեշտություն առաջանա, Ալիևի վարչակազմը կարող է հայտնաբերել, որ իր հնարավորությունները խիստ սահմանափակվել են էներգակիրների համաշխարհային գների անկման արդյունքում։ Ավելին, Ադրբեջանում այսօր արդեն կանգնած է ճակատագրական հարցը, թե որքանով է արդյունավետ գազի և նավթի նոր հանքերի հետախուզումն ու շահագործումը, քանզի գների անկումը կասկածի տակ է դրել այդպիսի ծրագրեր իրագործելու համար մասնավոր ընկերությունների հնարավորությունները։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ներքին բնույթի բոլոր խնդիրներով հանդերձ, չի դադարում հակադրության խորացումը Մոսկվայի և Թբիլիսիի միջև։ Դրա վկայությունը ոչ միայն պերմանենտ ռազմական բախումներն են, այլև հոկտեմբերի 29-ին ռուսական Պետդումայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրերի վավերացումը։ «Պուտինյան Կրեմլի» վաղեմի հակառակորդ Բորիս Բերեզովսկին, լավ տեղեկացված լինելով մոսկովյան զարգացումներից, մասնավորապես նշում է. «Ռուսաստանը կանգ չի առնի։ Բայց այս ամենից հետո նրան ուղղակի կկանգնեցնեն, և Ռուսաստանին չի հաջողվի հասնել այն բանին, ինչին ձգտում է։ Վերջին հաշվով նա չի կարողանա ենթակայեցնել նույնիսկ Աբխազիան և Հարավային Օսիան»։ Հետաքրքիր է, որ այս տեսակետը համապատասխանում է Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքին, որին դժվար է մեղադրել հակառուսական տրամադրությունների մեջ, իսկ վերջինս իր հերթին հայտարարել է. «Սպասեք դեռ, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն աբխազներին եվրաթոշակ են վճարելու, և նրանք իրենք կհրաժարվեն Ռուսաստանի հետ բարեկամությունից։ Կտեսնեք, որ առաջիկայում նրանք կգնեն ինչպես Աբխազիան, այնպես էլ Հարավային Օսիան, ինչպես ժամանակին գնեցին Կոսովոն»։ Երևի պատահական չէր, որ Բուդապեշտի երրորդ էներգետիկ ֆորումում Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն էլ իր հերթին հայտարարեց. «Վրաստանը պաշտպանության կարիք ունի, և մենք հուսով ենք, որ մեզ կաջակցեն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անհատական հրավեր տրամադրելով։ Եվրոպայի և ամբողջ ազատ աշխարհի աշխարհաքաղաքական ճակատագիրը հաճախ խաղարկվում է փոքր երկրների տարածքում, որոնք դառնում են այդ ճակատամարտերի հրապարակ»։ Այս միտքը նույն չափով վերաբերում է Հայաստանին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4587

Մեկնաբանություններ